365 ժամ հետո դու կգաս: Տեսնու՞մ ես, թե ինչպես 365 օրը փոխվեց ժամի: Մոտ է ճանապարհորդության ավարտը: Մոտ է նոր կյանքի սկիզբը: Արի մոռանանք ամեն ինչ ու սկսենք ապրել: 365 ժամ հետո դու կգաս, կգրկես ինձ ու կասես, որ ամեն ինչ լավ է: Ես կհավատամ քեզ, որովհետև միշտ եմ հավատացել, իսկ երբ էլ փորձել եմ չհավատալ, այնպես եմ պատժվել, որ երկինքն է լաց եղել ինձ հետ միասին: 365 ժամ հետո դու կգաս, և ես այլևս չեմ արտասվի, անգամ ուրախությունից: Ես սպառել եմ արտասվելու բոլոր հնարավորություններս: Կյանքից առնելով մեր դասերը` մենք կկերտենք մեր երջանկության ամրոցները, որ կպահպանվեն հարգանքով ու սիրով, միասին տառապանքների ու փորձությունների միջով անցնելու պատմությամբ: Աստված անգամ չի կարող պատկերացնել, թե որքան եմ կարոտել քեզ: Այնքան, որ ուզում եմ կործանել աշխարհը, փշրել ամեն ինչ, խաղաղեցնել օվկիանոսներն ու փոշիացնել լեռները, խառնել երկինքներն ու սառեցնել արևները: Այդքան ուժ չունեմ, ոչ էլ կարողություն. մենք դեռ պետք է ապրենք այս աշխարհում, ուստի ես կփորձեմ այն ավելի լավը դարձնել: Ներիր, որ քեզ այսքան շատ եմ սիրում, խենթանալու աստիճան շատ, բայց ես մահացու աստիճան քո կարիքն ունեմ, հասկանու՞մ ես: Ես կժպտամ, կծիծաղեմ, հիմարություններ կխոսեմ, իսկ իրականում իմ գոյության ամեն բջիջով կսարսափեմ կորցնել քեզ: Ես կգրկեմ քեզ, կհամբուրեմ ձեռքերդ, կնայեմ աչքերիդ, իսկ հոգիս կբացականչի, որ առանց քեզ ապրել չգիտե, չի ուզե: 365 ժամ հետո դու կլինես կողքիս, ու կվերանա ամեն ցավ ու արտասուք: Ես կփշրեմ սեփական կարոտս, փոշին կլցնեմ անոթի մեջ, իսկ անոթը ջուրը կնետեմ. ուրիշ կարոտ չեմ հանդուրժի: Այլ կարոտն իմ կյանքում տեղ չունի. հիմա երջանկության ժամանակն է: Հիմա իմ ու քո ժամանակն է: Թույլ տուր հավատալ դրան, չէ՞ որ հիմա միայն դա է ինձ ապրելու ուժ տալիս: Առանց քեզ ես կապրեմ, գիտե՞ս, գուցե երջանկության հետևից վազեմ, բայց առանց քեզ ես մի կարևոր բան կկորցնեմ: Առանց քեզ ես ինձ կկորցնեմ: 365 ժամ հետո դու կգաս, գիտեմ…
Թվում է, թե մի ամբողջ կյանք է` չեմ տեսել քեզ: Ես չեմ կարող նկարագրել, թե որքան եմ կարոտել քեզ. բառերս մահանում են կարոտի ծանրությունից: Խնդրում եմ` շուտ վերադարձիր, այլապես ես կխելագարվեմ: Ես զգում եմ, թե ինչպես եմ մահանում առանց քեզ, ինչպես եմ մոլորվում ու պտտվում, պտտվում սխալներիս հորձանուտում: Ես խենթի պես կարոտում եմ քեզ ու մատներս եմ կրծում. միևնույն է` դրանք մոռացել են քեզ, դրանք պետք չեն ինձ: Այլևս չեմ պատկերացնում, թե ինչպես է քեզ կողքիս ունենալը: Թվում է, թե երբեք էլ կողքիս չես եղել: Այո, ես թուլամորթ եմ և անողնաշարապես կարոտում եմ քեզ ու խենթանում այն մտքից, որ մոտ է հանդիպման ժամը: Ես կորցրել եմ ինձ: Իսկապես կորցրել եմ: Ու ցանկանում եմ գտնել ինձ միայն քո կողքին: Փակեմ աչքերս, հաշվեմ` մեկ, երկու, երեք, չորս, բացեմ աչքերս ու հայտնվեմ քո գրկում: Միայն քո գրկում եմ ես լիարժեք, ես երջանկություն եմ ուզում, հասկանու՞մ ես, բայց միայն քո կողքին եմ երջանիկ: Իսկ դու հեռու ես: Ատում եմ այն կիլոմետրերը, այն ժամերն ու րոպեները, որ բաժանեցին մեզ իրարից: Երկու տարի: Գրողի տարած երկու տարի: Ես ատում եմ քո բացակայությունը, ես ատում եմ այն, որ ստիպված էի երկու տարի առանց քեզ մեծանալ. ես չմեծացա, ես քարշ տվեցի երկու տարվա գոյությունս. ինչ-որ պահի ես պարզապես կործանվեցի, ինքնակամ, պատրաստակամ, զզվելիորեն հաստատակամ: Եթե դու կողքիս լինեիր, ես ավելի լավը կլինեի, ես լավը կլինեի: Իսկ հիմա... Ես պարզապես սփոփում եմ ինձ այն մտքով, որ սիրում ես ինձ և թույլ ես տալիս սիրել քեզ: Դա ինձ համար մեծ պարգև է. երևի թե պետք է ծնկաչոք շնորհակալություն հայտնել Աստծուն նման շնորհի համար. ես սիրում եմ, թող խենթորեն, անհասկանալիորեն, դավադրաբար ու նենգաբար, բայց սիրում եմ: Սիրում եմ հենց քեզ, ՀԵՆՑ ՔԵԶ: Ներիր, բայց ես չհաղթահարեցի տասնյոթ հազար ժամվա փորձությունը, կատարելապես չանցա այն, ես իմ սև բծերով ներկեցի այն ու հուսահատեցրի քեզ: Ներիր, բայց ես քեզ այնքան շատ եմ սիրում, այնքան-այնքան շատ, որ զարհուրում եմ ինքս ինձնից: Ներիր, բայց ես այսպես եմ սիրում, երբ կողքիս չես: Ներիր, բայց ես հենց քեզ եմ սիրում: