Նախկին կյանքում իմն էիր
Ես ունեի ամենը, ինչ
անհրաժեշտ էր երջանիկ լինելու համար, սակայն ի՞նչն էր, որ ստիպում էր միշտ ինչ-որ բան
փնտրել: Ապրում ես քո մոլորակում, սակայն գիտես, որ դրանից այն կողմ մի ամբողջ տիեզերք
է, որը քո անունն է կրում ու քեզ է կանչում: Ես միշտ փնտրել եմ իմ տիեզերքը:
* * *
Գարունները մեկը մյուսի հետևից գալիս են ու գնում: Ես միայնակ եմ, թեև կողքիս են բոլորը: Մեկը սիրում է ինձ, մյուսը` հոգ տանում, մեկն ուշադիր լսում է, իսկ մյուսը` զվարճացնում:
«Այնքան երջանիկ պիտի
լինես, նրա նման երիտասարդը քեզ է սիրում, իսկ դու փոխադարձ սիրում ես նրան»: «Ահա»,-ասում
եմ ես ու մտքերս գլորում ինձնից հեռու: Այո, սիրում եմ նրան, համենայն դեպս սիրել եմ
շատ ու իրավունք չունեմ այժմ ուրիշ մտքեր ունենալ: Նա ինձնից հեռու է հիմա: «Ամեն մեկը
չի կարող այդքան սպասել սիրելիին, որքան դու: Շատ եմ հպարտանում քեզնով»: «Ահա»,-ասում
եմ ես ու այրում երազանքներս: Այնքան եմ հեռու եղել նրանից, որ անգամ հայացքն եմ մոռացել:
Ինչու՞ միայն հայացքը: Զանգերի շնորհիվ հիշում եմ միայն ձայնը: Սարսափելիորեն զվարճալի
է: Ասում են` հեռավորությունը փորձություն է սիրո համար: Սեր: Հիմար բառ է:
Հագնում եմ վերարկուս,
վերցնում փոքրիկ պայուսակս, որի մեջ ոչինչ չի տեղավորվում: Գրողի տարած մետաղադրամներն
այնքան շատ են, որ պայուսակը ծանրանում է ու մետաղե զրնգուն ձայն արձակում: Մետաղադրամների
փոխարեն լավ է թուղթ լիներ: Վերցնում եմ տան բանալիները: Դրանցից կախված անվանական
սրտիկն իզուր բեռ է. հանում ու դեն եմ գցում այն: Այսօր պետք է որքան հնարավոր է ազատվեմ
ավելորդ բեռից: Փակում եմ դուռն ու գնում:
-Ալո, որտե՞ղ ես:
-Դուրս եմ եկել տանից:
-Ու՞ր ես գնում:
-Չգիտեմ, գեղեցկության
սրահ, հետո սրճարան, կզբոսնեմ:
-Գա՞մ:
-Չէ, կներես, ուզում
եմ մենակ լինել:
-Լավ, կզանգես:
-Ահա…
Բնությունը գարուն
է երգում: Մարդիկ ինձ պես փորձում են ազատվել ավելորդ բեռից: Ոմանց մոտ ավելորդ բեռի
անունը «կյանք» է: Մեքենաների ապակիներում արտացոլված պատկերս հավանում եմ: Ուրեմն
իմ բեռն ավելի թեթև է: Զվարճալիորեն սարսափելի է: Մարդիկ փոխում են իրենց զգեստապահարանների
գույները, սակայն շատերի մոտ հոգու գույնը նույնն է մնում: Ես հոգու գույնս լրիվ կորցրել
եմ: Բայց հոգնել եմ փնտրելուց ու վերագտնելուց: Միևնույն է` կորցնում եմ: Էլ ի՞նչ իմաստ
ունի ինքնամոռաց փնտրտուքների տրվել, եթե միևնույն է` վերջում այն ինքն է գալիս ու
ինձ գտնում: Փախչել է պետք: Հեռու մի տեղ, բոլորի աչքից հեռու, հարցեր, սպասված պատասխաններ,
ճանապարհներ, մարդիկ, մարդիկ, մարդիկ…
-Ի՞նչ ենք անում այսօր:
-Չգիտեմ, վստահում
եմ քո վարպետ-ձեռքերին: Մի բան արա, միայն թե այնպես, որ մի երկու ժամ այսպես նստեմ:
-Հասկանում եմ:
-Հենց դա էլ սիրում
եմ քո մեջ:
Երեկոյան երբեմն մոռանում
եմ մեր տան հասցեն: Կամ էլ այնքան շատ եմ ուզում մոռանալ, որ թվում է, թե մոռանում
եմ: Հարցերն այնտեղ շատ են, հորինված պատասխանները սպառվում են, ճշմարտությունը բացականչելու
ցանկությունը` մեծանում: Մի ճշմարտություն կա` ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում:
Ինչ-որ մի բան սխալ է:
-Ալո՞:
-Կարոտել եմ քեզ:
-Ես էլ:
-Ոչինչ չունե՞ս ինձ
ասելու:
-Ո՞նց ես:
-…լավ:
Օրերն անցնում են:
Ես լուսանկարիչ եմ: Աշխատում եմ: Լավ են վարձատրում: Կարող էին և ավելի լավ:
-Մյուս շաբաթ ֆոտոսեսսիա
ունես, մի տղա կգա, նրա մասին պատմություն ենք գրում:
-Լավ:
Լուսանկարելն իմ թուլությունն
է: Ֆոտոխցիկն այնքան բան է նկատում: Լինում է` նկարում ես մարդու, սակայն դուրս է գալիս
նրա տխրությունը: Նկարում ես բնություն, սակայն ստացվում է նկարել ես քո հոգին:
-Բարև: Դե ինչ, նկարու՞մ
ես ինձ:
-Բարև ձեզ, այո, խնդրում
եմ անցեք պատի մոտ, ես հիմա լույսերը տեղադրեմ ու սկսենք:
-Գիտես շատ եմ սիրում,
երբ ինձ լուսանկարում են:
-Հետաքրքիր դիմագծեր
ունեք:
-Լավիկն ես:
-Ներեցեք, բայց ես
ձեզ թույլ չեմ տվել ինձ հետ դու-ով խոսել:
-Դե լավ, էլ մի: Դու
իմը պիտի լինես…
Լուսանկարներից ինձ
էր նայում մեկը, ում ես ճանաչում էի: Ինչ-որ տեղ ես նրան տեսել էի, մենք զրուցել էինք,
նա գիտեր, թե ով եմ ես: Մի՞թե այդպիսի բան հնարավոր է: Շտապ պետք էր ազատվել դրանցից,
հանձնել խմբագրին ու փակել այս պատմությունը:
-Ալո՞:
-Ինչպե՞ս անցավ օրդ:
-Նորմալ, սովորական
աշխատանքային օր էր, ինչու՞ ես հարցնում:
-Ես ամեն օր էլ հարցնում
եմ:
-…
-Ինչ-որ բան այն չէ՞:
-Չէ, պարզապես երևի
քեզ շատ եմ կարոտել:
-Երևի՞:
-Ներիր, տնօրենն է
զանգում, հետո կխոսենք:
Հեռախոսս լուռ է:
Ոչ մի տնօրեն էլ չի զանգում: Ստեցի՞: Առաջին անգամ չէ: Սուտը կարծես իմ արյան մեջ իրեն
լավ է զգում: Կուզեմ մի օր ստելու ցանկություն ու կարիք չունենամ: Երջանկություն: Դա
ի՞նչ բան է, երբ ամեն ինչ ու ոչինչ չունես: Ունես մի երկար ձգվող թել, սակայն այդ թելը
կիրք չունի, կրակ չկա:
-Կրկին դու՞ք:
-Մի՞թե չէիր կարոտում
ինձ, սիրունիկ:
Նա մոտեցավ ու գռեհկաբար
նստեց սեղանին: Աչքերս վեր բարձրացրի ու նայեցի նրա ինքնագոհ ժպիտին:
-Վուլգար ես:
-Տես, արդեն դու էլ
անցար դու-ի: Գիտե՞ս` նախկին կյանքում իմն էիր:
-Ե՞րբ էր նախկին կյանքը:
-Երբ երջանիկ էիր:
Բաժանորդը ժամանակավորապես
անհասանելի է: Բաժանորդը մտածելու ժամանակ է պահանջում: Բաժանորդի մտքերը ծնվել են
ուզում: Ներիր:
-Մենք պիտի հանդիպենք:
Առանձին:
-Դու գիտե՞ս, որ ես
սիրեցյալ ունեմ:
-Նախկին կյանքում
իմն էիր, դա քեզ ոչինչ չի՞ ասում:
Ու՞ր եմ գնում: Ու՞մ
մոտ: Մեկի, ում պատկանում էի նախկին կյանքու՞մ: Խենթանոցներում երկու տեղ պետք է պատրաստել:
Միայն թե երկու տարբեր խենթանոց պետք է լինի: Այդպես եմ կարծում: Ճանապարհն այնքան
երկար է. տասը կիլոմետր: Մեքենան սողում է գարնանային ասֆալտով, իսկ ես հայացքս ուղղել
եմ ճանապարհի ներկե գծերին. ձեռքերս դողում են: Կարոտում եմ, չգիտեմ էլ ում: Գնում
եմ, սակայն գիտեմ ուր:
Դուռը թակում եմ:
Բացում է: Անթարթ նայում եմ նրան ու բարև հարցնում: Նա բռնում է ձեռքս ու ինձ ներս
հրավիրում:
-Մի վախեցիր:
-Իսկ ես չեմ վախենում:
Նա ծիծաղում է ու
առաջ գնում:
-Խմիչք ունեմ: Այն
էլ շատ:
-Ահա…
Պատուհանից գեղեցիկ
տեսարան է բացվում: Ծաղկաշատ փողոցներ, անհոգ մուրացկաններ, հրապարակում շատրվաններն
ինչ-որ երգ են երգում:
-Նախկին կյանքից այս
կյանք մի քայլ է,- շշնջում է նա ականջիս: Շրջվում եմ:
-Ես խենթացե՞լ եմ:
Ծիծաղում է:
-Ես խոսում եմ նախկին
կյանքերից, իսկ դու ինձ հարցնում ես, թե արդյոք խենթացե՞լ ես:
-Ներիր:
-Ինչի՞ համար:
-Որ նախկին կյանքում
հեռացել եմ քեզնից:
Նա մոտ է գալիս ու
համբուրում շրթունքներս: Աչքերիցս այրող արցունքներ են հոսում: Ես դավաճանում եմ: Ես
երջանիկ եմ: Նա այնքան նուրբ է, նա ճանաչում է ինձ: Նրա շրթունքները շոյում են պարանոցս,
ձեռքերը ցած են սահում, ամուր գրկում կոնքերս: Ամեն ինչ մթագնում է: Ձեռքերս սահում
են նրա մարմնով, գլուխս պտտվում է: Նա գրկում է ինձ, իջեցնում հատակին, որտեղ մարմինս
տրվում է նրա մարմնին, հաստատում, որ նախկին կյանքում ես նրանն էի: Ես չեմ դավաճանում:
Ես իրավունք ունեմ հափշտակել իմ բաժին երջանկությունը:
-Ալո՞:
-Կարոտում եմ:
-Գիտեմ, ներիր, մենք
պետք է խոսենք…
-Ինչի՞ մասին:
-Իմ նախկին կյանքի…
12 մեկնաբանություն
<3
ReplyDeleteքոնը չէր....իմ էլ չի...բայց կարող էր իմը լիներ..եթե թույլ տայի.....
ReplyDeleteՀոյակապ էր, շատ նուրբ էր շարադրված, և ամենևին էլ չմտածեցի, թե դա ինքնակենսագրական է:շնորահակալություն:
ReplyDeletehrashq uxxaki,iskapes cncvac em ankexc em asum,shnorhakalem,an@ndhat kardum em nor nyutern u misht el aveli norin spasum,gracnerd indz iroq urish ashxarh en texapoxum,shnorhakal em
ReplyDeleteՇնորհակալ եմ անչափ, ես սիրում եմ իմ ընթերցողներին :)
ReplyDeleteХарцс дзер граци хет капвац че,байц ес шат урах клине ете дук патасхан еик)) инч еражштутюн е хнчум,ерп мтнум эн дзер блог? Нахапес шноракалутюн)
ReplyDeleteTo build a home- Cinematic Orchestra instrumental
ReplyDeleteевс мек анкам шноракалутюн))
DeleteՄԵծ բավականությամբ կարդացի..շնորհակալություն յուրահատուկ զգացողություններ փոխանցելու համար:Իսկ գրածների տակ ենթատեքս փնտրելը անտեղի զբաղմունք է,,վայելեք տողերի ճկունությունը ;)
ReplyDeleteuxaki xosqer chkan,,,<3
ReplyDeleteհրաշալի էր ուղղակի... խոսքերս չեն հերիքում, որ զգացածս գրեմ... շնորհակալ եմ Մարի ջան...
ReplyDeleteSHAT LAVN ER. ES HASKANUM EM PATMVACQI HEROSIN U ETE HAMARDZAKUTYUN UNENAJI ES EL NUYN KERP KVARVEI .PETQ CHE HAVATARIM LINEL MEKIN OV QEZ MORACEL E, AYL PETQ E PAKEL KYANQI AYD EJN U SHARJVEL AREAJ
ReplyDelete