Այսօր երազ տեսա: Տեսա, թե ինչպես էի եկել քեզ մոտ: Քնած էիր: Կարծես երազ էիր տեսնում: Կարծես ինձ: Ամեն շնչելիս կուրծքդ բարձրանում ու իջնում էր: Մի ձեռքդ դրել էիր կրծքիդ, իսկ մյուսով բարձն էիր գրկել: Ե՞ս էի: Հոնքերդ մեկ կիտվում էին, մեկ խաղաղվում: Կրկին ե՞ս էի զայրացնում: Լավ:
Կուզեի տեսնել կանաչ աչքերդ, բայց քնած էիր: Ոտնաթաթերիս վրա մեղմիկ մոտեցա քեզ: Հագիս սպիտակ շիֆոնե գիշերազգեստը հանեցի, վերցրեցի վերնաշապիկդ ու հագա: Քո բույրն էր: Իմ փոքրիկ մարմնին այն մեծ էր, կարող էի լողալ դրա մեջ: Ազատ էի: Դու խորը շունչ քաշեցիր, բայց քունդ չխանգարվեց: Կամաց նստեցի անկողնուդ, մատներիս ծայրով սահեցի ձեռքերովդ. փշաքաղվեցիր: Հասնելով ուժեղ մատներիդ կանգ առա, շրթունքներս մոտեցրի ու համբուրեցի: Դու կրկին խորը շունչ քաշեցիր: Շոյեցի գլուխդ, գեղեցիկ մազերդ համբուրեցի, այտս կպցրեցի այտիդ, համբուրեցի ճակատդ, մատներս սահեցրի փափուկ շրթունքներովդ, համբուրեցի նուրբ: Չէի ուզում արթնանայիր: