Դու խոստացար, որ մինչև մահը չբաժանի մեզ, կլինես կողքիս, բայց մահացար մեզնից էլ շուտ, այդպես արդա՞ր է: Դու խոստացար, որ կմոռանամ ամեն ցավ ու հիվանդ միտք, բայց սիրտս փշրվել է հազար մասի, ու սարսափելի ցավում են հատիկ-հատիկ մասնիկավոր սիրտս, միտքս, հոգիս, այդպես ճի՞շտ է: Ես խոստացա, որ մինչև վերջին շունչս կապրեմ քեզնով ու քեզ համար, բայց դավաճան քամիների հետ սլացա այնտեղ, որտեղ չկայիր, ինչու՞ այդպես վարվեցի: Մենք խոստացանք, որ կյանքը մի փոքրիկ արկած կլինի, մենք` աճպարար, բայց ստացվեց այնպես, որ վայր ընկանք մեր բարձրություններից, փշուր-փշուր եղանք մեր երազների հատակներում, և ավարտվեց ամենը, այդպե՞ս է կարգը: Եվ ո՞վ է մեղավոր իմ ներկա գորշության մեջ, դու՞, ե՞ս: Ես հոգնել եմ մեղավորներ փնտրելուց, հոգնել եմ քո մասին մտածելուց, մեր ապրած ամեն վայրկյանը հիշելուց ու այդպես էլ մեզ չպատահած երջանկությունը պատկերացնելուց: Դու չդարձար ինձ ամուսին, ես` քեզ կին, մենք չունեցանք երեխաներ և չվիճեցինք նրանց անունների համար: Դու ինձ համար զգեստներ չգնեցիր, իսկ ես այդպես էլ չիմացա, թե առավոտյան որքան թունդ սուրճ ես ըմպում: Մենք չարթնացանք միասին, դու ինձ ծաղիկներ չնվիրեցիր, իսկ ես փողկապդ չկապեցի: Մենք չվիճեցինք, և ես ջարդուփշուր չարեցի տան սպասքը, դու ինձ չսանձեցիր ու չսիրեցիր այնպես մոլագարորեն, որքան ես հիմա քեզ կարոտում եմ: Այսպես ճի՞շտ է: Դու կարդում ես տողերս, գուցե ոչինչ չես զգում, գուցե ես էլ այսքան ժամ բաժանումից հետո քեզ տեսնելիս ոչինչ չզգամ, գուցե ավելի խենթանամ դրանից, որովհետև գոնե հիմա ես ապրում եմ մեր մասին հիշողություններով: Իսկ դու ինձ նման ամեն երկուշաբթի որոշու՞մ ես մոռանալ ինձ, թերթել իմ էջն ու շարունակել ապրել: Իսկ քեզ մոտ ստացվու՞մ է: Ես դեռ ձախողում եմ: Այդպես արդա՞ր է...
Թե երբևէ եղունգներդ մխրճել ես ափերիդ մեջ ու ցավդ կուլ տվել, ինձ կհասկանաս: Կհասկանաս, որ ժամանակի հետ դադարում ես սպասել: Ու պայքարել: Կհասկանաս, որ ամեն պայքար չէ, որ արժե ցավերիդ ու հիասթափություններիդ: Ես սեր եմ հյուսել քո վերքոտ ափերում, բայց ոչինչ չի ստացվել: Ես կարոտ եմ կապել ուժեղ մատներիդ, բայց դու լվացվել ես մոռացության ջրերով ու կորչել ես ժամանակների լաբիրինթոսում` ինձ թողնելով ծնկաչոք ու միայնակ: Ես դադարեցի սպասել քեզ ու թույլ տվեցի, որ կարոտները կուլ տան ինձ էլ, իմ սերն էլ: Դու չհասկացար ինձ, չսլացար ինձ մոտ, երես թեքեցիր այն փոքրիկ երջանկություններից, որ ունեցել ենք ու անհետացար: Ես չփոխվեցի, դու չտեսար, դու այնքան բան չտեսար, որ հիմա չեմ էլ կարող պատմել: Դու դրա կարիքը չունես էլ, ինչպես չունես իմ ու իմ քնքշանքների կարիքը: Իսկ թե ունես, այնքան հպարտ ես, որ չես մոռանա ցավերդ ու հիասթափություններդ: Այնքան հպարտ, որ նոր պայքարի մասին չես էլ մտածի: Եվ պետք չէ. ամեն պայքար չէ, որ արժե սերերիս ու երջանկություններիս: Ժամանակի օվկիանների մեջ կկորենք, կխորտակվենք և երբ հույսի ալիքները մեզ համակերպվածության ափեր դուրս բերեն, մենք այլևս չենք հիշի միմյանց գոյության մասին: Մոռացության արևներ կշողան մեր վրա, քնքշության քամիները կխառնեն մեր մազերը, երջանկության անձրևները կմաքրեն մեր անմիմյանց հոգիները, և կսկսվի կյանք կոչվող ֆիլմի նոր սեանսը, որտեղ մենք կրկին կլինենք գլխավոր հերոսներ ու մոռացած միմյանց գոյության մասին կպարենք ու կխաղանք մեր դերերը` այդպես էլ չհասկանալով, թե ինչու են մեր մարմինների ստվերները գոյանում կարոտի շողերով: Սիրո ցերեկներին փոխարինելու կգան դատարկության գիշերները, բայց մեր ֆիլմը կանգ չի առնի ու մեզ հնարավորություն չի տա հետ գնալու և միմյանց գտնելու: Եվ մենք կպարենք ու կխաղանք` այդպես էլ չհասնելով միմյանց:
Եվս մեկ ձմեռ ճանապարհում ենք իրարից հեռու, բայց միմյանց կողքին: Միմյանց այնքան մոտ, որ հեռավորությունից սիրտս կտոր-կտոր է լինում: Այսպես չպետք է լիներ, բայց եղավ: Ես դադարել եմ հավատալ ճակատագրին, որովհետև իմ սեփական ձեռքով եմ ոչնչացրել մեզ: Հոգեվարքի մեջ գտնվող մեր զգացմունքները հիշողություն են դառնում, որովհետև, այո, մեծացել ենք: Կամ գուցե փորձում ենք հավատալ, որ ժամանակի հետ համընթաց մեծացել ենք ու հաղթահարել, համակերպվել: Հաղթահարել ենք մեր սերն ու համակերպվել մեր սիրո մահվան մեջ: Թե իմանայի, որ մահամերձորեն կապված եմ քեզ հետ, այսպես չէր լինի: Ես, որ առանց քեզ շնչել չէի կարողանում, մի օր արթնացա ու մտածեցի, որ գուցե չեմ կարողանում շնչել, որովհետև կողքիս ես: Ես, որ աստվածացրել էի քեզ, մի օր մտածեցի, թե գուցե սխալ են աստվածները` երկրի վրա կրկնօրինակներ իջեցնելով: Ու դարձա անհավատ: Երևի թե սխալ է, որ միմյանց կողքին մինիմալ քիչ ժամանակ անցկացրած մարդիկ մնացած մաքսիմալ ժամանակն անց են կացնում միմյանց մասին մտածելով ու կարոտելով: Սխալ է, բայց որքան էլ պայքարենք դրա դեմ, այն մեզնից ուժեղ է: Մեզ կապում են ավելին քան հիշողությունները, որոնց դեմ անզոր են մեր սուտ օրերն ու ամիսները: Տարիներն անցնում են, շրջվում են օրացույցների էջերը, բայց մի կարևոր բան չի փոխվում` ես սիրում եմ քեզ: Սիրում եմ այն առաջին րոպեից, երբ ձմռան ցուրտ երեկոյան սլացա քեզ մոտ, ու գրկեցիր ինձ: Սիրում եմ այն բոլոր պահերի չափ, երբ երջանիկ էինք ու հավատում էինք, որ ամեն բան լավ կլինի: Ամեն բան լավ չեղավ, բայց ես չդադարեցի սիրել քեզ նույնքան խենթաբար, որքան ատեցի մի պահ ու հեռացա: Մի կարևոր բան չի փոխվում` ես երբեք էլ չեմ դադարել քեզ սիրել: Բայց քո թուլության լռություններին ի պատասխան ես նույնպես ստիպված եմ լռել ու սպասել, թե երբ կրկին կուժեղանաս ու կգաս: Թե անգամ էլ երբեք այդքան ուժեղ չլինես, ես չեմ դադարի սիրել քեզ, որովհետև գոնե հիմա ես գիտեմ, թե այդ ինչ է իսկապես սիրելը, թեկուզ քեզնից տարիներով հեռու: Եվ թույլ տուր սրիկայաբար այնքան եսասեր լինել` մեզ մաղթելով մեր զգացմունքների մաքրության չափ հավիտենական կապվածություն իրարից, ներիր...
Այսօր մեր ամուսնության օրն է: Անցել է 14 տարի: Մենք երիտասարդ ու միամիտ, լի հույսերով ու համոզմունքով, որ աշխարհը մեր ոտքերի տակ է, իսկ մենք` թագավոր: Մեր համատեղ կյանքի ամեն տարին կաթիլ առ կաթիլ խլեց մեզնից մեր ինքնավստահությունը, իսկ սերը, որ թվում էր, թե անհաղթահարելի ու անսահման է, մի տեսակ մարեց, ինքներս էլ չհասկացանք, թե ինչպես: Գուցե մեզ բաժանեց ձվածեղի տարբեր տեսակները սիրելն ու դրա համար առավոտյան կռիվ անելը, գուցե երբեմն կեղտոտ մարմնավաճառների մոտ քո վազելը, գուցե այն մեկ անգամը, երբ հանդիպեցի նախկինիս ու համբուրեցի նրա ձեռքերը: Կամ գուցե այն, որ այս 14 տարվա ընթացքում այդպես էլ չսովորեցի գծով արդուկել տաբատներդ: Չսովորեցի նաև ճիշտ կապել փողկապներդ: Թեև պարտավոր էի:
Այսօր մեր համատեղ կյանքի 14-րդ տարին լրացավ: Մենք արդեն հասուն ու միամիտ, մեր դատարկ հույսերով ու աչքերի տակ պարկերով, ձեռքերի վրա կնճիռներով ու ճաքերով, հազիվ ձգվող ժպիտներով ու ցավեցող մեջքով: Նախկինում միմյանց մեջքով էինք թեքվում ու քնում միայն երբ նեղանում էինք իրարից, իսկ հիմա չենք էլ պատկերացնում, որ այդ դիրքից բացի այլ դիրք կա քնելու: Ես իհարկե վստահ եմ, որ երբ հանդիպում ես նրան ու «աշխատավայրում չափից դուրս շատ աշխատանք լինելու պատճառով» գիշերում նրա տանը, թեքվում ես դեմքով դեպի նա, անգամ գրկում այնպես, ինչպես ինձ` մեր համատեղ կյանքի առաջին տարիներին: Բայց անկեղծ ասած ինձ այնքան էլ չի հուզում, թե ում հետ, երբ, որտեղ և ինչու: Ես այդ «ինչուները» քեզնից էլ լավ գիտեմ:
Թե բախտս չբերի այնքան, որ այսօր «աշխատավայրում չափից դուրս շատ աշխատանք» չլինի, և դու շուտ գաս տուն և հիշելով, որ այսօր մեր ամուսնության օրն է` ինձ մի փունջ կարմիր վարդ բերես, ստիպված եմ լինելու ժպտալ ու խաբել, թե քո նվերը վաղը կտամ: Հետաքրքիր է, որ ժպտալու պատճառով կնճիռներ այդպես էլ չառաջացան մեր դեմքին: Եվ իմ ամեն «մենք պետք է խոսենք»-ին դու այդպես էլ չսովորեցիր «դու ամեն ինչ չափազանցնում ես»-ից բացի այլ պատասխան տալ:
Իսկ գիտե՞ս ինչ, թե այսօր բախտդ չբերի, և «աշխատավայրում չափից դուրս շատ աշխատանք» չլինի, և դու շուտ գաս տուն, ես վերջապես կասեմ քեզ, որ երբեք էլ չեմ սիրել կարմիր վարդեր: