Մազերի ու բնավորությունների մասին

Ամեն անգամ, երբ քաղաքի թաքստոցներում գլուխդ կրծքիս դրած հանգիստդ էիր առնում, մտքիս էր գալիս, թե ինչպես մի անգամ ասացիր, որ ինձ նմանների հետ չեն ամուսնանում: Մատներս խառնում էի մազերիդ հետ, շրթունքներս սահեցնում մաշկիդ վրայով, աշխատում մինչև վերջին միլիգրամն անգիր անել բույրդ, որովհետև վստահ չէի, որ հաջորդ անգամը կլինի: Եվ չէի կարող ասել, որ սիրում եմ քեզ, որովհետև դա քեզ համար արժեք չուներ: Ես իմ սերն էի քեզ նվիրել, բայց դու ինձնից իմ մարմինն ու իմ ներկայությունն էիր միայն պահանջում: Եվ որքան էլ դողացնելով հպվեի տաք մարմնիդ, խնդրեի գրկել ինձ, ամուր գրկել, դու մտքերով լինելու էիր աշխատասենյակումդ, թղթերիդ ու պայմանագրերիդ չոր աշխարհում:




Քեզ իմ սերն այնքանով էր պետք, որքանով ինձ պետք էր քո մահը: 



Քաղաքի թաքստոցներում ես քեզ ինձ էի նվիրաբերում, զոհաբերում, իսկ դու պարզապես գլուխդ դնում էիր ոտքերիս, փակում աչքերդ ու թողնում, որ սիրահարված մաշկս մահանալ ցանկանա քեզ հավերժ ունենալու անկարողությունից: Հաշված րոպեներ տևած մեր «սիրո» մեջ ես այնքան միայնակ էի, որ երբեմն այտերս թրջվում էին արցունքներով, իսկ դու չէիր էլ նկատում. պայմանագրերի աշխարհում արցունքներ չեն լինում:



Ինձնից պահանջվում էր միշտ լինել խելացի, խոհեմ, հասկացող, լուռ կամ շատախոս` ինչպես րոպեն կթելադրեր: Ես ինձ կապել էի մեր չգրված օրենքներով և հույս էի փայփայում, որ եթե լինեմ քո ուզածով ճկվող ու ծռվող տիկնիկ, դու կցանկանաս գլուխդ հաճախ դնել ծնկներիս ու ննջել:


Անվերջ հեռախոսազրույցներիդ մեջ բարդ բառեր էին պտտվում, քո հպարտ ծիծաղն էր լսվում, քո խիստ կարգադրություններն էին հնչում, իսկ ես կծկված մի անկյունում գրկում էի ծնկներս ու կատվիկի պես նայում, թե ինչպես ես սենյակի մի ծայրից մյուսը քայլում, մեկ ծխում, մեկ խմում, մեկ մազերդ ուղղում. ես համբուրել էի ծխախոտը բռնող այդ ձեռքերը, բաժակի եզրը գրկող շրթունքները, կոշտ մազերը: Ասում են` մազերը շատ բան են պատմում մարդու բնավորության մասին: Երևի այդ պատճառով էին մազերս բռերով թափվում… 


Երբ սպառվում էին սիրո` ինձ տրված րոպեները, դու լուռ հագնվում էիր: Նույնը ես էի անում: Եվ տուն ճանապարհելիս համբուրում էիր այտս ու ականջիս շշնջում, որ կզանգես: Եվ մեքենայի մեջ նստած ես նայում էի մութ ճանապարհին ու գուշակում, թե երբ կզանգես, և արդյոք կզանգես, թե ոչ, և արդյոք ես ուզում եմ, որ զանգես, թե ոչ: 


Հետո, մի օր, դու հոգնեցիր ինձնից և այլևս չզանգեցիր…

Share:

0 մեկնաբանություն