Ինձ վիճակված չէ զգալ իմ սիրո աշունը: Գուցե նրանից է, որ անցյալում աշունն այն կերպ էի ընկալում: Այս տարի առաջին անգամ աշունը պարզապես եղանակ է, և ես առաջին անգամ եմ նկատում, թե որքան գեղեցիկ է աշունը: Այս տարի ամեն ինչ այլ է, ոչ սովորական, ոչ հասկանալի: Ես այս տարի մեծանում եմ: Անընդհատ… Սակայն դեպի ու՞ր եմ մեծանում… Կանգ առ, ժամանա՛կ, ես դեռ ուզում եմ միամիտ լինել, ես դեռ ուզում եմ երազել, որ աշխարհում այս հնարավոր է ամեն ինչ, միայն ուժեղ ցանկանալ է պետք: Ես չեմ ուզում զգալ, թե հենց այս պահին, այս վայրկյանին որքան միայնակ եմ: Այսքան շատ օդ կա, ինձ այսքան պետք չէ, ես ցանկանում եմ կիսել այն ինչ-որ մեկի հետ: Ես ցանկանում եմ վերադարձնել միամիտ երջանկությունս, որ մեծացավ ու բացեց աչքերը, հասկացավ, ընդունեց, որ մի հիվանդոտ ոչնչություն է, որ իրավունք անգամ չունի երջանկություն կոչվելու, տառապա՜նք… Ես մի՞շտ եմ այսքան միայնակ եղել, թե՞ պարզապես միանգամից, մի ակնթարթում, մի ակնը թարթելով մեծացա: Իսկ ես ցանկանու՞մ էի մեծանալ… Հետ արի, հիմար, փուչ երջանկություն, դու ինձ կործանեցիր… Սակայն… գիտե՞ս երջանկություն, ես այնքան անտարբեր եմ դարձել, իսկապես անտարբեր, հապա ձեռք տուր ինձ, զգու՜յշ, ես խոցելի եմ այժմ, զգու՞մ ես` որքան հանդարտ եմ շնչում… Ես հպարտ եմ իմ անտարբերությամբ, այնտեղ դու տեղ չունես: Ես ուղղակի մեծացա, հենց այնպես, մի ակնը թարթելով: Այսքան օդ ինձ պետք չէ, ես ցանկանում եմ կիսել այն ինչ-որ մեկի հետ…
Ազատության համն այնքան
մոռացված էր, որ գլուխս կորցրել եմ: Ուզում եմ ամեն ինչ միանգամից, առանց հապաղելու,
առանց մտածելու: Ես, որ կապված էի զգացմունքներիս հիմարության երկաթներով, հանկարծակի
խիզախեցի դուրս պրծնել ու խորը շունչ քաշել: Ազատություն… Դու կրկին ճայոտ ես, ծովոտ,
որ երբեք չեմ տեսել: Ազատություն… Դու կրկին իմն ես, ԵՍ կրկին իմն եմ… Ու՞մ եմ խաբում…
Խաբում… Ես միշտ եմ խաբում, ու գրեթե միշտ հենց ինքս ինձ… Սակայն մի բան գիտեմ, որ
ամեն առավոտ հառաչում եմ. «Անկեղծ ասած` այս ամենից ես հոգնել եմ»… Ես գիտեմ, թե ինչ
է նշանակում սիրել, սակայն այդպես էլ չզգացի, թե որն է սիրված լինելը, այնպես, ինչպես
ես եմ ցանկանում…
Գուցե ես եմ դեռ երազներում
ապրում, գուցե մանուկ ժամանակ շա՞տ եմ կարդացել հեքիաթներ, գուցե շա՞տ եմ հավատում…
Սակայն ես այն սիրուն
եմ սպասում, որի մասին երազել եմ, երազում եմ, ու երևի կերազեմ… Կոտրված եմ, չէ՞…
Ցանկանում եմ, որ
առավոտյան արթնանամ նրա զանգից և ոչ արևի ճառագայթներից: Ախր աշունն է մոտենում, իսկ
աշնանն արևը լքում է ինձ, ես վախենում եմ միայնությունից…
Ցանկանում եմ, որ
հպարտությամբ խոսեմ նրա մասին, որ թաքցնելու բան չունենամ…
Ցանկանում եմ, որ
մայրիկս հավանի նրան…
Ցանկանում եմ, որ
ինձ երբեք չնեղացնի, երբեք-երբեք…
Ցանկանում եմ մոռանալ
արտասվելու մասին, ես ատում եմ արցունքներս…
Ցանկանում եմ նրա
համար միակը լինել, իմ թերություններով ու առավելություններով…
Ցանկանում եմ այլևս
չզգալ կծիկը կոկորդում…
Ես պարզապես ցանկանում
եմ սիրված լինել…
Դու այդպես էլ չես տեսնի ինձ այնպիսին, ինչպիսին խոստացել էինք իրար...
Չես տեսնի, թե ինչպես եմ առավոտյան արթնանում ու վերմակը քաշում դեմքիս, որպեսզի թաքցնեմ պարկերն աչքերիս տակ...
Չես տեսնի, թե ինչպես եմ ամաչելով հագնում վերնաշապիկդ ու բոբիկ գնում խոհանոց սուրճ պատրաստելու...
Չես տեսնի, թե ինչպես եմ զայրանում, երբ ձվածեղի յուղը թռնում է ձեռքիս ու այրում...
Չես տեսնի, թե ինչպես եմ որոշում ինչ հագնել...
Չես տեսնի, թե ինչպես եմ շպարվում, հարդարում մազերս ու վերջում ինքնագոհ ժպտում հայելու արտացոլանքին...
Չես տեսնի, թե ինչպես եմ ի սրտե զայրանում, ինչպես եմ իսկապես ծիծաղում, անկեղծ լացում, հայհոյում... ես հայհոյում եմ հաճախ
Չես տեսնի, թե ինչպես եմ թռչկոտում, երբ ռադիոյով իմ սիրած երգն է, չես տեսնի, թե ինչպես եմ փորձում գրավիչ ու սեքսուալ պարել...
Դու այդպես էլ չես տեսնի ինձ այնպիսին, ինչպիսին ես իրականում կամ, առանց որևէ դիմակի, բարի կամ չար...
Դու այդպես էլ չես տեսնի, թե ինչպես եմ մեծանում, ծերանում... Դու իմ մահը չես տեսնի...
Քո փոխարեն կլինի մեկը, այն ուրիշը, որ կգրկի ինձ, կհամբուրի առավոտյան, ցերեկը, երեկոյան...
Քո փոխարեն ուրիշի կրծքին կդնեմ գլուխս ու ինձ ապահով կզգամ...
Քո փոխարեն կլինեմ ուրիշինը...
Իսկ դու այդպես էլ չես տեսնի, թե ինչպես եմ ամաչելով հագնում վերնաշապիկդ ու բոբիկ գնում խոհանոց սուրճ պատրաստելու...
...և ճաք տվեց երկինքը բաժանումի կայծակից, ու տեղաց միայնության անձրևը հույսի դաշտերի վրա...
Ես քեզնով ապրող մի լուսավոր ջերմություն, դու ինձ կյանք տվող մի վառ արև:
Ես քեզ սպասող մի բուռ սեր, դու ինձ ստեղծող մի մեծ երկինք:
Ես քեզ նայող ու հիացող, քեզ համբուրող ու չկշտացող,
Քեզ մոտ ձգտող ու չհասնող, բայց քեզ սիրող, անվերջ սիրող մի փոքրիկ սեր:
Քեզնից մի կտոր շունչ, մի կտոր հույս, մի քանի միտք ու հազար շող գողացող ես
Ապրում եմ քեզնով լի այնտեղ, որտեղ դեռ չկաս:
Քեզ միշտ սպասող իմ երկնքում արև չկա, թե չկաս դու,
Անձրև կտեղա, բայց ինձ չի հասնի, ամպրոպ կլինի, բայց կլսե՞մ, ասա…
Կայծակից շանթահարված իմ երկինքը մի ճաք կտա,
Թե ինձ լքես ու հեռանաս:
Ու փորձիր կարել, կարկատել, կյանքի բերել,
Ճաքից անձրև կտեղա, արցունքալի մի հորդ անձրև,
Որ քո անունը կհառաչի, երկինքը քո անունը կկայծակի, ամպերս քո անունը կամպրոպեն:
Ես քեզնով ապրող մի լուսավոր ջերմություն, դու ինձ կյանք տվող մի վառ արև:
Ես քեզ սիրող, քեզնով ապրող, քեզ միշտ սպասող,
Անվերջ ու լուռ սպասող ամպրոպավախ մի սեր երկինք:
Ուղիղ
մեկ տարի առաջ այս օրը ծնվեց իմ բլոգը: Իմ սիրելի ու հարազատ բլոգը: Եթե չլիներ բլոգս,
երևի երբեք էլ չբացահայտեի գրելու տաղանդս: Բլոգս ինձ մղեց անկեղծության, սիրո, նվիրվածության:
Երբ ընթերցում եմ ամենաառաջին գրառումներս, ապշում եմ, թե որքան եմ հղկվել այս մի տարվա
ընթացքում: Երբեմն ամաչում եմ, որ նման բաներ եմ գրել, սակայն միաժամանակ ուրախանում
եմ, երբ տեսնում եմ, թե որքան եմ մեծացել, փոխվել, փոխվել դեպի լավը: Բլոգս ինձ այնքան
օգնեց: Օգնեց հասկանալ, թե ինչ եմ սիրում և ինչ չեմ սիրում: Բլոգս օգնեց նաև հարթել
անձնական խնդիրներս, որովհետև բլոգիս շնորհիվ գրեցի այն, ինչ զգում էի, այն, ինչ երբեք
հնարավորություն չունեի արտահայտել: Անգամ այսօր այն, ինչ գրում եմ, այն խոսքերն են,
որոնք իրական կյանքում չեմ կարողանում բարձրաձայնել: Հիշում եմ, որ անցյալ տարի բլոգս
օգտագործում էի որպես օրագիր, որովհետև ինձնից բացի այն ոչ ոք չէր այցելում: Հետո ծանոթացա
ֆեյսբուք սոցցանցին, կարդացի ուրիշների բլոգերը և հասկացա, որ կարող եմ կիսել մտքերս
ուրիշների հետ: Այսօր բլոգս ունի օրական մոտ
300 այցելություն: Մեկ տարվա ընթացքում 50.000-ից ավել այցելություն… Երբեք
չէի կարող մտածել, որ իմ գրածները լայն զանգվածների կողմից կսիրվեն, թեև մանկուց ստեղծագործել
եմ, անգամ դպրոցում ուսուցիչներն ասում էին, որ ես նման չեմ ոչ ոքի, իսկ շարադրություններս
միշտ լավագույնն էին: Դպրոցում ամենասիրած բանը շարադրություն գրելն էր: Իմ կյանքում
պահ եղավ, երբ անձնական ապրումներիցս պարզապես խեղդվում էի: Այդ ժամանակ ինքնաբերաբար
դիմեցի գրչին: Ու ստեղծվեց առաջին` «Երբ թրջվում ես անձրևի տակ» ինքնակենսագրական պատմվածքը`
գրված ընկերոջս անունից: Պատմվածքս տեղադրեցի բլոգում: Երբեք չեմ մոռանա երջանկության
անզուսպ արցունքներս, երբ կարդացի առաջին դրական մեկնաբանությունը: Ուշ գիշեր էր, բոլորը
քնած էին, իսկ ես արտասվում էի, որովհետև մարդկանց դուր էր եկել իմ պատմությունը: Դրանից
հետո սկսվեց բլոգիս լավագույն շրջանը: Գրվեցին շատ պատմվածքներ, նյութեր: Յուրաքանչյուր
նյութի հետ մեծանում էի: Եթե ասեմ, որ կազմածս կտակի մեջ ամենաթանկագին իրերի մեջ առաջինը
բլոգս է, գուցե պատկերացնեք, թե որքան եմ սիրում բլոգս` մտքերիս ու երազանքներիս հանգրվանը:
Իմ փոքրիկ ու սիրելի բլոգը, որ ապրեցրեց ինձ ու ընթերցողներիս: Այսօր ոչ մի վիճակագրական
տվյալներ չեմ հաղորդի, այսօր թվերի օր չէ: Այսօր իմ ու ձեր սիրելի բլոգի մեկ տարին
է լրանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամեն ընթերցողիս, այն մարդկանց,
ովքեր ամեն նոր նյութիս հետևում են, նրանց, ովքեր գոնե երբեմն հետևում են գրածներիս
ու բոլոր այն մարդկանց, ովքեր ոգևորում են ու թև են տալիս ինձ: Շնորհակալություն…