2 3 Mari Love : Երկու սիրտ, մեկ մարմին
Մտքեր

Երկու սիրտ, մեկ մարմին

By Thursday, July 04, 2013

Ողջույն, փոքրիկս: Ինչպե՞ս ես: Ահ, այնպես, ինչպես ե՞ս: Ես չեմ կարող վատ լինել, անգամ երբ ինձ շատ թույլ ու հիվանդ զգամ: Չէ՞ որ պատասխանատու եմ ոչ միայն իմ, այլ նաև քեզ համար, իսկ ես չեմ կարող քեզ ցավեցնել: Ես ու դու մի մարմին ենք: Այդպես կլինի այնքան ժամանակ, մինչև մենք բաժանվենք ու դառնանք մեկ հոգի: Գիտես՝ այնքան անհամբերությամբ եմ սպասում այդ պահին: Շատերը վախենում են, իսկ ես վստահ եմ, որ ամեն ցավի կդիմանամ, միայն թե շուտ տեսնեմ քեզ: Ես չգիտեմ, թե ինչպիսին կլինես դու, որքանով նման կլինես ինձ, բայց կուզեմ, որ կյանքում ցավ չապրես: Ես կուզեմ, որ երջանիկ լինես՝ ուր էլ լինես, ինչ էլ անես: Ես չեմ կարող խոսք տալ, որ միշտ կողքիդ կլինեմ, բայց կանեմ ամենը, որ միասին եղած ժամանակ քեզ որքան հնարավոր է շատ բան սովորեցնեմ: Ես կսիրեմ քեզ աշխարհում ամենից շատ, բայց չեմ երկրպագի քեզ: Ես ցույց կտամ, թե որն է բարին ու գեղեցիկը, բայց չեմ պարտադրի ընդունել իմ կարծիքը: Դու ազատ կլինես, բայց ես այնքան կանհանգստանամ քեզ համար, որ դու ինքդ չես ցանկանա մայրիկին ցավեցնել: Ես իմ կյանքն արդեն իսկ նվիրել եմ քեզ, որովհետև ամենը, ինչ անում եմ, քեզ համար եմ անում: Ամեն րոպե իմ մտքում ես, մտածում եմ, թե ինչպես ես մեծանալու փորիկիս մեջ, ինչպես ես խաղալու ու զարգանալու իմ մեջ, ինչպես է լինելու մեր առաջին հանդիպումը, ինչպես ես առաջին անգամ ինձ «մայրիկ» դիմելու: Դու դեռ փոքրիկ ես, սակայն մեծ այնքան, որ զգաս, թե որքան եմ սիրում քեզ, ինչպես եմ քնելիս ու արթնանալիս ձեռքս տանում դեպի փորիկս, որ զգաս ջերմությունս, ինչպես եմ ամեն օր նայում հայելուն ու սպասում, թե երբ է փորիկս մեծանալու, երբ ես մեծանալու: Ամեն շաբաթ ես ճշտում եմ, թե քանի սանտիմետր ու քանի գրամ ես դու, մատներով չափում եմ այդքան, ու հավատս չի գալիս, որ դեռ այդքան փոքրիկ ես: Ես Աստծուն ամեն օր խնդրում եմ, որ ինձ ու քեզ առողջություն տա, որ չթողնի, որ չարիք տեղի ունենա, որ կմթնեցնի մեր երջանկությունը. առանց այդ էլ մենք շատ ենք տառապել: Ներիր, եթե քո մասին առաջին անգամ իմանալուց լաց եմ եղել, բայց ոչ երջանկությունից: Ներիր, եթե մտքովս հիմար բաներ են անցել. վստահ եմ, կգա ժամանակ, դու կհասկանաս ինձ: Կարևորն այն է, որ մայրիկն այժմ քեզնից ոչ մի պարագայում չի հրաժարվի և ամեն ինչ կանի, որ դու երջանիկ ու անհոգ լինես: Ես իմ կյանքն եմ քեզ նվիրում և ի պատասխան դրա մի բան եմ խնդրում միայն՝ երջանիկ եղիր, փոքրիկս: Սիրում եմ քո փոքրիկ էությունն ու արագ աշխատող սրտիկը:

Նույն թեմայի մեջ

0 մեկնաբանություն