Մենության մաթեմատիկա

Քեզ ինչպե՞ս բացատրեմ իմ մենության կշիռը, թե պիտի ականջներդ փակես ու փախչես հեռու: Դու անհաղորդ իմ աղաղակող լռությանը` քոնն ես պնդում ու զայրանում, որ չեմ հասկանում: Մեղավոր չեմ, որ մեղքերիս կշիռը հավասար է մենությանս երկարությանը, իսկ գումարելիների տեղափոխությունից դատարկությունը չի լցվում: Գումարման փոխարեն բազմապատկել է պետք, որ մի բան ստացվի, բայց ես, գիտես, դրա մասնագետը չեմ: Ամբողջ կյանքում կրճատել, հանել ու բաժանել եմ կարողացել. դա էլ իմ մոլուցքն է: Ինչպես մոլագար հավատացել եմ քեզ, որ ամեն ինչ լավ կլինի: Ամեն բան լավ չեղավ, ու ես կրկին կրճատում, հանում ու բաժանում եմ: Դու փակվեցիր հպարտության քո ամրոցներում, մոռացության պարիսպներ շարեցիր ու անունդ դրեցիր` «Ես ատում եմ քեզ»: Ատիր սիրելիս, սիրելուց լավ դա է քեզ մոտ ստացվում. ես ավելին չեմ կարող սպասել, ես ընդհանրապես դադարել եմ սպասել թե քեզ, թե ինձ: Ավելի շուտ` հոգնել եմ հուսալուց ու հավատալուց, որ քո շնորհիվ ամեն բան լավ կլինի: Քո պատճառով ամեն բան վատ եղավ, իսկ դու նույնիսկ չփորձեցիր ինչ-որ բան ուղղել. միշտ ես եմ մեղավոր, այնպես չէ՞: Գիտեմ, գիտեմ: Ինչպես գիտեմ, որ պետք է դադարել քեզ հավատալ, բայց չգիտես ինչու իմ մի փոքր ես-ը դեռ սպասում է քեզ...  

Tags:

Share:

0 մեկնաբանություն