Ինչ-որ տեղ դու շնչում ես, հանգիստ, խաղաղ: Գուցե երկար ոսկրոտ մատներդ գրկել են ծխախոտը, որ պտտում ես ու թեթև թխկացնում մոխրոտ մոխրամանի պատին: Քեզ մոտ լույսերն արդեն հանգե՞լ են: Իսկ անձրև գալի՞ս է: Ես սիրում եմ քեզ: Հայացքդ ինչ-որ բան է մտածում, շրթունքներդ չորացել են. այդքան սուրճ մի խմիր, խնդրում եմ: Վերնաշապիկդ ճմրթվել է. ես այն կարդուկեմ: Իսկ մինչև այդ դու նստել ես մութ սենյակումդ, աննորմալ երաժշտություն ես լսում, քո խենթ մտքերում սահման չես գտնում: Ես սիրում եմ քեզ: Գուցե մի բան ես հիշում, զայրանում, աչքերդ ամուր փակում, կռվում ինքդ քեզ հետ, բայց անցյալն անցյալ է, սիրելիս: Դու ի՞նչ բույրեր ես սիրում: Իմ օծանելիքը կսիրե՞ս: Իսկ կուզե՞ս մեր սենյակում վարդեր լինեն: Գարնանն էլ յասամաններ: Ցուրտ է: Հետո ցուրտ չի լինի: Ես սիրում եմ քեզ: Երազներում ումի՞ց ես փախչում: Կուզե՞ս բռնեմ ձեռքդ: Կարող ես գլուխդ դնել ծնկներիս ու քնել: Ես կհսկեմ քո քունը: Կշոյեմ մազերդ, այտդ, կմերսեմ գլուխդ. դու միայն խաղաղ ննջիր, ես կսիրեմ քո երազները: Խենթանում ենք, սիրելիս, այո, խենթաբար ապրում ենք, փնտրում, զայրանում, մեկ սավառնում, մեկ ցավոտ ընկնում, ծիծաղում, այլևս հազվադեպ արտասվում: Վերջին անգամ ե՞րբ ես արտասվել: Ես դադարել եմ արտասվել: Դա լավ է, գուցե: Բայց մի՞թե այն, որ մենք այլևս չենք արտասվում, նշան է ուժեղության: Կասեմ` դա նշան է մահվան: Մի զայրացիր, խնդրում եմ, գրկիր ինձ ամուր, դեն նետիր թոքերդ այրող այդ ծխախոտն ու հասկացիր ինձ: Ես սիրում եմ քեզ: Քո հուշերում հրեշներ ապրու՞մ են: Քո հրեշները քեզ հետևում ե՞ն: Իսկ հասնու՞մ են: Իմ հրեշներն ինձ սպանում են: Որովհետև ես չեմ արտասվում: Արտասվիր, սիրելիս, երբ միայնակ ես, երբ անգամ ես չկամ կողքիդ: Դու չգիտես ինձ, ես չգիտեմ, թե ով ես դու, ինչպիսի աչքեր ու մատներ ունես, երբ ես արթնանում և երբ ես քնում, ես չգիտեմ` կճանաչենք արդյոք մենք իրար երբևէ, բայց գիտեմ, որ ինչ-որ տեղ դու կաս, դու շնչում ես, դու կլինես, որովհետև ես սիրում եմ քեզ:
Ինչու՞
ինձ լքեցիր այն պահին, երբ ամենաշատն ունեի քո կարիքը: Գրողը տանի, աստված ինքն է որոշում
դա: Բայց ես չէի ուզում, երդվում եմ: Ես այնքան էի սիրում քեզ, դու իմ նոր կյանքն էիր,
ես քեզ մի ամբողջ կյանք սպասել էի և մի ամբողջ կյանք պիտի սիրեի, բայց… Դու գնացիր
և մենակ թողեցիր իմ գիշերներն ու հեռացար, երկինք դարձար: Մթնեց երկինքս: Մենակ եմ,
փոքրիկս… Ես ինքս էլ մի փոքրիկ եմ, բայց երբ դու կայիր, ես այնքան մեծ էի, այնքան պատասխանատու,
ես մի ամբողջ աշխարհ կհոշոտեի քեզ համար: Սևացան ժպիտներս: Կարոտում եմ քեզ: Դու դեռ
պետք է այնքան մեծանայիր, ես պետք է կողքիդ լինեի, պետք է բռնեի ձեռքդ ու համբուրեի
քնելիս: Ես քեզ այնքան պատմելու բան ունեի, արևս: Խեղդվեցին հույսերս: Եվ հիմա ինչ
ուժ էլ ունենամ, դու հետ չես գա: Իսկ ես այլևս չեմ դիմանում առանց քեզ: Քեզ, ինձ, երբ
դու կայիր, երբ այդքան սիրում էի քեզ ու սպասում: Բայց աստված… Նա ոչինչ էլ չարեց:
Փոքրիկ քաղաքի փոքրաչ լույսերը` սառն ու անմասնակից, անտարբեր տողեր են երգում մենության ու հիասթափության մասին: Իմ հույսերը քեզ եմ փաթաթում, ներիր: Դու ուժեղ ես ինձնից. անգամ թե փշրվեմ քեզ մոտ վազելիս, դու հատ-հատ հետ կհավաքես ջարդված հայացքներս ու անմիտ խոսքերս ու կսիրես ինձ հենց այնպես. անպաշտպան, փոքրիկ, անլույս ու անհույս: Ես կպահանջեմ ինձ լույս տալ, ամուր գրկել, ավելի ամուր, այնպես, որ սիրտս մտածելու ուժ չունենա, բայց դու կվախենաս հարվածել ցավոտ մտքերիս. դրանք երբեք քեզ չեն պատկանի: Եվ կխենթանաս, կմոլեգնես իմ հիմար կյանքից, կուզես ինձ սեղմել ճշմարտության ու գեղեցիկի քո պատկերացումներում, իսկ ես դուրս կսողոսկեմ քո ամուր ձեռքերից, կհամբուրեմ անինձ շուրթերդ, կժպտամ սատանայաբար ու կդևեմ իմ գորշության ամրոցներ` կործանելու ու կործանվելու: Դու կասես, որ սիրում ես ինձ և չես ցանկանա ինձ ցավ պատճառել, բայց ես կցավեմ, կհոսեմ դևական արցունքներով, կհոսեմ մատներիդ արանքով, ինձ չես պահի, որովհետև երբեք էլ քոնը չեմ եղել: Ախ, քո ամուր ձեռքերը, որ այդպես էլ երբեք չեն սեղմի ինձ այնպես ամուր, ինչպես սեղմում ես ինձ քո երազներում ու զայրագին արթնանում քո սառն անկողնում, որտեղ երբեք չեմ փայլի: Ես երբեք էլ քոնը չեմ լինի, որովհետև դու կվախենաս ինձ ցավ պատճառել, իսկ ես կցավեմ իմ սատանա սիրուց և կմահանամ հենց այնպես: Որովհետև այդպես զվարճալի կլինի: Եվ կցավես:
Իմ քաղաքի արևները, որ ծագել են անամոթաբար ու քուն մտել` անսովորաբար, ինձ սիրել են հենց սկզբից: Եվ կողքիս են եղել իմ ծննդյան առաջին պահից` շոգ ու լուռ հուլիսյան մի տաք օրվանից: Բայց արի ու տես, որ արևալի աղջնակը, որ ապրում էր իմ մեջ, պիտի մարեր քեզ հանդիպելուց հետո:
Դու մեր քաղաքի ամենագեղեցիկ երիտասարդներից էիր, իսկ ես հազիվ էի նշմարվում լիքն ամբոխների մեջ: Մենք, որ ապրում էինք մեր քաղաքի տարբեր ծայրերում, նույն անունով մայրեր ունեինք: Եվ դա էր մեր միակ նմանությունը: Ծիծաղելի է:
Ծիծաղելի է, բայց ես` աննշան ու թախծոտ մի աղջնակ, կարողացա գրավել քո ուշադրությունը: Դու նայեցիր, ես նայեցի, դու ժպտացիր, ես գլուխս իջեցրի: Այդ պահից ես քոնն էի: Եվ դու ուրախ էիր: Ում էլ պատմեի, որ դու` մեծն երիտասարդը, ինձ տարբերել ես հսկա ամբոխից, կծիծաղեր ու մի բան էլ` կծաղրեր ինձ: Ուստի ես լուռ էի, ինչպես այն վարագույրները քո ընկերոջ տանը: Թավշե, մուգ կարմիր գույնի վարագույրների հետևում դու մի անգամ ասացիր, որ սիրում ես ինձ: Ես գլուխս իջեցրի: Այդ պահից ես ես չէի: Ու ոչ էլ քոնն էի արդեն: Իմ կարմրած այտերը մատնեցին պարտությունս, և դու տիրեցիր ինձ: Առաջին ու վերջին անգամ: Ոչ, ես դեմ չէի: Գուցե եթե հասկանայի ինչն ինչոց է, գլուխս առնեի ու փախչեի, բայց չհասկացա կամ էլ չցանկացա հասկանալ:
Քո ընկերոջ տան վարագույրներն իմացան իմ պարտության և քո հաղթանակի մասին, իսկ դու լուռ հագնվեցիր, համբուրեցիր ճակատս ու ինքնասեր ժպիտը դեմքիդ հեռացար: Այդ օրվանից մեր քաղաքի արևները մոռացան ինձ: Եվ ես մնացի այնտեղ` մուգ վարագույրների հետևում:
Որքա՞ն ստեմ, բառեր հյուսեմ ու զուր մատներս ջարդեմ, որ համոզեմ` ապրում եմ. կողքիդ եմ, և կողքիս չես: Այդպես ճիշտ է, բայց ոչ գեղեցիկ: Գեղեցիկ չէ, երբ իմ հեքիաթներում տեղ չունես,
թեև
գլխավոր
հերոս`
դու:
Դատարկվում
է
ներսս,
այրվում
խենթ
մտքերի
կրակից,
սեղմվում
են
հայացքներս
ու
քայլերս,
ոլորվում
եմ
մենության
ցավերից,
քեզ
մոտ
եմ
ուզում
վազել,
բայց
վազելու
համար
թևեր
են
պետք,
որ
այրել
եմ
անցյալներիս
հիմարության
մեջ:
Սառն
է
միայնությունը,
խենթին
հատուկ
մտքերի
մեջ
մի
հույս
է
ճրագվում.
դու
կգաս
մի
օր:
Բայց
կգաս
ոչ
դու
(դու
սխալ
ես).
կգա
մեկը
քո
պես,
կսիրի
ինձ
ճիշտ
այնպես,
ինչպես
դու:
Եվ
երբ
արտասվեմ
մարմնիս
ցավից,
ինձ,
ճիշտ
քեզ
պես,
քարշ
կտա
բժշկի
ու
կստիպի
բուժվել
(նա
իմ
մահը
չի
կարող
տեսնել):
Միայնության
ցավից
ես
մի
պառավ
խեղճ
եմ
դառել.
երիտասարդ
մարմնում
գորշ
ժպիտներ
են
պտտվում,
հրճվալից
ոռնում
ու
ծիծաղում:
Սիրտս
վանդակների
մեջ
է
առնված.
հիշողություններս
պաշտպանում
են:
Միայնության
մթի
մեջ
ես
հոսում
եմ
դեպի
քեզ.
կողքիս
չես:
Այդպես
ճիշտ
է
և
գեղեցիկ:
Ես միշտ մտածում էի, որ եթե ունես մի բաժակ տաք թեյ, և դրսում կաթող անձրևը չի հասնում անգամ ականջներիդ, ապա ամեն ինչ լավ է: Պարզվում է, որ որպեսզի ամեն ինչ լավ լինի, թեյն ու լռությունը բավարար չեն: Այո, մատներդ տաք են, անգամ վառվում են բաժակի տաքությունից, և ցավից հետ ես քաշում ձեռքերդ, ամուր սեղմում, եղունգներդ մխրճում ափիդ մեջ, բայց ներսումդ միևնույն է ցուրտ է. քիչ առաջ այդ նույն անձրևի տակ կանգնած լացում էիր: Մի-փոքր բարդ է դարձել ապրելը:
Ամեն շրջվող տարի իր հետ անծանոթ ու ծանր ապրումներ է շրջում-տանում: Եվ ամեն անգամ ես փորձում եմ ինքս էլ շրջվել, բայց գլուխս պտտվում է և վայր եմ ընկնում: Այդպես ինչ-որ ժամանակ մնում եմ ընկած գետնին, հաճախ անձրև կամ ձյուն է գալիս, միշտ մրսում եմ, հետո ինչ-որ կերպ բարձրանում եմ և փորձում պարզապես ուղիղ քայլել` հարբածի պես մերթընդմերթ սայթաքելով կամ էլ անհավասար քայլ գցելով:
Հիմա սուտ խոստումներ տալու ժամանակն է, որովհետև այդպես է կարգը: Բայց, որքան էլ դժվար է պատկերացնելը, հոգնել եմ Այո, ժպիտը
դեմքիս
է,
բայց
երբ
մենակ
եմ
մնում,
մեքենաների
մեջ
սլանում
եմ
փողոցներով
կամ
քայլում
եմ,
դեմքիս
մի
մկան
անգամ
չի
փորձում
ժպիտ
ստեղծել.
հոգնել
են
անգամ
նրանք:
Բայց
գիտեմ,
մոտ
է
այն
ժամանակը,
երբ
կրկին
կսկսեմ
անկեղծորեն
ժպտալ
ու
ջերմություն
զգալ
անգամ
ամենացուրտ
եղանակին:
Այդպես
է
կարգը…
Ներիր, խնդրում եմ, ներիր: Շշնջացի, բացականչեցի, տողադարձեցի հազար ներիր-ներ, բայց ի՞նչ. քեզ մո՞տ եկա: Որպես քաղցր թմրանյութ սիրում եմ քեզ և երբ քեզ հետ եմ, գտնում եմ ինձ ու սիրում ինձ: Կյանքում մեկ անգամ են սիրում. ես արդեն օգտագործել եմ իմ չափաբաժինը: Եվ շնորհակալ եմ, որ սիրեցի հենց քեզ, հենց այսպես` խենթաբար, մոլաբար, թաց աչքերով ու դողացող շուրթերով: Բառերս այնքան ուժ չունեն, որ պատմեմ, թե ինչ է կատարվում հոգումս: Առանց այդ էլ դու գիտես, ես գիտեմ: Եվ ոչ արտասվելու, ոչ էլ տառապելու իմաստ չկա այլևս, չէ՞ որ մենք հասկացել ենք, որ ճիշտ էինք գտել միմյանց: Սեր կա. այն մեր մեջ է և միշտ էլ այնտեղ է լինելու` լինենք հեռու, թե մոտ: Որքան եմ սիրում քեզ… Որքան եմ խենթանում քեզ համար: Բացի ինձնից քեզ ոչ ոք այդպիսին չի տեսնում: Վստահ եմ: Որովհետև քո կողքին էլ ես եմ ես: Աստված իմ, ինչու՞, ինչու՞ չկտրեցիր ձեռքերս ու ոտքերս, չլալկեցրիր լեզուս, չկուրացրիր աչքերս, ինչու՞ կողքիս չեղար, երբ գնում էի: Չէ՞ որ դու էլ գիտես, որ այսպես չպետք է լիներ. մենք պետք է օրինակ ծառայեինք, որ կյանքում սերը չի մահանում, դրա համար պայքարում ու հաղթում են… Ես այնքան էի ուզում հաղթել: Թող գեղեցիկ բառեր չեմ գրում, և մտքերս կապ չունեն միմյանց հետ, բայց սիրտս ցավում է, շատ է ցավում, էլ չի դիմանում այսչափ տանջանքի ու հեռավորության: Ես քեզ սիրել եմ ուզում այնպես, ինչպես մեր սիրո գարնանը: Եվ ուզում եմ… Ինքդ էլ գիտես, թե ինչ եմ ուզում… Ցուրտ է, շատ ցուրտ…
Ամեն ցերեկ կամ երեկո մենք բարևում էինք իրար: Դե միշտ այդպես է. դուք ապրում եք նույն բակում և արդեն իսկ ինչ-որ ընդհանուր բան ունեք: Հատկապես երբ ապրում եք կողքի մուտքերում, այն էլ` վերջին հարկում:
Անցնում էինք, բարևում, ես աննշան ժպտում էի, քանի որ միշտ էլ անզուսպ եմ եղել զգացմունքներիս մեջ: Դու՞: Դու ուրիշ դեպք էիր. լուրջ, բայց ինձնից էլ խելագար: Բարևում էինք իրար, մինչդեռ ոչ ոք չգիտեր, որ վաղ առավոտյան, երբ կատուները թաթերն են լպստում, հարբեցողներն էլ հուսահատաբար շշի միջից ցնդած օղի շնչում, մենք բարի լույս էինք մաղթել միմյանց:
Մարդիկ ատում են զարթուցիչները, քանի որ գիշերները հագեցած կյանք են վարում և դժկամորեն իրենց անկողին նետում այն ժամանակ երբ պետք է արթնանան: Ես գիշեր չէի տեսնում, քանի որ արևի մայր մտնելուց հետո անկողնում արևածագին էի սպասում:
Արևածագին, երբ մոթելներից օգտագործված պահպանակներ են դուրս տանում, իսկ հյուրանոցներից` թանկարժեք կանանց, ես արթնանում էի և վազում լոգարան: Ուշադիր զննում էի որովայնս, չափում այն և հանգստացած շունչ քաշում. հղի չէի: Ինքս ինձ համոզել էի, որ հեռուստացույցով երևացող մանկահասակ մայր-աղջիկները հղիանում են սիրահարվելուց: Այդպես է` սիրահարվեցիր, և ահա մի քանի շաբաթ անց հղի ես: Եվ երբ դու ծիծաղում էիր այդ համոզմունքիս վրա, ես անկեղծորեն նեղանում էի և դասագրքերով լի պայուսակով հարվածում գլխիդ:
Առավոտյան, երբ մայրանալ ցանկացող կանայք հերթական հիասթափությունն էին ապրում հղիության թեստի բացասական պատասխանից, իսկ երկար ցախավելներով տատիկները շենքերի մուտքերից օգտագործված ներարկիչներ էին ավլում, ես արագ-արագ հագնվում էի, հարդարվում, վերցնում նախաճաշս ու շտապում շենքի տանիք:
Ամեն առավոտ` դասի գնալուց առաջ, մենք հանդիպում էինք տանիքում: Սատկած ագռավների և տգեղ սարդոստայնների կողքին մենք` երիտասարդ ու գեղեցիկ, սիրում էինք իրար մանկաբար ու հիմարաբար:
Եվ այն ժամանակ, երբ հղիանալու իմ վախերը ցրելու համար դու որոշեցիր ցույց տալ ինձ, թե ինչպես են իրականում հղիանում, տանիքային մեր սերը վերածվեց շատ մեծ խնդրի մեր ծնողների համար:
Ինչ-որ շատ տարօրինակ բան կա նրանում, որ ոչինչ չգիտեմ քո մասին, բայց հպարտորեն ինքս ինձ հայտարարել եմ, որ մենք հարազատներ ենք: Մենք հանդիպում ենք ամեն օր. դու նստում ես այդտեղ, իսկ ես անշտապ ու դժկամորեն երթուղային եմ նստում և աշխատանքի գնում: Եվ եթե ինչ-որ մեկի, անգամ քեզ, ասեմ, որ սիրահարվել եմ քեզ, ծիծաղից բացի ոչինչ չեմ առաջացնի:
Աշխարհում ամենից շատ երազում եմ, որ չմրսես: Ախ թե համարձակ լինեի, քեզ ամեն առավոտ տաք շոկոլադ կբերեի: Մտածում եմ կհավանեիր իմ պատրաստած վաֆլե տորթը: Բայց բոլորն այն ճաշակում են, բացի քեզնից: Կյանքի հիմար անարդարությունների շարքը համալրվեց ամենամեծ անարդարությամբ: Գոնե ինձ համար:
Սիրած մարդկանց համար հիմար աղջիկները գեղեցկանում են, շպարվում, թանկարժեք զգեստներ կրում… Իսկ ես… Ես երևի իրավունք չունեմ շքեղության մասին մտածելու: Դու այդտեղ մրսում ես, երբեմն խեթ հայացքներ նետում վրաս, ավելի ուժեղ փաթաթվում հին ծածկոցի մեջ ու փակում աչքերդ: Դու գեղեցիկ ես, անչափ ու անսահման: Եվ երևի դա է միակ արժանիքդ: Ներիր…
Կանգառային մեր հանդիպումների ընթացքում ես մի բան եմ հասկացել. մենք երևի այդպես էլ չբարևենք իրար, և դու երևի այդպես էլ չիմանաս, թե որքան համեղ է իմ վաֆլե տորթը: Եվ երևի դադարեմ վաֆլե տորթ պատրաստել, որպեսզի ոչ ոք էլ չիմանա, թե որքան համեղ է այն: Այդպես ես կվերականգնեմ արդարության իմ չնչին մասնիկը: Գոնե ինձ համար:
Մեր ցուրտ քաղաքի կանգառներից մեկում ամեն առավոտ հանդիպում ենք ես և դու: Ես` հասարակ մի աղջնակ, դու` հասարակ անօթևան…
Աղմկոտ ու փոշոտ քաղաքը, որի փողոցները ճկվում են ավտոմեքենաների և մարդկանց հոգսերի ծանրությունից, այս գիշեր ողբում էր իմ և քո մահը:
Այսօր առավոտյան լուրերով հայտնեցին, որ նախորդ գիշեր քաղաքի բանուկ փողոցներից մեկի վրա ավտովթար է տեղի ունեցել. 200 կմ/ժ արագությամբ սլացող ավտոմեքենան բախվել է սյունին և հրդեհվել: Մեքենայում գտնվող տղամարդն ու կինը տեղում մահացել են:
Այդ ես և դու ենք: Հիմարություն է, չէ՞: Մենք կանք: Եվ մենք չկանք: Մենք ծիծաղում ենք: Հաջորդ վայրկյանին մահացած ենք:
* * *
Դու երբեք էլ չես ուզեցել, որ մենք միասին լինենք: Որովհետև այդպես ճիշտ չէր լինի: Այդ ես էլ գիտեի, բայց իմ բնազդները քեզնից ուժեղ էին:
Ուսանողական հանրակացարաններից մինչև լավ բնակարաններ, գիշերային ակումբներից մինչև հիվանդանոցների հերթեր ես կողքիդ էի, որովհետև մի պարզ բան կար. ես սիրում եմ քեզ: Երբ գլուխ էիր կոտրում քննությունների ժամանակ, երբ այդ նույն գլուխդ պատեպատ էիր տալիս ցավից, երբ բժիշկների ախտորոշումը լսելիս գլուխդ առել էիր ափերիդ մեջ… Ես այդ գլուխն եմ սիրել ու սիրում: Երբ գոռում էիր վրաս, որ հեռանամ, դռներ էիր փակում, սիրտդ էիր փակում, ես կուչ էի գալիս դռանդ առաջ ու սպասում այնքան, մինչև խոհանոցի ողջ սպասքը վերջանար և այլևս ոչինչ չլիներ փշրելու: Բացում էիր դուռը` ձեռքիդ կիսադատարկ շիշ, կիսադատարկ աչքերով նայում էիր ինձ ու դուռը բաց թողնելով գլխահակ ներս մտնում: Ես լուռ մտնում էի, քայլերս ուղղում խոհանոց և սկսում հավաքել ջարդուփշուր եղած ափսեներն ու բաժակները, որ հանկարծ չվնասեն քեզ:
Դու չէիր համակերպվում մահվան մտքի հետ. մահը չափազանց անսպասելի բան էր, որ պիտի պատահեր քեզ հետ: Եվ հետո ես… Մեկ սիրում էիր ինձ, մեկ ատում, զզվում, նողկում: Եղել է ծեծել ես ինձ միայն այն բանի համար, որ մահանալու էիր: Իսկ դու ինձնից երեխաներ էիր ուզում: Դեռ ուսանողական հանրակացարաններից: Խենթանալու աստիճան սիրում էիր ինձ, չնայած լավ տեսողություն չունեի և վատ երաժշտություն էի լսում: Վերջին ամիսներին երաժշտություն գրեթե չէի լսում. գլուխդ ցավում էր:
Ինձ երևի կսպանես (չնայած այսօր մենք մահացանք), բայց այդ իմ պատճառով մեր մարմիններն այսօր էլ չեն շնչում: Այն պահին, երբ փչացնում էի ավտոմեքենայիդ արգելակները, մտածում էի, որ միասնական մահը լավագույնն է, որ կարող էր պատահել մեզ հետ: Ու՞մ էր պետք քո տանջամահ լինելը, ու՞մ էր պետք լինելու իմ անքեզ գոյությունը…
Աղմկոտ ու փոշոտ քաղաքն այսօր ողբում է մեր մահը, իսկ ես սիրում եմ քեզ:
Ամեն անգամ, երբ քաղաքի թաքստոցներում գլուխդ կրծքիս դրած հանգիստդ էիր առնում, մտքիս էր գալիս, թե ինչպես մի անգամ ասացիր, որ ինձ նմանների հետ չեն ամուսնանում: Մատներս խառնում էի մազերիդ հետ, շրթունքներս սահեցնում մաշկիդ վրայով, աշխատում մինչև վերջին միլիգրամն անգիր անել բույրդ, որովհետև վստահ չէի, որ հաջորդ անգամը կլինի: Եվ չէի կարող ասել, որ սիրում եմ քեզ, որովհետև դա քեզ համար արժեք չուներ: Ես իմ սերն էի քեզ նվիրել, բայց դու ինձնից իմ մարմինն ու իմ ներկայությունն էիր միայն պահանջում: Եվ որքան էլ դողացնելով հպվեի տաք մարմնիդ, խնդրեի գրկել ինձ, ամուր գրկել, դու մտքերով լինելու էիր աշխատասենյակումդ, թղթերիդ ու պայմանագրերիդ չոր աշխարհում:
Քեզ իմ սերն այնքանով էր պետք, որքանով ինձ պետք էր քո մահը:
Քաղաքի թաքստոցներում ես քեզ ինձ էի նվիրաբերում, զոհաբերում, իսկ դու պարզապես գլուխդ դնում էիր ոտքերիս, փակում աչքերդ ու թողնում, որ սիրահարված մաշկս մահանալ ցանկանա քեզ հավերժ ունենալու անկարողությունից: Հաշված րոպեներ տևած մեր «սիրո» մեջ ես այնքան միայնակ էի, որ երբեմն այտերս թրջվում էին արցունքներով, իսկ դու չէիր էլ նկատում. պայմանագրերի աշխարհում արցունքներ չեն լինում:
Ինձնից պահանջվում էր միշտ լինել խելացի, խոհեմ, հասկացող, լուռ կամ շատախոս` ինչպես րոպեն կթելադրեր: Ես ինձ կապել էի մեր չգրված օրենքներով և հույս էի փայփայում, որ եթե լինեմ քո ուզածով ճկվող ու ծռվող տիկնիկ, դու կցանկանաս գլուխդ հաճախ դնել ծնկներիս ու ննջել:
Անվերջ հեռախոսազրույցներիդ մեջ բարդ բառեր էին պտտվում, քո հպարտ ծիծաղն էր լսվում, քո խիստ կարգադրություններն էին հնչում, իսկ ես կծկված մի անկյունում գրկում էի ծնկներս ու կատվիկի պես նայում, թե ինչպես ես սենյակի մի ծայրից մյուսը քայլում, մեկ ծխում, մեկ խմում, մեկ մազերդ ուղղում. ես համբուրել էի ծխախոտը բռնող այդ ձեռքերը, բաժակի եզրը գրկող շրթունքները, կոշտ մազերը: Ասում են` մազերը շատ բան են պատմում մարդու բնավորության մասին: Երևի այդ պատճառով էին մազերս բռերով թափվում…
Երբ սպառվում էին սիրո` ինձ տրված րոպեները, դու լուռ հագնվում էիր: Նույնը ես էի անում: Եվ տուն ճանապարհելիս համբուրում էիր այտս ու ականջիս շշնջում, որ կզանգես: Եվ մեքենայի մեջ նստած ես նայում էի մութ ճանապարհին ու գուշակում, թե երբ կզանգես, և արդյոք կզանգես, թե ոչ, և արդյոք ես ուզում եմ, որ զանգես, թե ոչ:
Հետո, մի օր, դու հոգնեցիր ինձնից և այլևս չզանգեցիր…
Դու ինձ միշտ տեսնում էիր իմ ամենաանփույթ հագուստով: Ի՞նչ արած. ամենատաք հագուստը միշտ անփույթ տեսք է ունենում: Շքեղ սրճարանները մեզ համար միայն այն բանի համար էին, որ այնտեղ ճաշող մարդկանց լեզու ցույց տայինք ու ծիծաղելով անցնեինք: Իսկ խանութներում տաքանում էինք և որոշում, որ երբ հարստանանք, կգնենք ամենը, հետո ավելի թանկ կվաճառենք հիմար մարդկանց: Նստում էինք տրամվայ, հասնում վերջին կանգառ, նստում մյուսն ու հետ գնում մինչև մյուս վերջին կանգառ: Տրամվայների դանդաղ հոսող գծերում մենք միմյանց սեր էինք տալիս ու տաքանում: Մի զույգ ձեռնոց ունեինք. մի ձեռքը ես էի հագնում, մյուսը` դու, իսկ անձեռնոց ձեռքով իրար ձեռք էինք բռնում ու տաքանում:
Հիշում եմ քեզ. միշտ երկարած մազերով, հաճախ չսափրված, բրդյա սվիտերով` վրան եղնիկներ, սև մաշված ջինսե տաբատով: Ձեռնոց չունեիր, որովհետև ամեն անգամ բաժանվելիս քո հատն ինձ էիր տալիս, որ մատներս չսառեն: Երբ հարցնում էի, թե ինչու չես մազերդ կտրում, ասում էիր, թե երկար մազերը պաշտպանում են ցրտից: Բայց ես գիտեի, որ գումարը խնայում ես, որպեսզի ինձ համար տաք թեյ գնես: Իսկ հազվադեպ սափրվելուդ պատճառն այն էր, որ ածելու ուշ-ուշ մաշվելու դեպքում կարող էիր ինձ քաղցր շոկոլադով ուրախացնել:
Ես քեզ հենց այդպիսին էի սիրում. չսափրված ու երկար մազերով:
Հետո տատիկդ մահացավ, և մենք տեղափոխվեցինք նրա տուն: Տարիների հնության մեջ կորած տունը մեր միակ հարստությունն էր: Ցրտից պաշտպանվելու միակ ձևն իրար անչափ ամուր գրկելն ու քնելն էր: Կոտրված պատուհանը գրկող թերթը մահանում էր քամու սառնությունից, իսկ ես քիթս թաքցնում էի պարանոցիդ մեջ ու դողացնում:
Ես քեզ հենց այդպիսին էի սիրում. սովածության բողոքներ հայտնող ստամոքսով և երազում արտասանած հայհոյանքներով:
* * *
Այժմ, երբ երկուսս էլ ճաշում ենք շքեղ սրճարաններում և գնումներ կատարում տաք խանութներում, մենք տրամվայների այս քաղաքում երկու անծանոթ ենք, որոնք ժամանակին բավարարվում էին մի ընդհանուր ձեռնոցով:
Արխիվ
-
▼
2013
(44)
-
▼
February
(14)
- Կուզե՞ս մեր սենյակում վարդեր լինեն
- Թաղելով երազներս
- Երկինք դարձար
- Եվ կցավես
- Մուգ վարագույրների հետևում
- Ամբոխների մեջ սևասեր
- Վանդակված սիրտն իմ
- Այդպես է կարգը
- Ցուրտ է, շատ ցուրտ…
- Կատուներն ու հարբեցողները
- Վաֆլե տորթ ու տաք շոկոլադ
- Հանրակացարաններից մինչև հիվանդանոցներ
- Մազերի ու բնավորությունների մասին
- Մի զույգ ձեռնոց
-
▼
February
(14)
Bonjour ու բարի գալուստ
Բարի գալուստ իմ հոգու ամենանուրբ աշխարհ… Ես այստեղ բացել եմ իմ սիրտը. խնդրում եմ` զգույշ կլինես: