2 3 Mari Love : Մատներիդ կարոտ եմ կապել
Մտքեր

Մատներիդ կարոտ եմ կապել

By Wednesday, February 12, 2014

Թե երբևէ եղունգներդ մխրճել ես ափերիդ մեջ ու ցավդ կուլ տվել, ինձ կհասկանաս: Կհասկանաս, որ ժամանակի հետ դադարում ես սպասել: Ու պայքարել: Կհասկանաս, որ ամեն պայքար չէ, որ արժե ցավերիդ ու հիասթափություններիդ: Ես սեր եմ հյուսել քո վերքոտ ափերում, բայց ոչինչ չի ստացվել: Ես կարոտ եմ կապել ուժեղ մատներիդ, բայց դու լվացվել ես մոռացության ջրերով ու կորչել ես ժամանակների լաբիրինթոսում` ինձ թողնելով ծնկաչոք ու միայնակ: Ես դադարեցի սպասել քեզ ու թույլ տվեցի, որ կարոտները կուլ տան ինձ էլ, իմ սերն էլ: Դու չհասկացար ինձ, չսլացար ինձ մոտ, երես թեքեցիր այն փոքրիկ երջանկություններից, որ ունեցել ենք ու անհետացար: Ես չփոխվեցի, դու չտեսար, դու այնքան բան չտեսար, որ հիմա չեմ էլ կարող պատմել: Դու դրա կարիքը չունես էլ, ինչպես չունես իմ ու իմ քնքշանքների կարիքը: Իսկ թե ունես, այնքան հպարտ ես, որ չես մոռանա ցավերդ ու հիասթափություններդ: Այնքան հպարտ, որ նոր պայքարի մասին չես էլ մտածի: Եվ պետք չէ. ամեն պայքար չէ, որ արժե սերերիս ու երջանկություններիս: Ժամանակի օվկիանների մեջ կկորենք, կխորտակվենք և երբ հույսի ալիքները մեզ համակերպվածության ափեր դուրս բերեն, մենք այլևս չենք հիշի միմյանց գոյության մասին: Մոռացության արևներ կշողան մեր վրա, քնքշության քամիները կխառնեն մեր մազերը, երջանկության անձրևները կմաքրեն մեր անմիմյանց հոգիները, և կսկսվի կյանք կոչվող ֆիլմի նոր սեանսը, որտեղ մենք կրկին կլինենք գլխավոր հերոսներ ու մոռացած միմյանց գոյության մասին կպարենք ու կխաղանք մեր դերերը` այդպես էլ չհասկանալով, թե ինչու են մեր մարմինների ստվերները գոյանում կարոտի շողերով: Սիրո ցերեկներին փոխարինելու կգան դատարկության գիշերները, բայց մեր ֆիլմը կանգ չի առնի ու մեզ հնարավորություն չի տա հետ գնալու և միմյանց գտնելու: Եվ մենք կպարենք ու կխաղանք` այդպես էլ չհասնելով միմյանց:

Նույն թեմայի մեջ

6 մեկնաբանություն

  1. Փշաքաղվեցի :( իսկ վերջում հազիվ էի արցունքներս զսպում... Մարի, անսահման մեծ տաղանդ ունես մարդկանց ամենախորը ու նվիրական զգացմունքները վեր հանելու: Ուղղակի հիանում եմ քո մարդ տեսակով: Հուսով եմ մի լուսավոր օր քո ստեղծագործությունները կտպագրվեն ու ես առաջին գնորդներից կդառնամ... :)

    ReplyDelete
    Replies
    1. Շատ շնորհակալ եմ :*

      Delete
    2. Ես եմ շնորհակալ)) Ու եթե շատ խնդրեմ հենց սկզբում հնչող երաժշտության անունը կասե՞ս:)))

      Delete
    3. Bandari – Princess Of The Moon :)

      Delete
    4. Mari, es uxxaki papandzvel em
      Bravo!!!!!!!!!!

      Delete
  2. շատ լավն էր Մար, լաց եղա :((( <3

    ReplyDelete