Գույներ

Իմ կյանքը գույներ է շնչում: Երբ փակում եմ աչքերս, գույները ողջունում են ինձ: Իսկ երբ գլուխս առնում եմ ձեռքերիս մեջ, նրանք սկսում են իրենց պարը: Ամեն զգացում ու զգացմունք գույն ու երանգ ստացած պտտվում է աչքերիս մթության մեջ: Գույների իմ աշխարհում ամեն ինչ ու ամեն մարդ ունի իր գույնը, մեկը` սովորական, իսկ մյուսն այնքան ուրիշ, որ վախենում եմ նրա գույնին անուն տալ, վախենում եմ կորցնել այդ գույնը, կորցնել նրան: 
Ես ծովի գույնն եմ: Ծովի ձայնն եմ ես: Ես, որ կյանքում ծով չեմ տեսել, ծովի գույնն եմ առել, ծովի համն եմ ես: Ծովից չեմ վախենում, դեպի ծովն եմ ձգտում, որովհետև ես ծովի գույնն եմ:
Իմ սերն արևոտ կաթի գույնն է: Արևի պես արևային, կաթի պես մաքուր, այնքան մաքուր, որ մի սև փոշին անգամ երևում է կաթնային մակերեսին: Իմ սիրո գույնը կաթոտ արև է, ջերմ ու անաղարտ:


Իմ երազանքը մանկան շուրթերի վարդագույնն է: Երազանքս ծնվեց մանուկ շուրթերիս վարդագույնի վրա և մնաց ինձնից հետո ծնված ամեն մանկան շուրթին: Երազանքիս գույնը մանկան պես անպաշտպան է, անմեղորեն վարդագույն, անմեղորեն երազանքոտ:
Անցյալս գետի մամռոտ քարագույնն է: Մոտ անցյալս քարերի մամուռը մաքրող բոբիկ ոտքերի գույնն է: Քարագույնը գորշագույնը չէ. քարագույնը բոբիկ ոտքերին սպասող ժամանակն է: Բոբիկ ոտքերն արևոտ կաթնային են:
Ներկաս մի տերևի գույնն է: Գարնանը` մրսող կանաչ, ամռանը` շոգող կանաչ, աշնանը` մարող կանաչ, ձմռանը` մարած կանաչ: Ներկաս տերևի մահվան սպասող գույնն է:
Ապագաս մեռած տերևի գույնն է: Ապագաս նոր ներկապնակի գույնն է: Այնտեղ կան բոլոր գույները` խմբված արևոտ կաթնագույնի շուրջ: Ապագաս բոբիկ ոտքերով գույնն է ներկելու:
Իմ սպասումը երկնքի կապույտ սպիտակն է: Օդային, կարծես բամբակյա, ճերմակի պես հեռու, կապույտի պես իրական: Սպասումիս երկինքը սպիտակ է` պատված կարոտագույն կապույտով:
Արցունքներս անձրևոտ կաթիլագույնն են: Արցունքներս ճաքող սպասումիս լացի գույնն են, արցունքներս երկնքոտ թափանցիկ են:
Քայլերս մթության զգույշ գույնն են: Քայլերս մութ լռության գույնն են, լսելի միայն ինձ, հասկանալի միայն ոտքիս թաթերի վախին, կամաց-կամաց…
Ժպիտս երաժշտության գույնն է, անխոսք մեղեդու գույնն է: Ժպիտս գույների գեղեցկությունից շունչը պահած հիացմունքի գույնն է: Ժպիտս հիշողության գույնն է: Ժպիտս ժպտեցնող անցյալ դարձող ներկայի գույնն է:
Ձայնս սրտիս արնագույնն է: Մեկ տաք, կրքոտ, կարմիր, մեկ հանդարտ, խաղաղված, կաթոտ: Ձայնս սրտի աշխատանքիս արագության մատնիչի գույնն է: Ձայնս կաթիլագույնի, երազանքոտ վարդագույնի, աչքերիս մթության մեջ ապրող բոլոր զգացումների ու զգացմունքների մատնության գույնն է:
Զայրույթս հիասթափագույն դեղինն է: Զայրույթս ցասումագույն անզորությունն է: Զայրույթս ձեռքերիս դողի գույնն է, զայրույթս սրտիս կծկման գույնն է:
Տխրությունս անգույն ձանձրագույնն է: Տխրությունս կոկորդում ապրող կծիկի ճնշող գույնն է, տխրությունս գրելու գույնն է:
Մտքերս գալարվող անորոշության գույնն են: Կասկածս սև օձագույնն է: Նախանձս դեղին մաղձագույնն է:
Կարոտս սպասումալի կսկիծագույնն է: Կարոտս անզոր տխրությունս է, կարոտս կաթնագույն սառնությունն է: Կարոտս հիմարության գույնն է, կարոտս անելանելիության գույնն է:
Ծիծաղս շոկոլադի քաղցր գույնն է: Երջանկությունս գրկախառնության ջերմ գույնն է: Բարությունս քմահաճ երեխայի թուլության գույնն է:
Իսկ ես… Ես ծովի գույնն եմ… 

Tags:

Share:

5 մեկնաբանություն

  1. AnonymousJuly 24, 2011

    Սենց աղջիկներ դեռ կան.. Խոսքեր չունեմ է որ ասեմ, մենակ կասեմ երանի

    ReplyDelete
  2. Շնորհակալ եմ :)

    ReplyDelete
  3. inchi hamar erani es talis ?

    ReplyDelete
  4. Es qo nyuterum shat jamanak araj kardacel ei hetaqrqir artahaytutyunner,hiam chem gtnum,xndrumem ogni
    grvac er motavorapes
    du ches tesni icnhpes em jptum,inchpes em surj patrastum,inchpes em qo shapik@ hagnum........shnorhakalutyun

    ReplyDelete
  5. http://mariloveblog.blogspot.com/2011/08/blog-post_28.html

    Խնդրեմ :)

    ReplyDelete