Պարզ է ամեն ինչ, բարդ բառեր էլ պետք չեն: Դու մի աշխարհ, ես մի ուրիշ, գիշերային լռության մեջ ես ու դու, բայց ոչ մենք. մենք ուրիշ ենք: Նույն նավակում հայտնված դու և ես գրում ենք, գրում ու էլի գրում, իսկ արդյունքում` կարոտում եմ քեզ, իսկ թե ինչու` ինքդ էլ գիտես, դու հասուն ես: Ինչ էլ լինի, սիրեցի քեզ կարոտելը, իսկ դու անծանոթ, բայց այնքան հարազատ: Ես ու դու, կուզեմ հանել մեզ բաժանող «ու»-ն: Ու թե բան էլ չկա, մի քանի հարյուր տող, մի քանի տասնյակ րոպե մեղեդի, մի քանի ժամ անքնություն ու ժպիտներ. դա էլ քիչ չէ: Կկարդաս, չժպտաս, կամ էլ չէ, բայց գիտեմ, որ այո: Ու կպատկերացնեմ, թե ինչպես կմտածես, որ կարոտել ես ինձ… Ես նույնպես…
Դու կզանգեիր, կասեիր, որ մի քանի րոպեից մեր բակում ես, իսկ ինձ կմնար միայն բաճկոնս հագնել, կապել մեր շարֆը, վերցնել ձեռնոցներս ու իջնել: Ես չէի նայի հայելու մեջ, որովհետև դու իմ ընտանիքն էիր: Սիրտս միշտ էլ արագ էր զարկում կողքիդ, որովհետև դու դեռ իմ ընտանիքը պետք է դառնայիր: Ես երազում էի միասին արթնանալու մասին, իսկ երբ դա եղավ… Ամիսներ ապրում էինք մեր «բարի լույս»-ով: Հեռու, բոլորից հեռու, աշխարհի իսկապես ամենահեռավոր անկյունում մենք ընտանիք ունեցանք, թեկուզ ոչ այնքան, որքան պետք է լիներ: Կարճ էր: Բայց հաստատ այնքան, որ բավարար էր հասկանալու համար` այսպես պետք է ամեն օր լինի: Բայց այդպես չեղավ, որովհետև… Որովհետև դու էլ գիտես, որ… Դու գիտես, որ ես չգիտեմ, թե ինչու այդպես ստացվեց, որ այլևս քեզ այդպես «բարի լույս» չասացի, ու մթնեցին առավոտներս, մեռան գիշերներս, իմաստազրկվեցին ցերեկներս: Դու կողքիս եղար անգամ երբ որոշեցի մահանալ մեր մեջ, հեռանալ, չգիտեմ էլ ինչու: Ես այլևս քեզ այդպես «բարի լույս» չասացի, իսկ դու երբեք էլ չասացիր, որ կարոտ ես «բարի լույս»-իս: Այդքան բան տեսած ՄԵՆՔ հիմա, երևի, ափսոսում ենք, որ ընդհանուր միայն անցյալ ունենք: Ես հիմա նաև սեր ունեմ, թեկուզ մեր սիրուց միայն շարֆս է մնացել: Դու, թեև սառույցից էլ սառն ես հիմա, իմ մեռած արևն ես, որովհետև երբ ցրտից դողում էի, դու էիր ինձ կյանք տալիս, քո ձեռքն էի բռնում ու ապշում սիրուս անսահմանությունից: Հրճվանք, սպասում, կարոտ, կիրք, ջերմություն, սեր, սեր, սեր… Քո կողքին ես ես էի, չէ՞… Ես մեր ձմեռն եմ ուզում, որ եղավ կյանքում մի անգամ: Երևի կյանքում լավ բաները հենց կյանքում մի անգամ են լինում… Դու իմ կյանքի մեկանգամյա երջանկություն…
Ես
իմ կորած ժամերն եմ հետ ուզում, ես իմ կորած ժպիտներն եմ հետ պահանջում: Ինքս ինձնից:
Հիմար: Հիմար: Անչափ հիմար ու հիմար: Ու կրկին հիմար: Ես իմ երջանկության ձգտումներն
եմ ուզում, ես քեզ եմ հետ ուզում: Դու երևի այդպես էլ իմը չեղար, որովհետև ես բավարար
չուզեցի կամ դու չէիր ծրագրում: Ես չգիտեմ, բայց ես ամեն ինչ հետ եմ ուզում, ես երկրորդ
հնարավորություն եմ ուզում: Ես փրկվել եմ ուզում: Ամեն ինչ կորցրած, վերածնված, սակայն
դատարկ: Ու այնքան լի, որ զգում եմ սեփական դատարկությունս: Պլաններ, հոգսեր, մտքեր,
լեցուն ցերեկներ: Իսկ երբ գալիս է գիշերը: Մահանում եմ: Ամեն օր նույն մղձավանջներն
այնտեղ, որտեղ արթնանում ու քնում էի: Քնում էի` Աստծուն խնդրելով` Տեր, թող
գոնե այս գիշեր սիրտս կանգնի: Իսկ հետո մեջս երկու սիրտ էր խփում, ու արդեն իրավունք
չունեի Աստծուց մահ խնդրել: Հետո սրտերից մեկը կանգ առավ, ու դա իմ սիրտը չէր, թեև
ում էր պետք իմը, եթե այն մեկը չպետք է լիներ: Ես կկարոտեմ այն ողջ կյանքիս ընթացքում,
կհավատամ, որ այնտեղ` վերում, տեղ կար նրա համար ու կտխրեմ այն մտքից, որ էլ երբեք
չենք հանդիպի, որովհետև այնտեղ` վերում, տեղ չկա ինձ համար: Այդ ինչպես ստացվեց, որ
հանկարծ, մի քանի հազար ժամվա ընթացքում այնքան մեծացա, որ քո մահը տեսա, զգացի հենց
իմ մեջ քո մահը, քո` ինձ լքելը, քո` երկինք բարձրանալը: Ես դեռ փոքր էի` մեջս մահ զգալու
համար: Ես դեռ սիրել էի ուզում, իսկ դու մահացար… Ու միայն ես ու դու գիտենք, որ այդպես,
երևի, ճիշտ էր… Հավատում եմ, որ դու ինձ փրկելու համար մահացար: Բայց դրանից ես երջանիկ
չեմ… Այդպես չպետք է լիներ… Մենք դեռ փոքր էինք հանդիպելու համար:
Կարոտել եմ քեզ, բայց այն քեզ, որ իմն էր, ու որ քոնն էի, ու երբ կայինք մենք, մեր սերն ու մեր հույսերը: Ես խենթանում էի քեզ համար, խենթանում էի այն ձմռան համար, որ մերն էր: Քո պատճառով մրսում էի, սարսռում, իսկ դու գրկում էիր, ձեռքերդ սահեցնում բաճկոնիս տակ. սառնությունդ սկզբում սպանում էր, ապա տաքացնում, այրում: Կարոտել եմ այն աննորմալությունը, որ կար: Հիմա մեծացել ենք, մեր սերն է մեծացել: Կամ էլ սեր չկա: Բայց ես սիրում եմ քեզ, որովհետև հեռու, թե մոտ, դավաճան, թե հավատարիմ, տխուր, թե ավելի տխուր, ես հիշում եմ քեզ ու քո հետ կապված ամեն ինչ: Առաջիններին չեն մոռանում, ինչ էլ լինի: Առաջիններն անհամեմատելի են, որքան էլ աննորմալ ու նորմալ լինեն: Չէ, մենք այնքան նորմալ էինք, ես այնքան էի թռչում կողքիդ, այնքան էի ուզում մեծանալ ու տեսնել մեր երեխաներին: Բայց ինչ-որ բան, ինչ-որ աննորմալ բան ինձ քեզնից հեռու տարավ, ինձ սպանեց քեզնից, իսկ ես կարոտում էի քեզ, իսկ ես կարոտում եմ քեզ, իսկ ես գիտեմ, որ վերջ… Ես հետ եմ եկել, բայց… Մենք էլ չկանք:
Թե
պիտի քարկոծվեմ, թող քարկոծվեմ ինքս իմ փշերից. չկա առավել ցավ ու տանջանք: Փախուստս
փրկություն կկոչվի, սարսուռս` աղերսանք: Ազատություն, հանգստություն այնտեղ, որտեղ
տուն ես կոչում: Սխալների ճահճում փրկություն կա, թե թևերդ ձգես ու բռնվես աղոթքների
շիվերից: Վեր կելնես, կեղտոտ, կեղտոտված, կիսամեռ կամ կիսակենդան, բայց կապրես, ուժեղ
կապրես, ճիշտ կապրես ու վեր կելնես ավելին, քան վեր էիր մինչ ճահիճը: Թե չես մեռել,
ուժեղ ես: Կյանքոտ ես, արժան ապրելու: Ճիշտ իմ պես: Ես չեմ մահացել, չես մահանա և դու,
մարդ արարած: Դու կապրես ուժեղ, մենք կկոչվենք կյանք տեսած ու պատրաստ ամեն դժվարության:
Ես ուժեղ եմ, ես ապրում եմ:
Լինես հեռու, թե այնքան մոտ, այնքան, այնքան, որ զգամ արյան շարժդ երակներով ու չհասկանամ՝ այդ իմ, թե քո արյունն է խաղում ու վազում, զարկում օրգաններին, իմ, թե քո մարմնի, լինես հեռու, այնքան հեռու, որ մի գիտուն մարդ չգտնեմ, որ չափի ու չափ սահմանի քո հեռվության, լինես հեռու, թե լինես մոտ, ես կսիրեմ քեզ:
Լինես դատարկ, թե այնքան լի, այնքան, այնքան, որ ավել բառ ու ավել տառ, ավել շարժում ու ավել հոգոց տեղ չունենա քո լիության մեծության մեջ, լինես դատարկ, այնքան դատարկ, որ վախենամ թե մի նոր բառ ու մի նոր տառ, մի նոր զգացմունք ու նոր հուզում գումարեմ քո դատարկ եսին, վախենամ, թե փշրվես դատարկ եսիդ լիությունից, լինես դատարկ, թե լի լինես, ես կսիրեմ քեզ:
Լինես ստահակ, թե այնքան վեհ, այնքան, այնքան, որ իմ սևության ամեն մի բիծ տեսնես ու դատես լուռ, կամ թե գոչելով, քար նետելով կամ թաքցնելով, լինես ստահակ այնքան, որ ինձ ծաղրես ու դեն նետես որպես մի ծուռ խաղալիք, որպես անպետք մի սիրուն իր, լինես ստահակ, լինես վեհ, ես կսիրեմ քեզ:
Լինես համառ, թե այնքան լուռ, այնքան, այնքան, որ խենթանամ իմ բառերի բարձրությունից, գոչեմ՝ խոսիր, հիմար, մի բան ասա, ես այդքան բառ չգիտեմ, դու մի լռիր, ինձ մի խոսեցրու, լինես համառ այնքան, որ զզվեմ, թե մի տառ ասեմ, մի բառ գրեմ, խորշեմ քո գորշության սև հետքերից, քո կամակոր խոսքերից ու քայլերից, լինես համառ, լինես դու լուռ, ես կսիրեմ քեզ:
Լինես այնպես, թե այսպես, կամ թե այնպես, կամ թե այսպես, ես կսիրեմ քեզ:
Վերադարձս այնքան քեզնով է լեցուն, իսկ ես այնքան անիրավունք՝ քեզ ինձնով լցնելու: Արի միասին սարսափենք այն մտքից, թե այդ ինչպես եղավ, որ սխալը սխալի վրա մի դղյակ կառուցվեց, որտեղ բոլորը դժբախտ են ու անսիրելիորեն սիրված սխալ մարդկանց կողմից: Սխալները դառնահամ են, ճիշտ այն սուտ խոսքերի նման, որ եսասիրաբար փաթեթավորում ենք գունավոր դատարկության մեջ ու հանդիսավոր նվիրում ճիշտ մարդկանց: Իմ սխալների դղյակում անգամ քո սուտ բացակայությունը բազմապատկում է քո խոսքերի ճշմարտացիությունը. դու այդպես էլ չսովորեցիր ճիշտ ընտրություն կատարել: Եվ թող հրդեհ լինի մյուսների աչքերում իմ ճիշտ քայլերի գեղեցկությունից, և թող հեղեն իմ երջանկության ալիքները մյուսների երկինքներում. ես ու դու գիտենք, որ ես այդպես էլ չսովորեցի ճիշտ ընտրություն կատարել: Այն ժամանակ, երբ ես որոշեցի, որ մենքը կարող եմ բաժանել ես ու դու-ի, ես սպանեցի թե ինձ, թե քեզ, բայց մենք երկուսս էլ գիտենք, որ ես միշտ կարողացել եմ սխալը ներկայացնել որպես կատարյալ: Բայց ու՞մ: Միայն ոչ մեզ՝ ինձ ու քեզ…Իմ սխալների դղյակում իմ մռայլ ներկայությունը շաղախում է իմ ստերը գորշ մտքերի հետ, իսկ արդյունքում դու չկաս, և ես չկամ, և մենք էլ երբեք-երբեք չենք լինի:
Ես երևի այն չլինեի, ինչ կամ, եթե քեզ հանդիպած չլինեի: Քեզ հետ ես սովորեցի հավատալ ինքս ինձ, դիմացինին, մարդկանց, Աստծուն, բնությանը: Դու ինձ հավատ տվեցիր: Գիտե՞ս, երբ մեր առաջին ժամադրությանը դու ինձ պատարագի տարար, ես հավատ գնեցի` վաճառելով հիշողություններս:
Ես երևի չապրեի այնպես, ինչպես ապրում եմ, եթե չընդունեի քեզ` որպես նվեր ճակատագրից: Քո կողքին ես ազատ եմ շնչում, քո կողքին ես չեմ վախենում: Դու ինձ սեր տվեցիր, այնպիսի սեր, որ կործանելու, ջարդելու ու փշրելու փոխարեն ապրեցնում է, ոտքի կանգնեցնում ու առաջ մղում:
Ես երևի չմտածեի, որ կյանքն իսկապես նվեր է, եթե դու չբարևեիր ինձ: Քեզ համար ապրելով ես ցանկանում եմ ապրեցնել ամենը, ինչ իմաստ չի տեսնում ապրելու: Դու ինձ մի աշխարհ տվեցիր, որտեղ մենք իրավունք ունենք ու պարտավոր ենք երջանիկ լինել: Երջանկությունը սիրո մեջ է:
Ես երևի մոռանայի, թե ով կա սրտիցս այն կողմ, եթե դու չբռնեիր ձեռքս: Քո մեջ ինձ տեսնելով` ես տեսա Աստծուն. նա ամենքիս մեջ է: Դու ինձ սովորեցրիր, որ հարաբերությունները ավտոմեքենայի նման են. առաջ գնալու համար մարտկոց է պետք. ես ուզում եմ հավատալ, որ կա հավերժական շարժիչ. դա սերն է:
Ես երևի ես չէի լինի, ես երևի արև չլինեի…
Եթե դու չլինեիր, ի՞նչ կանեի ես, ինչպե՞ս կբացատրեի ինքս ինձ, որ ապրել նշանակում է սիրել, որ շնչել նշանակում է սպասել, որ հավատալ նշանակում է համբերել:
Եթե դու չլինեիր, որտե՞ղ էի պահելու երազներս, ու՞մ էի պատմելու հիմար մտքերս, ե՞րբ էի հասկանալու, որ մտքերս միշտ չէ, որ հիմար են:
Եթե դու չլինեիր, ինչու՞ պիտի արթնանայի ու քնեի, երբ արևներն ու լուսինները տանջվում են միմյանց ձգտող երկինքներում, իսկ ես` աննկատ, չնչին, պիտի հուսայի, թե օրն ու գիշերը ինձ համար են ծնվում:
Եթե դու չլինեիր, իմ արևներն ու լուսինները այդպես էլ չէին հասկանա, որ արթնանում են երկուսիս համար:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ չէի սիրի, այո, չէի սիրի այնպես, ինչպես սիրում են իրական կյանքում:
Եթե դու չլինեիր, ես չէի հասկանա, թե ինչ անել այսքան սերը, որ եռում էր երակներումս, բայց բացակա ափերից ցնդում էր ու ներսից այրում անզգացմունք մաշկս:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ կքնեի բարձս գրկած ու չէի իմանա, թե ինչ բան է քնել և արթնանալ տղամարդուդ գրկում:
Եթե դու չլինեիր, մարմինս այդպես էլ կմնար մշտապես մրսող ու դողացող, մաշկս չէր ճանաչի ամեն դիպումից փշաքաղումը, աչքերս չէին իմանա համբույրի ծանրությունից փակումը:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ չէի իմանա, թե ինչու են ստեղծվում այդքան զգեստներ ու դիմահարդարման պարագաներ. դրանք ստեղծվում են քո կողքին միշտ գեղեցիկ մնալու համար:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ չէի հասկանա, որ գեղեցիկ լինելու համար պարտադիր չի դիմահարդարված լինել:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ չէի կրի քո վերնաշապիկներն ու չէի արբի բույրից քո մարմնի:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ առավոտյան չէի քրքրի համացանցը` քեզ համար համեղ նախաճաշ պատրաստելու համար:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ չէի իմանա, թե որքան եմ սիրում նրբերշիկով ձվածեղ:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ չէի երդվի` հնազանդ եմ:
Եթե դու չլինեիր, ես չէի բարձրաձայնի գաղտնիքներս, որ քերում էին հոգիս:
Եթե դու չլինեիր, ես չէի իմանա, որ միլլիոն տարին քիչ է, քիչ, քո կողքին լինելու համար:
Եթե դու չլինեիր, ես չէի պլանավորի պատերազմի գնալ տիեզերքի դեմ` պահանջելու մեզ մի առանձին մոլորակ տալ:
Եթե դու չլինեիր, ես չէի հասկանա, որ սիրում եմ քեզ ամեն գիտական սահմանումներից դուրս:
Եթե դու չլինեիր… Դու պարզապես իրավունք չունեիր չլինել...
Այնտեղ, որտեղ անցյալները
հալչում են ու դառնանում գետերով, լճանում դարերով, գոլորշանում հույսերով, ես թողել
եմ ինքս ինձ ու վերածնվել:
Այնտեղ, որտեղ անձրևները
գալուց էլ փոշիանում են ամպերի ծանրության տակ, եռում հուսահատությունից, մռնչում անսերությունից,
ես իմ մատներն եմ թողել ու իմ աչքերն եմ թողել, ես իմ սերերն եմ թողել ու իմ մտքերն
եմ թողել:
Այնտեղ, որտեղ ծիածանները
երգեր են հյուսում արևավախ երկինքների մասին, հուզվում, արտասվում, գունազրկվում ու
սեռափոխվում, ես իմ անուրջներն
եմ սպանել, հարվածվել քարե նպատակներիս, լացել, լացել սրտիս ցավից, խորը վերքից, անտակ
բարձունքների նվաստությունից:
Այնտեղ,
որտեղ սահմանները սարանում են, լեռնանում ու սողանքվում, արևները մահանում ու փյունիկվում,
քամիներն ինձ ինձ մոտ բերում ու հետ տանում, քշում, բախում լեռնե սառնություններին,
ես ինքս ինձ եմ թողել ու մահացել…
Պտտվեմ, պտտվեմ այնքան, մինչև աշխարհներս հրաժարվեն ինձնից, հարվածեն ինքնագոհ, երազամորթ մտքերիս, պտտվեմ, պտտվեմ այնպես, որ սեփական երազներս արյունասպան անեն սեփականասեր էությունս: Իմաստազուրկ ծիծաղներով սպանեմ սիրակարոտ գիշերներս, հևեմ մտքերիս ծանրությունից, փշրեմ մատներս սառը պատերով, գլխատակ սուզվեմ անարև երեկոներիս մթի մեջ ու շշնջամ՝ փրկի՜ր, փրկի՜ր: Ձուլվեմ հեռուների հորիզոնում, մի հորիզոն դառնամ ու մռնչամ մի վիրավոր առյուծի պես, որ հայելու մեջ տեսավ իրեն որպես մի կատու՝ կեղտոտ, անօգնական, այլ ոչ առյուծ՝ զորեղ, ինչպես անապատի քամիներն ու ահարկու, ինչպես օվկիանների ալիքները: Երգեմ, երգեմ արևածագիս դառը մեղեդին: Սպասեմ արևակյանքին, սպասեմ, սպասեմ, թե երբ հորիզոնները կմոտենան ապագայամոլ հույսերիս. քայլելու համար թույլ եմ, թույլ, սողալու համար չափազանց ինքնասեր եմ, ավաղ:
Բացեմ աչքերս արևալուսին, նայեմ դանդաղ հոսող վայրկյաններին, հաշվարկեմ ժամերն ու պահերը, շրջեմ գլուխս, տեսնեմ քեզ. քնած ես, երազային ես: Գրկեմ ինձասեր քեզ, ձուլվեմ քնած մարմնիդ ու շնչեմ, շնչեմ քեզ այնքան, մինչև երազներս մորթեն մտքերս…
Ես և դու, մի հսկա տիեզերք, մի կյանք ժամանակ ու մի հատիկ սեր: Կաթ-կաթ, սերն է կաթում տողերիցս, հոսում քեզաշատ բառերովս, հասնում քեզատենչ վերջակետներին ու փնտրում, փնտրում ինձ, բայց չի գտնում. իմ սիրո մեջ եսը դու ես, դուն` ես, տիեզերաչափ սեր, սեր, սեր, սեր: Աչքերիս լույսը շողում է դեպի քեզ, բռնի˜ր: Հոգիս քո անունը տալով է երազ մտնում, արթնացի˜ր նրա կողքին: Ձեռքերս քո բջիջներն են փնտրում, հագեցրու˜ նրանց քաղցը: Շատ բան եմ պահանջում, չէ՞: Ներիր, բայց սերս շատ է, այն քեզ է պահանջում: Ներիր, բայց սերս մեծ է, այն քո օգնության կարիքն ունի:
Կարոտների թևերով կսավառնեմ, կգամ քեզ մոտ, որ ասեմ` առանց քեզ շնչել չեմ ուզում: Քայլել չեմ ուզում, թե ձեռքս չես բռնելու, ժպտալ չեմ ուզում, թե դու չես պատճառ լինելու: Ապրել չեմ ուզում, թե քեզ համար ու քեզնով չեմ ապրելու: Ուժերիս պահոցից մի բուռ ուժ վերցնելով` գլորում եմ վայրկյաններն ու մտքերիս հեքիաթում սավառնում, հասնում քեզ մոտ, գրկում հարազատ քեզ ու շշնջում` կարոտել էի: Կարոտում եմ, կարոտում եմ, անսահման, անհատակ, խենթացնող ու խելագարեցնող:
Երբ կողքիս ես, մի բան եմ աղերսում բնությունից` ժամանակ, կանգ առ, չեմ ուզում անհրաժեշտաբար հրաժեշտ տալ, չեմ ուզում գնալ ու նետվել միայնակությանս հորում: Ուզում եմ կորչել քեզ հետ, քո պատճառով, քեզ համար ու քո կողքին:
Հերիք չես, հասկանու՞մ ես: Թվում է` երբեք էլ չես հերիքելու: Մի անհաս երազի պես գալիս ես, ամփոփվում ինձ հետ, իսկ հետո գալիս է հրաժեշտը: Հրաժեշտները բութ դանակի պես են. գիտես, որ չեն սպանի, բայց միևնույն տեղին անընդհատ հարվածելով կարող են ծակել, սպանել անգամ:
Թե վազել, միայն քեզ մոտ: Թե երազել, միայն քո մասին: Թե պայքարել, միայն քեզ համար: Թե լռել, միայն քեզ հետ: Թե սիրել, միայն քեզ…
Իմ արևամոլ էության դատարկ դարակները բացականչում էին. «Արևի մուրաբաները վերջանում են, արևի մուրաբաները վերջանում են»: Իսկ ես հուսահատ նայում էի ներսս ու շշնջում. «Իսկ ի՞նչ կարող եմ ես անել: Լռե´ք, լալկվե´ք, ինձ հանգիստ թողե´ք»: Իմ արևակարոտ մարմնի մահացող բջիջները բռնվում էին մաշկիցս ու փրկություն աղերսում. «Մեզ արև տուր, մեզ արև բեր»: «Որտեղի՞ց, ինչպե՞ս: Թողեք ինձ»: Արևասեր իմ գոյությունը հանգչում էր, պահածոյացնում ամպրոպավախ ու կայծակախենթ իր մտքերն ու խեղդում արևամոռաց իր երազանքները:
Ժամացույցի սլաքները, հոգնած իմաստազուրկ ու իմաստակարոտ իրենց պտույտներից, հոգեվարքի մեջ մռնչացին. «Գնա արևիդ հետևից»: «Բավ է վազեմ, փնտրեմ, աղերսեմ, պահանջեմ, բավ է պայքարեմ: Ես կկանգնեմ այստեղ, նայե´ք, հենց այստեղ եմ կանգնելու ու արև եմ սպասելու: Թե չեկավ, կմեռնեք բոլորդ, կմեռնեք, լսու՞մ եք»:
Արևավախ իմ երկինքները ճեղքվեցին ու ձեռքերիցս ամուր բռնելով ինձ իրենց մոտ բերին, բարձրացրին, իսկ այնտեղ իմ արևն էր ինձ սպասում: «Դու գիտես, թե միայն դու՞ ես հոգնել փնտրելուց, սայթաքելուց: Ես քեզնից մեծ եմ, քեզնից առավել ես եմ հոգնել: Մի քայլ ես կանեմ, մի քայլ էլ դու. թե մոտենանք ու հասնենք իրար…»:
Քայլ, քայլ:
Արևատենչ իմ երջանկաորսը մայր է մտնում քո խաղաղ գրկում:
-Դու հրաշքներին հավատու՞մ ես:
-Ես հավատում եմ, որ երբ ինչ-որ բան շատ ես ցանկանում, այն իրականանում է:
-Իսկ ի՞նչ է հրաշքը:
-Հրաշքն այն է, ինչ մենք զգում ենք: Պարզունակություն է, չէ՞: Երջանկությունը պարզության մեջ է: Իսկ իմ հրաշքը քո անունն է կրում: Ես գտել եմ այն: Ես գտել եմ քեզ: Եվ գտել ինքս ինձ:
-Երջանի՞կ ես:
-Այո: Որովհետև դադարել եմ փնտրելուց, դադարել եմ մտածել, որ կյանքում ամեն ինչ մեր ձեռքում է: Ես սիրով հիշում եմ երեկը, սիրում եմ այս պահը, սիրելու եմ վաղը, որովհետև դու կողքիս ես լինելու, իսկ ես նայելու եմ աչքերիդ ու սուզվելու եմ աչքերիդ սիրո մեջ: Ես բռնելու եմ ձեռքդ և ամուր սեղմեմ, որպեսզի զգամ, որ ոչ մի տեղ չես գնա, ինձ մենակ չես թողնի: Դու գրկելու ես ինձ, շոյես վարսերս, համբուրես այտերս, ինձ քո փոքրիկն անվանես, իսկ ես սիրելու եմ քեզ: Երազանքների մեջ է մեր սերը, սիրո մեջ է մեր երջանկությունը: Շունչս կտրվում է, ներիր…
-Ես սիրում եմ քեզ:
-Ես սիրում եմ քեզ:
Իմ աշխարհը եկավ բարևելու քո աշխարհին ու խնդրելու, որ ներս թողնես ու ընդունես: Իմ աշխարհում արևն է պակասում:
-Բարև:
Այնտեղ, որտեղ տարբեր երկինքներ հանդիպում են` գիտակցելու, թե որքան շատ են անձրևել, արևն է զարթնում` ցույց տալու, թե որքան շատ էր նա սպասում այդ հանդիպմանը:
-Մենք կրկին հանդիպեցինք:
Երբ խավարը պատում է լույս տենչացող մաքրությանը, գիշերը գալիս է` ցույց տալու մթության գեղեցկությունը: Ամեն մութ չէ, որ խավար է: Ամեն խավար է, որ լուսանում է:
-Սա ճակատագի՞ր էր, թե՞ նախախնամություն:
Բացիր հոգուդ գաղտնիքները, ազատություն տուր դրանց. գաղտնիքները մահանալու համար են ծնվում: Պատմիր ինձ քո առավոտների ու կեսօրների մասին. ես ուզում եմ դառնալ քո գիշերները:
-Գիտե՞ս` ես երևի ցանկանում էի քեզ կրկին տեսնել:
Երազանքները ծնվում են իրականանալու, իսկ մարդիկ` դրանք գրկելու և ամուր պահելու: Ես քեզ եմ տալիս իմ երազանքները:
Հույսերը ծնվում են` նպատակ դառնալու համար, երբ գտնվում է այն մեկը, ում ցանկանում ես վստահել: Մարդիկ միշտ չէ, որ կարող են ուժեղ լինել. ամեն ուժ իր թուլության ժամին է սպասում: Ես քեզ եմ նվիրում իմ հույսերը:
Զգացմունքները ծնվում են` կյանք տալու համար: Ակնթարթն ակնթարթի վրա կերտվում է զգացմունքալի մի ուղի, որ տանում է դեպի երազանքների ու հույսերի հորիզոններ` ծովերի պես հեռավոր ու անհատակ:
-Ես սովորել եմ կարոտել քեզ…
-Ո՞նց ես:
-Նորմալ, լավ, դու՞ ոնց ես, Մարի:
-Լավ… Զանգել էի, որ ուղղակի ձայնդ լսեմ: Կարոտել էի:
-Ինչու՞ չեմ հավատում: Որտե՞ղ ես:
-Դրսում: Տնից դուրս եմ եկել…
-Նստիր մեքենա ու զանգիր ինձ:
-Լավ…
Գիտե՞ս` ժամանակը մեր լավագույն ընկերն է: Նա ցույց է տալիս մեզ, թե ուր ենք գնում և ում մոտ: Իմ ժամանակն ինձ քեզ մոտ է բերել: Ես արդեն որերորդ անգամ գլխիկոր սողացի քեզ մոտ, որ սավառնեմ քեզ հետ: Ես սավառնել եմ ուզում: Ես ուզում եմ կողքիդ լինել` ինչ էլ պատահի և ինչպես միշտ երազում եմ, որ գրկես ինձ ու ասես` կսպանեմ, եթե մի անգամ էլ հեռանաս: Ուզում եմ, որ իսկապես սպանես, եթե մի անգամ էլ հեռացա: Մեր երեխաները պետք է քո աչքերն ունենան` մեծ, գեղեցիկ, երկար թարթիչներով: Մեր երեխաները պետք է քո նման բարի լինեն, նրանք պետք է քո նման ներել կարողանան, երջանկացնել կարողանան: Իսկ ինձնի՞ց: Չգիտեմ, թերևս ոչինչ: Ես նրանց տալու ոչինչ չունեմ: Ես միայն ցանկանում եմ կողքիդ մեծանալ: Այս կյանքն այնքան բարդ ու դաժան է. ես վախենում եմ միայնակ լինելուց: Միայնակ չեմ դիմանա: Քո կարիքն ունեմ: Ժամանակը մեզ տրվում է` հասկանալու, թե ինչ ենք ուզում և ինչու: Ես կրկին անգամ հասկացա և այս անգամ համոզվեցի, որ երազում եմ մեր երջանկության մասին: Քո կողքին ապահով է, ջերմ, սիրելի: Այդպես էլ պետք է լիներ, պարզապես երբեմն երջանկության չափաբաժինն այնքան մեծ է լինում, որ չենք դիմանում, հակառակվում ենք, որովհետև սովոր չենք լինում այդչափ գեղեցկության: Գուցե արժանի չեմ, հիմա արժանի չեմ, բայց ես այնքան եմ… Տես` անգամ մատներս չեն համարձակվում գրել, բայց համոզված եմ` դու հասկանում ես ինձ: Ես…
Տարիները պայմանագիր են կնքել միմյանց հետ, որ ժամանակի հետ ինձ ցույց են տալու կյանքի ավելի ու ավելի վատ կողմերը: Երբ անմեղորեն փոքր էի, աշխարհն այնքան լուսավոր էր, պայծառ, գունավոր, իսկ հիմա հասկանում եմ, որ աշխարհը միշտ էլ անգույն է եղել, պարզապես իմ մեջ էին գույները շատ, իսկ հիմա էլ գույն չունեմ, չեմ գտնում: Հիմա ամեն ինչ սև ու սպիտակ է, ավաղ: Իսկ իմ գունապնակում մնացել են կարոտը, սպասումը, հիասթափությունը, սուտը, միայնությունը: Իմ գունապնակը զրկվել է այն գույներից, որ ինձ ապրեցնում էին. իմ գունապնակը քեզնից է զրկվել, ներիր: Դու կաս, այո, կողքիս ես, բայց մեզ բաժանում են միլիոններ կիլոմետր, րոպե, համբույր, հայացք: Մեզ մի միլիոն սեր է պակաս, իսկ ես երբեք էլ այնքան հարուստ չեմ եղել, որ գնեմ սերդ, որովհետև դու երբեք սերդ չես էլ վաճառել: Դու միշտ ինձ շատ լավ ներկայացրել ես, թե որքան լավն է սերդ, որքան որակյալ, անկրկնելի: Դու գովազդել ես սերդ, իսկ ես` հասարակ մի հաճախորդ, խեթ-խեթ նայել եմ ու հարցրել` որքա՞ն է: Դու նայել ես ինձ, քմծիծաղ տվել ու ասել` ես այն քեզ չեմ վաճառի: Եվ ես գլխիկոր գնացել եմ` մոլորվելու հույսերի իմ քարավան-երազներում, մտքում քեզ սիրելու ու քեզ կողքիս ունենալու, արթնանալու ու գույներ փնտրելու: Իմ գույնը դու ես, իսկ դու սերդ չես վաճառում: Եվ կապրեմ ես գույների իմ անաշխարհում, սերերի իմ անքեզությունում, կնայեմ, թե ինչպես ես սերդ ցուցադրում, գովազդում ու կհարցնեմ` որքա՞ն է: Դու կծիծաղես անմիլիոն ինձ վրա ու կփշրես երազների իմ անսիրտը: Դու քո սերը չես վաճառում:
Կարոտել եմ մեզ: Դու գիտես, որ ամենից շատ կուզեի, որ երջանիկ լինեինք, բայց իմ բայցերը շատ են: Թվում է` ի՞նչն է մեզ խանգարում, չէ՞: Ես եմ խանգարում: Դու` բոլորի մեջ առաջինն ու սիրելին, ինձ միշտ կանչում ես քեզ մոտ, իսկ քեզ մոտ այնքան լավ է, բայց իմ բայցերը շատ են: Ես երազում եմ սիրել քեզ այնպես, ինչպես դու ես սիրում ինձ, ինչպես դու ես նվիրվել ինձ ու մեր սիրուն, որ գոյություն էլ չունի: Մենք լավ հորինել գիտենք, բայց ցավոք մեզնից մեկը պետք է խեղեր մեր երջանկությունը, որովհետև իմ բայցերը շատ են: Իսկ եթե ավելի անկեղծ` իմ բայցը մեկն է, և դու գիտես, թե որն է դա: Իմ երջանկության բանաձևից ես հանել եմ քեզ, բացառել, փոխարինել, որովհետև… ՀԻՄԱՐ ԵՄ: Երբ ասում եմ, որ ամենից շատ երազում եմ, որ այլևս չսիրես ինձ, ստում եմ: Ես ուզում եմ, որ դու միշտ սիրես ինձ: Ներիր, որ դաժան եմ, բայց դու իմ կյանքում ամենակարևոր հրաշքներից ես. ես քեզնով եմ ուժեղ ու թույլ, այնքան թույլ, այնքան կախյալ ու կարոտող: Տեսնել քեզ երազներում, ապրել քո մասին հիշողություններով, ժպտալ, կարոտել, անսահման կարոտել այն երջանիկ պահերը, որ ունեցել ենք, մտածել, որ գուցե կյանքիս ամենամեծ սխալն եմ գործում, բայց դու էլ ես հասկանում, որ իմ բայցերը շատ են, գուցե ոչ այդքան, կամ էլ այնքան, որ բավական են իմ ու քո սերը սպանելու համար: Գիտես խեղդվում եմ, ինձ պատեպատ տալիս, անկարողությունից ու անելանելիությունից երբեմն ոռնում ու ջարդում եղունգներս, հաճախ ժպտում ու խորհուրդներ տալիս, բայց միշտ քեզ հիշում ու քեզ սիրում այնպես, ինչպես կարող եմ: Ներիր, բայց քեզ մոռանալ չեմ կարող, որովհետև դու սիրում ես ինձ առանց որովհետևների ու բայցերի: Ես քեզնից հեռու մնալ չեմ կարող, ներիր, բայց իմ բայցերը շատ են:
-Հավատու՞մ ես:
-Ես սովորել եմ հավատալ շատ բանի, բայց սրան հավատալ չեմ կարողանում: Այնքան հեռու ես, որ հավատս էլ ձգվել է, ճմռթվել, գժվել, խեղճացել:
-Հավատու՞մ ես:
-Հավատում եմ քեզ, ինձ, մեր սիրուն, մեր անցյալին ու մեր ապագային:
-Հավատու՞մ ես:
-Հավատում եմ, որ տարիներ, ամիսներ ու շաբաթներ հաշվելու փոխարեն հիմա ընդամենը օրեր եմ հաշվում: Հավատում եմ, որ շուտով հաշվելու կարիք չի լինի:
-Հավատու՞մ ես:
-Ես սիրում եմ քեզ, հիմա թվում է, թե այլևս չեմ դիմանում: Գիտե՞ս` լինում է օրվա մեջ մի պահ պարզապես խենթանալու աստիճան քո կարիքն եմ զգում, ցանկանում եմ զանգել, բացականչել, որ շուտ գաս, բայց…
-Հավատու՞մ ես:
-Հավատում եմ, որ շատ շուտով գրկելու եմ քեզ ու էլ չեմ երազելու գոնե մեկ րոպեով կողքիդ գտնվելու մասին: Հիմարություն է սիրած մարդուց բաժանված լինելը: Ատում եմ իմ բացակայությունը քո գրկում:
-Հավատու՞մ ես:
-Երազում եմ, պատկերացնում, հորինում և ուրախանում: Առավոտներս, կեսօրներս, երեկոներս ու գիշերներս ուրիշ են լինելու: Դրանց մեջ այնքան շատ դու ես լինելու: Ինձ առավոտները բարի լույս կմաղթես, չէ՞: Իսկ գիշերները երազում քեզ կտեսնեմ, որովհետև կզանգես ու ինձ բարի գիշեր կմաղթես, չէ՞:
-Հավատու՞մ ես:
-Մենք դուրս կգանք զբոսանքի, կքայլենք երեկոյան Երևանով, ես կսիրեմ փողոցներն ու շենքերի կտուրները: Ձեռքս կմեկնեմ ու կբռնեմ լուսինը, իսկ դու կգրկես ինձ ու կհամբուրես վարսերս: Ես կսեղմվեմ քեզ ու որքան ուժ ունեմ կշնչեմ բույրդ ու ինչպես երկու տարի առաջ կփորձեմ մտապահել ամեն բջիջը բույրիդ, որ հետո հիշեմ ու ինձ քո կողքին զգամ: Մենք կվիճենք, ու բարիշելիս կգրկեմ քեզ ու նեղացկոտ կնայեմ աչքերիդ ու այնտեղ սեր կկարդամ: Եվ այլևս երբեք չեմ լացի մեր բաժանումից հետո, քանի որ կիմանամ, որ հաջորդ հանդիպումն ամիսներ հետո չի լինի: Դու կլինես կողքիս, այնքան կողքիս, որ չեմ էլ հիշի, որ ժամանակին մեզ տարիներ ու կիլոմետրեր են բաժանել:
-Հավատու՞մ ես:
-Հավատում եմ…
365 ժամ հետո դու կգաս: Տեսնու՞մ ես, թե ինչպես 365 օրը փոխվեց ժամի: Մոտ է ճանապարհորդության ավարտը: Մոտ է նոր կյանքի սկիզբը: Արի մոռանանք ամեն ինչ ու սկսենք ապրել: 365 ժամ հետո դու կգաս, կգրկես ինձ ու կասես, որ ամեն ինչ լավ է: Ես կհավատամ քեզ, որովհետև միշտ եմ հավատացել, իսկ երբ էլ փորձել եմ չհավատալ, այնպես եմ պատժվել, որ երկինքն է լաց եղել ինձ հետ միասին: 365 ժամ հետո դու կգաս, և ես այլևս չեմ արտասվի, անգամ ուրախությունից: Ես սպառել եմ արտասվելու բոլոր հնարավորություններս: Կյանքից առնելով մեր դասերը` մենք կկերտենք մեր երջանկության ամրոցները, որ կպահպանվեն հարգանքով ու սիրով, միասին տառապանքների ու փորձությունների միջով անցնելու պատմությամբ: Աստված անգամ չի կարող պատկերացնել, թե որքան եմ կարոտել քեզ: Այնքան, որ ուզում եմ կործանել աշխարհը, փշրել ամեն ինչ, խաղաղեցնել օվկիանոսներն ու փոշիացնել լեռները, խառնել երկինքներն ու սառեցնել արևները: Այդքան ուժ չունեմ, ոչ էլ կարողություն. մենք դեռ պետք է ապրենք այս աշխարհում, ուստի ես կփորձեմ այն ավելի լավը դարձնել: Ներիր, որ քեզ այսքան շատ եմ սիրում, խենթանալու աստիճան շատ, բայց ես մահացու աստիճան քո կարիքն ունեմ, հասկանու՞մ ես: Ես կժպտամ, կծիծաղեմ, հիմարություններ կխոսեմ, իսկ իրականում իմ գոյության ամեն բջիջով կսարսափեմ կորցնել քեզ: Ես կգրկեմ քեզ, կհամբուրեմ ձեռքերդ, կնայեմ աչքերիդ, իսկ հոգիս կբացականչի, որ առանց քեզ ապրել չգիտե, չի ուզե: 365 ժամ հետո դու կլինես կողքիս, ու կվերանա ամեն ցավ ու արտասուք: Ես կփշրեմ սեփական կարոտս, փոշին կլցնեմ անոթի մեջ, իսկ անոթը ջուրը կնետեմ. ուրիշ կարոտ չեմ հանդուրժի: Այլ կարոտն իմ կյանքում տեղ չունի. հիմա երջանկության ժամանակն է: Հիմա իմ ու քո ժամանակն է: Թույլ տուր հավատալ դրան, չէ՞ որ հիմա միայն դա է ինձ ապրելու ուժ տալիս: Առանց քեզ ես կապրեմ, գիտե՞ս, գուցե երջանկության հետևից վազեմ, բայց առանց քեզ ես մի կարևոր բան կկորցնեմ: Առանց քեզ ես ինձ կկորցնեմ: 365 ժամ հետո դու կգաս, գիտեմ…
Թվում է, թե մի ամբողջ կյանք է` չեմ տեսել քեզ: Ես չեմ կարող նկարագրել, թե որքան եմ կարոտել քեզ. բառերս մահանում են կարոտի ծանրությունից: Խնդրում եմ` շուտ վերադարձիր, այլապես ես կխելագարվեմ: Ես զգում եմ, թե ինչպես եմ մահանում առանց քեզ, ինչպես եմ մոլորվում ու պտտվում, պտտվում սխալներիս հորձանուտում: Ես խենթի պես կարոտում եմ քեզ ու մատներս եմ կրծում. միևնույն է` դրանք մոռացել են քեզ, դրանք պետք չեն ինձ: Այլևս չեմ պատկերացնում, թե ինչպես է քեզ կողքիս ունենալը: Թվում է, թե երբեք էլ կողքիս չես եղել: Այո, ես թուլամորթ եմ և անողնաշարապես կարոտում եմ քեզ ու խենթանում այն մտքից, որ մոտ է հանդիպման ժամը: Ես կորցրել եմ ինձ: Իսկապես կորցրել եմ: Ու ցանկանում եմ գտնել ինձ միայն քո կողքին: Փակեմ աչքերս, հաշվեմ` մեկ, երկու, երեք, չորս, բացեմ աչքերս ու հայտնվեմ քո գրկում: Միայն քո գրկում եմ ես լիարժեք, ես երջանկություն եմ ուզում, հասկանու՞մ ես, բայց միայն քո կողքին եմ երջանիկ: Իսկ դու հեռու ես: Ատում եմ այն կիլոմետրերը, այն ժամերն ու րոպեները, որ բաժանեցին մեզ իրարից: Երկու տարի: Գրողի տարած երկու տարի: Ես ատում եմ քո բացակայությունը, ես ատում եմ այն, որ ստիպված էի երկու տարի առանց քեզ մեծանալ. ես չմեծացա, ես քարշ տվեցի երկու տարվա գոյությունս. ինչ-որ պահի ես պարզապես կործանվեցի, ինքնակամ, պատրաստակամ, զզվելիորեն հաստատակամ: Եթե դու կողքիս լինեիր, ես ավելի լավը կլինեի, ես լավը կլինեի: Իսկ հիմա... Ես պարզապես սփոփում եմ ինձ այն մտքով, որ սիրում ես ինձ և թույլ ես տալիս սիրել քեզ: Դա ինձ համար մեծ պարգև է. երևի թե պետք է ծնկաչոք շնորհակալություն հայտնել Աստծուն նման շնորհի համար. ես սիրում եմ, թող խենթորեն, անհասկանալիորեն, դավադրաբար ու նենգաբար, բայց սիրում եմ: Սիրում եմ հենց քեզ, ՀԵՆՑ ՔԵԶ: Ներիր, բայց ես չհաղթահարեցի տասնյոթ հազար ժամվա փորձությունը, կատարելապես չանցա այն, ես իմ սև բծերով ներկեցի այն ու հուսահատեցրի քեզ: Ներիր, բայց ես քեզ այնքան շատ եմ սիրում, այնքան-այնքան շատ, որ զարհուրում եմ ինքս ինձնից: Ներիր, բայց ես այսպես եմ սիրում, երբ կողքիս չես: Ներիր, բայց ես հենց քեզ եմ սիրում:
Ցանկանում եմ ջնջել մի քանի գարուն իմ կյանքից, որքան էլ սիրում եմ գարունը: Ես չեմ սիրում գարունն իմ կյանքում: Գարնանը շատ եմ սխալվում: Գուցե սառած զգացմունքներիս ցեխաջրերում սայթաքում եմ ու ընկնում, ցավոտ ընկնում: Հոգնել եմ զգացմունքներիս և եղանակների մշտական պատերազմից: Գարունը սիրելու համար է, այլ ոչ ապստամբելու և մահանալու: Ես ինձ դուրս եմ գրում գարնան ցուցակներից, ես իմ սեփական ցուցակն եմ կազմում, ես հանում եմ գարունն իմ օրացույցներից: Ցավոք իմ սրտից չեմ գարունը. այն, այն իրենց այնտեղ լավ է զգում: Իսկ ես, ես ի՞նչ: Չեմ հասկանում, թե ինչ եմ ուզում ինքս ինձնից: Գարունն այնքան հարց տալիս ինձ, որ մանուկն անգամ չի տա իր մորը: Եվ այդ ի՞նչ իրավունքով է այն ինձ այսքան հարց ուղղում: Ո՞վ եմ ես նրա համար, ինչու՞ չի այն ինձ հանգիստ թողնում: Մի՞թե արժանի չեմ: Ես խեղդվում եմ, հասկանու՞մ եք: Խեղդվում եմ իմ զգացմունքներում, մտքերում, որոշումներում և անպատասխան մնացած հարցերում: Իսկ ելք չի երևում, որովհետև ամեն նոր թվացյալ ելք ծուղակ է ընդամենը, որ ավելի է քաշում ինձ մահվան ճահիճը: Երբեմն նախանձում եմ մահացողներին, ճիշտ պահին մահացողներին: Տեսնես մահվան մեջ ճշմարտություն կա՞: Տեսնես ես երբևէ ճիշտ ընտրություն կկատարե՞մ: Տեսնես ես երբևէ կհամարձակվե՞մ կատարել կյանքիս գլխավոր ընտրությունը…
Երկար,
միապաղաղ ճանապարհները տանում են ոչ մի տեղ: Ոչ մի տեղում լավ եմ զգում: Տարօրինակ
է: Կփորձեմ հասկանալ ինձ, բայց չէ, չեմ կարող: Տարօրինակ է: Սարսափելի ծանր ու միաժամանակ
հաճելի: Ստեր, մտածմունքներ, որոշումներ, սխալ, շատ սխալ որոշումներ, փախուստ, ճանապարհներ,
որ տանում են ոչ մի տեղ: Իմ տեղն այնտեղ է, որովհետև ո՞վ եմ ես, եթե ոչ մի չնչին, անարժան
ոչնչություն: Տարօրինակ է: Մաքրություն բառից խորշել կարելի է. այն ամենքի համար չէ:
Այն ոչ մի տեղում տեղ չունի, այն չի կարող իմ կողքին լինել, այն չի կարող հոմանիշել
ինձ: Ճանապարհները երկար, միապաղաղ, սխալները հիմար, անհիմն, տխրությունը մշտական,
անցանկալի, թախիծը, ափսոսանքը, հուսահատությունը, մոլորվածությունը, դժգոհությունն
ու հիասթափությունն են ապրում ոչ մի տեղ: Ես նոր բառ եմ հորինել. տսեր: Ասում են, չէ՞`
տգեղ, տհաճ, տգետ, տհաս: Իսկ ինչու՞ որ տսեր… Իմ նոր բառը եկել է հոմանիշելու ինձ ու
սխալներս: Տարօրինակ է ու անհասկանալի:
Արդյո՞ք
կա բառերի ճաղերից ազատվելու հնարավորություն, արդյո՞ք գիտնականները չեն ուզում հորինել
մի այնպիսի դեղ, որ միառժամանակ կսպանի բոլոր մտքերը, կսառեցնի զգացմունքները: Ինչու՞
չի կարելի նորից ծնվել ու հիշելով նախկինում արած սխալները` ապրել ճիշտ ու հանգիստ:
Չգնալ այնտեղ, որտեղ մեզ հիասթափություն է սպասվում, չհանդիպել այն մարդկանց, ում չենք
կարողանալու մոռանալ, չասել այնպիսի բաներ, որոնք ցավ են պատճառելու թե մեզ, թե մյուսներին:
Ախ, երազում եմ մոռանալ այնքան բան, չհիշել, չմտածել, ու անկեղծորեն հասկանալ, որ ուղեղս
անսխալական է աշխատում, իսկ սիրտս սայթաքող է, հաշմանդամ է, վնասում է ինձ: Դժվար է
համաձայնության բերել ուղեղդ ու սիրտս. մեկնումեկը միշտ դավաճանում է: Ախ եթե կարողանայինք
կանխատեսել մեր արարքների հետևանքները, եթե կարողանայինք հայտնվել մեր խոսքերի հասցեատերերի
կաշվի մեջ, եթե կարողանայինք մի-փոքր ավելին հասկանալ, հասկանալուց էլ` ճիշտ գործել:
Ամենադժվարը ինքդ քեզ հասկանալն է. դա ինձ մոտ այնքան էլ լավ չի ստացվում…
Ամենուր գեղեցիկ զույգեր են, երջանիկ ընտանիքներ, ծիծաղ և ուրախություն: Ես նույնպես ժպտում եմ, քայլում եմ գլուխս բարձր, որովհետև խոստացել եմ քեզ: Բայց հոգուս խորքում նախանձում եմ մյուսներին: Դու այնքան հեռու ես ինձնից, գժվելու չափ հեռու, թվում է, թե միշտ է այսպես լինելու: Ես ջնջում եմ օրացույցի թվերը, որոնք օրեցօր քեզ ավելի են մոտեցնում ինձ, իսկ հետո խենթանում եմ կարոտից ու անելանելիությունից: Գիտեմ, որ պետք է ուժեղ լինեմ: Ես իսկապես ուժեղ եմ, սակայն օրվա մեջ մի պահ է գալիս, երբ միայնակ եմ մնում ինքս ինձ հետ ու հասկանում եմ, որ աշխարհում ամենից շատ ուզում եմ կողքիդ լինել: Հետո հիշում եմ, թե որքան քիչ է մնացել, ու երջանկության գիտակցումից ուզում եմ խենթանալ: Ես չեմ պատկերացնում, թե ինչպիսին է լինելու մեր առաջին հանդիպումը, թե ինչ պիտի անեմ, որ ինձ հիմարիկ, սակայն ամենաերջանիկ աղջնակի պես չպահեմ ու հիմարություններ չանեմ, թեև դու հասկանում ես ինձ, անգամ երբ հիմարություններ եմ խոսում: Դու ինձ միշտ ես հասկանում, իսկ ես քեզ ոչ այդքան: Դու սիրում ես ինձ, թեև հաճախ ես անհասկանալի եմ լինում… Իսկ ես սիրում եմ քեզ, որովհետև… որովհետև մեր սիրո մեջ մենք բացառել ենք որովհետևները: Ես սիրում եմ քեզ, որովհետև դու ես իմ ապրելու պատճառի պարագան, իմ սիրելու ձևի պարագան, իմ երջանկության չափի պարագան, իմ կյանքի ժամանակի պարագան, իմ ուժեղության նպատակի պարագան… Դու ես իմ սիրո քերականության հիմքն ու պատճառը…
-Սերն
այն է, երբ մարդուն սիրում ես անկախ ամեն ինչից, ամեն րոպե նա մտքիդ է, իսկ երբ լսում
ես ձայնը, թվում է, թե աշխարհը քոնն է: Երբ մարդուն անսահման կարոտում ես և ուզում
ես, որ նա երջանիկ լինի: Երբ վախենում ես մտածել երջանկության մասին, որովհետև երբեմն
հավատդ չի գալիս, որ քեզ բաժին է հասել այսչափ երջանկություն: Վախենում ես, որ գուցե
մի քանի հոգու երջանկություն միանգամից քեզ է բաժին հասել: Հետո հասկանում ես, որ եթե
այդպես լինել, ապա հազարավոր մարդիկ էին զրկված լինելու իրենց երջանկության չափաբաժնից,
որովհետև երջանկությունդ սահմաններ չի ճանաչում: Սերն այն է, երբ հավատում ես նրան,
առանց որևէ կասկածի ու հարցերի, երբ վստահում ես ու պատրաստ ես աշխարհի ծայրը հասնել
նրա հետ, նրա համար: Երբ պատրաստ ես անգամ կյանքդ զոհաբերել հանուն այդ մարդու և փոխարենը
ոչինչ-ոչինչ չակնկալել: Սերն այն է, երբ պատկերացնում ես, թե ինչպես եք միասին մեծանալու,
պատկերացնում ես ձեզ հինգ, տաս, քսան, քառասուն տարի հետո, պատկերացնում ես ձեր երեխաներին,
պատկերացում ես, թե ինչպես եք միասին ծերանալու ու երազում, որ մահանաք նույն օրը,
որպեսզի միմյանց ցավ չպատճառեք: Սերն այն է, երբ հավատում ես, որ սերդ այնքան մեծ է,
որ դուք իրոք նույն օրը կմահանաք. այլ կերպ լինել չի կարող: Սերն այն է, ինչ քեզ ավելի
լավն է դարձնում, քեզ երազանքներ ու հույսեր է տալիս, քեզ ուժ է տալիս հաղթահարել կյանքի
դժվարություններն ու լավատես լինել: Սերն այն է, որ քեզ ցույց է տալիս, թե հանուն ինչի
արժե ապրել: Սերն այն է, ինչ ես զգում եմ քո հանդեպ ու չեմ հավատում, որ այն երբևէ
կմարի: Այո, մենք կունենանք դժվարություններ, մենք կվիճենք, կկռվենք, կորոշենք բաժանվել,
սակայն ինչ-որ ուժեղ ու անհաղթահարելի բան մեզ միշտ միմյանց մոտ կբերի, ինչպես հիմա
է բերում: Գուցե դու ինձ միամիտ կոչես, սակայն թույլ տուր ինձ երազել ու հավատալ, որ
իմ սերն այնպիսին կմնա, ինչպիսին հիմա է` ինձ ուժ տվող ու լավը դարձնող: Թույլ տուր
հանդգնել ու հավատալ, որ ոչինչ ի զորու չի լինի փոխել իմ սերն ու այն փոխակերպել որևէ
այլ զգացմունքի: Ես սիրում եմ քեզ այսօր, սիրել եմ երեկ ու կսիրեմ վաղը, մի ամիս հետո,
մի տարի ու անգամ մի կյանք հետո…
7:30: Զարթուցիչ: Անձրևում է: Ուզում եմ ծածկվել վերմակով ու մի ամիս դուրս չգալ անկողնուց: Զարթուցիչը համառում է: Ժամանակն է դասի շտապել: Նախաճաշ. պետք է առողջ ապրել: Դիմահարդարում, վարսահարդարում. պետք է գեղեցիկ լինել: Բանալիներս ինչպես միշտ կորցրել եմ: Լավ, գտա: Ականջակալներ: Գնացինք:
Իմ առավոտները գեղեցիկ են, որովհետև ամեն առավոտ որոշում եմ նոր կյանք սկսել, բայց կեսօրին որոշում եմ, որ ավելի լավ է հետաձգել երկուշաբթի օրվան կամ որ ավելի լավ է մյուս ամսվան, գուցե տարվան: Լավ, մյուս կյանքում նոր կյանք կսկսեմ. ես այս մեկից էլ եմ գոհ:
8:30: Կանգառ: Մռայլ է: Ուզում եմ վերադառնալ իմ տաքուկ անկողին, որն այժմ մի ամրոց է թվում: Որքան շատ մարդ է շտապում: Ես էլ եմ շտապում: Նոր հացատու՞ն: Հետաքրքիր է: Վերջապես հասկացա, թե ինչ էին ամիսներ շարունակ կառուցում: Արժե սովածանալ ու գալ այստեղ: Տեսնես այստեղ էկլեր պատրաստու՞մ են: Հատուկ առաջարկ` գնեք երկու հատ շաուրմա և ստացեք երկու հատ էկլեր նվեր: Ապակեպատ պատուհանները պարզ ցույց են տալիս, թե ինչպես են աշխատողները թոնրում հաց թխում: Ինչու՞ են այստեղ բոլորը տղաներ: Թոնրի մոտ դաջվածքապատ մե՞կը: Շատ զվարճալի է: Երիտասարդ, այտիդ ալյուր է: Ի՞նձ ես նայում: Ինչու՞: Չլինի բարձրաձայն եմ մտածում: Հացդ վառվեց: Գլուխդ կախիր ու առաջ անցիր, չնայես նրան, չնայես: Երկու վայրկյան համառելուց հետո նայում եմ նրան. նա շտապ-շտապ հացերն է հանում թոնրից: Ինձ չի նայում: Երթուղային: Ազատ նստատեղ: Շնորհակալություն:
-Այսօր գրում ենք ազատ թեմայով շարադրություն: Թեման ընտրում եք դուք:
-Կարո՞ղ եմ թոնրի հացի մասին գրել:
-Կարո՞ղ ես:
-Կարող եմ:
14:00: Ամպոտած է: Անկողինս ինձ արդեն հանգստյան գոտի է թվում: Թոնրի հաց: Սոված եմ: Գնա՞մ: Չէ, մտքիցդ հանի: Ուղիղ տուն: Երթուղային: Նստատե՞ղ: Ոչինչ, ես կկանգնեմ: Այստեղ կանգնեք:
14:28: Մռայլ է: Կանգառ: Հացատուն: Դաջվածքապատ նա նստած է այնտեղ: Չնայես: Աչքերդ կախիր: Իսկ ինչու՞ չնայեմ: Ծխում է: Հացերի մո՞տ: Հիմարիկ: Ինչու՞ չես նայում: Դանդաղ քայլե՞մ: Ինչու՞ չես ուսումնասիրում անցորդներին: Տուն:
* * *
7:30: Զարթուցիչ: Արևում է: Շնորհակալություն: Ցտեսություն անկողին, այսօր քո կարիքը չունեմ: Պետք է գեղեցիկ լինեմ: Արժե՞ արդյոք: Չգիտեմ: Երևի: Անկախ ամեն ինչից պիտի գեղեցիկ լինեմ: Բանալիներ: Ականջակալներ: Գնացինք:
8:30: Արևոտ է: Հացատուն, գրողի տարած հացատուն: Կրկին պայքար ինձ հե՞տ: Չէ, նայում եմ, վերջ: Դու կրկին այդտեղ շտապ աշխատում ես: Ինչու՞ չես նայում ինձ: Ես այսօր գեղեցիկ եմ: Խնդրում եմ նայիր ինձ: Ի՞նչ անեմ: Երթուղային: Ազատ նստատեղ: Գնա գրողի ծոցը:
-Հետաքրքիր էիր գրել: Ինչ-որ բանից ոգեշնչված է՞իր, թե պարզապես…
-Ոգեշնչել էին:
14:00: Գնամ տուն ու ծածկվեմ վերմակներով. երբեք արևոտ եղանակին չեմ քնել: Վախենում եմ ինչ-որ բանից հետ մնալ: Երթուղային: Կանգառ: Հացատուն… Դու կրկին նստած ես, գլուխդ կախ, երևի հոգնել ես: Ինչու՞ չես ծխում: Թեև լավ է, որ էլ չես ծխում: Ասում են` ծխելը վնասակար է: Հիմար ե՞մ: Ինչու՞ եմ անհանգստանում քեզ համար: Նայիր ինձ, նայիր, խնդրում եմ նայիր… Ինչու՞ չես նայում, ախր ես, ախր ես… Ախր ես հեքիաթներ եմ արդեն հորինում: Երթուղային: Ես մի-փոքր էլ կքայլեմ, շնորհակալություն:
7:30: Զարթուցիչ: Արևում է:
Շաբաթ: Կիրակի:
7:30: Զարթուցիչ: Անձրևում է: Արժե նոր կյանք սկսել:
7:30: Զարթուցիչ: Արևում է:
7:30: Զարթուցիչ: Արևում է:
7:30: Զարթուցիչ: Արևում է:
7:30: Զարթուցիչ: Հետաքրքիր էլ չի անգամ:
Ատում եմ այն ամենը, ինչ կապված է քեզ հետ, գրողի տարած դաջվածքապատ գեղեցիկ, հիասքանչ, հեքիաթային, զզվելի մարդ: Դու գլխահակ քո գործն ես անում, իսկ ես, իսկ ես երազում եմ, որ ինձ նայես: Ես չեմ հասկանում քեզ: Ոչ էլ ինձնից եմ գլուխ հանում:
* * *
7:30: Զարթուցիչ: Արևում է: Այսօր կարող եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ: Գեղեցիկ չեմ: Եվ դա ինձ առանձնապես չի հետաքրքրում: Կանգառ: Հացատուն: Որտե՞ղ ես: Չեմ հասկանում: Այդ ո՞վ է քո տեղը կանգնած հացը դանդաղ հանում թոնրից: Չլինի՞ դաջվածքներդ ես մաքրել: Շրջվում է: Դու չես: Որտե՞ղ ես: Գուցե դանդաղ քայլեմ, նորից ուշադիր նայեմ, քեզ տեսնեմ: Չկաս…
Ժամեր, ժամեր, ժամեր…
14:15: Կանգառ: Չկաս: Չկաս: Չկաս… Պետք է իմանամ, թե որտեղ ես:
-Բարև ձեզ, դուք մի աշխատող ունեք, դաջվածքներով…
-Հա, բայց նա էլ մեզ մոտ չի աշխատում, ինչ-որ խնդիր կա՞:
-Կա… Շատ մեծ, ահռելի մեծ խնդիր կա…
Դուրս եմ գալիս: Տուն:
Արևները եկել են բարևելու կարոտներիս ու ասելու, որ քիչ է մնացել: Ինչ-որ մի տեղ հրաշքները ճամպրուկվում են, որ այցելեն ինձ ու էլ երբեք չլքեն: Ինձնից կիլոմետրերով հեռու մեկն իր սերն է փաթեթավորում, որ ինձ նվեր բերի: Ես շատ եմ զգացել այդ սերը, սակայն այն մինչև վերջ իմը չի եղել. գուցե ճիշտ էր այդպես... Սակայն ինչու՞ եմ ինձ խաբում. ես ատում եմ այս հեռավորությունը, կիլոմետրերը, ժամերը, ես ատում եմ իմ սրտում դղյակներ կառուցած ու հարմար տեղավորված կարոտը, ատում եմ իմ երազանքները փշերով ծածկած ու թաքցրած սպասումը և մի հրճվագին անհամբերությամբ պատկերացնում եմ, որ կարոտս շուտով մահանալու է, իսկ սպասումս մի քանի հազար ժամից կրճատվելու է մի քանի տասնյակ ժամի: Ես հիշում եմ, թե ինչպես երկու գարուն առաջ ասացիր, որ գնում ես: Ասես մի ծով սառցե ջուր լցնեին ինձ վրա: Ես գիտեի, որ այդքան ուժեղ չեմ, որպեսզի առանց քեզ երկու անգամ չորս եղանակ բոլորեմ: Ես ճիշտ էի… Սակայն մի բանում ես ճիշտ չէի. իմ, ՄԵՐ սերն էր ինձնից ուժեղ, այնքան ուժեղ, որ այժմ բոլորել եմ յոթ եղանակն ու ապրում եմ վերջին` ութերորդը, առանց քեզ, ԱՌԱՆՑ ՔԵԶ… Ես սիրում եմ քեզ այնքան շատ, որ ինքս էլ չեմ պատկերացնում, և գուցե այդպես լավ է, այլապես կխենթանայի… Ես սիրում եմ քեզ այնպես շատ ու այնպես ուժգին, իսկ կարոտներս մահվան են պատրաստվում, սերս տոնի է սպասում… Ես սպասում եմ քեզ…
Գարունացել է... Իսկ ես կանչում եմ քեզ, լսու՞մ ես: Անգամ եթե չես լսում, ասա, որ բառերս հասնում են քեզ: Զգույշ վարվիր բառերիս հետ. դրանք պայքարում են ապրելու համար: Քո կողքին, քո գոյությամբ, այն գիտակցությամբ, որ թեև իմը չես լինելու, սակայն դու կաս, ապրելու ես ինձ հետ նույն քաղաքում, տեսնելու ես նույն շենքերը, նույն մարդկանց, նույն անձրևի տակ ես թրջվելու, նույն քամուց խուսափելու: Գիտե՞ս` ես երևի քեզ սիրում եմ կամ գուցե սարսափելի սիրահարվել եմ, տարվել, կախվածություն ձեռք բերել: Ինձ այժմ բավարար է այն, ինչ ունենք, իսկ մենք շատ բան ունենք. մենք ունենք պայման, իսկ ես երևի ավելին եմ ցանկանում: Ես ուզում եմ ավելին, քան այն, ինչ մենք կունենանք, բայց հասկանում եմ, որ դա անհնար է, որովհետև ինքս եմ գծել սահմաններն ու թելադրել քեզ, թե որքան կարող ես խախտել դրանք: Այնքան կուզեի, որ ամեն ինչ այլ կերպ դասավորվեր, սակայն ո՞վ գիտե` գուցե եթե այսպես չլիներ, ընդհանրապես ոչինչ չլիներ: Իսկ ես ուզում եմ քեզ հետ կապված գոնե ինչ-որ փոքրիկ բան ունենալ, զգալ, ապրել. երկրորդ անգամ մենք այսպես երջանիկ չենք լինի: Ինչպե՞ս չեմ ես ճանաչել քեզ, ինչու՞ չկայիր, երբ քո կարիքն այնքան ունեի... Ես հիմա էլ քո կարիքն ունեմ: Թվում է` միշտ քո կարիքն եմ ունենալու: Գիտե՞ս` ես երևի սիրում եմ քեզ...
Պետք է զգամ, թե ինչ
բան է դավաճանությունը, որպեսզի հասկանամ, որ լավ է մեղադրել ինչ-որ մեկին, քան ինքդ
քեզ:
Պետք է մենության
դար ունենամ, որպեսզի գնահատեմ միասնության րոպեն:
Պետք է սպանող ցավեր
ունենամ, որպեսզի գնահատեմ առողջ մարմինս:
Պետք է տեսնեմ դաժանություն,
որպեսզի սովորեմ բարի լինել:
Պետք է լքյալ լինեմ,
որպեսզի տարբերակեմ անարժանն ու արժանին:
Պետք է սխալվեմ, որպեսզի
սովորեմ. ուրիշների սխալները դաս չեն ինձ:
Պետք է ընկնեմ ու արյունոտեմ ծնկներս ու ափերս, որպեսզի
հաղթանակի համը զգամ:
Պետք է մահանալ ուզեմ,
որ հետո ապրելու ուժ գտնեմ:
Ինչու՞,
երբ քեզ հետ կարող է այդքան լավ լիներ, ես փորձում եմ ծռել ու ճկել այն, ինչ կա իմ
ձեռքերում ու պետք է որ ինձ ջերմություն տա: Սարսափելի է, երբ չես հասկանում, թե ինչ
է կատարվում քեզ հետ: Մի՞թե հնարավոր է ընդմիշտ մոլորված լինել: Ինչու՞, երբ գալիս
է իմ երջանկության ժամանակը, ես հետ եմ կանգնում ու շշնջում. «Ներիր, չեմ ուզում»:
Մի՞թե ես խելագար եմ: Խելագարներն այսքան չեն մտածում, իսկ իմ միտքը կարծես մի հավերժական
գործարան է, որ լարվում է սրտիցս արյուն քամելով: Հարցերն անվերջ են, պատասխանները
բացակայում են: Ատում եմ հարցերն ու ընտրությունները: Կատաղի մարտ է տեղի ունենում
այստեղ` ներսում: Ես եմ միայն անմասն մնում: Առանց ինձ այնտեղ` ներսում, հարցեր են
լուծվում, իսկ ես տեսնում եմ, թե ինչ որոշումներ են կայացվում ու գլխահակ գնում ու
անում հակառակը: Մի՞թե բոլորն են իմ պես խելագար: Միշտ ցանկացել եմ նման լինել մյուսներին,
բայց չի ստացվում, դա հակառակ է իմ ներքին կանոններին, որոնք այդքան անգամ եմ փորձել
փշրել: Ինքս ինձ հաղթել անկարող եմ:
Ես ունեի ամենը, ինչ
անհրաժեշտ էր երջանիկ լինելու համար, սակայն ի՞նչն էր, որ ստիպում էր միշտ ինչ-որ բան
փնտրել: Ապրում ես քո մոլորակում, սակայն գիտես, որ դրանից այն կողմ մի ամբողջ տիեզերք
է, որը քո անունն է կրում ու քեզ է կանչում: Ես միշտ փնտրել եմ իմ տիեզերքը:
* * *
Գարունները մեկը մյուսի հետևից գալիս են ու գնում: Ես միայնակ եմ, թեև կողքիս են բոլորը: Մեկը սիրում է ինձ, մյուսը` հոգ տանում, մեկն ուշադիր լսում է, իսկ մյուսը` զվարճացնում:
«Այնքան երջանիկ պիտի
լինես, նրա նման երիտասարդը քեզ է սիրում, իսկ դու փոխադարձ սիրում ես նրան»: «Ահա»,-ասում
եմ ես ու մտքերս գլորում ինձնից հեռու: Այո, սիրում եմ նրան, համենայն դեպս սիրել եմ
շատ ու իրավունք չունեմ այժմ ուրիշ մտքեր ունենալ: Նա ինձնից հեռու է հիմա: «Ամեն մեկը
չի կարող այդքան սպասել սիրելիին, որքան դու: Շատ եմ հպարտանում քեզնով»: «Ահա»,-ասում
եմ ես ու այրում երազանքներս: Այնքան եմ հեռու եղել նրանից, որ անգամ հայացքն եմ մոռացել:
Ինչու՞ միայն հայացքը: Զանգերի շնորհիվ հիշում եմ միայն ձայնը: Սարսափելիորեն զվարճալի
է: Ասում են` հեռավորությունը փորձություն է սիրո համար: Սեր: Հիմար բառ է:
Հագնում եմ վերարկուս,
վերցնում փոքրիկ պայուսակս, որի մեջ ոչինչ չի տեղավորվում: Գրողի տարած մետաղադրամներն
այնքան շատ են, որ պայուսակը ծանրանում է ու մետաղե զրնգուն ձայն արձակում: Մետաղադրամների
փոխարեն լավ է թուղթ լիներ: Վերցնում եմ տան բանալիները: Դրանցից կախված անվանական
սրտիկն իզուր բեռ է. հանում ու դեն եմ գցում այն: Այսօր պետք է որքան հնարավոր է ազատվեմ
ավելորդ բեռից: Փակում եմ դուռն ու գնում:
-Ալո, որտե՞ղ ես:
-Դուրս եմ եկել տանից:
-Ու՞ր ես գնում:
-Չգիտեմ, գեղեցկության
սրահ, հետո սրճարան, կզբոսնեմ:
-Գա՞մ:
-Չէ, կներես, ուզում
եմ մենակ լինել:
-Լավ, կզանգես:
-Ահա…
Բնությունը գարուն
է երգում: Մարդիկ ինձ պես փորձում են ազատվել ավելորդ բեռից: Ոմանց մոտ ավելորդ բեռի
անունը «կյանք» է: Մեքենաների ապակիներում արտացոլված պատկերս հավանում եմ: Ուրեմն
իմ բեռն ավելի թեթև է: Զվարճալիորեն սարսափելի է: Մարդիկ փոխում են իրենց զգեստապահարանների
գույները, սակայն շատերի մոտ հոգու գույնը նույնն է մնում: Ես հոգու գույնս լրիվ կորցրել
եմ: Բայց հոգնել եմ փնտրելուց ու վերագտնելուց: Միևնույն է` կորցնում եմ: Էլ ի՞նչ իմաստ
ունի ինքնամոռաց փնտրտուքների տրվել, եթե միևնույն է` վերջում այն ինքն է գալիս ու
ինձ գտնում: Փախչել է պետք: Հեռու մի տեղ, բոլորի աչքից հեռու, հարցեր, սպասված պատասխաններ,
ճանապարհներ, մարդիկ, մարդիկ, մարդիկ…
-Ի՞նչ ենք անում այսօր:
-Չգիտեմ, վստահում
եմ քո վարպետ-ձեռքերին: Մի բան արա, միայն թե այնպես, որ մի երկու ժամ այսպես նստեմ:
-Հասկանում եմ:
-Հենց դա էլ սիրում
եմ քո մեջ:
Երեկոյան երբեմն մոռանում
եմ մեր տան հասցեն: Կամ էլ այնքան շատ եմ ուզում մոռանալ, որ թվում է, թե մոռանում
եմ: Հարցերն այնտեղ շատ են, հորինված պատասխանները սպառվում են, ճշմարտությունը բացականչելու
ցանկությունը` մեծանում: Մի ճշմարտություն կա` ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում:
Ինչ-որ մի բան սխալ է:
-Ալո՞:
-Կարոտել եմ քեզ:
-Ես էլ:
-Ոչինչ չունե՞ս ինձ
ասելու:
-Ո՞նց ես:
-…լավ:
Օրերն անցնում են:
Ես լուսանկարիչ եմ: Աշխատում եմ: Լավ են վարձատրում: Կարող էին և ավելի լավ:
-Մյուս շաբաթ ֆոտոսեսսիա
ունես, մի տղա կգա, նրա մասին պատմություն ենք գրում:
-Լավ:
Լուսանկարելն իմ թուլությունն
է: Ֆոտոխցիկն այնքան բան է նկատում: Լինում է` նկարում ես մարդու, սակայն դուրս է գալիս
նրա տխրությունը: Նկարում ես բնություն, սակայն ստացվում է նկարել ես քո հոգին:
-Բարև: Դե ինչ, նկարու՞մ
ես ինձ:
-Բարև ձեզ, այո, խնդրում
եմ անցեք պատի մոտ, ես հիմա լույսերը տեղադրեմ ու սկսենք:
-Գիտես շատ եմ սիրում,
երբ ինձ լուսանկարում են:
-Հետաքրքիր դիմագծեր
ունեք:
-Լավիկն ես:
-Ներեցեք, բայց ես
ձեզ թույլ չեմ տվել ինձ հետ դու-ով խոսել:
-Դե լավ, էլ մի: Դու
իմը պիտի լինես…
Լուսանկարներից ինձ
էր նայում մեկը, ում ես ճանաչում էի: Ինչ-որ տեղ ես նրան տեսել էի, մենք զրուցել էինք,
նա գիտեր, թե ով եմ ես: Մի՞թե այդպիսի բան հնարավոր է: Շտապ պետք էր ազատվել դրանցից,
հանձնել խմբագրին ու փակել այս պատմությունը:
-Ալո՞:
-Ինչպե՞ս անցավ օրդ:
-Նորմալ, սովորական
աշխատանքային օր էր, ինչու՞ ես հարցնում:
-Ես ամեն օր էլ հարցնում
եմ:
-…
-Ինչ-որ բան այն չէ՞:
-Չէ, պարզապես երևի
քեզ շատ եմ կարոտել:
-Երևի՞:
-Ներիր, տնօրենն է
զանգում, հետո կխոսենք:
Հեռախոսս լուռ է:
Ոչ մի տնօրեն էլ չի զանգում: Ստեցի՞: Առաջին անգամ չէ: Սուտը կարծես իմ արյան մեջ իրեն
լավ է զգում: Կուզեմ մի օր ստելու ցանկություն ու կարիք չունենամ: Երջանկություն: Դա
ի՞նչ բան է, երբ ամեն ինչ ու ոչինչ չունես: Ունես մի երկար ձգվող թել, սակայն այդ թելը
կիրք չունի, կրակ չկա:
-Կրկին դու՞ք:
-Մի՞թե չէիր կարոտում
ինձ, սիրունիկ:
Նա մոտեցավ ու գռեհկաբար
նստեց սեղանին: Աչքերս վեր բարձրացրի ու նայեցի նրա ինքնագոհ ժպիտին:
-Վուլգար ես:
-Տես, արդեն դու էլ
անցար դու-ի: Գիտե՞ս` նախկին կյանքում իմն էիր:
-Ե՞րբ էր նախկին կյանքը:
-Երբ երջանիկ էիր:
Բաժանորդը ժամանակավորապես
անհասանելի է: Բաժանորդը մտածելու ժամանակ է պահանջում: Բաժանորդի մտքերը ծնվել են
ուզում: Ներիր:
-Մենք պիտի հանդիպենք:
Առանձին:
-Դու գիտե՞ս, որ ես
սիրեցյալ ունեմ:
-Նախկին կյանքում
իմն էիր, դա քեզ ոչինչ չի՞ ասում:
Ու՞ր եմ գնում: Ու՞մ
մոտ: Մեկի, ում պատկանում էի նախկին կյանքու՞մ: Խենթանոցներում երկու տեղ պետք է պատրաստել:
Միայն թե երկու տարբեր խենթանոց պետք է լինի: Այդպես եմ կարծում: Ճանապարհն այնքան
երկար է. տասը կիլոմետր: Մեքենան սողում է գարնանային ասֆալտով, իսկ ես հայացքս ուղղել
եմ ճանապարհի ներկե գծերին. ձեռքերս դողում են: Կարոտում եմ, չգիտեմ էլ ում: Գնում
եմ, սակայն գիտեմ ուր:
Դուռը թակում եմ:
Բացում է: Անթարթ նայում եմ նրան ու բարև հարցնում: Նա բռնում է ձեռքս ու ինձ ներս
հրավիրում:
-Մի վախեցիր:
-Իսկ ես չեմ վախենում:
Նա ծիծաղում է ու
առաջ գնում:
-Խմիչք ունեմ: Այն
էլ շատ:
-Ահա…
Պատուհանից գեղեցիկ
տեսարան է բացվում: Ծաղկաշատ փողոցներ, անհոգ մուրացկաններ, հրապարակում շատրվաններն
ինչ-որ երգ են երգում:
-Նախկին կյանքից այս
կյանք մի քայլ է,- շշնջում է նա ականջիս: Շրջվում եմ:
-Ես խենթացե՞լ եմ:
Ծիծաղում է:
-Ես խոսում եմ նախկին
կյանքերից, իսկ դու ինձ հարցնում ես, թե արդյոք խենթացե՞լ ես:
-Ներիր:
-Ինչի՞ համար:
-Որ նախկին կյանքում
հեռացել եմ քեզնից:
Նա մոտ է գալիս ու
համբուրում շրթունքներս: Աչքերիցս այրող արցունքներ են հոսում: Ես դավաճանում եմ: Ես
երջանիկ եմ: Նա այնքան նուրբ է, նա ճանաչում է ինձ: Նրա շրթունքները շոյում են պարանոցս,
ձեռքերը ցած են սահում, ամուր գրկում կոնքերս: Ամեն ինչ մթագնում է: Ձեռքերս սահում
են նրա մարմնով, գլուխս պտտվում է: Նա գրկում է ինձ, իջեցնում հատակին, որտեղ մարմինս
տրվում է նրա մարմնին, հաստատում, որ նախկին կյանքում ես նրանն էի: Ես չեմ դավաճանում:
Ես իրավունք ունեմ հափշտակել իմ բաժին երջանկությունը:
-Ալո՞:
-Կարոտում եմ:
-Գիտեմ, ներիր, մենք
պետք է խոսենք…
-Ինչի՞ մասին:
-Իմ նախկին կյանքի…