2 3 Mari Love : Հատուկ վիճակ
Մտքեր

Հատուկ վիճակ

By Tuesday, May 28, 2013

Երևի թե կյանքը մեծ ու փոքր սխալների շարան է` համեմված փոքրիկ ուրախություններով և մեծ հիասթափություններով: Հասարակ մարդիկ այդպես են ապրում, կարծում եմ: Ես էլ մի հասարակ մարդ եմ, թեև հասարակ դրության մեջ չեմ գտնվում: Այժմ հատուկ վիճակի մեջ եմ, և, թեև պետք է գոնե տխրեի, առավոտյան արթնանալիս ժպտում եմ, իսկ քնելիս (հիմա հատկապես քնկոտ եմ դարձել) այնքան հոգնած եմ լինում, որ գլուխս բարձին դնելուն պես երազների աշխարհ եմ անցնում: Մի փոքրիկ խնդիր ունեմ. սարսափելի երազներ եմ տեսնում: Օրինակ այսօր երազումս մայրիկիս էի կանչում-կանչում, իսկ նա չէր լսում: Երազս այնքան իրական էր, որ արթնացա այն բանից, որ բարձրաձայն մայրիկիս էի կանչում: Չմտածեք, թե վատ կյանք եմ ապրում կամ անլուծելի խնդիրներ ունեմ, բայց, կարծում եմ, երազները շատ բան են պատմում մարդու մասին: Իմ երազներն ինձ դուր չեն գալիս: Բայց ցրում եմ մտքերս. չէ՞ որ  հատուկ վիճակի մեջ եմ: Ժպտում եմ: Դուք ինձ չեք հասկանա, պետք էլ չի:

Մարդիկ կարող են իրենց հանդիպած հանգամանքներից դժգոհել, բողոքել, անգամ բարձրաձայն, անգամ այնտեղ, որտեղ դրանց վրա թքած ունեն, սակայն ի՞նչ է փոխվում դրանից: Իմ` այդքան էլ ոչ երկար, սակայն այնքան բովանդակալից կյանքի ընթացքում ես հասկացել եմ, որ բողոքելն այնքան է օգնում մարդուն, որքան պարզապես նստելն ու ոչինչ չանելը: Ես դադարել եմ բողոքել, իսկ երբ հարցնում են, թե ինչպես եմ` պատասխանում եմ` հիասքանչ: Այո, դա այդպես է: Եվ դա չեմ ասում որովհետև համեմատվել եմ ուրիշների հետ և հասկացել, որ այնքան էլ վատ չի դասավորվել ամեն ինչ: Չէ: Ամեն ինչ իսկապես ինչ-որ չափով շատ վատ է դասավորվել, այդպես չպետք է ստացվեր: Բայց ամեն դեպքում գլուխս չեմ կախում, այլ առաջ եմ նայում` վստահությամբ, որ ամեն ինչ իսկապես հիասքանչ է, հրաշալի: Չէ՞ որ իմ ներկայիս վիճակն ոչ այլ ինչ է, քան հրաշք…

Նույն թեմայի մեջ

0 մեկնաբանություն