Պահանջում եմ, որ դառնաս իմ երկրորդ սերը
Ես իմ սիրտն եմ բացել ու շպրտել ոտքերիդ առջև, ես կորցրել եմ ինձ, մոռացել, որ աշխարհում քեզնից բացի աշխարհ կա: Բայց մի օր ավարտվեց ամենն, ու մենք վերջացանք: Մենք պարզապես դադարեցինք գոյություն ունենալուց: Ու թե պիտի այնպես ստացվի, որ առաջին սերը չհաջողվի, ես առաջարկում եմ, գուցե պահանջում սիրել երկրորդ սիրուց: Ես պահանջում եմ, որ դառնաս իմ երկրորդ սերը, ինչպես դարձար առաջինն ու միակը: Ներիր, բայց քեզնից հետո ամենը, ինչ եղավ, թատերական ներկայացում էր. ես՝ գլխավոր դերում, դու՝ միակ հանդիսատես: Բայց արի ու տես, որ հիմա եկել ես, ձեռքիցս քաշում ես, որ ցած իջնեմ բեմից ու քեզ հետ գամ: Գիտես, պաշտելիս, ես գուցե չգամ, բայց շնորհակալ կլինեմ ձեռքերս ցավեցնելու համար: Ես սիրում եմ քեզ, սիրել եմ միայն քեզ և, գրողը տանի, միայն քեզ կսիրեմ, բայց մենք, երևի, ավարտում ենք մեր պատմությունը: Ես պարզապես այլևս չեմ կարող այսպես. ապրել քեզ համար և կործանվել քո պատճառով: Հիշու՞մ ես՝ կար ժամանակ, երբ մեր երեխաների անուններն էինք որոշում, իսկ հիմա ես ինքս եմ որոշում ապագա զավակիս անունը, որը քեզ, հավանաբար, դուր չի գա: Դու չես տեսնի, թե ինչպես են մեծանում մեր երեխաները, բայց կտեսնես, թե ինչպես եմ փոքրիկիս ձեռքը բռնած քայլում այն փողոցներով, որտեղ մենք ժամանակին երջանիկ էինք ու սիրո երդումներ էինք տալիս: Ես կպատմեմ նրան քո մասին և կասեմ, որ մայրիկը քեզ շատ է սիրել: Ես կսովորեցնեմ նրան սիրել այնպես, ինչպես ես, բայց կխնդրեմ ինձ պես չսայթաքել և չավիրել ամեն ինչ: Ես միշտ կսիրեմ քեզ և կերազեմ, որ դու էլ երբեք չդադարես ինձ սիրելուց, անգամ երբ ուրիշի վարսերը շոյես և ուրիշի երեխաներին «որդիս» կանչես: Ներիր, բայց ես այնքան հիմար եմ…
Tags:
N1
3 մեկնաբանություն
konkret inch-vor meki er nvirvac?
ReplyDeleteԱյո
Deletees uxaki hianum em dzer taxandov...
Delete