Մուգ վարագույրների հետևում

Իմ քաղաքի արևները, որ ծագել են անամոթաբար ու քուն մտել` անսովորաբար, ինձ սիրել են հենց սկզբից: Եվ կողքիս են եղել իմ ծննդյան առաջին պահից` շոգ ու լուռ հուլիսյան մի տաք օրվանից: Բայց արի ու տես, որ արևալի աղջնակը, որ ապրում էր իմ մեջ, պիտի մարեր քեզ հանդիպելուց հետո:


Դու մեր քաղաքի ամենագեղեցիկ երիտասարդներից էիր, իսկ ես հազիվ էի նշմարվում լիքն ամբոխների մեջ: Մենք, որ ապրում էինք մեր քաղաքի տարբեր ծայրերում, նույն անունով մայրեր ունեինք: Եվ դա էր մեր միակ նմանությունը: Ծիծաղելի է: 


Ծիծաղելի է, բայց ես` աննշան ու թախծոտ մի աղջնակ, կարողացա գրավել քո ուշադրությունը: Դու նայեցիր, ես նայեցի, դու ժպտացիր, ես գլուխս իջեցրի: Այդ պահից ես քոնն էի: Եվ դու ուրախ էիր: Ում էլ պատմեի, որ դու` մեծն երիտասարդը, ինձ տարբերել ես հսկա ամբոխից, կծիծաղեր ու մի բան էլ` կծաղրեր ինձ: Ուստի ես լուռ էի, ինչպես այն վարագույրները քո ընկերոջ տանը: Թավշե, մուգ կարմիր գույնի վարագույրների հետևում դու մի անգամ ասացիր, որ սիրում ես ինձ: Ես գլուխս իջեցրի: Այդ պահից ես ես չէի: Ու ոչ էլ քոնն էի արդեն: Իմ կարմրած այտերը մատնեցին պարտությունս, և դու տիրեցիր ինձ: Առաջին ու վերջին անգամ: Ոչ, ես դեմ չէի: Գուցե եթե հասկանայի ինչն ինչոց է, գլուխս առնեի ու փախչեի, բայց չհասկացա կամ էլ չցանկացա հասկանալ: 


Քո ընկերոջ տան վարագույրներն իմացան իմ պարտության և քո հաղթանակի մասին, իսկ դու լուռ հագնվեցիր, համբուրեցիր ճակատս ու ինքնասեր ժպիտը դեմքիդ հեռացար: Այդ օրվանից մեր քաղաքի արևները մոռացան ինձ: Եվ ես մնացի այնտեղ` մուգ վարագույրների հետևում:



Share:

2 մեկնաբանություն

  1. Մարի ջան ոչ թե կծիծաղար,այլ կծիծաղեր:

    ReplyDelete