Անտունի
-Մեր կողմից սահմանվող բայց մեզ չենթարկվող ժամանակից դուրս, մեր իսկ գծած սահմաններից անդին է ապրում սերս, այն միշտ նույն հասցեում է: Միայն թե տունն է դատարկ մնում, կամ էլ տանտերն է անժամանակ նրա սահմաններից դուրս գնում:
-Իմ տունն ապրում է այնտեղ, որտեղ արթնանում ենք: Իմ սերն ինձ քո ջերմությամբ լի «բարի լույսեր» է մաղթում, այն ինձ մեր խենթության պես նուրբ օրորոցայիններ է երգում: Թեկուզ հեռու, թեկուզ խռոված, բայց ես… Ես կարոտ եմ գիշերային լռության մեջ քո սրտզարկերին ու սուրճի բաժակի տաքությունից այրվող մատներին:
-Մեր տունը մերն է, մեր սերը մերն է, որքան էլ փորձեն կողոպտեն, որքան էլ սրբեն-տանեն այն ամենն, ինչ զարդարում էին նրա պատերը: Սպիտակ գույնի վրա միշտ էլ սևով արված խազերն ավելի տեսանելի են, քան ծիածանի յուրաքանչյուր գույնի նկարած երազանքները: Մեր երազանքներն էլ են մերը, մեր խզբզած կամ խորը քաշված գծերն էլ:
-Սխալները կուլ տալ ու ժպտալ է պետք: Ամեն քանդված պատ էլ շինանյութ է` կուզենք կայրենք, կուզենք նոր տուն կկառուցենք: Մեր քանդված պատերի տակ այնքան ամեն ինչ կա, որ մի քանի այդքան ամեն ինչ էլ կկառուցենք, միայն պետք է ամուր սեղմենք միմյանց ձեռք ու էլ երբեք-երբեք, լսու՞մ ես, երբեք բաց չթողնենք:
-Ցավոք միշտ չէ, որ Մենք լինելը նշանակում է միասնություն, երբեմն նույն Մենքերը ես ու դու են կամ էլ դես ու դեն, իրարից բաժան-բաժան, և այդ ժամանակ դառնում են Մ Ե Ն Ք: Սակայն որքան էլ իրարից հեռու գրվեն, որքան էլ նրանց միջև տարածություն լինի, միևնույն է, նրանք մի բառի մասնիկներ են, , որոնք մոտենալուց դառնում են զենք՝ ստեղծելով ուժ ու երջանիկ մի դեմք...
-Ես սիրում եմ քեզ...
-Ես էլ քեզ եմ սիրում...
Tags:
N3
1 մեկնաբանություն
Շատ հետաքրքիր էր... Ինդզ շատ դուր եկավ,Շնորհակալություն:
ReplyDelete