2 3 Mari Love : Ես ընտանիք եմ ուզում
Մտքեր

Ես ընտանիք եմ ուզում

By Tuesday, January 28, 2014

Ես ընտանիք եմ ուզում: Ինչպես բոլոր նորմալ մարդիկ: Ուզում եմ երջանիկ լինել կողքիդ, քեզ համար նախաճաշ ու ընթրիք պատրաստել, քեզ աշխատանքի ճանապարհել ու քո հագուստն արդուկել:

Այո, ես այրվել եմ: Դու նույնպես: Բայց դա մեզ չի արգելում կրկին փորձել, էլ ուր մնաց երազել: Կարող եմ, չէ՞, քնելուց փակել աչքերս ու երազել, որ ինչ-որ հրաշքով մենք միասին ենք: Ու երջանիկ: Կարող եմ, չէ՞, համարձակություն ունենալ ու պատկերացնել, որ երբևիցե, ինչ-որ մի օր, հեռու ապագայում, դու կգրկես ինձ ու կսեղմես մարմնիդ, գեղեցիկ ձեռքդ կդնես գլխիս ու կքաշես վարսերիս բույրը: Ինձ գեղեցիկ բառեր կշշնջաս, իսկ ես կծիծաղեմ ու կհամբուրեմ այտդ: Ես չափից դուրս երազկոտ եմ, հավանաբար, մտածելով, որ դստերս կսիրես հարազատ դստեր պես, իսկ նա քեզ «հայրիկ» կկանչի ու չի պատկերացնի իր կյանքն առանց քեզ: Ես չգիտեմ, թե ինչ բան է հայրական քնքշանքը, բայց վստահ եմ, որ եթե մենք ընտանիք լինեինք, դուստրս կվայելեր դա քո կողմից: Այլ տարբերակ պարզապես չկա, որովհետև ես սովորել եմ լավ ճանաչել քեզ ու քո նրբությունը: Իսկ հետո կգար մի օր, երբ ես կգրկեի քեզ ու կշշնջայի ականջիդ, որ կրկին հայրիկ ես դառնալու: Եվ դու կլինեիր աշխարհում ամենաերջանիկը, համոզված եմ: Ես երևի չափից դուրս երազկոտ եմ, եթե քո մասին մտածելիս ժպտում եմ, իսկ սիրտս թրթռում է, թեև հանգամանքների այլ դասավորվածության դեպքում ես քո մասին չէի էլ մտածի:
Դու վստահորեն կարդում ես այս տողերը, բայց պատկերացում անգամ չունես, որ սրանք քո մասին են: Դու չես էլ պատկերացնում, որ ես այսքան խենթ եմ, որ մտքովս նման բան եմ անցկացրել, դա դեռ քիչ է` մի բան էլ գրի առել: Դու կփորձես կրկին կարդալ տողերս` այնտեղ թաքնված իմաստ կամ բառեր փնտրելով, բայց դրանք, հավանաբար, չկան, որովհետև ես այնքան խորամանկ չեմ դրա համար, ոչ էլ այնքան համարձակ...


Ես ընտանիք եմ ուզում: Ճիշտ այնպես, ինչպես դու: 

Նույն թեմայի մեջ

0 մեկնաբանություն