Իմ բայցերը շատ են

Կարոտել եմ մեզ: Դու գիտես, որ ամենից շատ կուզեի, որ երջանիկ լինեինք, բայց իմ բայցերը շատ են: Թվում է` ի՞նչն է մեզ խանգարում, չէ՞: Ես եմ խանգարում: Դու` բոլորի մեջ առաջինն ու սիրելին, ինձ միշտ կանչում ես քեզ մոտ, իսկ քեզ մոտ այնքան լավ է, բայց իմ բայցերը շատ են: Ես երազում եմ սիրել քեզ այնպես, ինչպես դու ես սիրում ինձ, ինչպես դու ես նվիրվել ինձ ու մեր սիրուն, որ գոյություն էլ չունի: Մենք լավ հորինել գիտենք, բայց ցավոք մեզնից մեկը պետք է խեղեր մեր երջանկությունը, որովհետև իմ բայցերը շատ են: Իսկ եթե ավելի անկեղծ` իմ բայցը մեկն է, և դու գիտես, թե որն է դա: Իմ երջանկության բանաձևից ես հանել եմ քեզ, բացառել, փոխարինել, որովհետև… ՀԻՄԱՐ ԵՄ: Երբ ասում եմ, որ ամենից շատ երազում եմ, որ այլևս չսիրես ինձ, ստում եմ: Ես ուզում եմ, որ դու միշտ սիրես ինձ: Ներիր, որ դաժան եմ, բայց դու իմ կյանքում ամենակարևոր հրաշքներից ես. ես քեզնով եմ ուժեղ ու թույլ, այնքան թույլ, այնքան կախյալ ու կարոտող: Տեսնել քեզ երազներում, ապրել քո մասին հիշողություններով, ժպտալ, կարոտել, անսահման կարոտել այն երջանիկ պահերը, որ ունեցել ենք, մտածել, որ գուցե կյանքիս ամենամեծ սխալն եմ գործում, բայց դու էլ ես հասկանում, որ իմ բայցերը շատ են, գուցե ոչ այդքան, կամ էլ այնքան, որ բավական են իմ ու քո սերը սպանելու համար: Գիտես խեղդվում եմ, ինձ պատեպատ տալիս, անկարողությունից ու անելանելիությունից երբեմն ոռնում ու ջարդում եղունգներս, հաճախ ժպտում ու խորհուրդներ տալիս, բայց միշտ քեզ հիշում ու քեզ սիրում այնպես, ինչպես կարող եմ: Ներիր, բայց քեզ մոռանալ չեմ կարող, որովհետև դու սիրում ես ինձ առանց որովհետևների ու բայցերի: Ես քեզնից հեռու մնալ չեմ կարող, ներիր, բայց իմ բայցերը շատ են:

Tags:

Share:

0 մեկնաբանություն