Կողպեք

Ես այրվում էի տենդի մեջ, բայց շարունակում էի հատակին նստած շոյել մեր մազոտ շանը: Նա գլուխը դրել էր ոսկրոտ ծնկներիս, ժամանակ առ ժամանակ գլխի դիրքը փոխելով, ասես ուզում էր քիչ թե շատ հարմար տեղավորել իր մեծ գլուխն իմ փոքր ու անհարմար ծնկներին: Նա կարող էր միանալ Թիին, պառկել բազմոցին, բայց չգիտես ինչու կողքիս էր` հատակին: Թին նախորդ օրվա թերթն էր ընթերցում, մերթընդմերթ գլուխը ցույց տալով թերթի հետևից և հարցական նայելով պատից կախված ժամացույցին, իսկ ես շոյում էի շան գլուխն ու մի կերպ կոկորդս լցնում արդեն վաղուց գոլացած թեյը: Թեյի գույնը վերջացել էր, և ես ստիպված ողողել էի թեյամանը եռացրած ջրով` հույս ունենալով, որ այդպես էլ վատ թեյ չէր ստացվի: Կարծես թե թեյաջուրը պետք է անցկացներ կոկորդացավս:
Տենդը թափահարում էր մարմինս դողով. ջերմությունը բարձրանում էր: Ես հիշում էի, որ վերջին ջերմիջեցնողը Թիին էի տվել երկու շաբաթ առաջ, երբ նա պառկել էր նույն տենդով: Ես շատ լավ գիտեի, որ եթե նրան խնդրեմ իջնել դեղատուն ու մի դեղ բերել, նա կփնթփնթար, թե ում են պետք այդ դեղերը, եթե հիվանդությունն ինքն իրեն անցնում է, հատկապես երբ խոսքը սովորական մրսածության մասին է: Նա չէր հիշի, կամ չէր ցանկանա հիշել, որ եթե այդ նույն դեղերը չլինեին, նա հիմա նախորդ օրվա թերթը չէր ընթերցի: Ոտքերս թմրել էին շան գլխի ծանրությունից, բայց ուժ չունեի նրան մի կողմ հրել: Աչքերս ծանրացել էին այնքան, որ հազիվ էի դրանք բաց պահում: 


-Թի…


-Հըն:


-Գնամ պառկեմ:


-Ժամը քանի՞սն է, որ գնում ես:


-8-ը չկա,- հազիվ լսելի շշնջացի:


-Հըմ:


-Թի…


-Գնա:


-Չեմ կարողանում վեր կենալ…


-Հըմ:


Շունը առույգացած իմ մենախոսությունից մի կողմ քաշվեց, ոտքի ելավ և պոչը թափ տալով լպստեց հատակին հենած ձեռքերս: Թմրած մատներս խուտուտ եկան, էլ ավելի տաքացան, ապա սառեցին: Ծանրացած ձեռքս ազատելով թեյի բաժակից հենվեցի կողքս դրված ճամպրուկին ու սկզբից ծնկի եկա, ապա մի կերպ բարձրացա: Խարխափելով, կարծես կույրը, դողացող մարմինս քսելով սառը պատերին հասա ննջասենյակ: Անկողինը հավաքած չէր: Առաջին անգամ չհավաքած անկողինն ինձ ուրախացրեց: Դանդաղ մոտեցա անկողնուն, նստեցի ծայրին, գլուխս կախեցի, որ կոշիկներիս քողերն արձակեմ :ու: վայր ընկա:






Երբ արթնացա, մթնել էր: Հատակին պառկած էի: Ստամոքս ոլորվում էր սովից, շնչառությունս ծանրացել էր: Գլուխս մասերի էր բաժանվում ցավից: Շունը, տեսնելով, որ արթնացել եմ, կամաց վնգստաց ու պոչը թափ տվեց: Ջերմությունը կարծես մի-փոքր իջել էր. դա էր վկայում մարմնիս կպած քրտնած հագուստս: Փորձեցի վեր կենալ: Անկողնու ծայրին հենվելով կքանստեցի, ապա ամբողջովին ոտքի ելա: Գլուխս պտտվում էր: Առաջինը, որ արեցի, թաց հագուստս փոխեցի: Երբեք չէի նկատել, որ կարմիրն ինձ չի սազում: Եվ հետաքրքիրն այն էր, որ բլուզներիս մեծ մասը հենց կարմիր էր: 


Ցուրտ էր: Վրաս լոգանքի խալաթ գցեցի ու ոտքերս հազիվ քարշ տալով գնացի հյուրասենյակ: Թին այնտեղ չէր: Թերթը կիսաբաց դրված էր բազմոցին, մոխրամանը լիքն էր կիսատ ծխած գլանակներով, հատակին թեյիս բաժակն էր: 


Խոհանոցի լույսը վառվում էր. թեյաջուրը պատրաստելիս չէի անջատել լույսը: Հատակից վերցրեցի բաժակը: Ներսի սպիտակ մակերեսին թեյի օղակաձև լաքա էր մնացել: Դանդաղ գնացի խոհանոց, բաժակի պարունակությունը թափեցի լվացարանի մեջ, մոտեցա սառնարանին, բացեցի: Դատարկ էր: Հացի պահարանի դուռը կիսաբաց էր. այնտեղից ինձ էր նայում երեք օր առաջ գնած հացի բորբոսնած կտորը: Եթե բորբոսնած մասերը զգուշորեն հեռացնեի, բավականին տանելի տեսք կունենար, անգամ կարելի կլիներ ուտել: Այդպես էլ արեցի: Քանի որ թեյաջրի վրա հույս դնել չէր կարելի, թեյնիկի մեջ եղած ջուրը պարզապես եռացրեցի ու խմեցի լաքայոտ բաժակով: 


Շունն ինձ էր նայում: Սեղանի վրա հացի բորբոսներից գոյացած փոքրիկ կույտ էր: Լցրեցի ափիս մեջ ու ձեռքս մեկնեցի շանը: Նա առանց երկար մտածելու թաց մռութը մոտեցրեց ափիս ու լեզվի երկու շարժումով մաքրեց այն: Նա սպասումով նայում էր աչքերիս, կարծես ուզում էր հարցներ` էլ չկա՞: 


-Էլ չկա,- կեղծ ժպիտը դեմքիս մռմռացի ես, չգիտեմ էլ դիմելով շանը, թե ինձ:


Թին չկար: Հավանաբար դուրս էր եկել գիշերային զբոսանքի, որոնք ավելի ու ավելի հաճախ էին դարձել և միշտ ավարտվում էին, երբ նա հարբած ու գազազած տուն էր գալիս ու հարձակվում ջրի շշի վրա: Նա շատ էր ծարավում և հաճախ այնքան հոգնած էր լինում, որ քնում էր խոհանոցին` փայտե աթոռին նստած, գլուխը դրած սեղանին: 






Երկու թե երեք ամիս առաջ հարևանուհու տուն գող էր մտել: Թալանել էր առանց այդ էլ աղքատ տունը` տանելով տան սպիտակեղենը, երկու մաշված գորգն ու կերամիկական սպասքը: Տիկնոջ ամուսինը լքել էր կնոջն և երեք երեխաներին, և այդ օրվանից գործերն էլ ավելի վատ էին: 


Կամաց թակեցի նրանց դուռը: Երրորդ անգամ թակելուց հետո տիկինը բացեց դուռը` հապճեպ կոճկելով տնային խալաթն ու փորձելով տեսքի բերել գզգզված մազերը:


-Ախ, այդ դու ես, անուշիկս, ես…դե… մի-փոքր զբաղված եմ, ի՞նչ է պատահել,- ննջասենյակի կիսաբաց դռնից երևում էր անկողնուն պառկած մի տղամարդ` մազոտ հաստ փորով ու ճաղատ գլխով: Նա դանդաղ քաշում էր գլանակի պարունակությունն և ուսումնասիրում մուգ գուլպաները: 


-Ներեցեք, չէի ուզում խանգարել, այսինքն անհանգստացնել,- կմկմացի ես:


Տիկնոջ դեմքը խոժոռվեց: Շտապեցի անցնել բուն խնդրին.


-Ինձ այն վարպետի հեռախոսահամարն էր պետք, ով փոխել էր ձեր տան կողպեքը:


-Ահ, հիմա, սպասիր աղջիկս, հիմա,- ասաց տիկինն ու դուռը փակելով անհետացավ: Մի քանի վայրկյանից նա կրկին բացեց դուռն ու ասաց.


-Թելադրեմ, գրիր:


-Ասեք, կհիշեմ:





Թին երեկ տուն չմտավ: Լուսաբացին մոտ նա, հարբած ու գազազած, հասավ տուն, բայց դռան մոտ միայն ճամպրուկի մեջ տեղավորած իր հագուստն ու նախորդ օրվա թերթը գտավ:

Share:

0 մեկնաբանություն