Արի գնանք հեռու-հեռու, այնտեղ, որտեղ ամպերն ու գետերը հանդիպում են ու միաձուլվելով ծիածանի մեղեդի նվագում, այնտեղ, որտեղ արևը պար է բռնում լեռների գագաթների հետ, որտեղ անձրևը գալուց առաջ թույլտվություն է հարցնում: Արի գնանք այնքան հեռու, որ մարդիկ միավորներ չունենան հաշվելու հեռավորությունը: Արի գնանք այնտեղ, որտեղ «մարդիկ» բառը հորինված չլինի: Ստեղծենք մի փոքրիկ-անկեղծ աշխարհ` հեռու ամեն ինչից: Մի փոքրիկ տուն կունենանք ու ինքնուրույն կստեղծենք մեզ անհրաժեշտ ամեն ինչ: Մենք քիչ բանի կարիք կունենանք: Ե՞ս: Ես միայն քո կարիքն ունեմ, հասկանու՞մ ես: Դու՞: Չգիտեմ: Կարծում եմ` կկարողանամ օգնել քեզ: Եթե պետք է` վերցրու սերս, սիրտս, հոգիս, աչքերս, ձեռքերս, զգացումներս ու զգացմունքներս: Դրանք քոնն են: Վերցրու, թե դա կօգնի քեզ երջանիկ լինել: Ես ստեղծվել եմ, որպեսզի դու երջանիկ լինես, և քո երջանկության համար չեմ խնայի անգամ քեզ: Հասկանու՞մ ես: Դժվար է դիմանալ այսքան մեծ սիրուն: Երբեմն այնքան եմ խենթանում, որ թվում է` հորինել եմ քեզ: Դու ծնվել ես երազներում, հեքիաթներումս, ես քեզ այնպիսին եմ դարձրել, ինչպես կերազեի: Հետո լսում եմ ձայնդ, հասկանում, որ իրական ես ու խենթանում: Դու այսպես լավը չես կարող իրական լինել. մի բան այն չէ: Խաբկա՞նք ես: Խնդրում եմ` խոստովանիր, որտե՞ղ է սևը, ցավոտը: Իրակա՞ն ես: Արժանի՞ եմ: Չգիտեմ...
Մի գարուն հետո դու կգաս: Մի գարուն հետո իմ կյանքում գարուն կլինի: Դու կգաս, իսկ ես չեմ հավատա, որ վերջապես կողքիս ես: Դու կբռնես ձեռքս, կհամբուրես վարսերս, կնայես աչքերիս ու կփորձես կարոտդ առնել, իսկ ես կթրթռամ սիրուց: Մենք կտոնենք բաժանման մահն ու կհաղթանակենք կարոտը:
Մի գարուն հետո անցյալում կլինեն հարյուրավոր կիլոմետրերը, սպասումն ու հուսալքությունը: Դու կգաս ինձ մոտ, իսկ ես այնքան եմ հոգնել սպասելուց ու երազելուց: Ես հոգնել եմ քո մասին մտածելիս քեզ հիշելը, ես ցանկանում եմ քո մասին մտածելիս զանգել ու ասել. «Կարոտել եմ, գնա՞նք զբոսնենք»: Իսկ դու կասես. «Հինգ րոպեից ձեր բակում կլինեմ»: Չեմ հասցնի անգամ շպարվել. ասում ես` առանց շպարի ավելի գեղեցիկ են, իսկ ես չեմ հավատում ու ձեռքս եմ առնում դիմափոշին:
Մի գարուն հետո դու կվերադառնաս, և մենք անբաժան կլինեն: Ես այլևս սխալներ թույլ չեմ տա, որովհետև կողքիս կլինես: Ես կփորձեմ քեզ երջանկացնել, կողքիդ լինել ինչ էլ լինի: Մենք խոստացել ենք միմյանց միասին երջանկություն ստեղծել:
Մի գարուն հետո... Չեմ պատկերացնում, թե ինչպես է սիրտս դիմանալու այդչափ երջանկությանը: Մի գարուն հետո դու կգաս...
Թվում է` մոռացել եմ, թե ինչպիսին ես, սակայն չեմ մոռացել, թե ինչպիսին եմ, երբ կողքիդ եմ: Թվում է` մոռացել եմ, թե ինչպես ես գրկում ինձ, սակայն չեմ մոռացել այն երջանկությունը, երբ ամուր-ամուր գրկում եմ քեզ: Թվում է` մոռացել եմ մեր վեճերի ուժգնությունը, սակայն չեմ մոռացել բարիշելու քաղցրությունը: Ինձ հիմա շատ բան է թվում, սակայն մոռացել եմ, թե որքան ավելի շատ բան էր թվում նախկինում: Այնքան միամիտ էի, որ կարծում էի, թե կարող եմ ստիպել ինքս ինձ մոռանալ մեր սիրո մասին, թե կարող եմ ազատվել «սեր» կոչվող կախվածությունից ու... նոր կյանք սկսել: Հետո մի օր արթնացա ու հասկացա, որ չեմ ուզում նոր կյանք, եթե դու կողքիս չես լինելու: Նոր կյանք... Ես նախկին կյանքս էի ուզում, որտեղ դու էիր, ես էի, իրական ես, մենք ու մեր երազներն էինք, մեր երազանքները, անկեղծ ու մաքուր նպատակներն ու անվերջ խոսակցությունները: Մի օր արթնացա ու զգացի, որ մահու չափ կարոտել եմ ձայնդ: Հասկացա, որ առանց քեզ չեմ կարող, կրկին անգամ համոզվեցի, որ համոզվելու կարիք էլ չկա: Ինքս ինձ խաբել այդպես էլ չկարողացա, քեզ մոռանալ այդպես էլ չստացվեց: Առաջին սերը չի մոռացվում, եթե վերջակետ չես կարողանում դնել: Առաջին սիրո վրա վերջակետ չի դրվում, այն պարզապես առնում են ամուր փակագծերի մեջ: Մի օր արթնացա ու հասկացա, որ հերիք է խուլ ու համր ձևանամ. ես քեզ մոտ եմ ուզում: Եվ ճամպրուկելով ողջ քաջությունս ու կարոտներս` քեզ մոտ վերադարձա. եկա, որ ասեմ, որ խենթի նման սիրում եմ ինձ, երբ կողքիդ եմ, որ առանց քեզ կուրանում եմ, սիրտս ճզմվում է, ծերանում, առանց քեզ ապրել չգիտեմ:
-Ինձ շա՞տ ես սիրում:
-Քեզ սիրում եմ ամենահեռավոր ամպի չափ, որը չի երևում, բայց այն կա: Այն այնքան մեծ է, որ մենք չենք կարող պատկերացնել:
-Էլի խոսա:
-Անգամ եթե հիմարություննե՞ր դուրս տամ:
-Ես անգամ քո այդ հիմարություններն եմ սիրում:
-Իսկ ես քեզ ամբողջությամբ եմ սիրում: Ու չեմ կարող ասել, թե ինչու եմ այսպես մոլեգնաբար կախված մեր սիրուց, միայն կարող եմ ասել, որ առանց քեզ ես այնքան եմ մոլորվում, այնքան խղճուկ եմ դառնում: Ես քեզ շատ եմ կարոտում, ամեն րոպե քո կարիքն եմ զգում: Ու ամեն օր օրացույցում օրերն եմ հաշվում, մտովի հաշվարկներ անում, թեև հաշվելուց լավ չեմ... Նախորդ օրն ուզում էի ստուգել հիմարությանս աստիճանը, մտովի բազմապատկման աղյուսակն էի ասում, հետո հաշվիչով ստուգում: Մեկ-երկու թիվ հետո նյարդայնացա, գնացի հաց կերա: Լրիվ սխալ էի ասում...
-7x9
-52
-Ճիշտ է:
-Իրո՞ք: Էլի հարցրու:
-6x4
-36: Ճի՞շտ ասեցի:
-Ասում եմ հա, որ կեսգիշերին չգնաս էլի հաց ուտես:
:(
Ես միայն մեր սերը բազմապատկելուց եմ լավ…
Թող այսօր շնորհավոր լինի քո տոնը, իմ զինվոր: Թող այսօր ես հպարտությամբ ասեմ, որ իմ զինվորը պաշտպանում է իմ հայրենիքի սահմանները, որ մեր սերն ուղիղ երկու տարով հետաձգել ենք, որպեսզի նա իր պարտքը կատարի հայրենիքի առաջ: Ես գիտեմ, որ քեզ ու մեզ համար դժվար է, երբեմն անհնար, մենք կարոտում ենք իրար ու խենթանում այն մտքից, որ իրարից այլևս ոչ թե մի քանի րոպե ավտոմեքենայի հեռավորության վրա ենք, այլ մեզ բաժանում են միլիոնավոր քայլեր, մեզ միացնում են հեռախոսային գծեր, անքուն գիշերներ, անսահման ու սպանող կարոտ, ամեն ինչ թողնելու ու միմյանց մոտ վազելու անկառավարելի ցանկություն, հեռախոսային վեճեր, հեռախոսային գրկախառնություններ, հեռախոսային ամեն ինչ: Երկու տարի է` ես միայն ձայնդ ունեմ ու մեր խենթ ու խելառ սիրո մասին հիշողությունները: Մի բուռ հույս ունեմ ու մի գետ կարոտ, մի օվկիան սպասում ու մի ամբողջ կյանք սեր: Իմ զինվոր, ուզում եմ այսօր հիշես, որ ոչ մի վայրկյան չեմ դադարել քեզ սպասելուց: Ներիր, որ երբեմն հիմարանում եմ, հուսահատվում, ախր հասկացիր` ես խենթանում եմ այս կարոտից: Ես քեզ բաց եմ թողել հայրենիքիդ սահմաններ, սակայն սիրտս իր սահմաններ է անքեզ թողել: Դու ծառայում ես մեր հայրենիքին, իսկ ես իմ սերը ծառայեցնում եմ սպասմանն ու կարոտին: Ես երբեմն ատում եմ հայրենիքս, որովհետև այն բաժանել է մեզ տասնյոթ հազար ժամով ու միլիարդավոր սանտիմետրերով: Ես կարոտում եմ քեզ, իմ զինվոր, ու սպասում եմ ամեն բառով ու հայացքով: Իմ ապրած ամեն րոպեն է քեզ սպասում, իմ ծնված ամեն ժպիտն է քեզ սպասում, իմ ամեն սխալն ու չար արարքը ծնվում է քո բացակայությունից: Դու ծառայում ես մեր հայրենիքին, իսկ ես` մեր սիրուն: Դու պաշտպանում ես մեր հայրենիքի սահմանները, իսկ ես զսպում եմ իմ խենթության անսահմանությունը, խլացնում եմ կարոտս ու հպարտությամբ ասում. «Շնորհակալ եմ երկրիս սահմանները պաշտպանելու համար»:
Եվ հիշիր, զինվոր, դու պաշտպանում ես այն երկրի սահմանները, որտեղ երջանիկ են լինելու մեր երեխաները:
Գիտե՞ս` ես երևի կրկին սխալվեցի` համարելով, որ փակել եմ իմ ու քո բոլոր էջերն ու պատռել անգամ ամենաթաքուն սևագրերը: Գիտե՞ս` ես կրկին հասկանում եմ, որ իմ այս խելագարությունից փախչելու տեղ չունեմ: Ես սիրում եմ քեզ: Այս խոսքերը, որոնց մասին միտքն անգամ սարսափեցնում է, կրկին ու կրկին պտտվում են ուղեղումս ու մի անիմաստ փոթորիկ ստեղծում, փոթորիկ, որ սահմանափակված է գլխուղեղիս հիմար պատերով: Գիտե՞ս` ես երևի կրկին ցանկանում եմ քեզ մոտ գալ, թեև քեզ հետ լավ չէ, երբեմն` անհնար: Քեզ մոտ լինու՞մ են պահեր, երբ ոչինչ չես ուզում, ոչնչի ուժ չես ունենում, զգայարաններդ սառչում են, հրաժարվում քեզնից, կանգնում ես մի տեղ ու չես հասկանում` ու՞ր գնամ, ինչու՞, ի՞նչ կփոխվի դրանից: Գիտե՞ս` ինձ մոտ այդ պահն է: Ու գիտե՞ս որն է սարսափելին... Ես իրավունք չունեմ քո մասին մտածել անգամ, ուր մնաց քեզ մոտ վերադառնալու հույս փայփայեմ: Գիտե՞ս որն է ամենասարսափելին... Որ եթե անգամ դու ինքդ գաս իմ հետևից` կխորշես ու գլուխդ բռնած հեռու կվազես: Այո, սիրելիս, ես այլևս այն չեմ, ինչ եղել եմ: Ես փոխվել եմ 360 աստիճան, ինքնակամ, գուցե գիտակցելով, սակայն հիմա զղջալով... Ոչինչ չես փոխի, սիրելիս: Անգամ եթե ինքդ ցանկանաս բացել իմ ու քո էջերը, կտեսնես, որ դրանք սոսնձված են իմ ներկայի սխալներով: Մենք ունենք մի ընդհանուր անցյալ, ոչինչ ավելին... Իսկ ես, միևնույն է, սիրում եմ քեզ…
Կամ
ծնկի ես գալիս իրականության առջև կամ նա է քեզ ծնկի բերում. այլ տարբերակ չկա, հասկանում
ե՞ս: Ուր էլ գնամ, ինչ էլ անեմ: Նույնն է: Հասկանու՞մ եք: Վերջիվերջո ամենքս էլ
միայնակ ենք մահանում, որքան էլ շրջապատված լինենք տարբեր մարդկանցով: Պարզապես ցավալի
է, երբ կրկին անգամ փշրվում է ամեն ինչ: Գալիս է մի պահ, երբ էլ պայքարելու ուժ չի
մնում, պայքարելու իմաստ չի մնում, որովհետև իմաստ չի էլ եղել. դու ես հորինել, գեղեցիկ
կառուցել ամեն ինչ, պարզապես մոռացել ես, որ երազանքիդ պատերը օդով ես շաղախել: Եվ
սկսում ես ատել ինքդ քեզ, կողքիդ եղած մարդիկ, անցորդներին, քեզ բարևող ու քեզ անտեսող
բոլորին: Ցանկանում ես սպանել ամեն ինչ ու ամեն մեկին, որովհետև նրանք քեզ հետ քո կողքին
ապրում են նույն աշխարհում, որտեղ դու դժբախտ ես: Ինչու՞ է մահն այդքան ցավում, ինչու՞
չի մահն այցելում այն ժամանակ, երբ որքան ուժ ունես կանչում ես նրան, ուժասպառ լինում,
սակայն այդպես էլ ելք չես գտնում. միակ ելքը վերջնական ելքն է, որին այդպես էլ չես
համարձակվում, որովհետև թույլ ես, անպաշտպան, անողնաշար: Ծնվելիս ընտրության առջև չենք
կանգնում: Ես պահանջում եմ, որ մահը լինի ըստ ցանկության: Ո՞վ գիտե, թե ինչ կա սահմանից
այն կողմ: Երբ բռնում են ձեռքդ քեզ միայն ավելի ցած իջեցնելու համար, մի՞թե դա է ճիշտը:
Երբ գունավոր թվացող գույները չափից շուտ կորցնում են պիտանելիության ժամկետն ու խամրում
են, մաղձանում, ներծծվում մաշկիդ տակ ու քայքայում քեզ: Ես մահ եմ ուզում...
Արի այսօր հանդիպենք մեր երազներում. քեզ իրական կյանքում տեսնելը բավ չէ ինձ, սիրելիս: Մեր երազներում մեր ուժերը չեն ունենա սահմաններ, մեր երևակայությունը մեզ թևեր կտա, իսկ մենք… Իսկ մենք պարզապես երջանիկ կլինենք: Արի այսօր պատկերացնենք, թե աշխարհը մերն է, մենք էլ նրանը: Արի այսօր պարզապես երջանիկ լինենք:
Ես չեմ խոստանում լինել լավագույնը. միայն կարող եմ խոստանալ լինել լավագույնը քեզ համար:
Չեմ խոստանում քեզ երկնքից աստղեր. ես կփորձեմ լինել քո սեփական աստղը, որ կխամրեցնի մյուս երկինքները:
Չեմ խոստանում ընդմիշտ հնազանդ լինել. ես կըմբոստանամ երբեմն, սակայն դու ինձ վայրի էլ կսիրես, խոստանում եմ:
Չեմ խոստանում, որ մեր ճանապարհը հեշտ ու հարթ կլինի. միայն կարող եմ երդվել, որ ամուր կբռնեմ ձեռքդ ու կողքիդ կլինեմ այնքան, որքան հարկ կհամարես:
Չեմ խոստանում, որ աշխարհը քոնը կլինի. ես կփորձեմ մեզ համար մի անձնական աշխարհ նկարել, այնքան իրական, որ չես ուզի այլ աշխարհներ:
Չեմ խոստանում անդադար երջանկություն. կարող եմ խոստանալ, որ դժվար պահերին քեզ ապավեն կլինեմ, կլռեմ քեզ հետ, կծիծաղենք միասին, կժպտանք միասին, կապրենք միասին:
Չեմ խոստանում անսահման սեր. ես ուզում եմ նաև ընկերդ լինել:
Չեմ խոստանում այն, ինչ գուցե ակնկալում ես, սակայն դու գիտես, որ հույսդ կարող ես ինձ վրա դնել:
Արի այսօր սիրենք իրար այնպես, ասես վաղն այլևս չի գալու: Արի այսօր հանդիպենք մեր երազներում, իսկ առավոտյան պատմենք իրար մեր անմիտ ու խառը երազներն ու ծիծաղենք ու զարմանանք երկուսիս երևակայության վրա: Արի այսօր մոռանանք երեկվա, այսօրվա ու առավել ևս վաղվա մասին. այսօր մենք այսօրն ունենք. մի քանի ժամ լռություն, մի քիչ ծիծաղ, մի քանի կիլոգրամ գրկախառնություն, մի քանի սանտիմետր խոսք ու մի բուռ համբույր: Արի այսօր բարևենք մեր բաժին երջանկությանն ու բացենք մեր սրտերը մեզ արժանի սիրո առջև:
Թույլ տուր այսօր քեզ սիրել ինձնից առավել, թույլ տուր քեզ նվիրել իմ այսօրն ու երազել մի շարան այսօրների մասին, որ սպասում են իրենց ժամին: Թույլ տուր հիմա, հենց այս պահին գլուխս դնեմ քո ուսին ու ինձ պաշտպանված զգամ, ամուր սեղմեմ ձեռքդ ու զգամ սրտիդ աշխատանքը, փակեմ աչքերս ու այտիս զգամ շրթունքներիդ ջերմությունը, մատներով սահեմ այտերովդ ու ժպտամ` գիտակցելով, որ սիրում եմ քեզ, իսկապես սիրում, անկեղծորեն, մինչև վերջին շունչս, մինչև մահը հասկանա, որ ինքն անգամ ի զորու չէ մեզ բաժանել:
Թույլ տուր այսօր շնորհակալ լինեմ ծնողներիդ, որ դու կաս, կողքիս ես: Թույլ տուր հիմա շնորհակալ լինեմ Աստծուն, որ մեզ միմյանց մոտ բերող ճանապարհներ գծեց:
Արի այսօր, պարզապես արի…
Վայրկյանները
պար են կապել սրտիս աշխատանքի հետ, թիկ-թակ, թիկ-թակ, կանգ, շունչ, թիկ-թակ, թիկ-թակ…
Սիրտս հրաժարվում է ինձնից, իսկ դա նշանակում է, որ մի բան այն չէ. ես սխալվել եմ,
սայթաքել եմ ինչ-որ մի տեղ, որ այդքան էլ հեռու չէ: Եվ որքան էլ փորձեմ մխրճեմ ինձ
հեռու սեփական մտքերիցս, ամեն նշան ու կետ ինձ հետ է բերելու ու գցելու սխալներիս ճահիճը:
Հոգնություն, որ չի վերածվում հանգստության, որքան էլ ջանամ: Ամենասարսափելին ինքդ
քեզ հետ մենակ մնալն է, երբ երաժշտությունն անգամ չի կարող լռեցնել սեփական մտքերդ,
որ ոռնում են ուղեղումդ, քաշում մազերդ, քեզ պատեպատ տալիս: Ամենասարսափելին գիշերը
քնելուց առաջ առաստաղին նայելն է, երբ թվում է, թե սխալներդ ասեղների պես թափվելու
են դեմքիդ ու չեն սպանելու, սակայն շատ մեծ ցավ են պատճառելու: Ամենասարսափելին ինքդ
քեզ կործանելն է…
Բարև իմ օնլայն սեր: Դու կրկին օֆֆլայն տիրույթներում ես, իսկ ես ընդմիշտ օնլայն սպասում եմ անվանդ կողքին այդպես էլ չվառվող կանաչ լույսին, որ լուսափորի պես հուշում է, որ հասանելի ես, սակայն արդյո՞ք ինձ համար: Աստված գիտե, թե որտեղ ես այժմ. հեռախոսագծերը մռմռում են, որ ժամանակավորապես անհասանելի ես. նրանք չգիտեն, թե որքան է հեռախոսս սպասում, որ հեռախոսիդ կանաչ կոճակը սեղմվի: Դու վայելում ես օֆֆլայն կյանքդ, իսկ ես թարմացնում եմ էջերս, անգիր անում ամեն կարգավիճակդ ու լինքդ, հերթով կարդում մեկնաբանություններդ ու եզրակացություններ անում: Լսում եմ քո սիրելի երաժիշտներին, մինչդեռ դու գուցե նրանց կենդանի կատարումներն ես վայելում: Թերթում եմ ծննդյան տոների ու խրախճանքների ֆոտոալբոմներդ, մինչդեռ գուցե հենց այս նույն պահին քեզ կրկին լուսանկարում են, որ հետո նշեն նկարների վրա, իսկ ես լուռ լայքեմ, երբեմն էլ համարձակվեմ ու մեկնաբանեմ: Համացանցում, ասում են թե, մարդ խիզախում է, հերոսանում, խենթանում: Ինչու՞ չեմ ես էլ այդպիսին: Ես քեզ հեռվից եմ երկրպագում և սպասում եմ, որ գուցե դու էլ ինձ լայքես, մեկնաբանես, գոնե պարզապես այցելես քեզ տենչող իմ էջ, որ կարգավիճակներս ու լինքերս գրկեն օնլայն քեզ, ջերմանան, որ տառերս իմաստալցվեն, տողերս հասցեավորվեն, երգերս պատմեն քեզ, թե որքան միայնակ եմ թվային ես: Ես կտեղադրեմ երջանիկ զույգերի նկարներ, մտովի կջնջեմ նրանց դեմքերն ու մեզ կպատկերացնեմ. գիտե՞ս` մենք գեղեցիկ կլինեինք: Վիրտուալ աշխարհում իմ գոյությունը պայմանավորված է միայն քեզնով, քո պատճառով ես այսքան թվայնացել եմ, վիրտուալացել, կորցրել իրական ինձ, որովհետև իրականում դու ինձ անգամ չես նայում, իսկ այստեղ մենք միմյանց ցուցակներում ենք. ես քո հազարավորներից մեկը, դու` իմ միակն ու գլխավորը:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.png)
.jpg)
.jpg)
