Հանրակացարաններից մինչև հիվանդանոցներ

Աղմկոտ ու փոշոտ քաղաքը, որի փողոցները ճկվում են ավտոմեքենաների և մարդկանց հոգսերի ծանրությունից, այս գիշեր ողբում էր իմ և քո մահը:


Այսօր առավոտյան լուրերով հայտնեցին, որ նախորդ գիշեր քաղաքի բանուկ փողոցներից մեկի վրա ավտովթար է տեղի ունեցել. 200 կմ/ժ արագությամբ սլացող ավտոմեքենան բախվել է սյունին և հրդեհվել: Մեքենայում գտնվող տղամարդն ու կինը տեղում մահացել են: 



Այդ ես և դու ենք: Հիմարություն է, չէ՞: Մենք կանք: Եվ մենք չկանք: Մենք ծիծաղում ենք: Հաջորդ վայրկյանին մահացած ենք: 



* * * 

Դու երբեք էլ չես ուզեցել, որ մենք միասին լինենք: Որովհետև այդպես ճիշտ չէր լինի: Այդ ես էլ գիտեի, բայց իմ բնազդները քեզնից ուժեղ էին: 


Ուսանողական հանրակացարաններից մինչև լավ բնակարաններ, գիշերային ակումբներից մինչև հիվանդանոցների հերթեր ես կողքիդ էի, որովհետև մի պարզ բան կար. ես սիրում եմ քեզ: Երբ գլուխ էիր կոտրում քննությունների ժամանակ, երբ այդ նույն գլուխդ պատեպատ էիր տալիս ցավից, երբ բժիշկների ախտորոշումը լսելիս գլուխդ առել էիր ափերիդ մեջ… Ես այդ գլուխն եմ սիրել ու սիրում: Երբ գոռում էիր վրաս, որ հեռանամ, դռներ էիր փակում, սիրտդ էիր փակում, ես կուչ էի գալիս դռանդ առաջ ու սպասում այնքան, մինչև խոհանոցի ողջ սպասքը վերջանար և այլևս ոչինչ չլիներ փշրելու: Բացում էիր դուռը` ձեռքիդ կիսադատարկ շիշ, կիսադատարկ աչքերով նայում էիր ինձ ու դուռը բաց թողնելով գլխահակ ներս մտնում: Ես լուռ մտնում էի, քայլերս ուղղում խոհանոց և սկսում հավաքել ջարդուփշուր եղած ափսեներն ու բաժակները, որ հանկարծ չվնասեն քեզ: 


Դու չէիր համակերպվում մահվան մտքի հետ. մահը չափազանց անսպասելի բան էր, որ պիտի պատահեր քեզ հետ: Եվ հետո ես… Մեկ սիրում էիր ինձ, մեկ ատում, զզվում, նողկում: Եղել է ծեծել ես ինձ միայն այն բանի համար, որ մահանալու էիր: Իսկ դու ինձնից երեխաներ էիր ուզում: Դեռ ուսանողական հանրակացարաններից: Խենթանալու աստիճան սիրում էիր ինձ, չնայած լավ տեսողություն չունեի և վատ երաժշտություն էի լսում: Վերջին ամիսներին երաժշտություն գրեթե չէի լսում. գլուխդ ցավում էր: 


Ինձ երևի կսպանես (չնայած այսօր մենք մահացանք), բայց այդ իմ պատճառով մեր մարմիններն այսօր էլ չեն շնչում: Այն պահին, երբ փչացնում էի ավտոմեքենայիդ արգելակները, մտածում էի, որ միասնական մահը լավագույնն է, որ կարող էր պատահել մեզ հետ: Ու՞մ էր պետք քո տանջամահ լինելը, ու՞մ էր պետք լինելու իմ անքեզ գոյությունը… 


Աղմկոտ ու փոշոտ քաղաքն այսօր ողբում է մեր մահը, իսկ ես սիրում եմ քեզ:

Share:

3 մեկնաբանություն

  1. ♥ ♥ ♥ ♥

    ReplyDelete
  2. Խոսքեր չկան....

    ReplyDelete
  3. Մինչև հոգուս խորքը հուզեց....

    ReplyDelete