Ժլատ տղամարդկանց մասին


Սարսափելի է տանը եղած ճամպրուկների` ոչ այդքան մեծ քանակությունն աչքի անցկացնելուց հետո հասկանալ, որ չունես այնպիսի ճամպրուկ, որ բավարար փոքր, բայց տարողունակ կլինի մեկ շաբաթվա ուղևորության համար: Էլ ավելի սարսափելի է գիտակցել, որ ստիպված ես լինելու միջին չափսի երկու ճամպրուկ քարշ տալ, քանի որ չես կարողացել մեկի մեջ տեղավորել կես զգեստապահարանդ:
Սակայն այս բոլոր մտածմունքները հօդս էին ցնդում, երբ պատկերացնում էի, թե որքան լավ ժամանակ եմ անցկացնելու իմ սիրելի Թբիլիսիում: Թվում էր, թե ինչը՞ կարող է էլ ավելի բարձրացնել իմ ճամպրուկային տրամադրությունը: Բայց արի ու տես, որ կիրակի երեկոյան անցյալի ուրվականներն արթնանում են և որոշում խորհրդավոր «barev» ուղարկել Viber-իդ:

45-ամյա եգիպտահայ նախկինս էր, ով այդ պիտակը ձեռք էր բերել միանգամից երկու անգամ` կես տարվա ընդմիջումով: Ընկերուհիներիցս մեկը մի օր զանգահարեց ու ասաց, որ ցանկանում է ինձ իր ամուսնու ընկերոջ հետ ծանոթացնել:

-Շատ լավ մարդ է, բժիշկ` խելացի, համեստ, հասուն: Ու բավականին հարուստ է, Եգիպտոսում դեղատուն ունի: Ամուսնալուծված է, երեք աղջիկ ունի, բայց Ամերիկայում են: Ուզում է երկրորդ անգամ ամուսնանալ: Արի ձեզ ծանոթացնեմ էլի:

Երկար համառելուց հետո վերջապես տեղի տվեցի: Ինչպես հետագայում պարզվեց` բժիշկն անասնաբույժ էր, ով երբեք իր մասնագիտությամբ չէր աշխատել, դեղատունը մեր լոգասենյակի չափ մի աղբանոց էր, որտեղ կասկածելի դեղերի կողքին վաճառվում էր ամեն ինչ, իսկ երեք աղջիկներից արդեն մի քանի տարի է` լուր չուներ, քանի որ կինն առանց որևէ բան ասելու երեխաներին վերցրել ու գնացել էր:

Ինչևէ, մեր հարաբերությունները չստացվեցին, ինչպես և կարելի էր ենթադրել: Մեր առաջին բաժանման պատճառն այն էր, որ այդ ժամանակ մեկ տարեկանը նոր բոլորած աղջիկս կտրականապես հրաժարվում էր ընդունել նրան և ամեն անգամ «ապագա հայրիկին» տեսնելիս լաց էր լինում: Դե նա էլ հայտարարեց, որ չի պատրաստվում իր հետագա կյանքն անցկացնել իր պատճառով լաց եղող փոքրիկի ներկայությամբ: Երեք երեխա ունեցող մարդու համար մի-փոքր տարօրինակ պատճառաբանություն էր, բայց հաշվի առնելով կնոջ փախուստը` ամեն ինչ իր տեղն էր ընկնում:

Մեր բաժանումից հետո բժիշկ-անասնաբույժը Եգիպտոս մեկնեց: Եգիպտոսի տաք օդը մոռացնել տվեց աղջկաս լացը և թեժացրեց իմ հանդեպ կարոտը: Նրա վերադառնալուց հետո մեկ անգամ էլ փորձեցինք: Այս անգամ էլ ոչինչ չստացվեց: Եվ նա վերջնականապես իր արժանի տեղը գրավեց այն նախկինների ցուցակում, որոնց մոտ չես վերադառնա անգամ այն պարագայում, եթե զոմբի ապոկալիպսիս սկսվի:

Եգիպտացի վայ-բիզնեսմենին ես դասում եմ «անվճար սիրո» սիրահարների շարքում: Բացատրեմ, թե ինչու:

Շատ հաճախ հարուստ տղամարդիկ և առատաձեռն տղամարդիկ բացարձակ տարբեր առանցքներում են: Բոլորովին պարտադիր չի, որ տղամարդն իր հետ հանդիպող կնոջն ադամանդներ և ավտոմեքենաներ նվիրի, բայց անհնար է լինել այնպիսի տղամարդու կողքին, ով վստահ է, որ ինքն իրենով արդեն իսկ ճակատագրի պարգև է: 

Այո, ես կարծում եմ, որ աշխարհում ամեն ինչ հիմնված է առևտրի վրա: Այլ բան է, թե առևտրի բազում դրսևորումներին մենք ինչ անուն ենք տալիս: Տղամարդիկ ցանկանում են, որ իրենց կողքին լինի գեղեցիկ, խելացի, բազմակողմանիորեն զարգացած, հարուստ կին, բայց երբեք չեն կարողանում պատասխանել հարցին, թե նման կնոջն իրենք ինչի՞ համար են պետք: 

Երիտասարդ տարիքին բնորոշ ռոմանտիզմին հաջորդում է հասունության ռեալիզմը, և վաղ, թե ուշ բոլորս էլ գիտակցում ենք, որ անձրևի տակ համբուրվելը միշտ չէ բացառապես սիրո գեղեցիկ դրսևորում: Երբեմն դա գրպանում Սահարայի պես անծայրածիր դատարկության կամ տղամարդու` Սահարայի անծայրածիրությանը գերազանցող ժլատության հետևանքն է:

Ես կողմ չեմ սեռերի հավասարության գաղափարին այնքան ժամանակ, մինչև այն դրսևորվելու է տեղ-տեղ, երկու սեռերին ձեռնտու պահերին: Եվ քանի դեռ կլինեն տղամարդիկ, ովքեր զայրույթի կամ սեփական ոչնչության գիտակցման պահին ձեռք կբարձրացնեն կնոջ վրա, ես կհամարեմ, որ իր կողքին գեղեցիկ կնոջ ունենալու, նրա ժամանակն ու էներգիան խլելու համար տղամարդը պետք է «վճարի»: Եթե կինը չի ընտրում կանխիկով գումար վերցնելու տարբերակը, ապա գոնե պետք է նախատեսի հաճելի նվերների և անակնկալների առկայություն հարաբերություններում:

Ամիսների մտերմության ընթացքում անասնաբույժ-բիզնեսմենի նվերների և հաճելի անակնկալների ցուցակը հետևյալն էր.

- Անհայտ ծագման օծանելիք, որն ամիսներ անց պատահաբար տեսա Երևան սիթի սուպերմարկետի` 3000 դրամանոց օծանելիքների բաժնում,

- Թեյի բաժակ, որի տուփի մեջ հայտնաբերեցի չբացահայտված պայմաններում մահկանացուն կնքած սարդի դիակ: Ավելի ուշ պարզեցի, որ բաժակն էլ պատկանում է նրա դեղատան առաքիչ ընկերությանը, այսինքն` այն իրեն բաժին է հասել անվճար,

- Իմ խնդրանքով գնված ծաղիկների փունջ, որն էժանագին տեղից գնված լինելու պատճառով թառամեց հաջորդ օրը,

- Մեկ փուչիկ աղջկաս համար, որի գինը սակարկելիս հազիվ էի ինձ զսպում, որպեսզի ինքս չգնեմ այն և վերջ չդնեմ անինքնասիրության այդ սարսափելի դրսևորմանը:

Նվերների ճոխ ցուցակն այսքանով սահմանափակվում է: Այն ժամանակ այս ամենին ուշադրություն չէի դարձնում, քանի որ հանկարծակի գլուխ բարձրացրած պատանեկան ռոմանտիզմը կուրացրել էր ինձ, և ես վստահ էի, որ բազմազավակ անասնաբույժը պարզապես գլուխ չի հանում օծանելիքից և չի նկատել բաժակի տուփի մեջ հանգչող սարդին: Բարեբախտաբար սա երկար չտևեց, և ես ուշքի եկա` չհանդուրժելով իմ հանդեպ անհարգալից վերաբերմունքը:

Մեր բաժանումից հետո օծանելիքի մասնագետ սփյուռքահայը բազմիցս հիշում էր ինձ: Դա հատկապես արտահայտվում էր կիրակի երեկոներին, երբ նա անփոփոխ կայունությամբ նույն հաղորդագրությունն էր ուղարկում. «Ուզում եմ քեզ ընթրիքի հրավիրել մեր սիրելի արաբական ռեստորան»: Ամիսների փորձերից հետո նա այդպես էլ չհասկացավ, որ ես արաբական խոհանոցն այնքան էլ չեմ սիրում, հատկապես երբ դա համեմվում է իր ներկայությամբ: 

Քիչ առաջ ստացա նույնատիպ հաղորդագրություն, բայց այս անգամ նա չհասցրեց ինձ հրավիրել: Ես ասացի նրան.

- Սիրելիս, եթե ցանկանում ես հանդիպել ինձ հետ, պետք է վճարես:

- Վայ…

- Բա…

Իհարկե ես չէի պատրաստվում հանդիպել նրա հետ, անգամ եթե նա իմ հետևից անձնական ուղղաթիռ ուղարկեր, հատկապես որ դրսում էլ զոմբի ապոկալիպսիս չէր: Բարոյախրատական երկար-բարակ մենախոսությունից հետո նա ուղարկեց ինձ իր վերջին հաղորդագրությունը.

-Ես քեզ քո մաքուր հոգու համար էի սիրում, ներիր, որ անհանգստացրի…

Եթե նախկինում իմանայի, թե որքան հեշտ էր ազատվել դաժան սարդասպանից, վաղուց կդիմեի այս հնարքին: 



Այսօր իմ կյանքից հեռացավ ևս մեկ տղամարդ, ով վստահ լինելով սեփական անկրկնելիության և հնարամտության վրա, հասկացավ, որ միամիտ կանայք միշտ չեն նույնը մնում:

Share:

0 մեկնաբանություն