2 3 Mari Love : Ես մի փոքրիկ աղվեսիկ եմ
Մտքեր

Ես մի փոքրիկ աղվեսիկ եմ

By Saturday, June 01, 2013

Ես մի փոքրիկ աղվեսիկ եմ: Կյանքը մի հիմար խաղ է, ոմանց համար մի մեծ արկած, ոմանց համար երկար մի տանջանք, ոմանց համար էլ… Երբ երկար ճանապարհ ես անցնում, մեքենան վայր ու վեր է գնում, մեկ սաղարթախիտ արահետներ ես անցնում, մեկ էլ ամայի անապատներ, մի տեղ կյանքն է եռում, իսկ ուրիշ տեղ անմարդ տներում աղվեսներ են վազվզում: Ու ճանապարհի ողջ գեղեցկությունը հասկանալու համար պետք է հանդիպես մողեսներին ու աղվեսներին, շնչես ծառերի մաքրությունը, հիանաս եռուն կյանքով ու տխրես անմարդ տներից: Սա իմ կյանքն է, և պարտադիր չէ, որ ինձ հասկանան, սիրեն, ընդունեն: Ես անցնում եմ իմ երկար ճանապարհը` մեկ վայր ընկնելով, մեկ էլ վեր սավառնելով: Մեկ կոտրվում եմ անպտուղ շիվի պես, մեկ էլ պտղաբեր ծառի պես պարզվում արևին: Մեկ անօգնական աղվեսի պես քչփորում եմ ուրիշների անմարդ տներում, մեկ էլ խորամանկ մողեսի պես սողոսկում մյուսների ճանապարհներ ու թափանցիկանում: Արևը ջերմացնում է ինձ, մեկ էլ երես թեքում ու քամի տեղում հույսաշատ մտքերիս վրա, մեկ էլ կրկին դուրս գալիս ամպերի հաստ շերտի տակից ու պաղ տաքացնում: Մեկ անձրև է մաղում գլխիս, մեկ էլ վաղորդյան շողերի երամ հրավիրում սենյակ: Ես մի փոքրիկ աղվեսիկ եմ: Ունեմ փափլիկ պոչիկ ու սուր ճանկեր, վազող աչքեր ու անմեղ մտքեր: Եվ ուզածս մի փոքրիկ բուն է` անտառի միջին, սարերի հովին, առվակների լեզվին, արևի գրկում: Ես մի փոքրիկ աղվեսիկ եմ…

Նույն թեմայի մեջ

0 մեկնաբանություն