Ես սարսափելիորեն հոգնել եմ ‹‹ինձնից››: Հոգնել եմ քննարկվող լինելուց ինչ էլ անեմ, ինչ էլ խոսեմ, ինչ էլ մտածեմ: Հոգնել եմ ձեր բերանի ծամոնը լինելուց. դեն նետեք ինձ, խնդրում եմ: Ես զզվել եմ ամենքի կողմից ճանաչված ու չսիրված լինելուց, զզվել եմ տարբերվող լինելուց. ուզում եմ լինել ձեր նման: Երևի: Ավելի լավ է լինել միջակություն, քան բոլորի կողմից ատելի մեկը, ում ամեն գրած տառն ու բառը դառնում է հանրային քննարկման առարկա: Մի՞թե չեմ հոգնեցրել ձեզ այն դեպքում, երբ ինքս ինձնից արդեն զզվել եմ: Դեռ ինչքա՞ն պիտի մտածեք իմ մասին, ինչքա՞ն պիտի քննարկեք, որ թողնեք հանգիստ ապրեմ: Շունչ քաշեմ ու ամեն օր չարթնանամ այն մտքով, թե էլ ինչ զզվելի բաներ եմ կարդալու իմ մասին: Ինչո՞ւ չեք թողնում ապրեմ: Տարիներ շարունակ փորձում եք կոտրել ինձ, շատ եք կոտրել, հերիք է: Ու ցավն այն է, որ ձեզանից և ոչ մեկն ինձ չի ճանաչում: Ոչ մեկի հետ սեղան չեմ նստել ու մի բաժակ սուրճի շուրջ կյանքից չեմ խոսել: Ոչ մեկին նեղն ընկած ժամանակ կողքիս կամ գոնե շուրջս չեմ տեսել, որ ձեռքս կբռնի ու կասի` չդնես: Ոչ մեկ երբևէ չի տեսել, թե ինչպես եմ ամեն օր խելացնոր մտքեր ծնում, որ օգնում են արթնանալ ու շարունակել շնչել: Ոչ մեկի հեռախոսի համարը չունեմ, որ զանգեմ ու հարցնեմ` ինչո՞ւ: Ինչո՞ւ ես ինձ ատում, ի՞նչ եմ քեզ արել, ե՞րբ եմ քեզ այնքան նեղացրել, որ սիրտդ այսքան չարացել է իմ հանդեպ: Նեղացած մարդն է փորձում ցավեցնել, իսկ ես ձեզնից և ոչ մեկին միտումնավոր չեմ նեղացրել: Մի՞թե էությունս այնքան է ձեզ լարում, որ իմ գոյությունից եք նեղանում: Հանկարծ չմտածեք, թե փորձում եմ ձեր խիղճը շարժել. դուք դրանից չունեք: Եթե ունենայիք, կմտածեիք, որ ես էլ ինչ-որ մեկի լույսն եմ, որ դուք այսքան տարի փորձում եք մարել: Ես էլ ինչ-որ մեկին եմ լույս տալիս, և եթե ես չլինեմ, դուք չէ, որ կփոխարինեք ինձ: Ինչո՞ւ եք ուզում նրան զրկել լույսից, ինչպե՞ս եք հետո ապրելու: Չնայած հա, խիղճը… Դուք դրանից չունեք:
Երբ գտա քեզ, հասկացա` կորցնելու եմ ինձ: Այնպես եմ կորցնելու, որ հետ գալ չեմ ուզելու: Պարզվեց սիրտս չէր մահացել. խորը քուն էր մտել: Բայց թե ինչու հենց դու պիտի այն արթնացնեիր, չգիտեմ: Այդ ի՞նչ դաժան կատակ է: Քի՞չ էի մահանալ ուզել, քի՞չ էի կոտրվել, բավարար չէ՞ր: Պարզվեց` լավ էր սիրտս մահացած լիներ:
Երբ տեսա քեզ, չհասկացա` մի՞թե հանդիպել ենք: Դու այնքան հարազատացար առաջին վայրկյանից, թվաց` գիտեմ քեզ երկար-երկար, ուղղակի դու հեռու էիր, կամ ես` կույր: Երնեկ կույր լինեի: Ու չտեսնեի քեզ երբեք:
Ես երդվել էի այլևս երբեք չասել այդ խոսքերը. դրանք երբեք ոչ մի լավ բանի չեն հանգեցրել: Բայց դրժեցի երդումս, որովհետև երբ սիրեցի քեզ, մոռացա ամեն երդում ու խոստում: Դեմ գնացի ամեն օրենքի, կոտրվեցի քո գրկում, փշրվեցի ու դեռ երկար կփշրվեմ:
Թեև սա սեր չէ. երբ սիրում են, նրա երջանկությունն են ուզում: Իսկ ես քեզ եմ ուզում: Իմ կողքին, ամեն օր, անդադար, անընդհատ: Մաշկդ եմ ուզում: Ձայնդ եմ ուզում: Ձեռքերդ ու մատներդ եմ ուզում: Ուզում եմ սպանես ինձ, ոչնչացնես, գոնե մինչև վերջ: Ես եսասիրաբար կառչել եմ քեզնից, ես ոչնչացնում եմ ինձ` փորձելով քաշել ամեն մասնիկդ, զգալ ամեն շունչդ ու մահանալ քո գրկում: Ես խենթանում եմ քեզ համար, ես կորցրել եմ ինձ, ես մահանում եմ: Ու չեմ կարողանում կանգ առնել. անհնար է: Քեզ եմ ուզում: Ցավում է: Բայց առանց քեզ ավելի է ցավում:
Ես մտածում էի` մեծացել եմ, չի լինի գրչիս արժանի էլ ոչ ոք, բայց արի ու տես, դու ինձ ստիպել ես մոռանալ նախկինում ապրածս բոլոր ցավերը, թեև գիտեմ, որ այս անգամ ամեն ինչ շատ վատ է լինելու: Ես մահանալու եմ. ինձ դու ես սպանելու: Եվ շարունակելու ես ապրել այդ մտքով:
Ասում եմ, չէ՞, ես չեմ սիրում քեզ. եսասեր եմ: Այլապես դու անգամ չէիր էլ կարդա սա: Ներիր:
Երբ արտասվեցի քո գրկում, քեզ թվաց քեզ համար եմ արտասվում: Չէ, սիրելիս, ես արտասվում էի ինձ համար: Այն բանի համար, որ ամեն ինչ այսպես ստացվեց: Ես այսպես չէի պատկերացնում: Ոչ թե քեզ հետ, այլ ինձ հետ: Ինձ հետ աշխարհի ամեն բանը կատարվեց, որին, չգիտեմ էլ, ինքս գնացի, թե արժանի էի: Ես արտասվում էի, արցունքներն այրում էին աչքերս, ու ես չէի հասկանում` ո՞ր մեղքիս համար պիտի ստացվեր այնպես, որ հազարավոր գրկերից հենց քո գրկում պիտի արթնանայի տարիների քնից, գիտակցեի, թե ինչ եմ անում: Մարդիկ մարդ են սպանում, մարդիկ կյանք են դադար տալիս, մարդիկ մարդ չեն դառնում, բայց պատժվում եմ ես: Իսկ ես ընդամենը սեր էի ուզում. պարզ ու մաքուր, ինչպես ես էի, միլլիոն տարի առաջ: Բոլորը ստացան իրենց բաժին սերը, միայն ես բաժին դառա անսեր մարդկանց: Բոլորը քնեցին ու զարթնեցին սիրած մարդկանց հետ, միայն ես զարթնեցի քնած սերերից: Բոլորը սպասեցին ու հասան, միայն ես հասա ու չսպասեցի: Չգտա, չտեսա, չզգացի այն, ինչ երազում էի: Սովորեցի չերազել, չզգալ, չտեսնել: Սովորեցի չապրել: Ու հայտնվեցիր դու: Փչացրիր ամենը, տարիների քունս մի վայրկյանում վայրկյան սարքեցիր, հատիկ հատիկ ջարդեցիր երկաթ դարձած ոսկորներս, հազարներ տեսած մաշկս քեզ կարոտ դարձրիր, խելացի մտքեր ասող ինձ մի բուռ հիմարություն սարքեցիր, ու հասկացա` ամեն ինչ նորից պիտի սկսեմ: Չեմ ուզում, չեմ կարող, ախր ամեն ինչ իմ ձեռքերում էր, իսկ հիմա ես եմ քո ձեռքերում, ու ամեն ինչ սարսափելի է: Քո հիանալի ձեռքերում ես խեղդվում եմ, քո ուժեղ հայացքներում ես կորում եմ, քո կատարյալ ուժի ներքո ես գիտակցում եմ սեփական ոչնչությունս, անկարողությունս, անիմաստությունս: Դու եկար ցույց տալու, որ ամենը, ինչ արժեքավոր եմ համարել, զրոյի է հավասար, եթե կողքիս երբեք չի լինելու քո նմանը: Դու ցույց տվեցիր, որ իմ նմանների կողքին երբեք չեն լինելու քո նմանները: Ոչ թե որովհետև դու լավն ես, իսկ ես` վատը, այլ որովհետև արժեքներն են տարբեր. իմ նմանները արժեք ունեն միայն քո նմանների համար, երբ պետք է, անհրաժեշտ է, կարիքը կա: Իսկ ժամանակ հետո այլևս չկա: Կարգն է այդպիսին: Ու ոչ իմ նմանները, ոչ էլ քո նմանները դեմ չեն գնա ընդունված կարգին: Այդպիսին է կարգը:
Դու ինձ տեսար մերկ, բայց հոգիս այդպես էլ չմերկացրիր: Տեսար ժպիտներս, բայց չտեսար կամ էլ չցանկացար տեսնել կեղծությունը ծիծաղներիս: Տեսար խենթությունս, բայց չուզեցիր խենթանամ քեզ հետ: Տեսար արցունքներս, բայց չհասկացար, որ դրանց պատճառն ես: Կեղծությունդ է պատճառը, քո խաղերը, հաշվարկները, միամիտ փորձերը: Ախր սիրելիս, ես քո նման այնքանների եմ տեսել, չեմ կարող հաշվել: Ախր սիրելիս, ինչո՞ւ այսքան էժան եղար. ես քեզ ավելին էի գնահատել: Մանրը վերադարձնե՞մ: Դու ինձ մերկացրիր, փորձեցիր սեր դնես, կիրք ստանաս, բայց ի՞նչ եղավ: Քեզ դո՞ւր եկավ խղճահարությունս: Ինձ` ոչ: Ամենից քիչ ես կուզեի խղճալ քեզ, ախր իմ շունչը մի քանի միլիվայրկյանով կանգ առավ քեզ համար: Իսկ հիմա ես անգամ կես միլիկյանք չեմ ուզի լինես կողքիս: Քո նման միլիմարդկանց ես այնքան եմ տեսել: Իսկ ես կարծեցի` ուրիշ ես…