Իմ սիրելի թռչուն
Թե փախչեմ մի կյանք հեռու, թե գլխահակ հետ գամ, դու գիտես, թե որտեղ եմ ես: Խորապես հիասթափված ինձնից էլ, քեզնից էլ, դու, երևի, մտածում ես, որ վերջ չկա այս ամենին, թեև վերջը սկսվեց վաղուց: Ես էլ վաղուց չեմ երազում քո մասին, որովհետև օրերից մի օր դու ինձ վախացրիր: Դու խենթացար, հետո հանգստացար, կարծես մոռացար ինձ: Իսկ ես թռչում էի հեռուներում և օրեցօր ավելի ու ավելի ցած ընկնում: Դու այնտեղ չեղար, երբ ես ընկնում էի: Ինչու՞ ես հիմա մտածում, որ ես կրկին կթռչեմ, այն էլ քեզ հետ: Ես չեմ հանդուրժի, եթե կողքիդ այդ թռչնակներ լինեն. ես իմ վիրավոր թևերը կսփռեմ վրադ ու կլինեմ կյանքիդ միակ թռչունը, թեև վիրավոր ու թեև անթև: Ես կլինեմ անեծքդ, դու կատես ինձ, բայց չես կարողանա կրկին թռչել, ինչպես և ես: Դու կհիշես ինձ, ես, գուցե, նույնպես, բայց ես, իմ սիրելի թռչուն, երբեք կողքիդ չեմ լինի: Դու կհիշես, թե ինչպես էինք մենք՝ երկու թռչուն անսահման ծովերի վրա, սիրում իրար ու որոշում աշխարհների սահմանները, ինչպես էինք կարծում, որ թե մենք խենթ ենք ու իրար ունենք, կարող ենք նոր օրենքներ հորինել ու ապրել այնպես, ինչպես ոչ ոք: Տեսա ՞ր, իմ սիրելի թռչուն, որ ծովերը ճահիճ դուրս եկան, իսկ մենք՝ կոտրված թևերով թռչնակներ՝ հիմար ու դժբախտ:
Tags:
N2
0 մեկնաբանություն