Շատ անձնական

Կրկին գարուն է, ևս մի ցուրտ ձմեռ ճանապարհեցինք ու այս անգամ այն ավելի արագ անցավ: Շատերս չենք էլ հիշում, թե ինչպես էինք հոգնում ծանր վերարկուներից ու երազում գարնանային թեթև հագուստների մասին: Շատ եմ սիրում գարունը, որովհետև այն միշտ ինչ-որ նոր ու թարմ բան է բերում իր հետ: Անցյալ տարի այս ժամանակ ես դեռ երջանիկ էի: Սիրածս մարդու հետ էի, թեև ամեն օր վիճում էինք, սակայն խենթի պես սիրում էինք իրար ու մեր մանկական վեճերից հետո ավելի ու ավելի էինք կապվում միմյանց: Անցյալ տարի այս ժամանակից մեկ ամիս անց ես ինքնասպանության փորձ էի կատարում: Հիշում եմ` Մոնումենտում էի, նստած նստարանին` արտասվում էի. կյանքումս առաջին անգամ արտասվում էի` առանց ամաչելու: Մարդիկ կողքովս անցնում էին, տղաները մոտենում էին, հարցնում, թե ինչ է եղել: Իսկ ես ասում էի և խնդրում ինձ հանգիստ թողնել: Նրանցից մեկը, ինձնից փոքր մի երիտասարդ, հանգիստ չթողեց և հետ պահեց անիմաստ քայլից, որ պատրաստվում էի անել: Նույն օրն իմ աշխատանքային առաջին օրն էր. աշխատանքի էի ընդունվել անգլիական սրճարանում որպես թարգմանիչ-մատուցողուհի: Բայց երբ հասկացա, որ ուտելիքների անունները թարգմանելն այնքան էլ խոստումնալից չէ, աշխատելուցս երկրորդ շաբաթից դուրս եկա: Հետաքրքիր է, որ եթե ինձ հիմա առաջարկեին նման աշխատանք, կվիրավորվեի, իսկ ընդամենը մի տարի առաջ ես հատուկ համազգեստ էի հագնում և բլոկնոտը ձեռքիս սիրալիր մոտենում անգլիացի ու ամերիկացի հաճախորդներին ու ասում "Hello, what would you like?" Երևի ինքնագնահատականս է բարձրացել, չգիտեմ: Անցյալ տարի այս ժամանակից երկու ամիս հետո մինչև տարվա վերջ ես մշտական դեպրեսսիայի մեջ էի և ապրելու ցանկություն չունեի: Մտածում էի` առանց նրա չեմ կարող ապրել, իմաստ չունի: Այնքան բանի միջով եմ անցել, այնքան անգամ նվաստացել, կոտրվել, ընկել, նորից վեր կացել ու գնացել դեպի իմ երազած երազանքը. սերը... Աստված իմ, չկար այդպիսի օր, որ չարտասվեի: Բայց հետո հանկարծ նույն երջանկությունը կրկին հայտնվեց իմ կյանքում. «Ուրեմն լսիր ինձ. մենք միասին ենք ու թքած, թե հետո ինչ կլինի»: Մի ամիս անց ես իմ ձեռքերով փշրեցի երկար սպասված երջանկությունս, որովհետև հասկացա, որ այն հիվանդ է, որ ոչ այլ ինչ է, քան պայքար... Պայքար վերջինը թողնելու համար... Ու բուժվեցի. գրելով: Անցյալ տարի այս ժամանակ ես և երջանիկ էի, և դժբախտ: Իսկ այս տարի, թեկուզ անցյալ տարին մնում է ինձ հետ, ես սկսում եմ հերթական գարունը մաքրված սրտով, որ թեև սպիոտ է, բայց լավանում է ինքն իրեն: Ինձ բժիշկներ պետք չեն, որովհետև մարդու լավագույն բժիշկն ինքն է: Ես սպասում եմ իմ բաժին երջանկությանը, որին, ինձ թվում է, արժանի եմ: Գուցե ոչ, ամենևին էլ արժանի չեմ, որովհետև երբեմն վատ բաներ եմ անում, բայց ոչ չարությամբ, ոչ դիտավորությամբ, պարզապես իմ սիրտը սպիոտ է, իսկ դա ունենում է իր հետևանքները: Ես սովոր եմ ամեն օր արտասվելուս, որքան շատ եմ փոխվել ես... Սովորել եմ մարդկանց բացասական արձագանքներին, որ ամեն օր ստանում եմ, թեև ամեն անգամ սիրտս ճմլվում է: Բոլորին թվում է, թե ես գռեհիկ եմ, անսիրտ, սանձարձակ, բայց միայն ես գիտեմ, թե որքան անպաշտպան եմ, որքան խոցելի ու միամիտ... Իսկ մարդկանց չարությունը կործանում է ինձ...

Tags:

Share:

4 մեկնաբանություն

  1. Իսկ մարդկանց չարությունը կործանում է աշխարհը...

    ReplyDelete
  2. Inchqan nman er im patmutyan@..
    menak te yes inqnaspanutyun porceci gorcel 2 or araj... :(( u aysor staca im erazac ashxatanqi arajark...))
    ancoxik en djbaxtutyunner@, jpta

    ReplyDelete
  3. Ես մի հատ շատ լավ բնավորության գիծ ունեմ....ամեն ինչ շատ շուտ եմ մոռանում, վիրավորանք բան, չգիտեմ, շատ եմ տանջվում սկզբից, բայց շուտ էլ մոռանում եմ....դրա համար էլ մի տեսակ թեթև եմ նայում ամեն ինչին...ինձ, առանց ժպիտ, տխուր, իրականում շատ քիչ մարդիկ են ճանաչում...որոշ դեպքերում ուղղակի սովորել եմ ցույց տամ այն, ինչ միգուցե և չունեմ հենց այդ պահին....այսինքն ոչ ոք երբեք չի կարողանա զգալ , այն պահը, երբ ես ուզում եմ լացեմ, եթե ես ինքս ցույց չտամ....տենց ավելի հեշտա ապրել...նրանք մոտիկ չեն գալիս քո հոգուն և դու հանգիստ ես լինում...էլի մտքերս խառնվեցին իրար , ոչինչ ...

    ReplyDelete
  4. ոնց որ իմ ինքնակենսագրականը լիներ...)))փաստորեն մենակ չեմ... :)

    ReplyDelete