Ես ընտանիք եմ ուզում
Այո, ես այրվել եմ: Դու նույնպես: Բայց դա մեզ չի արգելում կրկին
փորձել, էլ ուր մնաց երազել: Կարող եմ, չէ՞, քնելուց փակել աչքերս ու երազել, որ ինչ-որ
հրաշքով մենք միասին ենք: Ու երջանիկ: Կարող եմ, չէ՞, համարձակություն ունենալ ու պատկերացնել,
որ երբևիցե, ինչ-որ մի օր, հեռու ապագայում, դու կգրկես ինձ ու կսեղմես մարմնիդ, գեղեցիկ
ձեռքդ կդնես գլխիս ու կքաշես վարսերիս բույրը: Ինձ գեղեցիկ բառեր կշշնջաս, իսկ ես կծիծաղեմ
ու կհամբուրեմ այտդ: Ես չափից դուրս երազկոտ եմ, հավանաբար, մտածելով, որ դստերս կսիրես
հարազատ դստեր պես, իսկ նա քեզ «հայրիկ» կկանչի ու չի պատկերացնի իր կյանքն առանց քեզ:
Ես չգիտեմ, թե ինչ բան է հայրական քնքշանքը, բայց վստահ եմ, որ եթե մենք ընտանիք լինեինք,
դուստրս կվայելեր դա քո կողմից: Այլ տարբերակ պարզապես չկա, որովհետև ես սովորել եմ
լավ ճանաչել քեզ ու քո նրբությունը: Իսկ հետո կգար մի օր, երբ ես կգրկեի քեզ ու կշշնջայի
ականջիդ, որ կրկին հայրիկ ես դառնալու: Եվ դու կլինեիր աշխարհում ամենաերջանիկը, համոզված
եմ: Ես երևի չափից դուրս երազկոտ եմ, եթե քո մասին մտածելիս ժպտում եմ, իսկ սիրտս թրթռում
է, թեև հանգամանքների այլ դասավորվածության դեպքում ես քո մասին չէի էլ մտածի:
Դու վստահորեն կարդում ես այս տողերը, բայց պատկերացում անգամ
չունես, որ սրանք քո մասին են: Դու չես էլ պատկերացնում, որ ես այսքան խենթ եմ, որ
մտքովս նման բան եմ անցկացրել, դա դեռ քիչ է` մի բան էլ գրի առել: Դու կփորձես կրկին
կարդալ տողերս` այնտեղ թաքնված իմաստ կամ բառեր փնտրելով, բայց դրանք, հավանաբար, չկան,
որովհետև ես այնքան խորամանկ չեմ դրա համար, ոչ էլ այնքան համարձակ...
Ես ընտանիք եմ ուզում: Ճիշտ այնպես, ինչպես դու:
Tags:
Է
0 մեկնաբանություն