Թոնրատուն


7:30: Զարթուցիչ: Անձրևում է: Ուզում եմ ծածկվել վերմակով ու մի ամիս դուրս չգալ անկողնուց: Զարթուցիչը համառում է: Ժամանակն է դասի շտապել: Նախաճաշ. պետք է առողջ ապրել: Դիմահարդարում, վարսահարդարում. պետք է գեղեցիկ լինել: Բանալիներս ինչպես միշտ կորցրել եմ: Լավ, գտա: Ականջակալներ: Գնացինք:


Իմ առավոտները գեղեցիկ են, որովհետև ամեն առավոտ որոշում եմ նոր կյանք սկսել, բայց կեսօրին որոշում եմ, որ ավելի լավ է հետաձգել երկուշաբթի օրվան կամ որ ավելի լավ է մյուս ամսվան, գուցե տարվան: Լավ, մյուս կյանքում նոր կյանք կսկսեմ. ես այս մեկից էլ եմ գոհ: 


8:30: Կանգառ: Մռայլ է: Ուզում եմ վերադառնալ իմ տաքուկ անկողին, որն այժմ մի ամրոց է թվում: Որքան շատ մարդ է շտապում: Ես էլ եմ շտապում: Նոր հացատու՞ն: Հետաքրքիր է: Վերջապես հասկացա, թե ինչ էին ամիսներ շարունակ կառուցում: Արժե սովածանալ ու գալ այստեղ: Տեսնես այստեղ էկլեր պատրաստու՞մ են: Հատուկ առաջարկ` գնեք երկու հատ շաուրմա և ստացեք երկու հատ էկլեր նվեր: Ապակեպատ պատուհանները պարզ ցույց են տալիս, թե ինչպես են աշխատողները թոնրում հաց թխում: Ինչու՞ են այստեղ բոլորը տղաներ: Թոնրի մոտ դաջվածքապատ մե՞կը: Շատ զվարճալի է: Երիտասարդ, այտիդ ալյուր է: Ի՞նձ ես նայում: Ինչու՞: Չլինի բարձրաձայն եմ մտածում: Հացդ վառվեց: Գլուխդ կախիր ու առաջ անցիր, չնայես նրան, չնայես: Երկու վայրկյան համառելուց հետո նայում եմ նրան. նա շտապ-շտապ հացերն է հանում թոնրից: Ինձ չի նայում: Երթուղային: Ազատ նստատեղ: Շնորհակալություն:


-Այսօր գրում ենք ազատ թեմայով շարադրություն: Թեման ընտրում եք դուք:


-Կարո՞ղ եմ թոնրի հացի մասին գրել:


-Կարո՞ղ ես:


-Կարող եմ:


14:00: Ամպոտած է: Անկողինս ինձ արդեն հանգստյան գոտի է թվում: Թոնրի հաց: Սոված եմ: Գնա՞մ: Չէ, մտքիցդ հանի: Ուղիղ տուն: Երթուղային: Նստատե՞ղ: Ոչինչ, ես կկանգնեմ: Այստեղ կանգնեք:


14:28: Մռայլ է: Կանգառ: Հացատուն: Դաջվածքապատ նա նստած է այնտեղ: Չնայես: Աչքերդ կախիր: Իսկ ինչու՞ չնայեմ: Ծխում է: Հացերի մո՞տ: Հիմարիկ: Ինչու՞ չես նայում: Դանդաղ քայլե՞մ: Ինչու՞ չես ուսումնասիրում անցորդներին: Տուն: 






* * *




7:30: Զարթուցիչ: Արևում է: Շնորհակալություն: Ցտեսություն անկողին, այսօր քո կարիքը չունեմ: Պետք է գեղեցիկ լինեմ: Արժե՞ արդյոք: Չգիտեմ: Երևի: Անկախ ամեն ինչից պիտի գեղեցիկ լինեմ: Բանալիներ: Ականջակալներ: Գնացինք:


8:30: Արևոտ է: Հացատուն, գրողի տարած հացատուն: Կրկին պայքար ինձ հե՞տ: Չէ, նայում եմ, վերջ: Դու կրկին այդտեղ շտապ աշխատում ես: Ինչու՞ չես նայում ինձ: Ես այսօր գեղեցիկ եմ: Խնդրում եմ նայիր ինձ: Ի՞նչ անեմ: Երթուղային: Ազատ նստատեղ: Գնա գրողի ծոցը:


-Հետաքրքիր էիր գրել: Ինչ-որ բանից ոգեշնչված է՞իր, թե պարզապես…


-Ոգեշնչել էին:


14:00: Գնամ տուն ու ծածկվեմ վերմակներով. երբեք արևոտ եղանակին չեմ քնել: Վախենում եմ ինչ-որ բանից հետ մնալ: Երթուղային: Կանգառ: Հացատուն… Դու կրկին նստած ես, գլուխդ կախ, երևի հոգնել ես: Ինչու՞ չես ծխում: Թեև լավ է, որ էլ չես ծխում: Ասում են` ծխելը վնասակար է: Հիմար ե՞մ: Ինչու՞ եմ անհանգստանում քեզ համար: Նայիր ինձ, նայիր, խնդրում եմ նայիր… Ինչու՞ չես նայում, ախր ես, ախր ես… Ախր ես հեքիաթներ եմ արդեն հորինում: Երթուղային: Ես մի-փոքր էլ կքայլեմ, շնորհակալություն: 






7:30: Զարթուցիչ: Արևում է: 


Շաբաթ: Կիրակի:


7:30: Զարթուցիչ: Անձրևում է: Արժե նոր կյանք սկսել:


7:30: Զարթուցիչ: Արևում է: 


7:30: Զարթուցիչ: Արևում է:


7:30: Զարթուցիչ: Արևում է:


7:30: Զարթուցիչ: Հետաքրքիր էլ չի անգամ:






Ատում եմ այն ամենը, ինչ կապված է քեզ հետ, գրողի տարած դաջվածքապատ գեղեցիկ, հիասքանչ, հեքիաթային, զզվելի մարդ: Դու գլխահակ քո գործն ես անում, իսկ ես, իսկ ես երազում եմ, որ ինձ նայես: Ես չեմ հասկանում քեզ: Ոչ էլ ինձնից եմ գլուխ հանում:






* * *




7:30: Զարթուցիչ: Արևում է: Այսօր կարող եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ: Գեղեցիկ չեմ: Եվ դա ինձ առանձնապես չի հետաքրքրում: Կանգառ: Հացատուն: Որտե՞ղ ես: Չեմ հասկանում: Այդ ո՞վ է քո տեղը կանգնած հացը դանդաղ հանում թոնրից: Չլինի՞ դաջվածքներդ ես մաքրել: Շրջվում է: Դու չես: Որտե՞ղ ես: Գուցե դանդաղ քայլեմ, նորից ուշադիր նայեմ, քեզ տեսնեմ: Չկաս…


Ժամեր, ժամեր, ժամեր… 


14:15: Կանգառ: Չկաս: Չկաս: Չկաս… Պետք է իմանամ, թե որտեղ ես: 


-Բարև ձեզ, դուք մի աշխատող ունեք, դաջվածքներով…


-Հա, բայց նա էլ մեզ մոտ չի աշխատում, ինչ-որ խնդիր կա՞:


-Կա… Շատ մեծ, ահռելի մեծ խնդիր կա…


Դուրս եմ գալիս: Տուն:

Share:

5 մեկնաբանություն

  1. Lavn er shat.......

    ReplyDelete
  2. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete
  3. Մարի ջան ապրես շաաաաաաաաաատ-շաաաաաաաաաաաաաատ, խոսքեր չունեմ հիացմունքս արտահայտելու համար: Գրեթե ամեն օր այցելում եմ քո բլոգը` հույս ունենալով մի նոր ու հետաքրքիր գլուխգործոց կարդալ... ու ամեն անգամ հիանում եմ: Մարի ջան շատ անկեղծ ես գրում եմ,որն էլ ահավոր գրավում է: Այնպիսի մտքեր ու պատմություններ ես գրում, որ համոզված եմ շատերի հետ պատահել կամ մտքերով անցել է, բայց ոչ ոք չի համարձակվել բարձրաձայնել: Չերկարացնեմ, մենակ կասեմ, որ շատ կուզենայի մի օր գրախանութ մտնեի, ու գեղարվեստական գրքերի շարքում տեսնեի նաև քո կոզմից գրված գրքերը...Դիանա

    ReplyDelete
  4. Անչափ շնորհակալ եմ Դիանա ջան, իմ երազանքն է մի օր տպագրված տեսնել գործերս :))

    ReplyDelete
  5. Համոզված եմ, որ այդ օրը գալու է ու շատ շուտով: Ւմացի, որ Գյումրիում գրքիդ շնորհանդեսի կազմակերպողն էլ ես եմ լինելու: Քեզ մեծ հաջողություն եմ ցանկանում :* Դիանա

    ReplyDelete