* * *

* * *


Մարդիկ ծնվում են և մահանում: Մարդիկ ծնվում են մահացած: Մարդիկ ապրում են մահացած: Մարդիկ էլ կան, որ ապրում են ծնվելով: Որոշ մարդիկ իրենց ողջ կյանքում ապրեցնում են մյուսներին` իրենք իրենց սպանելով: Մյուսներն էլ իրենց ողջ կյանքում ապրում են` սպանելով մյուսներին:






Ծնվել եմ 1939 թվականին: Համաշխարհային պատերազմը նոր էր սկսվել, բայց դա ինձ հետ ոչ մի առնչություն չուներ: Այն երկիրը, որտեղ ծնվել էի, երևի աշխարհի հետ կապ չուներ, որովհետև հեռու էր մնացել պատերազմական իրարանցումից: Մարդիկ ապրում էին իրենց սովորական կյանքով, մինչդեռ աշխարհը պատերազմում էր: Ես էլ սովորական երեխաների նման մեծանում էի: Խոսել սկսել եմ հինգ տարեկանից. այդ պատճառով ինձ «ապուշ» պիտակեցին: Չգիտեի էլ` ինչ է նշանակում այդ բառը: Եվ քանի որ չգիտեի, ամեն անգամ «ապուշ»-ը լսելիս շրջվում էի: Երեխաները փռթկում էին, իսկ ես զարմացած ու վախեցած հետ էի շրջվում և հեռանում: Տանն ինձ ապուշ չէին ասում: Մայրս «տղա» էր դիմում, հայրս ընդհանրապես չէր դիմում: Նա միշտ ուշ էր վերադառնում աշխատանքից: Հանում էր աշխատանքային հագուստը (աշխատում էր գործարանում), լուռ ընթրում և միացնելով ռադիոն` նստում դրա առջև ու ծխում: Եթե հաջողացնում էի աչքին չերևալ, նա անգամ չէր հիշում գոյությանս մասին: Իսկ եթե հանկարծ ու մի փորձվում էի անցնել կամ վազել նրա կողքով, նա մի ուժեղ հարված էր հասցնում ականջիս ու կարգադրում հեռու չքվել: Ես էլ հեռու էի չքվում, չնայած հեռու չքվելու տեղ չկար (մեր տունը, եթե իհարկե այն կարելի էր տուն անվանել, նկուղային մի սենյակ էր, մի փոքրիկ խոհանոցով և ցուրտ սանհանգույցով): Ստիպված գնում էի խոհանոց, որտեղ մայրս էր աշխատում: Նա թխվածք էր պատրաստում հարևանի խանութի համար, իսկ ինձ երբեք թույլ չէր տալիս ուտել պատրաստի թխվածքները: Միշտ ուտում էի ծայրի կամ վառված հատվածները: 

Ամեն առավոտ ես էի տանում պատրաստի թխվածքները: Մեծ ստվարաթղթե արկղի մեջ դրանք ավելի գրավիչ էին թվում, բայց ես գիտեի, որ չեմ կարող ուտել դրանք: Մտածում էի, որ երբ մեծանամ և շատ փող աշխատեմ, անպայման կգնեմ մի ամբողջ տուփ, փողն էլ մորս կտամ: Նա իհարկե կզարմանար, կհարցներ, թե այդքան փող ինձ որտեղից: Ես կասեի, որ աշխատել եմ: Նա չէր հավատա և մի ուժեղ ապտակ կհասցներ և կասեր, որ գողացել եմ:


Ձմռան մի օր, երբ փողոցներն ամբողջովին սառցակալել էին, խմորեղենը տանելիս վայր ընկա և ստվարաթղթե արկղը գցեցի գետնին: Խմորեղենը խառնվեց ձյան և ցեխի հետ: Մի քանի րոպե պառկած էի գետնին: Չգիտեի ինչ անել: Այդպես էլ երևի պառկած կմնայի, եթե մայրս պատուհանից չտեսներ իր տղային, որ դիմացի փողոցի վրա ընկած էր` խմորեղենի տուփը կողքին ջախջախված: Մայրս վերարկուն ուսերին գցելով դուրս վազեց, անցավ փողոցը և գրկեց տուփը: Համոզվելով, որ ոչ մի թխվածք չի փրկվել, նա մի ձեռքով բարձրացրեց անզգայացած մարմինս, որ հազիվ էի պահում ոտքերիս վրա: Ապա ինձ փողոցում թողնելով` արագ ուղղվեց դեպի խանութը և հինգ րոպեից վերադարձավ: Բռնելով արմունկիցս` ինձ տուն քարշ տվեց, որտեղ ուղիղ քառասուն րոպե ծեծեց և ուղիղ չորս օր սոված պահեց: Հայրս դրա մասին չիմացավ: Գոնե դրա համար շնորհակալ էի մորիցս: Եղբայր կամ քույր չունեի: 


Դպրոցում աշակերտներն ինձ չէին սիրում: Փողոցի երեխաները շարունակում էին ինձ «ապուշ» ասել, չնայած ուսուցչուհիներն ասում էին, որ խելացի և ընդունակ երեխա էի: Կանայք միշտ առանձնակի ուշադրությամբ էին ինձ նայում: Անգամ մայրս, երբ տանը մենակ էինք լինում, երբեմն աչքերը հառած նայում էր ինձ, անգամ զննում էր: Երբ վերջացնում էր իր ուսումնասիրությունը, միշտ ինչ-որ տարօրինակ փնչոց էր արձակում և կրկին շրջվում դեպի ալյուրոտ սեղանը: Ես էլ մտածում էի, որ երևի այլանդակ եմ կամ կողքի փողոցից տղայի պես արատ ունեմ: 


Դպրոցում ուսուցչուհիները միշտ հատուկ ուշադրության էին արժանացնում ինձ: Անգամ անգլերենի ուսուցչուհին երբեմն դասերից հետո պահում էր ինձ և հավելյալ պարապում: Նա ասում էր, որ ցանկանում է հղկել արտասանությունս ու ժամերով ստիպում էր տարբեր հնչյուններ արտաբերել: Մի անգամ` հավելյալ դասերից մեկի ժամանակ, ուսուցչուհիս մոտեցավ ինձ, շոյեց գլուխս և շշնջաց ականջիս.


-Գիտե՞ս, որ շատ գեղեցիկ տղա ես:


Եվ համբուրեց ականջս: Կյանքումս առաջին անգամ ինձ համբուրում էին: Մարմնովս դող անցավ: Չգիտեի ինչ պատասխանել, ինչ անել: Մի քանի րոպե մոռացության մեջ էի: Երբ ուշքի եկա, ուսուցչուհին արդեն իր սեղանի մոտ էր և ինչ-որ նախադասություն էր կարդում բարձրաձայն, ասես ոչինչ չէր եղել: Գուցե իսկապես ոչինչ չէր եղել: Գուցե ինձ էր թվացել: 


Տարիներն անցնում էին: Դասարանի աղջիկները, որ գտնվում էին ակտիվ սեռական հասունացման մեջ, ժպտում էին ինձ, աննկատ դիպչում ձեռքիս, իսկ բարձր դասարանների աղջիկները երբեմն աչքով էին անում: Ես շատ էի շփոթվում և միշտ ինչ-որ հիմարություն էի անում. կամ վայր կընկնեի, կամ կհարվածվեի պատին, կամ պայուսակս կգցեի: Նրանք ծիծաղում էին, իսկ ես ավելի էի շփոթվում: Տղաները շարունակում էին ինձ ձեռք առնել, երբեմն անգամ դասերից հետո խմբերով հետևում էին մինչև տուն և ամբողջ ճանապարհին վիրավորական բառեր ասում, հարվածում քարերով և ծիծաղում: Ես ոչինչ չէի անում: Չգիտեի ինչպես ինձ պահել: Չէի փորձում հարվածել, որովհետև մի անգամ անհաջող փորձ արել էի և երկու շաբաթ կապտած աչքով ման եկել: 


Ինը տարեկան էի, երբ մայրս ինձ լողացնելիս արդեն զգույշ էր լինում: Նա աշխատում էր չնայել մարմնիս: Աչքերը միշտ ներքև էր ուղղում: Մի անգամ նա ջուրը չափից շատ էր տաքացրել, և ես ասացի դրա մասին: Նա գլուխը վեր բարձրացրեց, նայեց ինձ և գնաց սառը ջուր բերելու: Վերադառնալիս հայացք գցեց մարմնիս, շփոթվեց, բայց այդպես էլ չկարողացավ հայացքը կտրել մարմնիցս: Առնանդամիս հասնելով նա մի պահ կանգ առավ: Կարծես երկմտում էր լվանալ այն, թե ոչ: Այնուամենայնիվ նա դիպավ դրան: Զգում էի, թե ինչպես էր սպունգի տակ դողում նրա ձեռքը: Նրա ճակատին քրտնքի կաթիլներ էին հայտնվել, իսկ դեմքն աղավաղված էր: Այդ դեպքից հետո միայնակ էի լողանում:


Դպրոցն ավարտելուց հետո հայրս ինձ իր հետ գործարան տարավ: Աշխատում էի նրա հետ: Պարկեր էի բարձում, մանր-մունր առաջադրանքներ կատարում, օգնում բանվորներին, որոնցից մեկը հայրս էր: Գործարանում միակ կինը պահեստապետն էր, որին սակայն դժվար էր կին անվանել: Նա մոտ հիսուն տարեկան հաղթանդամ, գեր մի արարած էր, որ միշտ բողոքում էր և բղավում բանվորների վրա: Նրա հետևից կատակում էին, տարբեր պիտակներ կպցնում, բայց հնազանդվում էին և կատարում բոլոր կարգադրությունները: Բոլորը կատակում էին, թե պահեստապետուհին ինձ էր սիրահարվել, որովհետև գործարանում աշխատելու օրվանից նա հիմնականում ինձ էր հանձնարարում շրջել իր հետ պահեստում և կատարել ապրանքների հաշվարկը: Գործարանում երկար չաշխատեցի, որովհետև նույն պահեստապետը մի անգամ հայտարարեց, որ ես փորձել եմ նրան տիրանալ, թեև բոլորն էին տեսնում, որ ֆիզիկապես ի վիճակի չէի դա անել: Այնուամենայնիվ գործարանի տերը հորս ու ինձ աշխատանքից վռնդեց և հայտարարեց, որ այլասերվածները տեղ չունեն իր գործարանում: 


Այդ դեպքից հետո հայրս ավելի լռակյաց դարձավ, իսկ մայրս ինձ ընդհանրապես չէր նայում: Երբեմն մտածում էի, թե անտեսանելի եմ: Նրանք ապրում էին իրենց կյանքով և ասես աշխատում էին չմտածել, որ որդի ունեն: 




Մի անգամ փողոցում ինձ մի կին մոտեցավ: Նա ձեռքիս մեջ թղթի մի կտոր դրեց, որի վրա հասցեի հետ միասին գրված էր. «Կվճարեմ քեզ, եթե համաձայնես քնել ինձ հետ»: Երկար ժամանակ ձեռքիս մեջ ամուր պահել էի թղթի կտորը և չէի համարձակվում նորից նայել դրա վրա: Մի քանի օր շարունակ մտածում էի կատարվածի մասին: Հետո հիշում էի դպրոցի ուսուցչուհուն, մորս ինձ լողացնելիս, դպրոցի աղջիկների չափազանց մեծ ուշադրությունը: Որոշեցի հանդեպել կնոջն ու հարցնել, թե այդ ինչ կա իմ մեջ, որ այդքան գրավում է նրանց: 




Նշված հասցեն գտնվում էր քաղաքի մյուս ծայրում, այնտեղ, որտեղ հարուստներն էին ապրում: Երբեք այդտեղ չէի եղել և անընդհատ սպասում էի, որ ինչ-որ մեկը կմոտենա և ինձ կքշի: Բայց ոչ-ոք չմոտեցավ: Տան դուռը կիսաբաց էր: Անվստահ քայլերով ներս մտա և անցա հյուրասենյակ, որտեղից երաժշտության հնչյուններ էին գալիս: Կինը նստած էր բազմոցին և ինքնագոհ ժպտում էր: Ես իհարկե միտք չունեի քնել նրա հետ, որովհետև կույս էի և չէի ցանկանում այն կորցնել ինչ-որ անծանոթ կնոջ հետ: Չնայած դեռ չէի էլ որոշել, թե ում հետ եմ ցանկանում զրկվել կուսությունից: Բայց հաստատ ոչ նրա: Առաջ անցա և անգիր սովորած բանաստեղծության նման մի շնչից արտասանեցի.


-Ես միայն եկել եմ մի բան հարցնելու և ուզում եմ, որ անկեղծ ու ճիշտ պատասխանեք: Այդ ի՞նչ կա իմ մեջ, որ կանանց ուշադրությունն ինձ վրա է պահում: 


Կինն առաջ նստեց և զարմացած հայացքն ինձ ուղղեց: Ապա ժպտաց և ասաց.


-Տղա՛ս, մ՞իթե չես նկատել, որ աստծո նման գեղեցիկ ես և գրավիչ: 


-Ոչ, իսկ ի՞նչ է նշանակում գրավիչ լինել:


Կինը ծիծաղեց.


-Քանի՞ տարեկան ես:


-Տասնութ:


-Կու՞յս ես:


Հարցն ինձ անակնկալի բերեց: Երբեք անկեղծ թեմաներով ոչ ոքի հետ չէի խոսել: Մայրս ու հայրս այդպիսի բաներին ուշադրություն չէին դարձնում և երևի կարծում էին, որ տարիքր հետ ինքս կգտնեմ շատ հարցերի պատասխաններ: Մի պահ երկմտեցի և անվստահ պատասխանեցի.


-Այո…


Կինը վեր կացավ և մոտեցավ ինձ.


-Ես կվճարեմ քեզ:


-Ինձ ձեր փողերը պետք չեն: Ինձ պատասխան է հարկավոր:


Կինը հետ կանգնեց:


-Լա՛վ: Ես չեմ կարող մյուսների փոխարեն պատասխանել, բայց իմ մասին կարող եմ ասել: Դու սովորական գեղեցկություն չունես: Քո գեղեցկությունը շատ հազվադեպ է: Եվ գեղեցիկ լինելու հետ մեկտեղ դու պարզապես կախարդական ձգողություն ունես: Կանայք ցանկանում են տիրել քեզ: Նրանք ցանկանում են տիրանալ քո մարմնին, որովհետև այն անկեղծորեն մաքուր է և անպիղծ: Դու, չնայած դեռ երիտասարդ ես, բայց անհավանական տղամարդկային ես և միաժամանակ մանկան պես միամիտ: Իսկ կանանց այդպիսի տիպի տղամարդիկ են գրավում: Երբ տեսա քեզ, զգացի, որ անելանիության աստիճան ցանկանում եմ քեզ, ցանկանում եմ դիպչել քեզ, հպվել մարմնիդ: Այդպիսի բան առաջին անգամ էր կատարվում ինձ հետ:


Ես լսում էի նրան և հիշում կանանց հետ բոլոր առնչություններս: Հասկանում էի, որ նա ճիշտ է: Ցնծության պես մի բան էր իշխում ինձ, ասես հենց նոր ինձ մի անպարտելի զենք էին տվել, կամ ասենք մի պարկ ոսկի: Կինը դեռ շարունակում էր խոսել, իսկ ես հաղթանակած ժպտում էի: Նա նույնպես ժպտաց և մոտեցավ ինձ: 


-Հիմա հասկանու՞մ ես: 


-Հիմա հասկանում եմ,- պատասխանեցի ես և դուրս թռա նրա տնից: Արագ հեռացա հարուստների թաղամասից` այնտեղ վերադառնալու վստահությամբ: 






Այդ կինը հավանաբար գիտակցում էր, որ վճռորոշ ազդեցություն ունեցավ կյանքիս վրա: Նա խելացի կին էր երևում: Իսկ ես ցանկալի էի կանանց համար: Անգամ մորս: Գուցե հայրս այդ պատճառով չէր սիրում ինձ, որովհետև նկատել էր, թե ինչպես է մայրս ինձ նայում: Թեև հայրս այդքան էլ խելացի ու նրբանկատ չէր: Նա գործազուրկ էր դարձել իմ պատճառով և առիթը բաց չէր թողնում ինձ դա հիշեցնելու համար: Նա այդպես էլ մահացավ` գործազուրկ և դժգոհ: Մայրս մի քանի օր լաց եղավ նրա մահվանից հետո, իսկ հետո ինձ դուրս վռնդեց տնից:


Քսաներեք տարեկանում միակ բանը, որ ունեի մի քանի հարյուր դրամն էր և վստահությունը, որ կանայք խելագարվում են ինձ համար:

Share:

0 մեկնաբանություն