Կատուներն ու հարբեցողները

Ամեն ցերեկ կամ երեկո մենք բարևում էինք իրար: Դե միշտ այդպես է. դուք ապրում եք նույն բակում և արդեն իսկ ինչ-որ ընդհանուր բան ունեք: Հատկապես երբ ապրում եք կողքի մուտքերում, այն էլ` վերջին հարկում:



Անցնում էինք, բարևում, ես աննշան ժպտում էի, քանի որ միշտ էլ անզուսպ եմ եղել զգացմունքներիս մեջ: Դու՞: Դու ուրիշ դեպք էիր. լուրջ, բայց ինձնից էլ խելագար: Բարևում էինք իրար, մինչդեռ ոչ ոք չգիտեր, որ վաղ առավոտյան, երբ կատուները թաթերն են լպստում, հարբեցողներն էլ հուսահատաբար շշի միջից ցնդած օղի շնչում, մենք բարի լույս էինք մաղթել միմյանց:



Մարդիկ ատում են զարթուցիչները, քանի որ գիշերները հագեցած կյանք են վարում և դժկամորեն իրենց անկողին նետում այն ժամանակ երբ պետք է արթնանան: Ես գիշեր չէի տեսնում, քանի որ արևի մայր մտնելուց հետո անկողնում արևածագին էի սպասում:



Արևածագին, երբ մոթելներից օգտագործված պահպանակներ են դուրս տանում, իսկ հյուրանոցներից` թանկարժեք կանանց, ես արթնանում էի և վազում լոգարան: Ուշադիր զննում էի որովայնս, չափում այն և հանգստացած շունչ քաշում. հղի չէի: Ինքս ինձ համոզել էի, որ հեռուստացույցով երևացող մանկահասակ մայր-աղջիկները հղիանում են սիրահարվելուց: Այդպես է` սիրահարվեցիր, և ահա մի քանի շաբաթ անց հղի ես: Եվ երբ դու ծիծաղում էիր այդ համոզմունքիս վրա, ես անկեղծորեն նեղանում էի և դասագրքերով լի պայուսակով հարվածում գլխիդ: 



Առավոտյան, երբ մայրանալ ցանկացող կանայք հերթական հիասթափությունն էին ապրում հղիության թեստի բացասական պատասխանից, իսկ երկար ցախավելներով տատիկները շենքերի մուտքերից օգտագործված ներարկիչներ էին ավլում, ես արագ-արագ հագնվում էի, հարդարվում, վերցնում նախաճաշս ու շտապում շենքի տանիք: 


Ամեն առավոտ` դասի գնալուց առաջ, մենք հանդիպում էինք տանիքում: Սատկած ագռավների և տգեղ սարդոստայնների կողքին մենք` երիտասարդ ու գեղեցիկ, սիրում էինք իրար մանկաբար ու հիմարաբար: 


Եվ այն ժամանակ, երբ հղիանալու իմ վախերը ցրելու համար դու որոշեցիր ցույց տալ ինձ, թե ինչպես են իրականում հղիանում, տանիքային մեր սերը վերածվեց շատ մեծ խնդրի մեր ծնողների համար:

Share:

0 մեկնաբանություն