Աներկինք քո դղյակներում
Սառնությանդ վրա սեր փչելով չեմ ջերմացնի, ավաղ, ոչինչ: Սերս փաթեթավորած թե քեզ հանձնեմ, տուփն առավել արժեք կունենա քեզ համար, ցավոք: Քո եսասիրության դղյակներում տեղ չկա ինձ համար, և ես, թաքնված ամպրոպող իմ երկինքներում, արև կտամ պարիսպներիդ ու կհեռանամ սուր քամու թևերով: Բայց մի օր շունչդ սեր կուզի, կելնես դուրս փշե սահմաններից, կփնտրես, բայց իմ երկինքներն արդեն կշողան նոր արևներով ուրիշ սարերի վրա: Մեկ կլացեն, մեկ կսուրան, մեկ արև կներարկեն հոգնած կոպերին, բայց սեր կկոչվեն ու կժպտան: Կկարոտեմ, սերս կրծքիս սեղմած կննջեմ, սիրազուրկ երազներից վեր կթռչեմ, կարտասվեմ, անքուն գիշերներ կլուսացնեմ, բայց չեմ ամպրոպի դղյակերիդ եսասեր պատերին, սերս չեմ զարկի սառը դռներիդ. այն քեզ պետք չէ, ես քեզ պետք չեմ: Դղյակ չեմ դառնա. այդչափ ուժեղ չեմ, քո պես եսասեր չեմ: Իմ թշվառության անեծքները կկորցնեն իրենց ուժը, կազատվեմ հիմարության կապանքներից ու կբարձրանամ սիրո երկինքներ` նոր ամպեր նկարելու: Իսկ դու… Կլինես, կապրես աներկինք քո դղյակներում:
Tags:
N?
0 մեկնաբանություն