2 3 Mari Love : Ես ապրում եմ
Մտքեր

Ես ապրում եմ

By Thursday, November 03, 2011


Արևն ինձ սեր տվեց: Արևն ինձ կրկին կյանքի կոչեց: Ես ժպտում եմ, գրողը տանի, առավոտյան ես արթնանում եմ ու ժպտում: Քնելիս ես ժպտում եմ, անկեղծ, որովհետև կարոտում եմ, շատ եմ կարոտում: Նոյեմբերին արևը շատ է ջերմացնում, անգամ եթե այն չի երևում. ես զգում եմ նրան, մաշկիս ամեն բջիջով կանչում եմ նրան, իսկ երբ նա դուրս է գալիս ամպերի ետևից, ես ժպտում եմ` անգամ եթե շուրջս մարդիկ են, ովքեր գուցե չեն հասկանում ինձ: Նրանք տխուր են: Որովհետև չեն կարոտում: Իսկ ես ապրում եմ այնպես անկեղծ, որովհետև մահացել էի: Ես սիրում եմ այն պահը, երբ գալիս եմ քեզ մոտ: Ես սիրում եմ, թե ինչպես է սիրտս արագ-արագ բաբախում. ես սպասում եմ, ժամերն եմ հաշվում, իսկ երբ շատ եմ մոտ, րոպեներն եմ հաշվում, ապա նաև քայլերը: Հաշվարկում եմ, թե քանի քայլից քեզ կմոտենամ: Լուսափորի կարմիր մարդուկը կանաչում է, վայրկյանները քայլում են, հաջորդում միմյանց, իսկ ես գալիս եմ քեզ մոտ: Քաղաքը լուսավորվում է գիշերային լույսերով, իսկ ես քայլում եմ դեպի քեզ: Ես սիրում եմ քո ջերմությունը, որի պակասից էի կարծես մահացել: Ես պարզապես քո քնքշության պակասն էի փնտրում: Ես չգիտեմ, թե ինչ է սա կոչվում, բայց ես սիրում եմ ժպիտս, երբ կողքիդ եմ, սիրում եմ կարոտս, երբ անհրաժեշտաբար քեզ հրաժեշտ եմ տալիս, սիրում եմ սպասումս, երբ քո մասին եմ մտածում, սիրում եմ երազներս, որտեղ այնպես հանկարծակի հայտնվեցիր, ջերմացրիր, ինձ կյանքի կոչեցիր, հույս նվիրեցիր, ցույց տվեցիր, որ այնտեղ, որ ես էի, այնքանով էր սխալ, որ դու չէիր այնտեղ: Ես չգիտեմ, թե ինչ կլինի հետո. ես սիրում եմ ներկաս, որովհետև այնտեղ դու ես, այնտեղ ես եմ, այնտեղ մենք ենք: Ես քեզ քնքշություն, դու ինձ` ուժ: Ես քեզ ջերմություն, դու ինձ` հավատ: Ներիր, եթե միամիտ եմ, ներիր, եթե հիմարիկ եմ. քեզ հետ ես երջանիկ եմ: Ես ապրում եմ...

Նույն թեմայի մեջ

0 մեկնաբանություն