2 3 Mari Love : Այդպես է կարգը
Մտքեր

Այդպես է կարգը

By Wednesday, February 13, 2013



Ես միշտ մտածում էի, որ եթե ունես մի բաժակ տաք թեյ, և դրսում կաթող անձրևը չի հասնում անգամ ականջներիդ, ապա ամեն ինչ լավ է: Պարզվում է, որ որպեսզի ամեն ինչ լավ լինի, թեյն ու լռությունը բավարար չեն: Այո, մատներդ տաք են, անգամ վառվում են բաժակի տաքությունից, և ցավից հետ ես քաշում ձեռքերդ, ամուր սեղմում, եղունգներդ մխրճում ափիդ մեջ, բայց ներսումդ միևնույն է ցուրտ է. քիչ առաջ այդ նույն անձրևի տակ կանգնած լացում էիր: Մի-փոքր բարդ է դարձել ապրելը:

Ամեն շրջվող տարի իր հետ անծանոթ ու ծանր ապրումներ է շրջում-տանում: Եվ ամեն անգամ ես փորձում եմ ինքս էլ շրջվել, բայց գլուխս պտտվում է և վայր եմ ընկնում: Այդպես ինչ-որ ժամանակ մնում եմ ընկած գետնին, հաճախ անձրև կամ ձյուն է գալիս, միշտ մրսում եմ, հետո ինչ-որ կերպ բարձրանում եմ և փորձում պարզապես ուղիղ քայլել` հարբածի պես մերթընդմերթ սայթաքելով կամ էլ անհավասար քայլ գցելով:

Հիմա սուտ խոստումներ տալու ժամանակն է, որովհետև այդպես է կարգը: Բայց, որքան էլ դժվար է պատկերացնելը, հոգնել եմ Այո, ժպիտը դեմքիս է, բայց երբ մենակ եմ մնում, մեքենաների մեջ սլանում եմ փողոցներով կամ քայլում եմ, դեմքիս մի մկան անգամ չի փորձում ժպիտ ստեղծել. հոգնել են անգամ նրանք: Բայց գիտեմ, մոտ է այն ժամանակը, երբ կրկին կսկսեմ անկեղծորեն ժպտալ ու ջերմություն զգալ անգամ ամենացուրտ եղանակին: Այդպես է կարգը

Նույն թեմայի մեջ

0 մեկնաբանություն