Թե դրախտում դու ես, ես նախընտրում եմ դժոխքը

Ժամանակն ամեն ինչ խլում է ինձնից: Ո՞ր մեղքիս համար: Հիմա ես ինչպե՞ս եմ դիմանալու այսքան կարոտին, ինչպե՞ս եմ պայքարելու հիշողություններիս դեմ, ո՞ր երջանկությամբ եմ հաղթահարելու ցավոտ մտքերս: Պայքարելու ուժ չկա, այսքան պայքարելուց հոգնել եմ, որտե՞ղ փրկություն գտնեմ: Ինքդ քեզնից չես փախչի, սխալներդ հետ չես գործի: Հոգնել եմ կորցնելուց, հոգնել եմ ինքնակամ հրաժարվելուց, հոգնել եմ ելք չգտնելուց, մեկը մյուսի հետևից սայթաքելուց` ամեն անգամ ավելի ցավոտ: Իսկ վերքերը չեն սպիանում, եղած սպիերն էլ չեն անցնում, ցավում է: Այսքան կյանք չէի ուզում ապրել, շատ էր, անտանելի էր: Հիմա ի՞նչ է մնում. շարունակել շնչել, քնել-արթնանալ ու մահանալ մտքերի ու հիշողությունների ծանրությունից: Անելանելի կարոտը խեղդում է կոկորդս, այսպես ուժգին արտասվում են հարազատին կորցնելիս: Ես իմ ամենահարազատներին եմ կորցրել: Աստված, եթե կաս, եթե համարում ես, որ ճիշտ ես, անթերի ես, գրողը տանի քեզ, Աստված, ես հոգնել եմ քեզնից, քո հիմար որոշումներից, քո թերի գոյությունից: Ես չունեմ քո կարիքը, ես իմ կորուստներն եմ հետ ուզում: Ասում են` ամենակարող ես: Հա՞: Իսկ չե՞ս մտածում, որ այսքան ցավ մեկին բաժին հանելը շատ է, գրողը տանի: Ինչու՞ ես տալիս, հետո վերցնում, ո՞վ է քեզ այդ իրավունքը տվել: Ու՞մ մեղադրեմ: Քեզ եմ մեղադրում, հենց քեզ, գրողը տանի: Եթե դրախտում դու ես, ես նախընտրում եմ դժոխքը:

Tags:

Share:

1 մեկնաբանություն

  1. Իսկ չե՞ս մտածում, որ այսքան ցավ մեկին բաժին հանելը շատ է, գրողը տանի:

    ReplyDelete