2 3 Mari Love : Մի փոքրիկ արկած
Մտքեր

Մի փոքրիկ արկած

By Thursday, May 23, 2013

Պատուհանից այն կողմ լիալուսինն է: Թվում է` մեկնեցիր ձեռքդ ու կհասնես: Ես այն քաղաքներում չեմ, որտեղ այն ավելի մոտ է թվում: Ապրում եմ իմ փոքրիկ քաղաքում` իմ հոգսերով ու իմ ուրախություններով: Ձեզ թվում է` հոգսաշատ մարդիկ ուրախություններ չե՞ն ունենում: Սխալվում եք. ունենում են, այն էլ ինչպիսի: Ավելին` մեր ուրախությունները մեզ ավելի մեծ երջանկություն են պարգևում, քան նրանց, ովքեր անհոգ են: Եթե ինձ հնարավորություն տրվեր ազատվել հոգսերիցս ու մտքերիցս, հիմա արդեն ես վստահաբար կընտրեի անհոգ կյանք: Այո, երբեմն ամենից անհոգ մարդիկ են հետո դառնում ամենահոգսաշատը: Արկածներ են փնտրում, թարմ զգացողություններ և voila` բարի գալուստ նոր կյանք: Սա իմ նոր կյանքն է` իմ ընտրածը, ավելի շուտ` իմ հասածը: Ոչ, չեմ բողոքում, դեռևս փորձում եմ հարմարվել, հատկապես, որ երկար ճանապարհ ունեմ, որից շեղվել արդեն չեմ կարող: Ես մի փոքրիկ արկած ունեմ, որի մասին դեռ չեք կարող իմանալ. գաղտնիք է: Փոքրիկ, բայց այնքան լավ գաղտնիք: Իսկ մինչ այդ ես նայում եմ պատուհանից դուրս, որտեղ լիալուսինն է ինձ նայում: Չեմ հասկանում նրա հայացքը. նախկինում հանդիպում էինք միայն երազանքներս պատմելու համար, իսկ հիմա հասկացել եմ` լավ կլինի, որ առժամանակ դադարեմ երազանքներ ունենալուց. դրանք սովորություն ունեն իրականանալու: Իսկ դա ինձ երբեք էլ օգուտ չի բերել: Ես Մարին եմ, և ես ունեմ մի փոքրիկ արկած:  

Նույն թեմայի մեջ

0 մեկնաբանություն