Թմրամոլանում եմ քո պատճառով, թմրանյութացնում եմ քեզ

Mon ami, դու հիասքանչ ես: Անկրկնելի գեղեցիկ ու տաք: Դու հիասքանչ ես: Եվ քո կողքին ես հիասքանչ եմ: 


Ես սավառնում եմ ամենագեղեցիկ աչքերիդ անսահմանությունում, ես կորցնում եմ ինձ քո տաք գրկում, ես հալչում եմ քո ամեն դիպումից, ու մարմինս սարսռում է քո ամեն համբույրից: Շունչս կանգ է առնում քեզնից, թմրամոլանում եմ քո պատճառով, թմրանյութացնում եմ քեզ. ես քեզնից կախում ունեմ: Ես կիլոմետրեր շարունակ փնտրել եմ քեզ, իսկ այժմ դու այստեղ ես՝ անտանելի մոտ, այնքան մոտ, որ շունչս կանգ է առնում, հետո հիշում, որ դեռ մի ամբողջ հավիտենականություն ունեմ կողքիդ անցկացնելու, և շնչում եմ: Ագահաբար շնչում մաշկիդ ամեն միլիմետրն ու խենթանում քո հարազատությունից. ասես միշտ էլ այստեղ ես եղել: Եվ աչքերս մթագնում են ձայնիցդ, մատներիցդ, իսկ երբ նայում ես ինձ, մեջքս ճեղքվում է. թևեր են դուրս գալիս. քո կողքին սավառնում եմ, ինչպես սավառնում ես իմ մտքերում. դու դրանցում անսահման ես:


-Դու ամենակարևորն ես դարձել, կարծես միշտ էլ եղել ես:


-Չգիտեմ՝ եղել եմ, թե ոչ, բայց այն, որ միշտ կլինեմ, գիտեմ:


Դու խոսում ես ինձ հետ, ես աչքերս մի կողմ եմ տանում, որովհետև թե մի փոքր երկար նայեմ, կսարսափեմ այդչափ երջանկությունից ու կփախչեմ հեռու: Դու իմ խավար օրերի լուսավոր արև, դու իմ հազարամյա տխրության մի տիեզերք ջերմություն, դու իմ միայնության ամենազոր թշնամի, դու իմ միակ, դու իմ հիասքանչ:


Կարոտում եմ քեզ, անչափ ու չափազանց շատ, տարօրինակաբար շատ, անհաշվելի ու անչափելի շատ: 


Եվ քո ժպիտը, որ ստիպում է հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի: Փակում եմ աչքերս, և գալիս ես դու: Եվ գիտե՞ս որն է ամենահիասքանչը. երբ բացում եմ աչքերս, կրկին դու ես. այնքան իրական, այնքան շոշափելի, որ խենթանալ է կարելի: Մատներս կարող եմ սահեցնել առնական ձեռքերովդ, կարող եմ մխրճվել մաշկիդ մեջ ու զգալ, թե ինչպես է բաբախում սիրտդ, ինչպես է բաբախում ինձնով, իմ շնչով, իմ շուրթերով ու դիպումներով: Ո՞վ կպատկերացներ, որ մարդու դիպումից մահանալ կարելի է. ես մահանում եմ քեզնից: Քո պարանոցը, քո շրթունքները, քո թիկունքը: Դու, դու, դու: 


Իրական ես, և իմն ես: Այլևս պետք չէ փնտրել. դու եկել ես, որ փրկես ինձ, եկել ես, որ քեզ նվիրեմ ամենակարևորը, որ քեզնով ապրեմ ու խելագարվեմ: Քո կողքին թույլ լինեմ, գլուխս դնեմ ուսիդ ու կարողանամ շնչել: Դու եկել ես, որ հասկանամ ամենակարևորը:


Ես:


Ես սիրում եմ քեզ:

Tags:

Share:

0 մեկնաբանություն