Ես և դու, մի հսկա տիեզերք, մի կյանք ժամանակ ու մի հատիկ սեր: Կաթ-կաթ, սերն է կաթում տողերիցս, հոսում քեզաշատ բառերովս, հասնում քեզատենչ վերջակետներին ու փնտրում, փնտրում ինձ, բայց չի գտնում. իմ սիրո մեջ եսը դու ես, դուն` ես, տիեզերաչափ սեր, սեր, սեր, սեր: Աչքերիս լույսը շողում է դեպի քեզ, բռնի˜ր: Հոգիս քո անունը տալով է երազ մտնում, արթնացի˜ր նրա կողքին: Ձեռքերս քո բջիջներն են փնտրում, հագեցրու˜ նրանց քաղցը: Շատ բան եմ պահանջում, չէ՞: Ներիր, բայց սերս շատ է, այն քեզ է պահանջում: Ներիր, բայց սերս մեծ է, այն քո օգնության կարիքն ունի:
Կարոտների թևերով կսավառնեմ, կգամ քեզ մոտ, որ ասեմ` առանց քեզ շնչել չեմ ուզում: Քայլել չեմ ուզում, թե ձեռքս չես բռնելու, ժպտալ չեմ ուզում, թե դու չես պատճառ լինելու: Ապրել չեմ ուզում, թե քեզ համար ու քեզնով չեմ ապրելու: Ուժերիս պահոցից մի բուռ ուժ վերցնելով` գլորում եմ վայրկյաններն ու մտքերիս հեքիաթում սավառնում, հասնում քեզ մոտ, գրկում հարազատ քեզ ու շշնջում` կարոտել էի: Կարոտում եմ, կարոտում եմ, անսահման, անհատակ, խենթացնող ու խելագարեցնող:
Երբ կողքիս ես, մի բան եմ աղերսում բնությունից` ժամանակ, կանգ առ, չեմ ուզում անհրաժեշտաբար հրաժեշտ տալ, չեմ ուզում գնալ ու նետվել միայնակությանս հորում: Ուզում եմ կորչել քեզ հետ, քո պատճառով, քեզ համար ու քո կողքին:
Հերիք չես, հասկանու՞մ ես: Թվում է` երբեք էլ չես հերիքելու: Մի անհաս երազի պես գալիս ես, ամփոփվում ինձ հետ, իսկ հետո գալիս է հրաժեշտը: Հրաժեշտները բութ դանակի պես են. գիտես, որ չեն սպանի, բայց միևնույն տեղին անընդհատ հարվածելով կարող են ծակել, սպանել անգամ:
Թե վազել, միայն քեզ մոտ: Թե երազել, միայն քո մասին: Թե պայքարել, միայն քեզ համար: Թե լռել, միայն քեզ հետ: Թե սիրել, միայն քեզ…
Իմ արևամոլ էության դատարկ դարակները բացականչում էին. «Արևի մուրաբաները վերջանում են, արևի մուրաբաները վերջանում են»: Իսկ ես հուսահատ նայում էի ներսս ու շշնջում. «Իսկ ի՞նչ կարող եմ ես անել: Լռե´ք, լալկվե´ք, ինձ հանգիստ թողե´ք»: Իմ արևակարոտ մարմնի մահացող բջիջները բռնվում էին մաշկիցս ու փրկություն աղերսում. «Մեզ արև տուր, մեզ արև բեր»: «Որտեղի՞ց, ինչպե՞ս: Թողեք ինձ»: Արևասեր իմ գոյությունը հանգչում էր, պահածոյացնում ամպրոպավախ ու կայծակախենթ իր մտքերն ու խեղդում արևամոռաց իր երազանքները:
Ժամացույցի սլաքները, հոգնած իմաստազուրկ ու իմաստակարոտ իրենց պտույտներից, հոգեվարքի մեջ մռնչացին. «Գնա արևիդ հետևից»: «Բավ է վազեմ, փնտրեմ, աղերսեմ, պահանջեմ, բավ է պայքարեմ: Ես կկանգնեմ այստեղ, նայե´ք, հենց այստեղ եմ կանգնելու ու արև եմ սպասելու: Թե չեկավ, կմեռնեք բոլորդ, կմեռնեք, լսու՞մ եք»:
Արևավախ իմ երկինքները ճեղքվեցին ու ձեռքերիցս ամուր բռնելով ինձ իրենց մոտ բերին, բարձրացրին, իսկ այնտեղ իմ արևն էր ինձ սպասում: «Դու գիտես, թե միայն դու՞ ես հոգնել փնտրելուց, սայթաքելուց: Ես քեզնից մեծ եմ, քեզնից առավել ես եմ հոգնել: Մի քայլ ես կանեմ, մի քայլ էլ դու. թե մոտենանք ու հասնենք իրար…»:
Քայլ, քայլ:
Արևատենչ իմ երջանկաորսը մայր է մտնում քո խաղաղ գրկում:
-Դու հրաշքներին հավատու՞մ ես:
-Ես հավատում եմ, որ երբ ինչ-որ բան շատ ես ցանկանում, այն իրականանում է:
-Իսկ ի՞նչ է հրաշքը:
-Հրաշքն այն է, ինչ մենք զգում ենք: Պարզունակություն է, չէ՞: Երջանկությունը պարզության մեջ է: Իսկ իմ հրաշքը քո անունն է կրում: Ես գտել եմ այն: Ես գտել եմ քեզ: Եվ գտել ինքս ինձ:
-Երջանի՞կ ես:
-Այո: Որովհետև դադարել եմ փնտրելուց, դադարել եմ մտածել, որ կյանքում ամեն ինչ մեր ձեռքում է: Ես սիրով հիշում եմ երեկը, սիրում եմ այս պահը, սիրելու եմ վաղը, որովհետև դու կողքիս ես լինելու, իսկ ես նայելու եմ աչքերիդ ու սուզվելու եմ աչքերիդ սիրո մեջ: Ես բռնելու եմ ձեռքդ և ամուր սեղմեմ, որպեսզի զգամ, որ ոչ մի տեղ չես գնա, ինձ մենակ չես թողնի: Դու գրկելու ես ինձ, շոյես վարսերս, համբուրես այտերս, ինձ քո փոքրիկն անվանես, իսկ ես սիրելու եմ քեզ: Երազանքների մեջ է մեր սերը, սիրո մեջ է մեր երջանկությունը: Շունչս կտրվում է, ներիր…
-Ես սիրում եմ քեզ:
-Ես սիրում եմ քեզ: