Այսօր երազ տեսա

Այսօր երազ տեսա: Տեսա, թե ինչպես էի եկել քեզ մոտ: Քնած էիր: Կարծես երազ էիր տեսնում: Կարծես ինձ: Ամեն շնչելիս կուրծքդ բարձրանում ու իջնում էր: Մի ձեռքդ դրել էիր կրծքիդ, իսկ մյուսով բարձն էիր գրկել: Ե՞ս էի: Հոնքերդ մեկ կիտվում էին, մեկ խաղաղվում: Կրկին ե՞ս էի զայրացնում: Լավ:


Կուզեի տեսնել կանաչ աչքերդ, բայց քնած էիր: Ոտնաթաթերիս վրա մեղմիկ մոտեցա քեզ: Հագիս սպիտակ շիֆոնե գիշերազգեստը հանեցի, վերցրեցի վերնաշապիկդ ու հագա: Քո բույրն էր: Իմ փոքրիկ մարմնին այն մեծ էր, կարող էի լողալ դրա մեջ: Ազատ էի: Դու խորը շունչ քաշեցիր, բայց քունդ չխանգարվեց: Կամաց նստեցի անկողնուդ, մատներիս ծայրով սահեցի ձեռքերովդ. փշաքաղվեցիր: Հասնելով ուժեղ մատներիդ կանգ առա, շրթունքներս մոտեցրի ու համբուրեցի: Դու կրկին խորը շունչ քաշեցիր: Շոյեցի գլուխդ, գեղեցիկ մազերդ համբուրեցի, այտս կպցրեցի այտիդ, համբուրեցի ճակատդ, մատներս սահեցրի փափուկ շրթունքներովդ, համբուրեցի նուրբ: Չէի ուզում արթնանայիր: 



Զգույշ պառկեցի կողքիդ: Բարձն ազատեցի, ձեռքդ տարա դեպի իրանս, սեղմվեցի քեզ: Ամուր գրկեցիր ինձ, բայց չարթնացար: Ձեռքս դրեցի կրծքիդ, դեմքով մտա պարանոցիդ տակ ու շնչեցի քեզ: Մարմնիս սառնությունը հաճելի էր քեզ, իսկ ես ջերմացրեցի սիրտս քո տաք մաշկով: Ավելի ամուր սեղմվեցի քեզ: Եվ փակեցի աչքերս: 


Այսօր երազ տեսա: Տեսա, թե ինչպես գեղեցիկ էինք, դու և ես: Իդեալական դու և իդեալական ես: Կարծես այդպես էլ պետք է լիներ: Ինչպես հեքիաթում, մեր իրական հեքիաթում: 


Հեքիաթներն իրականանում են, ես հավատում եմ, քանի դեռ դու կողքիս ես ու ջերմացնում ես ինձ քո տաք մարմնով, պաշտպանում անձրևից ու քամուց, պաշտպանում ինքս ինձնից, իմ վախերից ու ցավերից, խելագարությունից, անհավատությունից: Հեքիաթներն իրականանում են, քանի դեռ շնչում ենք, դու և ես:

Tags:

Share:

0 մեկնաբանություն