Նախկին կյանքում իմն էիր

Ես ունեի ամենը, ինչ անհրաժեշտ էր երջանիկ լինելու համար, սակայն ի՞նչն էր, որ ստիպում էր միշտ ինչ-որ բան փնտրել: Ապրում ես քո մոլորակում, սակայն գիտես, որ դրանից այն կողմ մի ամբողջ տիեզերք է, որը քո անունն է կրում ու քեզ է կանչում: Ես միշտ փնտրել եմ իմ տիեզերքը:

* * *
Գարունները մեկը մյուսի հետևից գալիս են ու գնում: Ես միայնակ եմ, թեև կողքիս են բոլորը: Մեկը սիրում է ինձ, մյուսը` հոգ տանում, մեկն ուշադիր լսում է, իսկ մյուսը` զվարճացնում:
«Այնքան երջանիկ պիտի լինես, նրա նման երիտասարդը քեզ է սիրում, իսկ դու փոխադարձ սիրում ես նրան»: «Ահա»,-ասում եմ ես ու մտքերս գլորում ինձնից հեռու: Այո, սիրում եմ նրան, համենայն դեպս սիրել եմ շատ ու իրավունք չունեմ այժմ ուրիշ մտքեր ունենալ: Նա ինձնից հեռու է հիմա: «Ամեն մեկը չի կարող այդքան սպասել սիրելիին, որքան դու: Շատ եմ հպարտանում քեզնով»: «Ահա»,-ասում եմ ես ու այրում երազանքներս: Այնքան եմ հեռու եղել նրանից, որ անգամ հայացքն եմ մոռացել: Ինչու՞ միայն հայացքը: Զանգերի շնորհիվ հիշում եմ միայն ձայնը: Սարսափելիորեն զվարճալի է: Ասում են` հեռավորությունը փորձություն է սիրո համար: Սեր: Հիմար բառ է:
Հագնում եմ վերարկուս, վերցնում փոքրիկ պայուսակս, որի մեջ ոչինչ չի տեղավորվում: Գրողի տարած մետաղադրամներն այնքան շատ են, որ պայուսակը ծանրանում է ու մետաղե զրնգուն ձայն արձակում: Մետաղադրամների փոխարեն լավ է թուղթ լիներ: Վերցնում եմ տան բանալիները: Դրանցից կախված անվանական սրտիկն իզուր բեռ է. հանում ու դեն եմ գցում այն: Այսօր պետք է որքան հնարավոր է ազատվեմ ավելորդ բեռից: Փակում եմ դուռն ու գնում:

-Ալո, որտե՞ղ ես:
-Դուրս եմ եկել տանից:
-Ու՞ր ես գնում:
-Չգիտեմ, գեղեցկության սրահ, հետո սրճարան, կզբոսնեմ:
-Գա՞մ:
-Չէ, կներես, ուզում եմ մենակ լինել:
-Լավ, կզանգես:
-Ահա…


Բնությունը գարուն է երգում: Մարդիկ ինձ պես փորձում են ազատվել ավելորդ բեռից: Ոմանց մոտ ավելորդ բեռի անունը «կյանք» է: Մեքենաների ապակիներում արտացոլված պատկերս հավանում եմ: Ուրեմն իմ բեռն ավելի թեթև է: Զվարճալիորեն սարսափելի է: Մարդիկ փոխում են իրենց զգեստապահարանների գույները, սակայն շատերի մոտ հոգու գույնը նույնն է մնում: Ես հոգու գույնս լրիվ կորցրել եմ: Բայց հոգնել եմ փնտրելուց ու վերագտնելուց: Միևնույն է` կորցնում եմ: Էլ ի՞նչ իմաստ ունի ինքնամոռաց փնտրտուքների տրվել, եթե միևնույն է` վերջում այն ինքն է գալիս ու ինձ գտնում: Փախչել է պետք: Հեռու մի տեղ, բոլորի աչքից հեռու, հարցեր, սպասված պատասխաններ, ճանապարհներ, մարդիկ, մարդիկ, մարդիկ…
-Ի՞նչ ենք անում այսօր:
-Չգիտեմ, վստահում եմ քո վարպետ-ձեռքերին: Մի բան արա, միայն թե այնպես, որ մի երկու ժամ այսպես նստեմ:
-Հասկանում եմ:
-Հենց դա էլ սիրում եմ քո մեջ:

Երեկոյան երբեմն մոռանում եմ մեր տան հասցեն: Կամ էլ այնքան շատ եմ ուզում մոռանալ, որ թվում է, թե մոռանում եմ: Հարցերն այնտեղ շատ են, հորինված պատասխանները սպառվում են, ճշմարտությունը բացականչելու ցանկությունը` մեծանում: Մի ճշմարտություն կա` ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում: Ինչ-որ մի բան սխալ է:
-Ալո՞:
-Կարոտել եմ քեզ:
-Ես էլ:
-Ոչինչ չունե՞ս ինձ ասելու:
-Ո՞նց ես:
-…լավ:

Օրերն անցնում են: Ես լուսանկարիչ եմ: Աշխատում եմ: Լավ են վարձատրում: Կարող էին և ավելի լավ:
-Մյուս շաբաթ ֆոտոսեսսիա ունես, մի տղա կգա, նրա մասին պատմություն ենք գրում:
-Լավ:
Լուսանկարելն իմ թուլությունն է: Ֆոտոխցիկն այնքան բան է նկատում: Լինում է` նկարում ես մարդու, սակայն դուրս է գալիս նրա տխրությունը: Նկարում ես բնություն, սակայն ստացվում է նկարել ես քո հոգին:

-Բարև: Դե ինչ, նկարու՞մ ես ինձ:
-Բարև ձեզ, այո, խնդրում եմ անցեք պատի մոտ, ես հիմա լույսերը տեղադրեմ ու սկսենք:
-Գիտես շատ եմ սիրում, երբ ինձ լուսանկարում են:
-Հետաքրքիր դիմագծեր ունեք:
-Լավիկն ես:
-Ներեցեք, բայց ես ձեզ թույլ չեմ տվել ինձ հետ դու-ով խոսել:
-Դե լավ, էլ մի: Դու իմը պիտի լինես…

Լուսանկարներից ինձ էր նայում մեկը, ում ես ճանաչում էի: Ինչ-որ տեղ ես նրան տեսել էի, մենք զրուցել էինք, նա գիտեր, թե ով եմ ես: Մի՞թե այդպիսի բան հնարավոր է: Շտապ պետք էր ազատվել դրանցից, հանձնել խմբագրին ու փակել այս պատմությունը:

-Ալո՞:
-Ինչպե՞ս անցավ օրդ:
-Նորմալ, սովորական աշխատանքային օր էր, ինչու՞ ես հարցնում:
-Ես ամեն օր էլ հարցնում եմ:
-…
-Ինչ-որ բան այն չէ՞:
-Չէ, պարզապես երևի քեզ շատ եմ կարոտել:
-Երևի՞:
-Ներիր, տնօրենն է զանգում, հետո կխոսենք:

Հեռախոսս լուռ է: Ոչ մի տնօրեն էլ չի զանգում: Ստեցի՞: Առաջին անգամ չէ: Սուտը կարծես իմ արյան մեջ իրեն լավ է զգում: Կուզեմ մի օր ստելու ցանկություն ու կարիք չունենամ: Երջանկություն: Դա ի՞նչ բան է, երբ ամեն ինչ ու ոչինչ չունես: Ունես մի երկար ձգվող թել, սակայն այդ թելը կիրք չունի, կրակ չկա:

-Կրկին դու՞ք:
-Մի՞թե չէիր կարոտում ինձ, սիրունիկ:
Նա մոտեցավ ու գռեհկաբար նստեց սեղանին: Աչքերս վեր բարձրացրի ու նայեցի նրա ինքնագոհ ժպիտին:
-Վուլգար ես:
-Տես, արդեն դու էլ անցար դու-ի: Գիտե՞ս` նախկին կյանքում իմն էիր:
-Ե՞րբ էր նախկին կյանքը:
-Երբ երջանիկ էիր:

Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է: Բաժանորդը մտածելու ժամանակ է պահանջում: Բաժանորդի մտքերը ծնվել են ուզում: Ներիր:

-Մենք պիտի հանդիպենք: Առանձին:
-Դու գիտե՞ս, որ ես սիրեցյալ ունեմ:
-Նախկին կյանքում իմն էիր, դա քեզ ոչինչ չի՞ ասում:

Ու՞ր եմ գնում: Ու՞մ մոտ: Մեկի, ում պատկանում էի նախկին կյանքու՞մ: Խենթանոցներում երկու տեղ պետք է պատրաստել: Միայն թե երկու տարբեր խենթանոց պետք է լինի: Այդպես եմ կարծում: Ճանապարհն այնքան երկար է. տասը կիլոմետր: Մեքենան սողում է գարնանային ասֆալտով, իսկ ես հայացքս ուղղել եմ ճանապարհի ներկե գծերին. ձեռքերս դողում են: Կարոտում եմ, չգիտեմ էլ ում: Գնում եմ, սակայն գիտեմ ուր:
Դուռը թակում եմ: Բացում է: Անթարթ նայում եմ նրան ու բարև հարցնում: Նա բռնում է ձեռքս ու ինձ ներս հրավիրում:
-Մի վախեցիր:
-Իսկ ես չեմ վախենում:
Նա ծիծաղում է ու առաջ գնում:
-Խմիչք ունեմ: Այն էլ շատ:
-Ահա…
Պատուհանից գեղեցիկ տեսարան է բացվում: Ծաղկաշատ փողոցներ, անհոգ մուրացկաններ, հրապարակում շատրվաններն ինչ-որ երգ են երգում:
-Նախկին կյանքից այս կյանք մի քայլ է,- շշնջում է նա ականջիս: Շրջվում եմ:
-Ես խենթացե՞լ եմ:
Ծիծաղում է:
-Ես խոսում եմ նախկին կյանքերից, իսկ դու ինձ հարցնում ես, թե արդյոք խենթացե՞լ ես:
-Ներիր:
-Ինչի՞ համար:
-Որ նախկին կյանքում հեռացել եմ քեզնից:
Նա մոտ է գալիս ու համբուրում շրթունքներս: Աչքերիցս այրող արցունքներ են հոսում: Ես դավաճանում եմ: Ես երջանիկ եմ: Նա այնքան նուրբ է, նա ճանաչում է ինձ: Նրա շրթունքները շոյում են պարանոցս, ձեռքերը ցած են սահում, ամուր գրկում կոնքերս: Ամեն ինչ մթագնում է: Ձեռքերս սահում են նրա մարմնով, գլուխս պտտվում է: Նա գրկում է ինձ, իջեցնում հատակին, որտեղ մարմինս տրվում է նրա մարմնին, հաստատում, որ նախկին կյանքում ես նրանն էի: Ես չեմ դավաճանում: Ես իրավունք ունեմ հափշտակել իմ բաժին երջանկությունը:

-Ալո՞:
-Կարոտում եմ:
-Գիտեմ, ներիր, մենք պետք է խոսենք…
-Ինչի՞ մասին:
-Իմ նախկին կյանքի…

Share:

12 մեկնաբանություն

  1. քոնը չէր....իմ էլ չի...բայց կարող էր իմը լիներ..եթե թույլ տայի.....

    ReplyDelete
  2. Հոյակապ էր, շատ նուրբ էր շարադրված, և ամենևին էլ չմտածեցի, թե դա ինքնակենսագրական է:շնորահակալություն:

    ReplyDelete
  3. hrashq uxxaki,iskapes cncvac em ankexc em asum,shnorhakalem,an@ndhat kardum em nor nyutern u misht el aveli norin spasum,gracnerd indz iroq urish ashxarh en texapoxum,shnorhakal em

    ReplyDelete
  4. Շնորհակալ եմ անչափ, ես սիրում եմ իմ ընթերցողներին :)

    ReplyDelete
  5. Харцс дзер граци хет капвац че,байц ес шат урах клине ете дук патасхан еик)) инч еражштутюн е хнчум,ерп мтнум эн дзер блог? Нахапес шноракалутюн)

    ReplyDelete
  6. To build a home- Cinematic Orchestra instrumental

    ReplyDelete
    Replies
    1. евс мек анкам шноракалутюн))

      Delete
  7. ՄԵծ բավականությամբ կարդացի..շնորհակալություն յուրահատուկ զգացողություններ փոխանցելու համար:Իսկ գրածների տակ ենթատեքս փնտրելը անտեղի զբաղմունք է,,վայելեք տողերի ճկունությունը ;)

    ReplyDelete
  8. uxaki xosqer chkan,,,<3

    ReplyDelete
  9. հրաշալի էր ուղղակի... խոսքերս չեն հերիքում, որ զգացածս գրեմ... շնորհակալ եմ Մարի ջան...

    ReplyDelete
  10. SHAT LAVN ER. ES HASKANUM EM PATMVACQI HEROSIN U ETE HAMARDZAKUTYUN UNENAJI ES EL NUYN KERP KVARVEI .PETQ CHE HAVATARIM LINEL MEKIN OV QEZ MORACEL E, AYL PETQ E PAKEL KYANQI AYD EJN U SHARJVEL AREAJ

    ReplyDelete