Կարոտել եմ: Ահավոր եմ:

Հարցն այն չէ, որ միայնության մեջ սովորում ես ատել ինքդ քեզ: Այն չէ անգամ, որ միայնությունն այնքան է ձուլվում մաշկիդ, որ օտար դիպումներից այրվում ու ցավում է: Այն չէ նաև, որ ժամանակի հետ դադարում ես տարբերել միայնությունը անսովորությունից: Միայնությունը շնչում է քեզ, արտաշնչում մտքերդ, մտորումներդ, այն պատում է սևացող եսդ, մթնում ես, գորշանում, արտացոլում ես թուլությունդ, որ մարդկանց, չգիտես ինչու, ուժ է թվում: 


Ես կարոտել եմ քեզ: Հարցն այն է, որ այդպես ճիշտ չէ: Այդպես չպետք է լիներ, բայց ես խենթի պես կարոտել եմ քեզ: Եվ չպետք է թուլանամ, որովհետև որոշել եմ ծերանալ քեզնից հեռու: Որոշել եմ: Այո: Շատ հստակ: Դու չպետք է տեսնես իմ թուլությունն ու կնճռոտ դեմքը: Կհիշես ինձ երիտասարդ, երբ դեռ այնքան պայծառ էի, որ լույս էի ճառագում:


Ես չեմ ուզում, որ դու տեսնես, թե ինչպես եմ փոխվում, ինչպիսին եմ լինում սև ժամանակ, ինչպես եմ փոխում բնույթս, այլափոխվում, տձևանում: Ես պատրաստ չեմ պայքարել կողքիդ, պայքարել ինքս իմ դեմ, հանուն քեզ ու մեզ, թեև աշխարհում ամենից շատ ուզում եմ, որ գաս ու ինձ հեռու տանես այս ամենից: Փոխարենը ես վախկոտ սևության պես փախչում եմ: Ինքս ինձնից եմ փախչում: Ես ահավոր եմ:


Կարոտել եմ քեզ: Մաշկիդ ջերմությունն եմ կարոտել, ինձ հպվող շնչառությունդ, հպումներդ կրքոտ ու նուրբ, համբույրներդ կարոտով ու կանչով լի, հայացքներդ ցանկությամբ ու վստահությամբ: Ձեռքերդ, մազերդ, թիկունքդ: Բարձր հասակդ, ձեռքս ամուր բռնող ձեռքդ, վարսերս շոյող մատներդ: Կարոտել եմ: Բայց ես ահավոր եմ: 


Ամեն ինչ անցնում է. ներկան անցյալ է դառնում, մենքը կիսվում է, փոքրանում ու դառնում դու և ես, ապագան հեքիաթ է դառնում, հույսերը հիմար են թվում, խոսքերը փուչիկի պես պայթում են, միայն մի բան է անփոփոխ մնում` վախը: Ձախողելու, կորցնելու, միայնակ մնալու վախը:


Միայնությունը սև, բայց ապահով է: Այն քեզ չի սիրում, բայց չի էլ լքում այն պահին, երբ ամեն ինչ լավ է: Այն քեզ ապահովում է մշտական վատ տրամադրությամբ: Բայց այդպես ապահով է: Իմ միայնության մեջ ոչ դու կաս, ոչ մենք: Ես ահավոր եմ:


Կարոտել եմ քեզ:


Ես ահավոր եմ:


Կարոտել եմ քեզ:


Փրկիր ինձ ինձնից:

Tags:

Share:

1 մեկնաբանություն