Ցանկանում եմ ջնջել մի քանի գարուն իմ կյանքից, որքան էլ սիրում եմ գարունը: Ես չեմ սիրում գարունն իմ կյանքում: Գարնանը շատ եմ սխալվում: Գուցե սառած զգացմունքներիս ցեխաջրերում սայթաքում եմ ու ընկնում, ցավոտ ընկնում: Հոգնել եմ զգացմունքներիս և եղանակների մշտական պատերազմից: Գարունը սիրելու համար է, այլ ոչ ապստամբելու և մահանալու: Ես ինձ դուրս եմ գրում գարնան ցուցակներից, ես իմ սեփական ցուցակն եմ կազմում, ես հանում եմ գարունն իմ օրացույցներից: Ցավոք իմ սրտից չեմ գարունը. այն, այն իրենց այնտեղ լավ է զգում: Իսկ ես, ես ի՞նչ: Չեմ հասկանում, թե ինչ եմ ուզում ինքս ինձնից: Գարունն այնքան հարց տալիս ինձ, որ մանուկն անգամ չի տա իր մորը: Եվ այդ ի՞նչ իրավունքով է այն ինձ այսքան հարց ուղղում: Ո՞վ եմ ես նրա համար, ինչու՞ չի այն ինձ հանգիստ թողնում: Մի՞թե արժանի չեմ: Ես խեղդվում եմ, հասկանու՞մ եք: Խեղդվում եմ իմ զգացմունքներում, մտքերում, որոշումներում և անպատասխան մնացած հարցերում: Իսկ ելք չի երևում, որովհետև ամեն նոր թվացյալ ելք ծուղակ է ընդամենը, որ ավելի է քաշում ինձ մահվան ճահիճը: Երբեմն նախանձում եմ մահացողներին, ճիշտ պահին մահացողներին: Տեսնես մահվան մեջ ճշմարտություն կա՞: Տեսնես ես երբևէ ճիշտ ընտրություն կկատարե՞մ: Տեսնես ես երբևէ կհամարձակվե՞մ կատարել կյանքիս գլխավոր ընտրությունը…
Երկար,
միապաղաղ ճանապարհները տանում են ոչ մի տեղ: Ոչ մի տեղում լավ եմ զգում: Տարօրինակ
է: Կփորձեմ հասկանալ ինձ, բայց չէ, չեմ կարող: Տարօրինակ է: Սարսափելի ծանր ու միաժամանակ
հաճելի: Ստեր, մտածմունքներ, որոշումներ, սխալ, շատ սխալ որոշումներ, փախուստ, ճանապարհներ,
որ տանում են ոչ մի տեղ: Իմ տեղն այնտեղ է, որովհետև ո՞վ եմ ես, եթե ոչ մի չնչին, անարժան
ոչնչություն: Տարօրինակ է: Մաքրություն բառից խորշել կարելի է. այն ամենքի համար չէ:
Այն ոչ մի տեղում տեղ չունի, այն չի կարող իմ կողքին լինել, այն չի կարող հոմանիշել
ինձ: Ճանապարհները երկար, միապաղաղ, սխալները հիմար, անհիմն, տխրությունը մշտական,
անցանկալի, թախիծը, ափսոսանքը, հուսահատությունը, մոլորվածությունը, դժգոհությունն
ու հիասթափությունն են ապրում ոչ մի տեղ: Ես նոր բառ եմ հորինել. տսեր: Ասում են, չէ՞`
տգեղ, տհաճ, տգետ, տհաս: Իսկ ինչու՞ որ տսեր… Իմ նոր բառը եկել է հոմանիշելու ինձ ու
սխալներս: Տարօրինակ է ու անհասկանալի:
Արդյո՞ք
կա բառերի ճաղերից ազատվելու հնարավորություն, արդյո՞ք գիտնականները չեն ուզում հորինել
մի այնպիսի դեղ, որ միառժամանակ կսպանի բոլոր մտքերը, կսառեցնի զգացմունքները: Ինչու՞
չի կարելի նորից ծնվել ու հիշելով նախկինում արած սխալները` ապրել ճիշտ ու հանգիստ:
Չգնալ այնտեղ, որտեղ մեզ հիասթափություն է սպասվում, չհանդիպել այն մարդկանց, ում չենք
կարողանալու մոռանալ, չասել այնպիսի բաներ, որոնք ցավ են պատճառելու թե մեզ, թե մյուսներին:
Ախ, երազում եմ մոռանալ այնքան բան, չհիշել, չմտածել, ու անկեղծորեն հասկանալ, որ ուղեղս
անսխալական է աշխատում, իսկ սիրտս սայթաքող է, հաշմանդամ է, վնասում է ինձ: Դժվար է
համաձայնության բերել ուղեղդ ու սիրտս. մեկնումեկը միշտ դավաճանում է: Ախ եթե կարողանայինք
կանխատեսել մեր արարքների հետևանքները, եթե կարողանայինք հայտնվել մեր խոսքերի հասցեատերերի
կաշվի մեջ, եթե կարողանայինք մի-փոքր ավելին հասկանալ, հասկանալուց էլ` ճիշտ գործել:
Ամենադժվարը ինքդ քեզ հասկանալն է. դա ինձ մոտ այնքան էլ լավ չի ստացվում…
Ամենուր գեղեցիկ զույգեր են, երջանիկ ընտանիքներ, ծիծաղ և ուրախություն: Ես նույնպես ժպտում եմ, քայլում եմ գլուխս բարձր, որովհետև խոստացել եմ քեզ: Բայց հոգուս խորքում նախանձում եմ մյուսներին: Դու այնքան հեռու ես ինձնից, գժվելու չափ հեռու, թվում է, թե միշտ է այսպես լինելու: Ես ջնջում եմ օրացույցի թվերը, որոնք օրեցօր քեզ ավելի են մոտեցնում ինձ, իսկ հետո խենթանում եմ կարոտից ու անելանելիությունից: Գիտեմ, որ պետք է ուժեղ լինեմ: Ես իսկապես ուժեղ եմ, սակայն օրվա մեջ մի պահ է գալիս, երբ միայնակ եմ մնում ինքս ինձ հետ ու հասկանում եմ, որ աշխարհում ամենից շատ ուզում եմ կողքիդ լինել: Հետո հիշում եմ, թե որքան քիչ է մնացել, ու երջանկության գիտակցումից ուզում եմ խենթանալ: Ես չեմ պատկերացնում, թե ինչպիսին է լինելու մեր առաջին հանդիպումը, թե ինչ պիտի անեմ, որ ինձ հիմարիկ, սակայն ամենաերջանիկ աղջնակի պես չպահեմ ու հիմարություններ չանեմ, թեև դու հասկանում ես ինձ, անգամ երբ հիմարություններ եմ խոսում: Դու ինձ միշտ ես հասկանում, իսկ ես քեզ ոչ այդքան: Դու սիրում ես ինձ, թեև հաճախ ես անհասկանալի եմ լինում… Իսկ ես սիրում եմ քեզ, որովհետև… որովհետև մեր սիրո մեջ մենք բացառել ենք որովհետևները: Ես սիրում եմ քեզ, որովհետև դու ես իմ ապրելու պատճառի պարագան, իմ սիրելու ձևի պարագան, իմ երջանկության չափի պարագան, իմ կյանքի ժամանակի պարագան, իմ ուժեղության նպատակի պարագան… Դու ես իմ սիրո քերականության հիմքն ու պատճառը…
-Սերն
այն է, երբ մարդուն սիրում ես անկախ ամեն ինչից, ամեն րոպե նա մտքիդ է, իսկ երբ լսում
ես ձայնը, թվում է, թե աշխարհը քոնն է: Երբ մարդուն անսահման կարոտում ես և ուզում
ես, որ նա երջանիկ լինի: Երբ վախենում ես մտածել երջանկության մասին, որովհետև երբեմն
հավատդ չի գալիս, որ քեզ բաժին է հասել այսչափ երջանկություն: Վախենում ես, որ գուցե
մի քանի հոգու երջանկություն միանգամից քեզ է բաժին հասել: Հետո հասկանում ես, որ եթե
այդպես լինել, ապա հազարավոր մարդիկ էին զրկված լինելու իրենց երջանկության չափաբաժնից,
որովհետև երջանկությունդ սահմաններ չի ճանաչում: Սերն այն է, երբ հավատում ես նրան,
առանց որևէ կասկածի ու հարցերի, երբ վստահում ես ու պատրաստ ես աշխարհի ծայրը հասնել
նրա հետ, նրա համար: Երբ պատրաստ ես անգամ կյանքդ զոհաբերել հանուն այդ մարդու և փոխարենը
ոչինչ-ոչինչ չակնկալել: Սերն այն է, երբ պատկերացնում ես, թե ինչպես եք միասին մեծանալու,
պատկերացնում ես ձեզ հինգ, տաս, քսան, քառասուն տարի հետո, պատկերացնում ես ձեր երեխաներին,
պատկերացում ես, թե ինչպես եք միասին ծերանալու ու երազում, որ մահանաք նույն օրը,
որպեսզի միմյանց ցավ չպատճառեք: Սերն այն է, երբ հավատում ես, որ սերդ այնքան մեծ է,
որ դուք իրոք նույն օրը կմահանաք. այլ կերպ լինել չի կարող: Սերն այն է, ինչ քեզ ավելի
լավն է դարձնում, քեզ երազանքներ ու հույսեր է տալիս, քեզ ուժ է տալիս հաղթահարել կյանքի
դժվարություններն ու լավատես լինել: Սերն այն է, որ քեզ ցույց է տալիս, թե հանուն ինչի
արժե ապրել: Սերն այն է, ինչ ես զգում եմ քո հանդեպ ու չեմ հավատում, որ այն երբևէ
կմարի: Այո, մենք կունենանք դժվարություններ, մենք կվիճենք, կկռվենք, կորոշենք բաժանվել,
սակայն ինչ-որ ուժեղ ու անհաղթահարելի բան մեզ միշտ միմյանց մոտ կբերի, ինչպես հիմա
է բերում: Գուցե դու ինձ միամիտ կոչես, սակայն թույլ տուր ինձ երազել ու հավատալ, որ
իմ սերն այնպիսին կմնա, ինչպիսին հիմա է` ինձ ուժ տվող ու լավը դարձնող: Թույլ տուր
հանդգնել ու հավատալ, որ ոչինչ ի զորու չի լինի փոխել իմ սերն ու այն փոխակերպել որևէ
այլ զգացմունքի: Ես սիրում եմ քեզ այսօր, սիրել եմ երեկ ու կսիրեմ վաղը, մի ամիս հետո,
մի տարի ու անգամ մի կյանք հետո…