Mari Love
  • Գլխավոր
  • Պատմվածքներ
    • Երբ թրջվում ես անձրևի տակ
    • Չորս եղանակ
    • Մարիա
    • Այնտեղ, որտեղ ճայերն են
    • Տանգո
    • Թռի՛ր, Էրիկ, թռի՛ր
    • ՄիշԷլիս
    • Այն, ինչ պիտի կիսվեր
    • Պատուհան
    • A: B: SMS
    • Կողպեք
    • * * *
    • Մահից կյանքվածը
  • Փոքրիկ սերեր
    • Մի զույգ ձեռնոց
    • Մազերի ու բնավորությունների մասին
    • Հանրակացարաններից մինչև հիվանդանոցներ
    • Վաֆլե տորթ ու տաք շոկոլադ
    • Կատուներն ու հարբեցողները
    • Մուգ վարագույրների հետևում
    • Փողկապներ և կարմիր վարդեր
    • Առաջին ձյան հեքիաթը
    • Նարինջներ և բանաստեղծություններ
    • Կարկանդակներ ու երջանկություն
    • Դու ամուսնացած էիր
    • Տիեզերքներ և փոշու հատիկներ
  • Հետադարձ կապ

7:30: Զարթուցիչ: Անձրևում է: Ուզում եմ ծածկվել վերմակով ու մի ամիս դուրս չգալ անկողնուց: Զարթուցիչը համառում է: Ժամանակն է դասի շտապել: Նախաճաշ. պետք է առողջ ապրել: Դիմահարդարում, վարսահարդարում. պետք է գեղեցիկ լինել: Բանալիներս ինչպես միշտ կորցրել եմ: Լավ, գտա: Ականջակալներ: Գնացինք:


Իմ առավոտները գեղեցիկ են, որովհետև ամեն առավոտ որոշում եմ նոր կյանք սկսել, բայց կեսօրին որոշում եմ, որ ավելի լավ է հետաձգել երկուշաբթի օրվան կամ որ ավելի լավ է մյուս ամսվան, գուցե տարվան: Լավ, մյուս կյանքում նոր կյանք կսկսեմ. ես այս մեկից էլ եմ գոհ: 


8:30: Կանգառ: Մռայլ է: Ուզում եմ վերադառնալ իմ տաքուկ անկողին, որն այժմ մի ամրոց է թվում: Որքան շատ մարդ է շտապում: Ես էլ եմ շտապում: Նոր հացատու՞ն: Հետաքրքիր է: Վերջապես հասկացա, թե ինչ էին ամիսներ շարունակ կառուցում: Արժե սովածանալ ու գալ այստեղ: Տեսնես այստեղ էկլեր պատրաստու՞մ են: Հատուկ առաջարկ` գնեք երկու հատ շաուրմա և ստացեք երկու հատ էկլեր նվեր: Ապակեպատ պատուհանները պարզ ցույց են տալիս, թե ինչպես են աշխատողները թոնրում հաց թխում: Ինչու՞ են այստեղ բոլորը տղաներ: Թոնրի մոտ դաջվածքապատ մե՞կը: Շատ զվարճալի է: Երիտասարդ, այտիդ ալյուր է: Ի՞նձ ես նայում: Ինչու՞: Չլինի բարձրաձայն եմ մտածում: Հացդ վառվեց: Գլուխդ կախիր ու առաջ անցիր, չնայես նրան, չնայես: Երկու վայրկյան համառելուց հետո նայում եմ նրան. նա շտապ-շտապ հացերն է հանում թոնրից: Ինձ չի նայում: Երթուղային: Ազատ նստատեղ: Շնորհակալություն:


-Այսօր գրում ենք ազատ թեմայով շարադրություն: Թեման ընտրում եք դուք:


-Կարո՞ղ եմ թոնրի հացի մասին գրել:


-Կարո՞ղ ես:


-Կարող եմ:


14:00: Ամպոտած է: Անկողինս ինձ արդեն հանգստյան գոտի է թվում: Թոնրի հաց: Սոված եմ: Գնա՞մ: Չէ, մտքիցդ հանի: Ուղիղ տուն: Երթուղային: Նստատե՞ղ: Ոչինչ, ես կկանգնեմ: Այստեղ կանգնեք:


14:28: Մռայլ է: Կանգառ: Հացատուն: Դաջվածքապատ նա նստած է այնտեղ: Չնայես: Աչքերդ կախիր: Իսկ ինչու՞ չնայեմ: Ծխում է: Հացերի մո՞տ: Հիմարիկ: Ինչու՞ չես նայում: Դանդաղ քայլե՞մ: Ինչու՞ չես ուսումնասիրում անցորդներին: Տուն: 






* * *




7:30: Զարթուցիչ: Արևում է: Շնորհակալություն: Ցտեսություն անկողին, այսօր քո կարիքը չունեմ: Պետք է գեղեցիկ լինեմ: Արժե՞ արդյոք: Չգիտեմ: Երևի: Անկախ ամեն ինչից պիտի գեղեցիկ լինեմ: Բանալիներ: Ականջակալներ: Գնացինք:


8:30: Արևոտ է: Հացատուն, գրողի տարած հացատուն: Կրկին պայքար ինձ հե՞տ: Չէ, նայում եմ, վերջ: Դու կրկին այդտեղ շտապ աշխատում ես: Ինչու՞ չես նայում ինձ: Ես այսօր գեղեցիկ եմ: Խնդրում եմ նայիր ինձ: Ի՞նչ անեմ: Երթուղային: Ազատ նստատեղ: Գնա գրողի ծոցը:


-Հետաքրքիր էիր գրել: Ինչ-որ բանից ոգեշնչված է՞իր, թե պարզապես…


-Ոգեշնչել էին:


14:00: Գնամ տուն ու ծածկվեմ վերմակներով. երբեք արևոտ եղանակին չեմ քնել: Վախենում եմ ինչ-որ բանից հետ մնալ: Երթուղային: Կանգառ: Հացատուն… Դու կրկին նստած ես, գլուխդ կախ, երևի հոգնել ես: Ինչու՞ չես ծխում: Թեև լավ է, որ էլ չես ծխում: Ասում են` ծխելը վնասակար է: Հիմար ե՞մ: Ինչու՞ եմ անհանգստանում քեզ համար: Նայիր ինձ, նայիր, խնդրում եմ նայիր… Ինչու՞ չես նայում, ախր ես, ախր ես… Ախր ես հեքիաթներ եմ արդեն հորինում: Երթուղային: Ես մի-փոքր էլ կքայլեմ, շնորհակալություն: 






7:30: Զարթուցիչ: Արևում է: 


Շաբաթ: Կիրակի:


7:30: Զարթուցիչ: Անձրևում է: Արժե նոր կյանք սկսել:


7:30: Զարթուցիչ: Արևում է: 


7:30: Զարթուցիչ: Արևում է:


7:30: Զարթուցիչ: Արևում է:


7:30: Զարթուցիչ: Հետաքրքիր էլ չի անգամ:






Ատում եմ այն ամենը, ինչ կապված է քեզ հետ, գրողի տարած դաջվածքապատ գեղեցիկ, հիասքանչ, հեքիաթային, զզվելի մարդ: Դու գլխահակ քո գործն ես անում, իսկ ես, իսկ ես երազում եմ, որ ինձ նայես: Ես չեմ հասկանում քեզ: Ոչ էլ ինձնից եմ գլուխ հանում:






* * *




7:30: Զարթուցիչ: Արևում է: Այսօր կարող եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ: Գեղեցիկ չեմ: Եվ դա ինձ առանձնապես չի հետաքրքրում: Կանգառ: Հացատուն: Որտե՞ղ ես: Չեմ հասկանում: Այդ ո՞վ է քո տեղը կանգնած հացը դանդաղ հանում թոնրից: Չլինի՞ դաջվածքներդ ես մաքրել: Շրջվում է: Դու չես: Որտե՞ղ ես: Գուցե դանդաղ քայլեմ, նորից ուշադիր նայեմ, քեզ տեսնեմ: Չկաս…


Ժամեր, ժամեր, ժամեր… 


14:15: Կանգառ: Չկաս: Չկաս: Չկաս… Պետք է իմանամ, թե որտեղ ես: 


-Բարև ձեզ, դուք մի աշխատող ունեք, դաջվածքներով…


-Հա, բայց նա էլ մեզ մոտ չի աշխատում, ինչ-որ խնդիր կա՞:


-Կա… Շատ մեծ, ահռելի մեծ խնդիր կա…


Դուրս եմ գալիս: Տուն:

Արևները եկել են բարևելու կարոտներիս ու ասելու, որ քիչ է մնացել: Ինչ-որ մի տեղ հրաշքները ճամպրուկվում են, որ այցելեն ինձ ու էլ երբեք չլքեն: Ինձնից կիլոմետրերով հեռու մեկն իր սերն է փաթեթավորում, որ ինձ նվեր բերի: Ես շատ եմ զգացել այդ սերը, սակայն այն մինչև վերջ իմը չի եղել. գուցե ճիշտ էր այդպես... Սակայն ինչու՞ եմ ինձ խաբում. ես ատում եմ այս հեռավորությունը, կիլոմետրերը, ժամերը, ես ատում եմ իմ սրտում դղյակներ կառուցած ու հարմար տեղավորված կարոտը, ատում եմ իմ երազանքները փշերով ծածկած ու թաքցրած սպասումը և մի հրճվագին անհամբերությամբ պատկերացնում եմ, որ կարոտս շուտով մահանալու է, իսկ սպասումս մի քանի հազար ժամից կրճատվելու է մի քանի տասնյակ ժամի: Ես հիշում եմ, թե ինչպես երկու գարուն առաջ ասացիր, որ գնում ես: Ասես մի ծով սառցե ջուր լցնեին ինձ վրա: Ես գիտեի, որ այդքան ուժեղ չեմ, որպեսզի առանց քեզ երկու անգամ չորս եղանակ բոլորեմ: Ես ճիշտ էի… Սակայն մի բանում ես ճիշտ չէի. իմ, ՄԵՐ սերն էր ինձնից ուժեղ, այնքան ուժեղ, որ այժմ բոլորել եմ յոթ եղանակն ու ապրում եմ վերջին` ութերորդը, առանց քեզ, ԱՌԱՆՑ ՔԵԶ… Ես սիրում եմ քեզ այնքան շատ, որ ինքս էլ չեմ պատկերացնում, և գուցե այդպես լավ է, այլապես կխենթանայի… Ես սիրում եմ քեզ այնպես շատ ու այնպես ուժգին, իսկ կարոտներս մահվան են պատրաստվում, սերս տոնի է սպասում… Ես սպասում եմ քեզ…
Գարունացել է... Իսկ ես կանչում եմ քեզ, լսու՞մ ես: Անգամ եթե չես լսում, ասա, որ բառերս հասնում են քեզ: Զգույշ վարվիր բառերիս հետ. դրանք պայքարում են ապրելու համար: Քո կողքին, քո գոյությամբ, այն գիտակցությամբ, որ թեև իմը չես լինելու, սակայն դու կաս, ապրելու ես ինձ հետ նույն քաղաքում, տեսնելու ես նույն շենքերը, նույն մարդկանց, նույն անձրևի տակ ես թրջվելու, նույն քամուց խուսափելու: Գիտե՞ս` ես երևի քեզ սիրում եմ կամ գուցե սարսափելի սիրահարվել եմ, տարվել, կախվածություն ձեռք բերել: Ինձ այժմ բավարար է այն, ինչ ունենք, իսկ մենք շատ բան ունենք. մենք ունենք պայման, իսկ ես երևի ավելին եմ ցանկանում: Ես ուզում եմ ավելին, քան այն, ինչ մենք կունենանք, բայց հասկանում եմ, որ դա անհնար է, որովհետև ինքս եմ գծել սահմաններն ու թելադրել քեզ, թե որքան կարող ես խախտել դրանք: Այնքան կուզեի, որ ամեն ինչ այլ կերպ դասավորվեր, սակայն ո՞վ գիտե` գուցե եթե այսպես չլիներ, ընդհանրապես ոչինչ չլիներ: Իսկ ես ուզում եմ քեզ հետ կապված գոնե ինչ-որ փոքրիկ բան ունենալ, զգալ, ապրել. երկրորդ անգամ մենք այսպես երջանիկ չենք լինի: Ինչպե՞ս չեմ ես ճանաչել քեզ, ինչու՞ չկայիր, երբ քո կարիքն այնքան ունեի... Ես հիմա էլ քո կարիքն ունեմ: Թվում է` միշտ քո կարիքն եմ ունենալու: Գիտե՞ս` ես երևի սիրում եմ քեզ...

Ես պետք է ճանաչեմ, թե ինչ բան է կորուստը, որպեսզի հասկանամ, որ ունեցածը պետք է ամուր պահել:
Պետք է զգամ, թե ինչ բան է դավաճանությունը, որպեսզի հասկանամ, որ լավ է մեղադրել ինչ-որ մեկին, քան ինքդ քեզ:
Պետք է մենության դար ունենամ, որպեսզի գնահատեմ միասնության րոպեն:
Պետք է սպանող ցավեր ունենամ, որպեսզի գնահատեմ առողջ մարմինս:
Պետք է տեսնեմ դաժանություն, որպեսզի սովորեմ բարի լինել:
Պետք է լքյալ լինեմ, որպեսզի տարբերակեմ անարժանն ու արժանին:
Պետք է սխալվեմ, որպեսզի սովորեմ. ուրիշների սխալները դաս չեն ինձ:
 Պետք է ընկնեմ ու արյունոտեմ ծնկներս ու ափերս, որպեսզի հաղթանակի համը զգամ:
Պետք է մահանալ ուզեմ, որ հետո ապրելու ուժ գտնեմ:


Ինչու՞, երբ քեզ հետ կարող է այդքան լավ լիներ, ես փորձում եմ ծռել ու ճկել այն, ինչ կա իմ ձեռքերում ու պետք է որ ինձ ջերմություն տա: Սարսափելի է, երբ չես հասկանում, թե ինչ է կատարվում քեզ հետ: Մի՞թե հնարավոր է ընդմիշտ մոլորված լինել: Ինչու՞, երբ գալիս է իմ երջանկության ժամանակը, ես հետ եմ կանգնում ու շշնջում. «Ներիր, չեմ ուզում»: Մի՞թե ես խելագար եմ: Խելագարներն այսքան չեն մտածում, իսկ իմ միտքը կարծես մի հավերժական գործարան է, որ լարվում է սրտիցս արյուն քամելով: Հարցերն անվերջ են, պատասխանները բացակայում են: Ատում եմ հարցերն ու ընտրությունները: Կատաղի մարտ է տեղի ունենում այստեղ` ներսում: Ես եմ միայն անմասն մնում: Առանց ինձ այնտեղ` ներսում, հարցեր են լուծվում, իսկ ես տեսնում եմ, թե ինչ որոշումներ են կայացվում ու գլխահակ գնում ու անում հակառակը: Մի՞թե բոլորն են իմ պես խելագար: Միշտ ցանկացել եմ նման լինել մյուսներին, բայց չի ստացվում, դա հակառակ է իմ ներքին կանոններին, որոնք այդքան անգամ եմ փորձել փշրել:  Ինքս ինձ հաղթել անկարող եմ: 
Ես ունեի ամենը, ինչ անհրաժեշտ էր երջանիկ լինելու համար, սակայն ի՞նչն էր, որ ստիպում էր միշտ ինչ-որ բան փնտրել: Ապրում ես քո մոլորակում, սակայն գիտես, որ դրանից այն կողմ մի ամբողջ տիեզերք է, որը քո անունն է կրում ու քեզ է կանչում: Ես միշտ փնտրել եմ իմ տիեզերքը:

* * *
Գարունները մեկը մյուսի հետևից գալիս են ու գնում: Ես միայնակ եմ, թեև կողքիս են բոլորը: Մեկը սիրում է ինձ, մյուսը` հոգ տանում, մեկն ուշադիր լսում է, իսկ մյուսը` զվարճացնում:
«Այնքան երջանիկ պիտի լինես, նրա նման երիտասարդը քեզ է սիրում, իսկ դու փոխադարձ սիրում ես նրան»: «Ահա»,-ասում եմ ես ու մտքերս գլորում ինձնից հեռու: Այո, սիրում եմ նրան, համենայն դեպս սիրել եմ շատ ու իրավունք չունեմ այժմ ուրիշ մտքեր ունենալ: Նա ինձնից հեռու է հիմա: «Ամեն մեկը չի կարող այդքան սպասել սիրելիին, որքան դու: Շատ եմ հպարտանում քեզնով»: «Ահա»,-ասում եմ ես ու այրում երազանքներս: Այնքան եմ հեռու եղել նրանից, որ անգամ հայացքն եմ մոռացել: Ինչու՞ միայն հայացքը: Զանգերի շնորհիվ հիշում եմ միայն ձայնը: Սարսափելիորեն զվարճալի է: Ասում են` հեռավորությունը փորձություն է սիրո համար: Սեր: Հիմար բառ է:
Հագնում եմ վերարկուս, վերցնում փոքրիկ պայուսակս, որի մեջ ոչինչ չի տեղավորվում: Գրողի տարած մետաղադրամներն այնքան շատ են, որ պայուսակը ծանրանում է ու մետաղե զրնգուն ձայն արձակում: Մետաղադրամների փոխարեն լավ է թուղթ լիներ: Վերցնում եմ տան բանալիները: Դրանցից կախված անվանական սրտիկն իզուր բեռ է. հանում ու դեն եմ գցում այն: Այսօր պետք է որքան հնարավոր է ազատվեմ ավելորդ բեռից: Փակում եմ դուռն ու գնում:

-Ալո, որտե՞ղ ես:
-Դուրս եմ եկել տանից:
-Ու՞ր ես գնում:
-Չգիտեմ, գեղեցկության սրահ, հետո սրճարան, կզբոսնեմ:
-Գա՞մ:
-Չէ, կներես, ուզում եմ մենակ լինել:
-Լավ, կզանգես:
-Ահա…


Բնությունը գարուն է երգում: Մարդիկ ինձ պես փորձում են ազատվել ավելորդ բեռից: Ոմանց մոտ ավելորդ բեռի անունը «կյանք» է: Մեքենաների ապակիներում արտացոլված պատկերս հավանում եմ: Ուրեմն իմ բեռն ավելի թեթև է: Զվարճալիորեն սարսափելի է: Մարդիկ փոխում են իրենց զգեստապահարանների գույները, սակայն շատերի մոտ հոգու գույնը նույնն է մնում: Ես հոգու գույնս լրիվ կորցրել եմ: Բայց հոգնել եմ փնտրելուց ու վերագտնելուց: Միևնույն է` կորցնում եմ: Էլ ի՞նչ իմաստ ունի ինքնամոռաց փնտրտուքների տրվել, եթե միևնույն է` վերջում այն ինքն է գալիս ու ինձ գտնում: Փախչել է պետք: Հեռու մի տեղ, բոլորի աչքից հեռու, հարցեր, սպասված պատասխաններ, ճանապարհներ, մարդիկ, մարդիկ, մարդիկ…
-Ի՞նչ ենք անում այսօր:
-Չգիտեմ, վստահում եմ քո վարպետ-ձեռքերին: Մի բան արա, միայն թե այնպես, որ մի երկու ժամ այսպես նստեմ:
-Հասկանում եմ:
-Հենց դա էլ սիրում եմ քո մեջ:

Երեկոյան երբեմն մոռանում եմ մեր տան հասցեն: Կամ էլ այնքան շատ եմ ուզում մոռանալ, որ թվում է, թե մոռանում եմ: Հարցերն այնտեղ շատ են, հորինված պատասխանները սպառվում են, ճշմարտությունը բացականչելու ցանկությունը` մեծանում: Մի ճշմարտություն կա` ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում: Ինչ-որ մի բան սխալ է:
-Ալո՞:
-Կարոտել եմ քեզ:
-Ես էլ:
-Ոչինչ չունե՞ս ինձ ասելու:
-Ո՞նց ես:
-…լավ:

Օրերն անցնում են: Ես լուսանկարիչ եմ: Աշխատում եմ: Լավ են վարձատրում: Կարող էին և ավելի լավ:
-Մյուս շաբաթ ֆոտոսեսսիա ունես, մի տղա կգա, նրա մասին պատմություն ենք գրում:
-Լավ:
Լուսանկարելն իմ թուլությունն է: Ֆոտոխցիկն այնքան բան է նկատում: Լինում է` նկարում ես մարդու, սակայն դուրս է գալիս նրա տխրությունը: Նկարում ես բնություն, սակայն ստացվում է նկարել ես քո հոգին:

-Բարև: Դե ինչ, նկարու՞մ ես ինձ:
-Բարև ձեզ, այո, խնդրում եմ անցեք պատի մոտ, ես հիմա լույսերը տեղադրեմ ու սկսենք:
-Գիտես շատ եմ սիրում, երբ ինձ լուսանկարում են:
-Հետաքրքիր դիմագծեր ունեք:
-Լավիկն ես:
-Ներեցեք, բայց ես ձեզ թույլ չեմ տվել ինձ հետ դու-ով խոսել:
-Դե լավ, էլ մի: Դու իմը պիտի լինես…

Լուսանկարներից ինձ էր նայում մեկը, ում ես ճանաչում էի: Ինչ-որ տեղ ես նրան տեսել էի, մենք զրուցել էինք, նա գիտեր, թե ով եմ ես: Մի՞թե այդպիսի բան հնարավոր է: Շտապ պետք էր ազատվել դրանցից, հանձնել խմբագրին ու փակել այս պատմությունը:

-Ալո՞:
-Ինչպե՞ս անցավ օրդ:
-Նորմալ, սովորական աշխատանքային օր էր, ինչու՞ ես հարցնում:
-Ես ամեն օր էլ հարցնում եմ:
-…
-Ինչ-որ բան այն չէ՞:
-Չէ, պարզապես երևի քեզ շատ եմ կարոտել:
-Երևի՞:
-Ներիր, տնօրենն է զանգում, հետո կխոսենք:

Հեռախոսս լուռ է: Ոչ մի տնօրեն էլ չի զանգում: Ստեցի՞: Առաջին անգամ չէ: Սուտը կարծես իմ արյան մեջ իրեն լավ է զգում: Կուզեմ մի օր ստելու ցանկություն ու կարիք չունենամ: Երջանկություն: Դա ի՞նչ բան է, երբ ամեն ինչ ու ոչինչ չունես: Ունես մի երկար ձգվող թել, սակայն այդ թելը կիրք չունի, կրակ չկա:

-Կրկին դու՞ք:
-Մի՞թե չէիր կարոտում ինձ, սիրունիկ:
Նա մոտեցավ ու գռեհկաբար նստեց սեղանին: Աչքերս վեր բարձրացրի ու նայեցի նրա ինքնագոհ ժպիտին:
-Վուլգար ես:
-Տես, արդեն դու էլ անցար դու-ի: Գիտե՞ս` նախկին կյանքում իմն էիր:
-Ե՞րբ էր նախկին կյանքը:
-Երբ երջանիկ էիր:

Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է: Բաժանորդը մտածելու ժամանակ է պահանջում: Բաժանորդի մտքերը ծնվել են ուզում: Ներիր:

-Մենք պիտի հանդիպենք: Առանձին:
-Դու գիտե՞ս, որ ես սիրեցյալ ունեմ:
-Նախկին կյանքում իմն էիր, դա քեզ ոչինչ չի՞ ասում:

Ու՞ր եմ գնում: Ու՞մ մոտ: Մեկի, ում պատկանում էի նախկին կյանքու՞մ: Խենթանոցներում երկու տեղ պետք է պատրաստել: Միայն թե երկու տարբեր խենթանոց պետք է լինի: Այդպես եմ կարծում: Ճանապարհն այնքան երկար է. տասը կիլոմետր: Մեքենան սողում է գարնանային ասֆալտով, իսկ ես հայացքս ուղղել եմ ճանապարհի ներկե գծերին. ձեռքերս դողում են: Կարոտում եմ, չգիտեմ էլ ում: Գնում եմ, սակայն գիտեմ ուր:
Դուռը թակում եմ: Բացում է: Անթարթ նայում եմ նրան ու բարև հարցնում: Նա բռնում է ձեռքս ու ինձ ներս հրավիրում:
-Մի վախեցիր:
-Իսկ ես չեմ վախենում:
Նա ծիծաղում է ու առաջ գնում:
-Խմիչք ունեմ: Այն էլ շատ:
-Ահա…
Պատուհանից գեղեցիկ տեսարան է բացվում: Ծաղկաշատ փողոցներ, անհոգ մուրացկաններ, հրապարակում շատրվաններն ինչ-որ երգ են երգում:
-Նախկին կյանքից այս կյանք մի քայլ է,- շշնջում է նա ականջիս: Շրջվում եմ:
-Ես խենթացե՞լ եմ:
Ծիծաղում է:
-Ես խոսում եմ նախկին կյանքերից, իսկ դու ինձ հարցնում ես, թե արդյոք խենթացե՞լ ես:
-Ներիր:
-Ինչի՞ համար:
-Որ նախկին կյանքում հեռացել եմ քեզնից:
Նա մոտ է գալիս ու համբուրում շրթունքներս: Աչքերիցս այրող արցունքներ են հոսում: Ես դավաճանում եմ: Ես երջանիկ եմ: Նա այնքան նուրբ է, նա ճանաչում է ինձ: Նրա շրթունքները շոյում են պարանոցս, ձեռքերը ցած են սահում, ամուր գրկում կոնքերս: Ամեն ինչ մթագնում է: Ձեռքերս սահում են նրա մարմնով, գլուխս պտտվում է: Նա գրկում է ինձ, իջեցնում հատակին, որտեղ մարմինս տրվում է նրա մարմնին, հաստատում, որ նախկին կյանքում ես նրանն էի: Ես չեմ դավաճանում: Ես իրավունք ունեմ հափշտակել իմ բաժին երջանկությունը:

-Ալո՞:
-Կարոտում եմ:
-Գիտեմ, ներիր, մենք պետք է խոսենք…
-Ինչի՞ մասին:
-Իմ նախկին կյանքի…

Արի գնանք հեռու-հեռու, այնտեղ, որտեղ ամպերն ու գետերը հանդիպում են ու միաձուլվելով ծիածանի մեղեդի նվագում, այնտեղ, որտեղ արևը պար է բռնում լեռների գագաթների հետ, որտեղ անձրևը գալուց առաջ թույլտվություն է հարցնում: Արի գնանք այնքան հեռու, որ մարդիկ միավորներ չունենան հաշվելու հեռավորությունը: Արի գնանք այնտեղ, որտեղ «մարդիկ» բառը հորինված չլինի: Ստեղծենք մի փոքրիկ-անկեղծ աշխարհ` հեռու ամեն ինչից: Մի փոքրիկ տուն կունենանք ու ինքնուրույն կստեղծենք մեզ անհրաժեշտ ամեն ինչ: Մենք քիչ բանի կարիք կունենանք: Ե՞ս: Ես միայն քո կարիքն ունեմ, հասկանու՞մ ես: Դու՞: Չգիտեմ: Կարծում եմ` կկարողանամ օգնել քեզ: Եթե պետք է` վերցրու սերս, սիրտս, հոգիս, աչքերս, ձեռքերս, զգացումներս ու զգացմունքներս: Դրանք քոնն են: Վերցրու, թե դա կօգնի քեզ երջանիկ լինել: Ես ստեղծվել եմ, որպեսզի դու երջանիկ լինես, և քո երջանկության համար չեմ խնայի անգամ քեզ: Հասկանու՞մ ես: Դժվար է դիմանալ այսքան մեծ սիրուն: Երբեմն այնքան եմ խենթանում, որ թվում է` հորինել եմ քեզ: Դու ծնվել ես երազներում, հեքիաթներումս, ես քեզ այնպիսին եմ դարձրել, ինչպես կերազեի: Հետո լսում եմ ձայնդ, հասկանում, որ իրական ես ու խենթանում: Դու այսպես լավը չես կարող իրական լինել. մի բան այն չէ: Խաբկա՞նք ես: Խնդրում եմ` խոստովանիր, որտե՞ղ է սևը, ցավոտը: Իրակա՞ն ես: Արժանի՞ եմ: Չգիտեմ...

Մի գարուն հետո դու կգաս: Մի գարուն հետո իմ կյանքում գարուն կլինի: Դու կգաս, իսկ ես չեմ հավատա, որ վերջապես կողքիս ես: Դու կբռնես ձեռքս, կհամբուրես վարսերս, կնայես աչքերիս ու կփորձես կարոտդ առնել, իսկ ես կթրթռամ սիրուց: Մենք կտոնենք բաժանման մահն ու կհաղթանակենք կարոտը: 


Մի գարուն հետո անցյալում կլինեն հարյուրավոր կիլոմետրերը, սպասումն ու հուսալքությունը: Դու կգաս ինձ մոտ, իսկ ես այնքան եմ հոգնել սպասելուց ու երազելուց: Ես հոգնել եմ քո մասին մտածելիս քեզ հիշելը, ես ցանկանում եմ քո մասին մտածելիս զանգել ու ասել. «Կարոտել եմ, գնա՞նք զբոսնենք»: Իսկ դու կասես. «Հինգ րոպեից ձեր բակում կլինեմ»: Չեմ հասցնի անգամ շպարվել. ասում ես` առանց շպարի ավելի գեղեցիկ են, իսկ ես չեմ հավատում ու ձեռքս եմ առնում դիմափոշին: 


Մի գարուն հետո դու կվերադառնաս, և մենք անբաժան կլինեն: Ես այլևս սխալներ թույլ չեմ տա, որովհետև կողքիս կլինես: Ես կփորձեմ քեզ երջանկացնել, կողքիդ լինել ինչ էլ լինի: Մենք խոստացել ենք միմյանց միասին երջանկություն ստեղծել: 


Մի գարուն հետո... Չեմ պատկերացնում, թե ինչպես է սիրտս դիմանալու այդչափ երջանկությանը: Մի գարուն հետո դու կգաս...
Newer Posts Older Posts Home

Արխիվ

  • ►  2020 (8)
    • ►  July (2)
    • ►  June (1)
    • ►  April (1)
    • ►  March (4)
  • ►  2018 (1)
    • ►  September (1)
  • ►  2015 (14)
    • ►  December (5)
    • ►  October (4)
    • ►  July (1)
    • ►  March (3)
    • ►  January (1)
  • ►  2014 (36)
    • ►  November (2)
    • ►  October (13)
    • ►  September (1)
    • ►  August (3)
    • ►  July (1)
    • ►  June (4)
    • ►  May (4)
    • ►  March (3)
    • ►  February (4)
    • ►  January (1)
  • ►  2013 (44)
    • ►  December (2)
    • ►  November (3)
    • ►  September (2)
    • ►  July (2)
    • ►  June (4)
    • ►  May (2)
    • ►  April (6)
    • ►  March (8)
    • ►  February (14)
    • ►  January (1)
  • ▼  2012 (51)
    • ►  December (6)
    • ►  November (1)
    • ►  October (1)
    • ►  September (2)
    • ►  August (2)
    • ►  July (4)
    • ►  June (5)
    • ►  May (2)
    • ►  April (5)
    • ▼  March (8)
      • Թոնրատուն
      • Ես սպասում եմ քեզ…
      • Ես երևի սիրում եմ քեզ...
      • Պետք է գրեմ, որ ապրեմ
      • Մի՞թե ես խելագար եմ
      • Նախկին կյանքում իմն էիր
      • Արի գնանք այնտեղ, որտեղ...
      • Մի գարուն հետո
    • ►  February (6)
    • ►  January (9)
  • ►  2011 (53)
    • ►  December (7)
    • ►  November (4)
    • ►  October (8)
    • ►  September (7)
    • ►  August (5)
    • ►  July (5)
    • ►  June (6)
    • ►  May (1)
    • ►  April (1)
    • ►  March (3)
    • ►  January (6)
  • ►  2010 (1)
    • ►  November (1)

Bonjour ու բարի գալուստ

Բարի գալուստ իմ հոգու ամենանուրբ աշխարհ… Ես այստեղ բացել եմ իմ սիրտը. խնդրում եմ` զգույշ կլինես:

Բաժիններ

  • N1 40
  • N2 19
  • N3 13
  • N? 42
  • Է 60

Հետևիր ինձ Instagram-ում

Copyright © 2016 Mari Love . Created by OddThemes