Mari Love
  • Գլխավոր
  • Պատմվածքներ
    • Երբ թրջվում ես անձրևի տակ
    • Չորս եղանակ
    • Մարիա
    • Այնտեղ, որտեղ ճայերն են
    • Տանգո
    • Թռի՛ր, Էրիկ, թռի՛ր
    • ՄիշԷլիս
    • Այն, ինչ պիտի կիսվեր
    • Պատուհան
    • A: B: SMS
    • Կողպեք
    • * * *
    • Մահից կյանքվածը
  • Փոքրիկ սերեր
    • Մի զույգ ձեռնոց
    • Մազերի ու բնավորությունների մասին
    • Հանրակացարաններից մինչև հիվանդանոցներ
    • Վաֆլե տորթ ու տաք շոկոլադ
    • Կատուներն ու հարբեցողները
    • Մուգ վարագույրների հետևում
    • Փողկապներ և կարմիր վարդեր
    • Առաջին ձյան հեքիաթը
    • Նարինջներ և բանաստեղծություններ
    • Կարկանդակներ ու երջանկություն
    • Դու ամուսնացած էիր
    • Տիեզերքներ և փոշու հատիկներ
  • Հետադարձ կապ
Ասում են՝ երջանկությունը գրեթե անհասանելի բան է: Այդ դեպքում մենք ի՞նչ ունեինք, եթե ոչ երջանկություն: Մենք միմյանց ունեինք, և դա մեզ բավարար էր: Երևի մոռացել ես, թե ինչպես էի առավոտյան արթնանալիս մոտենում տաք մարմնիդ ու համբուրում այնտեղ, որտեղ պարանոցդ սկսվում էր: Ականջիդ բարի լույս էի շշնջում, իսկ դու մի ձեռքով ավելի էիր մոտեցնում մարմինս մարմնիդ ու քնկոտ ձայնով, որ առավոտյան հատկապես բամբ էր դառնում, ասում էիր, որ այսօր մեր կյանքի լավագույն օրն է: Եվ այդպես ամեն օր:


Մենք հանդիպել էինք այն ժամանակ, երբ երկուսս էլ կանգնած էինք կամրջին. ես ցատկում էի, դու նույնպես: Բայց մենք նախընտրեցինք միասին ցատկել երջանկության հորձանուտն ու լրացնել այն, ինչ չունեինք երկուսս էլ: Մեզ ընդամենը պետք էր մեկը, ով կլիներ մեր կողքին ու չէր դավաճանի: 


Մեր փոքրիկ տունը մեր երջանկության ամրոցն էր, իսկ քաղաքը, որտեղ բոլորը շտապում էին ու չէինք հասնում, ես ու դու վայելում էինք շենքերի գույներն ու փողոցների սառնությունը: Դու ինձ համար գրքեր էիր գնում, տասնյակ գրքեր սիրո մասին: Նույն գրքերից գնում էիր և քեզ համար, և մենք քաղաքի տարբեր անկյուններում կարդում էինք միևնույն գիրքը: Մենք նաև կրում էինք նույն հագուստը: Եվ ցանկանում էինք միևնույն բանը՝ լինել երջանիկ: 


Ամեն առավոտ դու իջնում էիր մեր շենքի տակ գտնվող հացատուն ու ինձ համար տաք կարկանդակներ էիր բերում, մինչդեռ ես սուրճ էի պատրաստում: Մենք նստում էինք խոհանոցի կլոր սպիտակ սեղանի շուրջն ու թերթ էինք կարդում: Մենք կարդում էինք միևնույն թերթի միևնույն հոդվածը: Դու սիրում էիր մերսել ոտնաթաթերս, որ միշտ բոբիկ էին: Իսկ ես սիրում էի քեզ ծաղիկներ նվիրել: Դու ջութակ էիր նվագում քաղաքի առևտրի տներից մեկում, իսկ ես սովորական ծաղկավաճառ էի, որ արբում էր ծաղիկների ու քո բույրից: 


Մենք լուսանկարվում էինք. քաղաքի ամեն հատվածում մենք մի լուսանկար ունեինք, որոնք փակցնում էինք պատերին ու զարդարում ամանորյա լույսերով: Երեկոյան միասին լոգանք էինք ընդունում, ապա ընթրիք պատրաստում: Երբեմն ինձ ասում էիր հագնել իմ տոնական կարճ զգեստն, ու մենք իտալական ռեստորան էինք գնում: 



Աշուն էր, երբ իմացա, որ հայր ես դառնալու: Աշխարհը կարծես քեզ տված լինեին: Ծննդաբերելիս ես մահացա: Եվ կիսվեց մեր երջանկությունը: Դու հիմա մեր որդու հետ ես, իսկ ես երազում էի դուստր ունենալ: Դու հիմա դուստր չունես, և կիսվել է քո երջանկությունը:

Երբ մենք փողոցով քայլում էինք, մարդիկ ապշահար մեզ էին նայում: Նրանք չէին նկատում ոչ իմ երջանիկ ժպիտը, ոչ քո հպարտ հայացքը. նրանք աչքերը չորս էին անում ու նայում էին մեզ: Ես սիրում էի քեզ, և դու ինձնից ուղիղ 28 տարով մեծ էիր: 


Դու կարող էիր լինել իմ հայրը, իսկ եթե ջանք գործադրեիր, անգամ պապը, բայց դու իմ կյանքի՝ բոլոր առումներով մեծագույն սերն էիր: Դու բարձրահասակ էիր, թիկնեղ, ալեխառն մազերով, քեզնից ծխախոտի ու կոնյակի հոտ էր գալիս, և ես խենթանում էի քո ձայնի համար: Այն սովորականից մի քանի տոն ցածր էր, և խառնվելով ծխախոտի ու տարիների ազդեցության հետ՝ դարձել էր ինձ համար ամենագեղեցիկն աշխարհում: Ինձ համար դու աշխարհի միակ տղամարդն էիր, իմ ծերուկը, իմ լավագույնը:


Դու իմ դասախոսն էիր: Բանասիրության դասախոսը. միշտ գրագետ խոսող, խիստ հայացքով: Դու երկար մատներ ունեիր, մի-փոքր կնճռոտ, իսկ ձեռքերդ պատված էին խիտ մազերով: Ամիսներ անց ես բացահայտեցի, որ կուրծքդ նույնպես մազոտ է. ես խենթանում եմ փարթամ մազածածկույթի համար, հատկապես երբ այն քոնն էր: Դու ամուսնական մատանի էիր կրում, որ տարիների ընթացքում վրադ մեծացել էր, բայց դու միևնույն է կրում էիր այն: Այն մի-փոքր խամրել էր: Ինչպես կնոջդ առողջությունը: Ես չգիտեի, որ նա ամիսներ շարունակ հիվանդանոցում էր: Ամեն օր դու երկու նարինջ դրած պայուսակիդ մեջ այցելում էիր նրան, բայց նա հազիվ էր քեզ ճանաչում, երբեմն աչքերը թույլ բացում էր, նայում քեզ, մի-փոքր ժպտում, ապա կրկին քնում: Դու նարինջները դնում էիր սեղանին ու հեռանում: Մի օր նա մահացավ: Եվ դու դադարեցիր նրան նարինջներ տանել: 


Ես չհասկացա էլ, թե ինչպես հասարակ ուսանողուհուց վերածվեցի սիրուհուդ: Թերևս սիրուհին կոպիտ է ասված. այդ ժամանակ դու ազատ էիր: Գոնե ֆիզիկապես: Դու սկսեցիր ինձ համար բանաստեղծություններ ընթերցել ու մազերս սանրել: Իսկ ես քեզ համար նարնջի թեյ էի պատրաստում ու երկու գդալ շաքարավազ ավելացնում՝ նախապես համբուրելով բաժակդ: Ես ուզում էի, որ բույրս տարածվի բնակարանիդ մեջ, և գրքերդ բուրեն ինձնով, և անկողինդ, և բաժակներդ: Եվ համբուրում էի բաժակներդ, ապա նաև շրթունքներդ: Դեմքիդ մազածածկույթը ծակում էր մարմինս, բայց դա ինձ դուր էր գալիս: Երբ գլուխս դնում էի կրծքիդ ու լսում սրտիդ աշխատանքը, շնորհակալություն էի հայտնում կնոջդ: Նա երևի դեռևս սպասում էր նարինջներին, բայց դա ինձ չէր հուզում: 


Գրքերիդ մեջ միշտ չուղարկված նամակներ էին. երբ զայրանում էիր, վիճելու փոխարեն նամակներ էիր գրում ու դնում գրքերի մեջ: Եվ երբեմն մոռանում էիր կերակրել ձկներին: Ես դա անում էի քո փոխարեն: Դու սիրում էիր հարդուկել զգեստներս. ասում էիր, որ այդպես ավելի մոտ ես լինում ինձ: Իսկ ես այդ ընթացքում հին լուսանկարչական սարքով նկարում էի քեզ և կծոտում ձեռքերդ: Ես այնքան էի սիրում քեզ: 


Մարդիկ ապշահար նայում էին մեզ, մտքում ինձ անբարոյական, իսկ քեզ այլասերված պիտակելով: Նրանք չգիտեին, որ լույսերը հանգչելուց հետո մենք մոռանում էինք ամեն տարիք ու կարգավիճակ: Նրանք չգիտեին, որ թե հնարավոր լիներ, ես կնախընտրեի, որ դու թեկուզ իմ հայրը կամ պապը լինեիր, միայն թե լինեիր իմ կյանքում: Նրանք չգիտեին, որ ես կախվածություն ունեի քեզնից ու քո մատներից, քո մազերից, քո ծխախոտից, քո կոնյակից: Նրանք չգիտեին, թե այդ ինչ բան է անիծել ժամանակն ու հանգամանքները, անիծել իրերի դասավորությունը և Աստծուց միայն քո առողջությունը խնդրել: Նրանք չգիտեին, որ հնարավոր է երազել միանգամից 28 տարով մեծանալու մասին:


Ես չգիտեմ, թե ինչպես ստացվեց, բայց մի օր դու որոշեցիր ինձ հեռացնել քո կյանքից: Դու հարդուկում էիր ծաղկավոր զգեստս, որ ինքդ էիր նվիրել ինձ: Երբ հարդուկը մի կողմ դրեցիր և մոտեցար ինձ համբուրելու, այն այրեց զգեստս: Դու զայրացար, փրփրեցիր, սկսեցիր հայհոյել ինձ և ձեռքիցս քարշ տալով ինձ վռնդեցիր տանից: Ես չհասկացա, թե ինչ կատարվեց, որտեղ սխալվեցի, բայց էլ երբեք չտեսա քեզ: 


Անցան տարիներ: Մինչև այսօր ես որդուս հետ ամեն չորեքշաբթի այցելում եմ քեզ ու գերեզմանիդ երկու նարինջ եմ դնում:





Դու երևի շատ էիր սիրում նարինջներ:

Դու աստվածային ձայնով ու հրեշտակային արտաքինով մի բուռ անծանոթություն ես, որ ժամ առ ժամ պատվում է կարոտով ու անհասկանալի ժպիտներով: Դու աշխարհի ամենագեղեցիկ ձայնով մի լույս հույս ես, որին չեմ ճանաչում, բայց վստահորեն ճանաչել եմ մի քանի կյանք առաջ: Դու գեղեցկագույն մազերով մի գեղեցիկ անծանոթ ես, որին կարոտում եմ: Դու ինձ հասկացող ու ինձ ընդունող մի խելացի անծանոթություն ես: 


Ես երևի խենթացել եմ, բայց որոշել եմ, որ այսուհետ հաճախ լսելու եմ ձայնդ ու չեմ վախենալու, երբ սիրտս արագ է բաբախելու դրանից: Իմ սիրտն այնքան ժամանակ է՝ չէր բաբախել որևէ մեկի ձայնից: Իսկ բաբախե՞լ էր: Հազարավոր ձայների մեջ միշտ փնտրել եմ հենց այն մեկը, որ կստիպի ինձ լուսավորվել ու հասկանալ՝ ինքն է: Բայց միշտ հիասթափություն եմ ապրել. բոլորն այնքան տարբեր, բայց այնքան ոչ իմը: Իսկ քո ձայնը, այդ անտանելի գեղեցիկ ձայնը: 


Ես չգիտեմ, թե ինչ կլինի հետո. գուցե դառնանք լավագույնը բոլոր տիեզերքներում և չշնչենք, թե միմյանց կողքին չլինենք, գուցե մոռանանք միմյանց ու այն մասին, թե ինչպես էր ամեն ինչ սկսում: Բայց ես հոգնել եմ ծրագրել ամենն ու ապրել հույսերով: Ես պարզապես իմ ձեռքը մեկնում եմ դեպի քեզ, դու բռնում ես այն, ու վերջ: Այն, թե ինչպես մենք կարթնանանք ամիսներ հետո, ինչպես կվիճենք ու կբարիշենք, ինչպես միմյանց գրողի ծոցը կուղարկենք ու կշտապենք այնտեղից հանելու, ինձ չի հետաքրքրում: Ինձ հիմա միայն հուզում է միայն այն, թե ինչ ես անում, երբ անձրև է գալիս, ինչպիսի սուրճ ես ըմպում և որ գույնն ես ամենաշատը սիրում: 


Անձրևի ժամանակ ես սպասում եմ քեզ, խմում եմ դառը էսպրեսսո և ամենաշատը սիրում եմ կաթնագույնը: Այժմ նաև աչքերիդ կանաչը: 


Ես որոշել եմ դառնալ քո միամիտ աղջնակը, քո մտքերի երկրպագուն, քո որոշումների սիրահարը: Ես որոշել եմ, որ այսուհետ դու երբեք սխալ չես լինելու, և ես աշխարհն էլ կմասնատեմ դա ապացուցելու համար: Եվ դու կլինես կողքիս և չես թողնի, որ սխալվեմ. մենք կսխալվենք միասին: Եվ միասին կմասնատենք աշխարհը: Ես հավատում եմ քեզ: 


Դու պետք է լինես իմ ամենավերջին ու միակ ճիշտ ընտրությունը, որովհետև ես որոշել եմ, որ որդիս քեզ նման է լինելու: Նա կլինի հրեշտակային, ինչպես այն, ինչ մենք կստեղծենք այսօր և վաղը, որովհետև ես հավատում եմ մեզ:





Քո անտանելի գեղեցիկ ձայնը…
Մարդիկ հազարավոր պատմություններ են գրել առաջին սիրո մասին, որոնք, մյուս մարդկանց կարծիքով, հեքիաթներ են: Մենք էլ էինք այդպես կարծում, մինչև չհանդիպեցինք միմյանց: Գուցե մենք էլ լավ հեքիաթասացներ էինք, գուցե` անչափ միայնակ ու մենակ: Կամ էլ գուցե չափից դուրս երիտասարդ էինք, ու մեզ պարզապես անհրաժեշտ էր հավատալ ինչ-որ բանի: Մենք ընտրեցինք միմյանց, բայց քանի որ չափից դուրս երիտասարդ էինք, չէինք մտածում, որ կյանքում հեքիաթները հազվադեպ են հանդիպում, երբեմն դա լինում է առաջին ու վերջին անգամ: 


Մենք խենթի պես սիրում էինք միմյանց, համբուրվում ու վիճում, միմյանց վրա բղավում, ապա սլանում ու սիրով զբաղվում: Դու սիրում էիր պատռել հագուստներս, իսկ ես` մեջքիդ վրա վերքեր թողնել: Եվ մեր խենթ սիրո հետևանքով ես միշտ շարֆեր էի կրում: Դու երբեմն հարվածում էիր ինձ, իսկ ես ատամներս սրում էի ու արյուն անում թիկունքդ: Ես խանդում էի քեզ անգամ ծեր տիկնանց հանդեպ, իսկ դու, երբ քայլում էինք փողոցում, կսմթում էիր ձեռքերս, երբ մի-փոքր երկար էի նայում ուրիշներին: Ես մանկաբար ժպտում էի քեզ ու կանգնում ոտքիդ: Դու քաշում էիր մազերս, իսկ ես աչքերս արցունք էի կապում ու շրթունք անում: Դու ավելի էիր մոտենում ինձ ու կծելով շրթունքս ամուր գրկում ու ականջիս նուրբ խոսքեր շշնջում: Ես խենթանում էի քեզ համար, ու թե հարուստ լինեի, քեզ համար ողջ տիեզերքը կգնեի: 


Դու ոգևորված խոսում էիր այն մասին, թե ինչպես եմ ճերմակ զգեստ հագած քո կինը դառնալու, իսկ ես փնթփնթում էի, որ պատրաստել չգիտեմ: Դու զայրացկոտ նայում էիր ինձ ու հրամայում հենց այսօրվանից փակվել խոհանոցում ու ապագա ամուսնուդ համար ուտելիք պատրաստել սովորել: Ես խորամանկ նայում էի քեզ ու ասում, որ քեզ համար ավելի լավ առաջարկ ունեմ. կանգնում էի դիմացդ, մերկացնում ոսկրոտ ուսերս ու փարթամ կուրծքս ու նայում ուղիղ աչքերիդ մեջ: Մենք սկսում էինք մեր մշտական խաղը` անթարթ նայել միմյանց աչքերին: Մի քանի րոպեից մենք արդեն պարտված էինք լինում և հաղթում էինք միմյանց հատակին, անկողնում, խոհանոցի սեղանին, պատերին, առաստաղին, որտեղ հնարավոր էր ու անհնար: 


Մենք մի փոքրիկ պայմանավորվածություն ունեինք. ինչ էլ պատահեր, որքան էլ ատեինք միմյանց, եթե այնպես ստացվեր, որ մենք բաժանվենք, ամեն տարի առաջին ձյան գալստյան հետ պետք է հանդիպեինք քաղաքի հրապարակում: Այնպես էր ստացվում, որ ամեն տարի մինչև կգար առաջին ձյունը, մենք վիճած էինք լինում, և առաջին ձյունը մեզ տարիներ շարունակ փրկում էր:


Հիշում եմ այն գարունը: Ծառերը սկսել էին ծաղկել, և մենք արդեն հեռու պահարաններում էինք տեղավորել տաք հագուստն ու կոշիկը: Այգիները ծածկվում էին փափուկ խոտով, իսկ կանայք պատրաստվում էին ամռան սկզբին մայրանալուն: Իմ ստամոքսում դեռ թիթեռնիկներ էին պարում: Դու սովորականի պես ուժեղ բռնում էիր ձեռքս փողոցն անցնելիս, իսկ վերելակներում մատներդ անամոթաբար ներս էիր մտցնում հագուստիս տակ ու արձակում կրծքկալս: Ես հայհոյում էի քեզ, իսկ դու հայհոյանքս իրականության էիր վերածում վերելակում, տանիքին, գետի ափին ու սարի գագաթին: 


Այն գարնանը դու սովորականից ավելի գեղեցիկ էիր. ամուր ձեռքերդ ավելի ուժեղ էին դարձել, իսկ ընդգծված երակներովդ երիտասարդություն էր հոսում: Կանայք ցանկասիրաբար նայում էին լայն թիկունքիդ ու բարձր հասակիդ, իսկ ես ամուր սեղմում էի ձեռքդ ու եղունգներս մխրճում եղունգներիդ տակ: 


Այն գարնանը դու մահացար: Չբոլորած 28 տարիդ` մահացար, երբ մեկը` հարբած ու ամենակարող, կարմիր լույսի տակ վրաերթի ենթարկեց մեզ: Դեմքիս սառեց ժպիտս, ու ես քեզ մինչև վերջ չպատմեցի, թե ինչպես են վարդագույնից կարմիր ստանում: Իմ վարդագույն սիրուց մնաց կարմիր պատած փողոցն ու քո անշնչացած մարմինը: Դու այդպես էլ չիմացար, թե ինչպես են վարդագույնից կարմիր ստանում, իսկ ես այդպես էլ չսովորեցի կարմրից անցնել վարդագույնի:





Այսօր տարվա առաջին ձյունն է եկել: Ես քաղաքի հրապարակում եմ: Դու կրկին չկաս: Գրողը տանի, դու չկաս...

Քեզ ինչպե՞ս բացատրեմ իմ մենության կշիռը, թե պիտի ականջներդ փակես ու փախչես հեռու: Դու անհաղորդ իմ աղաղակող լռությանը` քոնն ես պնդում ու զայրանում, որ չեմ հասկանում: Մեղավոր չեմ, որ մեղքերիս կշիռը հավասար է մենությանս երկարությանը, իսկ գումարելիների տեղափոխությունից դատարկությունը չի լցվում: Գումարման փոխարեն բազմապատկել է պետք, որ մի բան ստացվի, բայց ես, գիտես, դրա մասնագետը չեմ: Ամբողջ կյանքում կրճատել, հանել ու բաժանել եմ կարողացել. դա էլ իմ մոլուցքն է: Ինչպես մոլագար հավատացել եմ քեզ, որ ամեն ինչ լավ կլինի: Ամեն բան լավ չեղավ, ու ես կրկին կրճատում, հանում ու բաժանում եմ: Դու փակվեցիր հպարտության քո ամրոցներում, մոռացության պարիսպներ շարեցիր ու անունդ դրեցիր` «Ես ատում եմ քեզ»: Ատիր սիրելիս, սիրելուց լավ դա է քեզ մոտ ստացվում. ես ավելին չեմ կարող սպասել, ես ընդհանրապես դադարել եմ սպասել թե քեզ, թե ինձ: Ավելի շուտ` հոգնել եմ հուսալուց ու հավատալուց, որ քո շնորհիվ ամեն բան լավ կլինի: Քո պատճառով ամեն բան վատ եղավ, իսկ դու նույնիսկ չփորձեցիր ինչ-որ բան ուղղել. միշտ ես եմ մեղավոր, այնպես չէ՞: Գիտեմ, գիտեմ: Ինչպես գիտեմ, որ պետք է դադարել քեզ հավատալ, բայց չգիտես ինչու իմ մի փոքր ես-ը դեռ սպասում է քեզ...  
Հուսահատություններիս բաժակն այնքան է լցվել, որ խեղդվում եմ արդեն: Ես խմում եմ, խմում, անվերջ խմում, հարբում, ցած ընկնում, սկսում սողալ ու արմունկներս արյուն արած պառկում սպասումների խաչմերուկներում, որտեղ հույսերս փոշի են կապել ու ոռնում են տխուր կապած ու ամփոփած: Թե չսիրեցիր ինձ հարբած, չես սիրի նաև սթափ, անչափ ու չափավոր, անսեր ու սիրավոր, անսիրտ ու անհոգի, անմարմին, անհայացք, անշոյանք: Դու չես սիրի մտքերս խենթ, չես սիրի մտքերս լուռ, չես նստի կողքիս, և մենք չենք հետևի ալիքների պարին, որովհետև միասին այդքան հեռու չենք գնա, երբեք չենք գնա: Դու ինձ տաք թեյ չես տա, որովհետև միասին այդքան չենք մրսի, ոչ էլ կշոգենք: Ես չեմ տեսնի քեզ քնկոտ, չեմ տեսնի զայրացած, չեմ տեսնի փրփուրը հոգուդ ու ցասումն աչքերիդ: Իսկ դու չես տեսնի ինձ ոչ մի ձև. ես հիմա էլ մի անձև հիասթափություն եմ` անմարմին, անհայացք, անշոյանք: Ձեռքերս կնճիռ կկապեն, մատներս թույլ կդողան, բայց ամուր կսեղմեմ միայնության ձեռքն ու առաջ կսողամ` արմունկներս արյուն արած: Իմ աչքերից արյուն կհոսի, սիրտս դանդաղ կանգ կառնի, իսկ դու կհարբես հեռավոր ափերին ու սեր կդիտես: Ես սեր կհունցեմ, բայց սեր չեմ ստանա, որովհետև կխեղդվեմ միայնության ճրագներում ու մոխիր դարձած քամի կհյուսեմ մազերիդ: Անմարմին, անհայացք, անշոյանք:
Դու խոստացար, որ մինչև մահը չբաժանի մեզ, կլինես կողքիս, բայց մահացար մեզնից էլ շուտ, այդպես արդա՞ր է: Դու խոստացար, որ կմոռանամ ամեն ցավ ու հիվանդ միտք, բայց սիրտս փշրվել է հազար մասի, ու սարսափելի ցավում են հատիկ-հատիկ մասնիկավոր սիրտս, միտքս, հոգիս, այդպես ճի՞շտ է: Ես խոստացա, որ մինչև վերջին շունչս կապրեմ քեզնով ու քեզ համար, բայց դավաճան քամիների հետ սլացա այնտեղ, որտեղ չկայիր, ինչու՞ այդպես վարվեցի: Մենք խոստացանք, որ կյանքը մի փոքրիկ արկած կլինի, մենք` աճպարար, բայց ստացվեց այնպես, որ վայր ընկանք մեր բարձրություններից, փշուր-փշուր եղանք մեր երազների հատակներում, և ավարտվեց ամենը, այդպե՞ս է կարգը: Եվ ո՞վ է մեղավոր իմ ներկա գորշության մեջ, դու՞, ե՞ս: Ես հոգնել եմ մեղավորներ փնտրելուց, հոգնել եմ քո մասին մտածելուց, մեր ապրած ամեն վայրկյանը հիշելուց ու այդպես էլ մեզ չպատահած երջանկությունը պատկերացնելուց: Դու չդարձար ինձ ամուսին, ես` քեզ կին, մենք չունեցանք երեխաներ և չվիճեցինք նրանց անունների համար: Դու ինձ համար զգեստներ չգնեցիր, իսկ ես այդպես էլ չիմացա, թե առավոտյան որքան թունդ սուրճ ես ըմպում: Մենք չարթնացանք միասին, դու ինձ ծաղիկներ չնվիրեցիր, իսկ ես փողկապդ չկապեցի: Մենք չվիճեցինք, և ես ջարդուփշուր չարեցի տան սպասքը, դու ինձ չսանձեցիր ու չսիրեցիր այնպես մոլագարորեն, որքան ես հիմա քեզ կարոտում եմ: Այսպես ճի՞շտ է: Դու կարդում ես տողերս, գուցե ոչինչ չես զգում, գուցե ես էլ այսքան ժամ բաժանումից հետո քեզ տեսնելիս ոչինչ չզգամ, գուցե ավելի խենթանամ դրանից, որովհետև գոնե հիմա ես ապրում եմ մեր մասին հիշողություններով: Իսկ դու ինձ նման ամեն երկուշաբթի որոշու՞մ ես մոռանալ ինձ, թերթել իմ էջն ու շարունակել ապրել: Իսկ քեզ մոտ ստացվու՞մ է: Ես դեռ ձախողում եմ: Այդպես արդա՞ր է... 
Թե երբևէ եղունգներդ մխրճել ես ափերիդ մեջ ու ցավդ կուլ տվել, ինձ կհասկանաս: Կհասկանաս, որ ժամանակի հետ դադարում ես սպասել: Ու պայքարել: Կհասկանաս, որ ամեն պայքար չէ, որ արժե ցավերիդ ու հիասթափություններիդ: Ես սեր եմ հյուսել քո վերքոտ ափերում, բայց ոչինչ չի ստացվել: Ես կարոտ եմ կապել ուժեղ մատներիդ, բայց դու լվացվել ես մոռացության ջրերով ու կորչել ես ժամանակների լաբիրինթոսում` ինձ թողնելով ծնկաչոք ու միայնակ: Ես դադարեցի սպասել քեզ ու թույլ տվեցի, որ կարոտները կուլ տան ինձ էլ, իմ սերն էլ: Դու չհասկացար ինձ, չսլացար ինձ մոտ, երես թեքեցիր այն փոքրիկ երջանկություններից, որ ունեցել ենք ու անհետացար: Ես չփոխվեցի, դու չտեսար, դու այնքան բան չտեսար, որ հիմա չեմ էլ կարող պատմել: Դու դրա կարիքը չունես էլ, ինչպես չունես իմ ու իմ քնքշանքների կարիքը: Իսկ թե ունես, այնքան հպարտ ես, որ չես մոռանա ցավերդ ու հիասթափություններդ: Այնքան հպարտ, որ նոր պայքարի մասին չես էլ մտածի: Եվ պետք չէ. ամեն պայքար չէ, որ արժե սերերիս ու երջանկություններիս: Ժամանակի օվկիանների մեջ կկորենք, կխորտակվենք և երբ հույսի ալիքները մեզ համակերպվածության ափեր դուրս բերեն, մենք այլևս չենք հիշի միմյանց գոյության մասին: Մոռացության արևներ կշողան մեր վրա, քնքշության քամիները կխառնեն մեր մազերը, երջանկության անձրևները կմաքրեն մեր անմիմյանց հոգիները, և կսկսվի կյանք կոչվող ֆիլմի նոր սեանսը, որտեղ մենք կրկին կլինենք գլխավոր հերոսներ ու մոռացած միմյանց գոյության մասին կպարենք ու կխաղանք մեր դերերը` այդպես էլ չհասկանալով, թե ինչու են մեր մարմինների ստվերները գոյանում կարոտի շողերով: Սիրո ցերեկներին փոխարինելու կգան դատարկության գիշերները, բայց մեր ֆիլմը կանգ չի առնի ու մեզ հնարավորություն չի տա հետ գնալու և միմյանց գտնելու: Եվ մենք կպարենք ու կխաղանք` այդպես էլ չհասնելով միմյանց:
Եվս մեկ ձմեռ ճանապարհում ենք իրարից հեռու, բայց միմյանց կողքին: Միմյանց այնքան մոտ, որ հեռավորությունից սիրտս կտոր-կտոր է լինում: Այսպես չպետք է լիներ, բայց եղավ: Ես դադարել եմ հավատալ ճակատագրին, որովհետև իմ սեփական ձեռքով եմ ոչնչացրել մեզ: Հոգեվարքի մեջ գտնվող մեր զգացմունքները հիշողություն են դառնում, որովհետև, այո, մեծացել ենք: Կամ գուցե փորձում ենք հավատալ, որ ժամանակի հետ համընթաց մեծացել ենք ու հաղթահարել, համակերպվել: Հաղթահարել ենք մեր սերն ու համակերպվել մեր սիրո մահվան մեջ: Թե իմանայի, որ մահամերձորեն կապված եմ քեզ հետ, այսպես չէր լինի: Ես, որ առանց քեզ շնչել չէի կարողանում, մի օր արթնացա ու մտածեցի, որ գուցե չեմ կարողանում շնչել, որովհետև կողքիս ես: Ես, որ աստվածացրել էի քեզ, մի օր մտածեցի, թե գուցե սխալ են աստվածները` երկրի վրա կրկնօրինակներ իջեցնելով: Ու դարձա անհավատ: Երևի թե սխալ է, որ միմյանց կողքին մինիմալ քիչ ժամանակ անցկացրած մարդիկ մնացած մաքսիմալ ժամանակն անց են կացնում միմյանց մասին մտածելով ու կարոտելով: Սխալ է, բայց որքան էլ պայքարենք դրա դեմ, այն մեզնից ուժեղ է: Մեզ կապում են ավելին քան հիշողությունները, որոնց դեմ անզոր են մեր սուտ օրերն ու ամիսները: Տարիներն անցնում են, շրջվում են օրացույցների էջերը, բայց մի կարևոր բան չի փոխվում` ես սիրում եմ քեզ: Սիրում եմ այն առաջին րոպեից, երբ ձմռան ցուրտ երեկոյան սլացա քեզ մոտ, ու գրկեցիր ինձ: Սիրում եմ այն բոլոր պահերի չափ, երբ երջանիկ էինք ու հավատում էինք, որ ամեն բան լավ կլինի: Ամեն բան լավ չեղավ, բայց ես չդադարեցի սիրել քեզ նույնքան խենթաբար, որքան ատեցի մի պահ ու հեռացա: Մի կարևոր բան չի փոխվում` ես երբեք էլ չեմ դադարել քեզ սիրել: Բայց քո թուլության լռություններին ի պատասխան ես նույնպես ստիպված եմ լռել ու սպասել, թե երբ կրկին կուժեղանաս ու կգաս: Թե անգամ էլ երբեք այդքան ուժեղ չլինես, ես չեմ դադարի սիրել քեզ, որովհետև գոնե հիմա ես գիտեմ, թե այդ ինչ է իսկապես սիրելը, թեկուզ քեզնից տարիներով հեռու: Եվ թույլ տուր սրիկայաբար այնքան եսասեր լինել` մեզ մաղթելով մեր զգացմունքների մաքրության չափ հավիտենական կապվածություն իրարից, ներիր...
Այսօր մեր ամուսնության օրն է: Անցել է 14 տարի: Մենք երիտասարդ ու միամիտ, լի հույսերով ու համոզմունքով, որ աշխարհը մեր ոտքերի տակ է, իսկ մենք` թագավոր: Մեր համատեղ կյանքի ամեն տարին կաթիլ առ կաթիլ խլեց մեզնից մեր ինքնավստահությունը, իսկ սերը, որ թվում էր, թե անհաղթահարելի ու անսահման է, մի տեսակ մարեց, ինքներս էլ չհասկացանք, թե ինչպես: Գուցե մեզ բաժանեց ձվածեղի տարբեր տեսակները սիրելն ու դրա համար առավոտյան կռիվ անելը, գուցե երբեմն կեղտոտ մարմնավաճառների մոտ քո վազելը, գուցե այն մեկ անգամը, երբ հանդիպեցի նախկինիս ու համբուրեցի նրա ձեռքերը: Կամ գուցե այն, որ այս 14 տարվա ընթացքում այդպես էլ չսովորեցի գծով արդուկել տաբատներդ: Չսովորեցի նաև ճիշտ կապել փողկապներդ: Թեև պարտավոր էի: 


Այսօր մեր համատեղ կյանքի 14-րդ տարին լրացավ: Մենք արդեն հասուն ու միամիտ, մեր դատարկ հույսերով ու աչքերի տակ պարկերով, ձեռքերի վրա կնճիռներով ու ճաքերով, հազիվ ձգվող ժպիտներով ու ցավեցող մեջքով: Նախկինում միմյանց մեջքով էինք թեքվում ու քնում միայն երբ նեղանում էինք իրարից, իսկ հիմա չենք էլ պատկերացնում, որ այդ դիրքից բացի այլ դիրք կա քնելու: Ես իհարկե վստահ եմ, որ երբ հանդիպում ես նրան ու «աշխատավայրում չափից դուրս շատ աշխատանք լինելու պատճառով» գիշերում նրա տանը, թեքվում ես դեմքով դեպի նա, անգամ գրկում այնպես, ինչպես ինձ` մեր համատեղ կյանքի առաջին տարիներին: Բայց անկեղծ ասած ինձ այնքան էլ չի հուզում, թե ում հետ, երբ, որտեղ և ինչու: Ես այդ «ինչուները» քեզնից էլ լավ գիտեմ:


Թե բախտս չբերի այնքան, որ այսօր «աշխատավայրում չափից դուրս շատ աշխատանք» չլինի, և դու շուտ գաս տուն և հիշելով, որ այսօր մեր ամուսնության օրն է` ինձ մի փունջ կարմիր վարդ բերես, ստիպված եմ լինելու ժպտալ ու խաբել, թե քո նվերը վաղը կտամ: Հետաքրքիր է, որ ժպտալու պատճառով կնճիռներ այդպես էլ չառաջացան մեր դեմքին: Եվ իմ ամեն «մենք պետք է խոսենք»-ին դու այդպես էլ չսովորեցիր «դու ամեն ինչ չափազանցնում ես»-ից բացի այլ պատասխան տալ:



Իսկ գիտե՞ս ինչ, թե այսօր բախտդ չբերի, և «աշխատավայրում չափից դուրս շատ աշխատանք» չլինի, և դու շուտ գաս տուն, ես վերջապես կասեմ քեզ, որ երբեք էլ չեմ սիրել կարմիր վարդեր:
Newer Posts Older Posts Home

Արխիվ

  • ▼  2020 (8)
    • ▼  July (2)
      • Փոխվել եմ, բայց նույնն եմ մնացել
      • Ես սիրում եմ քեզ, իսկ դու սիրում ես քեզ
    • ►  June (1)
    • ►  April (1)
    • ►  March (4)
  • ►  2018 (1)
    • ►  September (1)
  • ►  2015 (14)
    • ►  December (5)
    • ►  October (4)
    • ►  July (1)
    • ►  March (3)
    • ►  January (1)
  • ►  2014 (36)
    • ►  November (2)
    • ►  October (13)
    • ►  September (1)
    • ►  August (3)
    • ►  July (1)
    • ►  June (4)
    • ►  May (4)
    • ►  March (3)
    • ►  February (4)
    • ►  January (1)
  • ►  2013 (44)
    • ►  December (2)
    • ►  November (3)
    • ►  September (2)
    • ►  July (2)
    • ►  June (4)
    • ►  May (2)
    • ►  April (6)
    • ►  March (8)
    • ►  February (14)
    • ►  January (1)
  • ►  2012 (51)
    • ►  December (6)
    • ►  November (1)
    • ►  October (1)
    • ►  September (2)
    • ►  August (2)
    • ►  July (4)
    • ►  June (5)
    • ►  May (2)
    • ►  April (5)
    • ►  March (8)
    • ►  February (6)
    • ►  January (9)
  • ►  2011 (53)
    • ►  December (7)
    • ►  November (4)
    • ►  October (8)
    • ►  September (7)
    • ►  August (5)
    • ►  July (5)
    • ►  June (6)
    • ►  May (1)
    • ►  April (1)
    • ►  March (3)
    • ►  January (6)
  • ►  2010 (1)
    • ►  November (1)

Bonjour ու բարի գալուստ

Բարի գալուստ իմ հոգու ամենանուրբ աշխարհ… Ես այստեղ բացել եմ իմ սիրտը. խնդրում եմ` զգույշ կլինես:

Բաժիններ

  • N1 40
  • N2 19
  • N3 13
  • N? 42
  • Է 60

Հետևիր ինձ Instagram-ում

Copyright © 2016 Mari Love . Created by OddThemes