Արատավոր սովորությունների մասին

Ես մի արատավոր սովորություն ունեի. հույսս երբեք չէի կորցնում: Դա իմ մեծագույն և կարծես անուղղելի սովորությունն էր: Կենցաղային մակարդակով տհաճ ձևի չէի կորցնում հույսս, որ մի օր հանդիպելու եմ այն միակին, ով ընդունելու է իմ պես զզվելի ու անտանելի մեկին: Թե որ արժանիքիս համար, ինքս էլ չգիտեի: Ոչ երևելի արտաքին ունեի, ոչ բարձր սոցիալական դիրք, ոչ էլ առավել ևս այնպիսի ներքին հատկանիշներ, որոնք կստիպեին աչք փակել նախորդ երկուսի բացակայության վրա: Բայց ես շարունակում էի հույս փայփայել: Վերջին երկու դեպքը մի-փոքր սասանեցին ինքնավստահությունս, սակայն ոչինչ, կարծես, չէր փոխվելու, թեև պետք է, որ:
Առաջինը 32-ամյա մի տղամարդ էր: Հանդիպեցինք սրճարաններից մեկում: Այնտեղ տարիներ առաջ մենակ գնում էի ու ծխում: Բավականին համակրելի արտաքին ուներ՝ բարձրահասակ, թիկնեղ, հմայիչ ժպիտ ու բամբ ձայն ուներ: Հավաստիացնում էր, որ ինձ պես ամուսնալուծված է և փնտրում է «կարգին աղջկա»: Ես ևս մի սովորություն ունեմ. սարսափելի զարգացած ինտուիցիա ունեմ: Եվ ինտուիցիաս ինձ հուշում էր, որ նա ամուսնացած է: Բայց նա երդումներ տվեց, թե այս անգամ սխալ եմ զգում: Սրճարանից դուրս գալուց ինձ համար մի դեղին վարդ գնեց, դեմքի ռոմանտիկ արտահայտությամբ հանձնեց: Գնացինք այգի: Մթնում էր: Այգու խորքում բռնի ուժով համբուրեց ինձ, ապա գրկեց ու ասաց, որ մեզ մոտ ամեն ինչ հիանալի է լինելու: Այդ պահին միայն ցանկանում էի շուտ տուն հասնել ու լվացվել: Մութ էր, գրողի տարած այգում լույս չէր վառվում: Հետդարձի ճանապարհին, երբ արդեն մի քանի րոպե համր լռության և ատելությունից ու հիասթափությունից ծանրացած մթնոլորտի մեջ քայլում էինք, հեռախոսին զանգ եկավ: Կինն էր: Հասանք սրճարանի, ասաց՝ մտնեմ ծխախոտ գնեմ: Ասացի, թե դեմ չէ, ես մենակ կշարունակեմ ճամփան: Ասաց՝ գնա ու մտավ սրճարան: Հա, հա, թողեց ինձ մութ այգում, անհարմար բարձրակրունկներով ու գնաց: Քայլեցի, մեկ, երկու, երեք, չորս քայլ, քայլեցի հինգ, վեց, յոթ քայլ, վարդը դրեցի քարերից մեկին ու շարունակեցի ճամփաս: Այնպիսի մթություն էր, որ մատդ աչքդ մտցնեիր, չէիր տեսնի, իսկ ես քայլում էի անհարմար բարձրակրունկներով, մերթընդմերթ ոտքս սայթաքում էր, մի կերպ հավասարակշռությունս պահելով քայլում էի, մեկ, երկու, երեք, չորս: Վերջապես հասա այնտեղ, որտեղից այգու լուսավորված մուտքը երևում էր: Կանգ առա: Կրծքավանդակս ցավում էր: Նստարանին մի զույգ ինքնամոռաց համբուրվում էր: Լաց եղա: Անկառավարելի հիսթերիկ լաց սկսվեց, ու ես շարունակում էի քայլել: Հետևումս քայլեր լսեցի. նա էր: Ծխախոտը քաշելով եկավ անցավ կողքովս: Կյանքում այդքան նվաստացած կա՞ք: Ես կամ: Հասա փողոց, արցունքներս մաքրեցի, նստեցի տաքսի, եկա տուն:
Մյուսն երեկ էր: Սփյուռքահայերի մասին լավ բաներ եք լսել, չէ՞: Ես էլ: Իտալիայից էր գալու: Ասում էր գալիս եմ Հայաստան մշտական բնակեցման, բիզնես եմ սկսելու: Ասացի, որ ամուսնալուծված եմ, ասաց՝ ան մարդը, ով պիդ սիրե քեզի, քեզի մոդեն չի փախչիլ ադոր համար: Հանդիպեցինք երեկ, գնացինք սրճարան, սուրճ ըմպեցինք, նա աչքերի հիացական արտահայտությամբ նայում էր ինձ, ապա տուն ուղեկցեց, երդումներ տվեց, թե երբեք ինձ չի ցավեցնի, ուզում էր կողքիս լինել, դե գիտեք, այն շաբլոն տեքստը, որ բոլորն ասում են: Ասաց՝ վստահիր ինձ: Ես էլ քմծիծաղ տալով ձայնի նրբիկ տոնով ասացի՝ վստահում եմ: Գրում էր՝ կարոտում եմ՝ քեզի շադ եմ կարոդել անուշիգ աղջիգ: Այսօր հանդիպեցինք, գնացինք քաղաքի լավագույն ակումբներից մեկը, ասաց գնանք այգի, որտեղ մարդ մըն չկա, մութ այգի մըն:  Այգի չգնացինք, դեմքիս արտահայտությունը փոխվեց, նա էլ մեղադրեց ինձ, թե իրեն նեղացուցի, անհավադ եմ, ինջբես չեմ ամաջում, իրեն մասին փիս-փիս բաներ գմդաձիմ: Ասաց՝ քեզի հաջելի չէ՞ հոս, ինձի հեդեն: Ասացի՝ ոչ, տուն եմ ուզում: Ասաց՝ գնա: Պայուսակս վերցրի, դուրս եկա: Նա հետևիցս դուրս եկավ, ասաց ինջու՞ հաջելի չէ, ասացի՝ մտածիր ինքդ: Ու գնացի: Նա էլ մնաց ակումբում, որտեղ արդեն կարող էր ծանոթանալ կարճ զգեստով ու երկար մազերով այն աղջկա հետ, ում աչքերով խջռում էր այդ ողջ ընթացքում: Ես կրկին քայլում էի փողոցով, քաղաքում մարդիկ էին, ծանոթ ու անծանոթ, տհաճ ու ավելի տհաճ: Փողոցն անցա, տաքսի նստեցի, մեքենայի մեջ հեկեկացի, ապա դիմահարդարումս կարգի բերեցի, եկա տուն:
Իմ ամենամեծ սխալն այն էր, որ չնայած ամեն ինչի՝ ես հույսս չէի կորցնում: Ես անկեղծ հավատում էի, որ եթե մի անգամ սխալվել ես, աշխարհը քեզ ևս մեկ անգամ չսխալվելու հնարավորություն կտա: Եվ գիտեի, որ այդպես լինում է, ես տեսնում էի օրինակներ, բայց երբ բանը հասնում էր ինձ, ամեն ինչ չորանում էր: Ամեն անգամ, երբ ես, լիահույս, որ ահա, կարծես ամեն ինչ ստացվում է, սկսում էի մի-փոքր հավատալ հրաշքների, դեմքով ցեխի մեջ էի հայտնվում: Ժամանակն էր հասկանալ, որ կյանքում հրաշքներ պատահում են միայն ուրիշների հետ, իսկ ես… Իսկ ես պետք է շարունակեի հույսս չկորցնել, ամեն անգամ վերջին պոռնիկի պես նվաստացած հասնել տուն, ձևացնել, թե ամեն ինչ լավ է, լվացվել ու մտնել սենյակ, որտեղ աղջիկս խաղաղ ննջում էր: Ես իրավունք չունեի նայել նրան, ես ամենավերջին մայրն էի, ամենավերջին կինն էի, ես մի կործանված կին էի, ով դադարել էր հավատալ, ով վանդակել էր իրեն իր դժբախտության մեջ, ով ատում էր բոլոր տղամարդկանց, որովհետև ամբողջ կյանքում գոնե մեկին չէր հանդիպել, ումից հետո չէր սարսափել: Հա, կան այդպիսի կանայք, որ միայն վատ տղամարդկանց են հանդիպում. ես այդ կանանցից էի, որովհետև ինքս էլ ինձնից մի երևելի երևույթ չէի ներկայացնում: Միշտ էլ դժվար է, չէ՞, գիտակցել, որ մեզ հանդիպած սխալ մարդկանց համար մեզնից բացի ոչ ոք մեղավոր չէ, ուստի ես ամեն անգամ հավաստիացնում էի ինձ, որ լավ ինտուիցիայի հետ միասին ես պարզապես վատը ձգելու հատկություն ունեմ:

Իսկ իմ կյանքում ցավոք ոչինչ չփոխվեց:

Share:

0 մեկնաբանություն