Վերնագրեր դնելու ժամանակներն անցել են

Երբ գտա քեզ, հասկացա` կորցնելու եմ ինձ: Այնպես եմ կորցնելու, որ հետ գալ չեմ ուզելու: Պարզվեց սիրտս չէր մահացել. խորը քուն էր մտել: Բայց թե ինչու հենց դու պիտի այն արթնացնեիր, չգիտեմ: Այդ ի՞նչ դաժան կատակ է: Քի՞չ էի մահանալ ուզել, քի՞չ էի կոտրվել, բավարար չէ՞ր: Պարզվեց` լավ էր սիրտս մահացած լիներ: ⁣
Երբ տեսա քեզ, չհասկացա` մի՞թե հանդիպել ենք: Դու այնքան հարազատացար առաջին վայրկյանից, թվաց` գիտեմ քեզ երկար-երկար, ուղղակի դու հեռու էիր, կամ ես` կույր: Երնեկ կույր լինեի: Ու չտեսնեի քեզ երբեք: ⁣
Ես երդվել էի այլևս երբեք չասել այդ խոսքերը. դրանք երբեք ոչ մի լավ բանի չեն հանգեցրել: Բայց դրժեցի երդումս, որովհետև երբ սիրեցի քեզ, մոռացա ամեն երդում ու խոստում: Դեմ գնացի ամեն օրենքի, կոտրվեցի քո գրկում, փշրվեցի ու դեռ երկար կփշրվեմ: ⁣
Թեև սա սեր չէ. երբ սիրում են, նրա երջանկությունն են ուզում: Իսկ ես քեզ եմ ուզում: Իմ կողքին, ամեն օր, անդադար, անընդհատ: Մաշկդ եմ ուզում: Ձայնդ եմ ուզում: Ձեռքերդ ու մատներդ եմ ուզում: Ուզում եմ սպանես ինձ, ոչնչացնես, գոնե մինչև վերջ: Ես եսասիրաբար կառչել եմ քեզնից, ես ոչնչացնում եմ ինձ` փորձելով քաշել ամեն մասնիկդ, զգալ ամեն շունչդ ու մահանալ քո գրկում: Ես խենթանում եմ քեզ համար, ես կորցրել եմ ինձ, ես մահանում եմ: Ու չեմ կարողանում կանգ առնել. անհնար է: Քեզ եմ ուզում: Ցավում է: Բայց առանց քեզ ավելի է ցավում: ⁣
Ես մտածում էի` մեծացել եմ, չի լինի գրչիս արժանի էլ ոչ ոք, բայց արի ու տես, դու ինձ ստիպել ես մոռանալ նախկինում ապրածս բոլոր ցավերը, թեև գիտեմ, որ այս անգամ ամեն ինչ շատ վատ է լինելու: Ես մահանալու եմ. ինձ դու ես սպանելու: Եվ շարունակելու ես ապրել այդ մտքով:⁣
Ասում եմ, չէ՞, ես չեմ սիրում քեզ. եսասեր եմ: Այլապես դու անգամ չէիր էլ կարդա սա: Ներիր:

Tags:

Share:

0 մեկնաբանություն