Իմացել եմ` այլևս միայնակ չես
Իմացել եմ` այլևս միայնակ չես: Տխուր եմ ինձ համար: Իմացել եմ` ուրիշի ձեռքն ես համբուրում, ուրիշի վրա ես զայրանում, ուրիշին ես ասում` սիրում եմ: Բայց արդյո՞ք սիրտդ այնպես ուժգին է խփում, երբ այդ ուրիշիդ հետ ես, արդյո՞ք նրան էլ ես երդվում, որ երբեք մենակ չես թողնի: Իմացել եմ` նրան ընկերներիդ հետ ես ծանոթացնում, բայց արդյո՞ք նույն կերպ բռնում ես նրա ձեռքն ու ամուր սեղմում: Տեսնես նույն կե՞րպ ես զայրանում, երբ խենթություններ է անում: Տեսնես` ինձ նման հիմա՞ր է: Իմացել եմ` սկսել ես մոռանալ իմ մասին, բայց չեմ հավատում. առաջին սերը, սիրելիս, կուտ չի գնում, ինչ էլ անում ես: Տեսնես նրա՞ն ես համարում առաջին սերդ: Նա ուրիշ է: Եվ երբեք կյանքդ այնպես չի խառնի, ինչպես ես: Իմացել եմ` ուզում ես մոռանալ ինձ: Արդյո՞ք կստացվի: Արդյո՞ք նրան գրկելիս ինձ չես հիշի, արդյո՞ք չես համեմատի ու չես հասկանա, որ առաջին սերը, միևնույն է, կուտ չի գնում: Իմացել եմ` փորձում ես մեծանալ մեր սիրուց, ինչպես ես ժամանակին: Բայց տես, սիրելիս, ես մի մանուկ եմ: Ավելի մանկացած ու ավելի մերկացած: Արդյո՞ք կմեծանաս: Իմացել եմ` ժամանակը շատ բան է փոխում, բայց մեզ փոխել հնարավոր չէ, որովհետև մենք ուրիշներին այդպես էլ չենք կարողանալու սիրել այնպես, ինչպես սիրել ենք միմյանց: Ուրիշների համար մենք երբեք էլ պատրաստ չենք լինելու մահանալ, էլ ուր մնաց ապրենք: Ուրիշներին մենք միշտ պարտեցնելու ենք միմյանց հետ համեմատության մեջ, որովհետև առաջին սերը կուտ չի գնում, որքան էլ փորձենք: Ուրիշներին չենք սիրելու այնպես, ինչպես միմյանց ենք պաշտել, ուրիշների հետ ապագա կազմելիս խորը հոգոց ենք քաշելու ու միմյանց հիշելու: Իմացել եմ` փորձում ես սիրել ուրիշիդ, գուցե այդպես էլ կա, իմացել եմ` այլևս նույնը չեմ քեզ համար, բայց արդյո՞ք մահացել եմ: Ուրիշներին ապրեցնել չենք կարող, որովհետև ուրիշները միշտ էլ կմնան ուրիշ, ուրիշ մեզնից, ուրիշ միմյանցից:
Tags:
N1
1 մեկնաբանություն
Hrashali a
ReplyDelete