Կարոտել եմ քեզ

Կարոտել եմ քեզ: Կամ թե մեզ, կամ թե ինձ` կողքին քո, սրտում քո: Մենք երկուսս էլ մեծ ջանքեր ենք գործադրում` մոռանալու միմյանց, կամ թե մեզ` կողքին միմյանց, սրտում միմյանց: Ասում են` դժվար բան չկա: Ասում են` թե շատ ցանկանաս, կստացվի, կմեծանաս, կանցնես հիշողության ու ներկաների բարակ սահմանը, որ երբեմն սեփական բարակությունից ճաքում է ու կորչում, իսկ մենք ընկած փնտրում ենք, փնտրում, ամեն նորը տխմարաբար ներկա համարում, բայց նորից հայտնվում հիշողության ճահիճներում:


Կարոտել եմ քեզ: Քանի՞ ամիս կլինի, ինչ ձեռքդ չեմ բռնել: Այդ ամուր, մի փոքր կոպիտ ձեռքդ: Քանի՞ օր ու գիշեր միմյանց բարի լույս ու բարի գիշեր չենք մաղթել: Քանի՞ րոպե ու ժամ միմյանց սեր չենք պատմել: Ինչպե՞ս է ստացվում, որ այն մարդկանց, ում ամենաշատն ենք փնտրում ամբոխներում, երբեք չենք տեսնում: Ես փնտրում եմ քեզ ամենուր, բայց դու չկաս: Ինձ փնտրու՞մ ես: Երանի:


Կարոտել եմ քեզ: Այնպես, ինչպես երբեք, ինչպես ոչ ոքի: Կարոտել եմ անգամ քո վրա բարկանալը, քեզնից նեղանալը, մեր «ամեն ինչ վերջացած»-ները: Կարոտել եմ մեր խենթ արարքները, որոնց համար հիմա, գուցե, համարձակություն չունենայինք: Կարոտել եմ մեր մրսելն ու շոգելը, միմյանց մոտ շտապելը: Խելահեղ կարոտել եմ ձայնդ, ձայնդ լսելուց սրտիս թրթիռը, ձեռքդ ամուր սեղմելուց հոգուս հրճվանքը: Կարոտել եմ մեր առավոտները, կարճ զգեստների պատճառով քո զայրույթը, իմ տրամադրության անկումները հերոսորեն տանելու կարողությունդ: Ուրիշ էլ ոչ ոքի կողքին ես չկարողացա այդքան թույլ լինել:


Կարոտել եմ քեզ: Ու քեզ հետ կապված ամեն ինչ: Անգամ ինձ:

Tags:

Share:

2 մեկնաբանություն