Մի բուռ կուրություն

Իմ ձեռքերն իմն են: Դրանք ինձ են տրվել հենց այնպես: Դրանցով կարող եմ շոշափել, շոյել, զգալ: Ոտքերս նույնպես իմն են: Դրանք էլ տրվել են քայլելու, վազելու, պարզապես իրենց տակ հողը զգալու համար: Իսկ ականջներս նույնպես հենց այնպես իմն են: Դրանցով էլ լսում եմ ամենատարբեր ձայներ. հաճելի, գեղեցիկ, ժպտացնող: Աչքերս նույնպես տրվել էին տեսնելու համար, սակայն ես չեմ տեսնում: Ես կույր եմ: Ծնվածս օրվանից եմ կույր: Չգիտեմ` ինչն ավելի լավ կլիներ. եթե երբևէ տեսնեի և ապա կուրացած լինեի՞, թե՞ եթե հենց սկզբից էլ կույր լինեի: Կույր: Դա ես եմ: Ծնվածս օրվանից: Կույր:


Դա այն է, երբ աչքերդ բաց, թե փակ, տեսնում ես նույն բանը. մթություն: Դա այն է, երբ լսողությունդ ու հոտառությունդ կրկնակի լարված են աշխատում: Դա այն է, երբ մոտեցող մարդուն ավելի շուտ ես զգում, քան տեսնողները: Կուրություն: Դա այն է, երբ փողոցում միշտ անծանոթ աղմուկ է, իսկ շուրջբոլորդ խղճահարության և անտարբերության հոտից խեղդվում ես: Կուրություն: Դա անիմաստ ակնոցներն են, որոնք ստիպված ես կրել, որովհետև բաց աչքերով կարող ես վախեցնել մյուսներին: Այն մյուսներին, որ խղճում են քեզ, որովհետև իրենց նման չես. դու հաշմանդամ ես: Կուրությունը մի կնիք է, որ, անկախ նրանից, թե ով ես դու, մնալու է քո վրա մինչև կյանքիդ վերջ: Իմ երկրում չկան հաշմանդամների համար նախատեսված հարմարություններ: Միակ օգնականներս ձեռքերս, լսողությունս ու հոտառությունս են, որովհետև այստեղ Եվրոպան ու Ամերիկան չի, որտեղ ընդունված է ուղղորդող շուն պահելը: Աֆրիկայում կույրերը չտեսնող սևամորթներն են: Չնայած չգիտեմ, թե ինչ է սևամորթ կամ սպիտակամորթ լինելը, բայց զգում եմ այդ տարբերությունը: Սպիտակամորթներից սառնության ու մաքրության հոտ է գալիս: Նրանց քիչ եմ զգացել, բայց ամեն անգամ սպիտակամորթի հանդիպելիս մարմնովս դող է անցել: Չգիտեմ, թե որն է պատճառը. երևի թե նրանք ավելի խղճահարությամբ են նայել ինձ:


Կույրերն էլ են տեսնում գույներ: Ամեն գույն իր ջերմությունն ունի: Դեղինը, օրինակ, սառն է, իսկ նարնջագույնից թարմության բույր է փչում: Կանաչը խոնավ է` թարմ սառը խոտի նման, իսկ սպիտակն` անծայրածիր, ինչպես ծովը: Կարմիրը տաքացնում է, ինչպես խարույկը, իսկ սևն ամենահարազատ գույնն է, որովհետև այն միշտ ինձ հետ է: Հագուստի գույնից է կախված տրամադրությունս: Իմ սիրած գույնը կապույտն է, որովհետև այն հանգիստ է, ինչպես այն երաժշտությունը, որ լսում եմ: Լռությունն իմ ամենասիրելի երգն է: Բոլորը չեն կարող այն լսել. լռությունը լսելու համար այնքան լռություն է պետք: Իսկ ծովի լռությունը… Ալիքներն այնքան գեղեցիկ են լռում. նրանք պարելով են լռում, իսկ երբ բախվում են իրար, մեղմ հառաչում են:


Ես չգիտեի, թե ինչ է ծովը, թե ինչ բան է գույնը, չգիտեի շատ ու շատ բաներ: Քույրս է եղել ուսուցիչս: Նա շատ բան սովորեցեց ինձ: Հիշում եմ, երբ միասին գնում էինք ծովի մոտ, նստում տաք ավազին, իսկ նա նկարագրում էր, թե ինչ է անում ծովը: Երբեմն նա ինձ շուկա էր տանում, որտեղ վաճառվում էին ամենատարբեր մրգեր: Եվ քանի որ մայրս այնտեղ էր աշխատում, մեզ բոլորը ճանաչում էին: Հերթով ցույց էր տալիս բոլոր մրգերը, վերցնում էի դրանք, շոշափում, հոտոտում, երբեմն էլ, եթե վաճառողը թույլ էր տալիս, համտեսում էի: Մրգեր շատ եմ սիրում: Դրանք գունավոր են ու թարմ: Եվ համեղ: Սիրում եմ ծառերը: Դրանց տակ ինձ միշտ պաշտպանված եմ զգում: Սիրում եմ նստել ծառի տակ, ձեռքերով հենվել հողին, խաղալ դրա հետ, ձեռքերս մտցնել հողի մեջ և զգալ այնտեղի կյանքը: Որդեր, մրջյուններ, տարբեր միջատներ: Դրանք սկսում են բարձրանալ ձեռքովս, իսկ ես զգում եմ դա: Թեկուզ չեմ տեսնում: Սիրում եմ գետը: Երբեմն մայրս լվացք անելու գնալիս ինձ էլ էր տանում իր հետ գետի մոտ: Գետն այնպես բարձր է աղմկում, այն միշտ շտապում է: Ձեռքս մտցնում եմ գետի մեջ և զգում դրա արագ ընթացքը: Դրա սառը շիթերը հարվածում են ինձ, իսկ ես ծիծաղում եմ, որովհետև հասկանում եմ, որ մեջս կյանք կա, եթե զգում եմ այդ հարվածները: Սիրում եմ պարել, պտտվել ինչ-որ գեղեցիկ երաժշտության տակ: Ես սիրում եմ ինձ շրջապատող ամեն ինչը, քանի որ կարողանում եմ զգալ, շոշափել, պատկերացնել:





Ես ունեմ մի սև մթություն, որ կարող եմ գունավորել այնպես, ինչպես կցանկանամ: Ես ունեմ մի բուռ գույն, մի բուռ բույր ու մի բուռ զգացմունք: Ու թեկուզ կույր եմ, ունեմ մի բուռ աշխարհ, որ միայն ես կարող եմ տեսնել: Իմ աշխարհը բոլորին պարտադրված աշխարհը չէ. այն միայն իմն է և իմ սև մթությանը, որ կարող եմ գունավորել իմ մի բուռ գույնով, մի բուռ բույրով ու մի բուռ զգացմունքով:

Share:

2 մեկնաբանություն

  1. aaaa lacum emmm! ete qez chimanayi kmtaceyi qo masin es grell! xosqer chem gtnum! uxaki lacum em !

    ReplyDelete

  2. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete