N5

-Հիմար արարածներ են տղամարդիկ: Ամեն նոր կնոջ ասում են, որ կյանքում միայն իրեն են իրապես սիրել: Արդարություն կա՞ այդտեղ: Ապուշություն:
-Դու այդպես չե՞ս ասել:
-Բնավ: Եթե սիրել ես, ուրեմն սիրել ես: Ինչու՞ թերագնահատել նախկին սերերդ ու ստել: Այո, սիրել եմ, գուցե ճիշտ հակառակը` ամեն նոր անգամ սիրելիս ավելի քիչ եմ սիրել: Եվ երբեք չեմ ասել, որ մնացած դեպքերում պարզապես սիրահարված եմ եղել: Օ, ստախոս մարդիկ: Սիրել եմ, ամենակենդանական ձևով եմ սիրել, պատրաստ եմ եղել աշխարհներ շրջել, իսկ հետո էլ չեմ սիրել: Ի՞նչ արտասովոր բան կա: Հիմար մարդիկ են հորինել հավերժական սիրո գաղափարը. երկու տարբեր մարդիկ տարբեր աշխարհներից, տարբեր ընդունակություններով ու հնարավորություններով, տարբեր մտքերով ու ցանկություններով, տարբեր դաստիարակությամբ ու պատմություններով չեն կարող պտտվել հավերժական սիրո հորձանուտներում, որովհետև ամենքս էլ վերջիվերջո շարժվում ենք ինքնապահպանման բնազդով:
-Սերը կործանու՞մ է:
-Սերը, սերը, զզվել եմ այդ բառից, պետք է մի նոր բառ հորինել, այնքան սովորական բան է դարձել, որ հարևանիդ կեղտոտ ու հարբեցող հորն էլ կարող ես սիրել: Սեր… Ինձ իմ սերերը կործանել են. այդքան էլ շատ չեն եղել, մի ձեռքիս մատներն էլ հերիք են, որ հաշվեմ: Առաջինին դպրոցում սիրեցի, դպրոցի և երևի թե աշխարհի լավագույն մարդն է, հավատում եմ: Բայց եթե հիմա ինձ ստիպեին ապրել նրա հետ… Չէ, հաստատ չէ: Երկրորդին մինչև հոգուս խորքը սիրեցի, իսկ նա գոռոզ, ինքնահավան ու տգեղ մի ստոր էակ էր: Ինչպե՞ս կարելի է ինչ-որ մեկի պատճառով փորձել կյանքին վերջ տալ: Հիմարություն է, բայց դա էլ եմ արել: Երրորդին հավատացի, վստահեցի, սիրեցի նույնքան խենթաբար, բայց ինչ-որ բան պակասում էր: Առաջինը լքեցի, որ ինքը չհասցնի ինձ լքել: Ատում եմ, երբ ինձ լքում են: Դա հնարավոր բան չէ, գոնե ինձ համար: Ուստի ես միշտ առաջինն եմ լքում: Իսկ չորրորդը… Հնարավոր չէ, որ մարդ այդքան սարսափելի սխալվի: Չորրորդս վատագույն բանն էր, որ կարող էր հետս պատահել: Նրա հետ հասկացա, թե որքան ուժեղ մարդ եմ իրականում: Նրանից հետո անմեղ ու միամիտ աղջկանից բան չմնաց. մեծացա:
-Իսկ հիմա ի՞նչ:
-Հիմա մնում է սպասել հինգերորդին J


Tags:

Share:

2 մեկնաբանություն

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete
  2. AnonymousJune 12, 2013

    http://www.youtube.com/watch?v=ia_UkpbGpos

    ReplyDelete