Իմ իրանը երբեք ոչ ոք այդպես չէր գրկել, ինչպես դու: Երբ վարում էիր մեքենան, հանկարծ կանգ առնում, հրամայում դուրս գալ մեքենայից, քո մեծ ձեռքերով բռնում իրանս ու համբուրում շուրթերս: Սառն օդը փչում էր դեմքիս, և դու քո մեծ ձեռքերով ամուր բռնում էիր դեմքս ու սեղմում այտերս: Ապա ասես ոչինչ չէր պատահել նստում էիր ղեկին ու լուռ շարունակում ճանապարհը: Ես կատվիկի պես մոտենում էի քեզ ու մլավում ականջիդ տակ, դու ամուր մոտեցնում էիր ինձ քեզ ու քիթդ մտցնելով մազերիս մեջ համբուրում գլուխս: Այդ ժամանակ թվում էր, թե աշխարհն էլ փուլ գա, դու այդպես անխռով կշարունակես վարել մեքենան ու կոպտորեն նուրբ բառեր մռթմռթալ: Ես ամբողջ կյանքում կարծում էի, թե սիրում եմ ռոմանտիկ տղամարդկանց, բայց հայտնվեցիր դու, և հօդս ցնդեցին բոլոր պատկերացումներս: Դու՝ քո միշտ ծակծկող այտերով, ամուր պարանոցով, արտահայտված երակներով ձեռքերով, լայն թիկունքով ու ուժեղ ոտքերով ռոմանտիզմի հետ միակ ընդհանրությունն իմ տեսքով ունեիր միայն: Որքան կոպիտ էիր դու, այնքան նուրբ էի ես, հատկապես քո գրկում:
Դու խոստացել էիր, որ կողքիս կլինես, ինչ էլ պատահի: Դու կողքիս չեղար, անգամ երբ ոչինչ չպատահեց: Իսկ հիմա պատահել է, գրողը տանի, ամեն օր է պատահում, իսկ դու չկաս: Որտե՞ղ ես, ինչու՞ չկաս:
Ինչու՞ չկաս: Դու ասում էիր, որ ամեն ինչ լավ կլինի, բայց ախր ոչ մի բան էլ լավ չի: Եվ դու չկաս: Դու պարզապես չկաս այն ժամանակ, երբ ամենից շատ քո կարիքն ունեմ: Ինչու՞ այդպես արեցիր ինձ հետ: Դու ինձ մենակ թողեցիր: Ինչու՞ ինձ մենակ թողեցիր: